Հորեյշո Էլջեր (անգլ.՝ Horatio Alger Jr., հունվարի 13, 1832(1832-01-13)[1][2][3], Չելսի, Սաֆֆոլկ շրջան, Մասաչուսեթս, ԱՄՆ[4] - հուլիսի 18, 1899(1899-07-18)[1][2][3], Նեյթիք, Միդլսեքս շրջան, Մասաչուսեթս, ԱՄՆ[4]), ամերիկացի գրող, բանաստեղծ, լրագրող և քահանա, որ համարվում է 19-րդ դարի ամենաբեղմնավոր ամերիկացի գրողներից մեկը։ Նրա ստեղծագործությունների ամբողջական հավաքածուն մոտ հարյուր հատոր է։

Հորեյշո Էլջեր
Ծնվել էհունվարի 13, 1832(1832-01-13)[1][2][3]
ԾննդավայրՉելսի, Սաֆֆոլկ շրջան, Մասաչուսեթս, ԱՄՆ[4]
Վախճանվել էհուլիսի 18, 1899(1899-07-18)[1][2][3] (67 տարեկան)
Վախճանի վայրՆեյթիք, Միդլսեքս շրջան, Մասաչուսեթս, ԱՄՆ[4]
ԳերեզմանGlenwood Cemetery[5]
Գրական անունCharles F. Preston[6]
Մասնագիտությունգրող, վիպասան, մանկագիր, լրագրող և հեղինակ
Լեզուանգլերեն
Քաղաքացիություն ԱՄՆ
ԿրթությունՀարվարդի համալսարան (1850)[4], Հարվարդի աստվածաբանական դպրոց և Հարվարդի քոլեջ
Ժանրերմանկա-պատանեկան գրականություն
Ուշագրավ աշխատանքներRagged Dick?
ԱնդամակցությունPhi Beta Kappa
Изображение автографа
 Horatio Alger Վիքիպահեստում

Կենսագրություն

խմբագրել

Հորեյշո Էլջերը ծնվել է ունիտար քահանայի ընտանիքում[7][8]։ Ծնվել է վաղաժամ, այդ պատճառով մանկուց ունեցել է թույլ առողջություն, տառապել է կարճատեսությամբ և բրոնխիալ ասթմայով[9][10]։ Նրա հայրը վեց տարեկանից սկսել է նրան կարդալ, գրել և կրոն սովորեցնել։ 1842 թվականին նա ընդունվել է հայրենի քաղաքում գտնվող գիմնազիա[11], սակայն երկու տարի անց նրա ընտանիքը ֆինանսական խնդիրների պատճառով ստիպված տեղափոխվել է գյուղատնտեսական Մարլբորո քաղաք, որտեղ Էլջերի հայրն ստացել է ավելի բարձր վարձատրությամբ ծխական համայնք, իսկ Հորեյշոն տասնհինգ տարեկանում ավարտել է տեղի գիմնազիան[12]։

1848 թվականի հուլիսին ընդունվել է Հարվարդի համալսարան, որտեղ եղել է Փսի Բետա Կապպայի ուսանողական եղբայրության անդամ և որը գերազանցությամբ ավարտել է 1852 թվականին[13]՝ ստանալով մասնագիտացում դասական բանասիրության, փիլիսոփայության և աստվածաբանության ոլորտում։ Միևնույն ժամանակ նա լրջորեն հետաքրքրվել է գրականությամբ, և արդեն 1849 թվականին Բոստոնի ամսագրին վաճառել էսսե և երկու բանաստեղծություն։ Ուսումնառությունն ավարտելուց հետո վերադառնալով տուն՝ նա որոշել է գումար վաստակել որպես գրող և սկսել է համագործակցել մի շարք գրական և խմբագրական ամսագրերի հետ։ 1853 թվականին ընդունվել է Հարվարդի աստվածաբանության դպրոց, սակայն այդ տարվա նոյեմբերին թողել է այն և աշխատանքի անցել Boston Daily Advertiser օրաթերթում՝ որպես խմբագրի օգնական[14]։ 1854 թվականին Էլջերը թողել է աշխատանքը, որն այնքան էլ չէր հավանում և աշխատանքի է ընդունվել Ռոդ-Այլենդի՝ տղաների համար նախատեսված գիշերօթիկ դպրոցում որպես գրականության ուսուցիչ, իսկ 1856 թվականին, երբ դպրոցը փակվել է, դարձել է Դիրֆիլդի ակադեմիայի աշխատակից[15][16]։ 1856 և 1857 թվականներին լույս են տեսել նրա առաջին գեղարվեստական գործերը՝ Bertha’s Christmas Vision: An Autumn Sheaf պատմվածքների ժողովածուն և Nothing to Do: A Tilt at our Best Society երգիծական պոեմը։ 1857 թվականին նա կրկին ընդունվել է Հարվարդի աստվածաբանության դպրոց՝ այս անգամ այն ավարտելով 1860 թվականին և ստանալով աստվածաբանության դոկտորի աստիճան։ Ուսումն ավարտելուց հետո Էլջերը մեկնել է ճանապարհորդության Եվրոպայում, որը տևել է յոթ ամիս։

1861 թվականին, երբ ԱՄՆ-ում սկսվել է քաղաքացիական պատերազմ, Հորեյշո Էլջերը զորակոչվել է և կռվել Միության բանակի կազմում, սակայն 1863 թվականի հուլիսին նրան հաջողվել է հասնել զինվորական ծառայությունից ազատման։ Մեկ տարի անց Նյու Յորքում տպագրվել է («շարունակական պատմությունների» տեսքով) նրա առաջին վեպը՝ Marie Bertrand: The Felon’s Daughter, միևնույն ժամանակ նա սկսել է համագործակցել քաղաքի առաջատար գրական ամսագրերի հետ։ 1864 թվականի դեկտեմբերին Էլջերը ձեռնադրվել է քահանա և որպես հովիվ ստացել ծխական համայնք Մասաչուսեթս նահանգի Բրյուստեր քաղաքում[17]՝ շարունակելով գրել գրական ստեղծագործություններ։ Քանի որ Էլջերը համասեռամոլ էր, նա սեռական հարաբերություններ է սկսել տեղացի մի քանի տղաների հետ, ինչի մասին 1866 թվականին հայտնի է դարձել իր եկեղեցական համայնքում։ Երբ սկսվել է հետաքննությունը, նա չի հերքել կատարվածը և գործարք է կնքել դատական պաշտոնյաների հետ, համաձայն որի նա չի ձերբակալվել, բայց խոստացել է հրաժարվել հովվությունից և այլևս երբեք չմտնել եկեղեցական ծառայության։ Դրանից հետո Էլջերը տեղափոխվել է Նյու Յորք և զբաղվել գրական աշխատանքով։ Դրանից հետո նրա ստեղծագործությունների հիմնական թեման եղել է անօթևան երեխաների կյանքն ու ճակատագիրը, որոնք քաղաքացիական պատերազմից հետո շատացել էին քաղաքում։ 1867 թվականին (սկզբում տասներկու «շարունակական պատմությունների» տեսքով) տպագրվել է նրա ամենահայտնի վեպերից մեկը՝ Ragged Dick, իսկ հետագայում լույս են տեսել նույնպես հայտնի դարձած Luck and Pluck, Tattered Tom և այլ ստեղծագործություններ։ Չնայած հաջողությանը, Էլջերի ֆինանսական վիճակը կայուն չէր, և նա ստիպված է եղել գումար վաստակել ժամանակ առ ժամանակ տնային մասնավոր դասեր տալով։ 1877 թվականի սկզբին, գտնվելով ստեղծագործական ճգնաժամի մեջ, նա ուղևորվել է նախ Կալիֆոռնիա, այնուհետև ծովային ճանապարհորդության՝ հասնելով մինչև Հորն հրվանդան՝ Նյու Յորք վերադառնալով նույն տարվա վերջին։ Հայտնի է, որ 1881 և 1883 թվականներին նրա բնակարանում ապրել են անչափահաս տղաներ, որոնց նա փողոցից էր վերցրել։

Գրականագետների կարծիքով՝ XIX դարի վերջին երկու տասնամյակներում Էլջերի ստեղծագործությունների որակն ընկել էր, նրանց սյուժեները հաճախ կրկնում էին նրա ավելի վաղ գրված գործերը, ինչպես նաև նրանցում աճել էր բռնությունների և դաժանությունների դրվագների քանակը։ Նա շարունակել է համագործակցել մի քանի ամսագրերի հետ, սակայն նրա հեղինակությունն անկում է ապրել։ 1896 թվականին Էլջերի առողջությունը լրջորեն վատթարացել է, և նա որոշել է տեղափոխվել Նեյթիկ՝ իր քրոջ՝ Օլիվիայի և նրա ամուսնու տուն։ Իր կյանքի վերջին երկու տարիները նա շատ է տառապել ասթմայից և բրոնխիտից, նրա մահը, որ վրա է հասել այնտեղ 1899 թվականի հուլիսի 18-ին[18][19], առանձնակի ուշադրության չի արժանացել ԱՄՆ-ում[20][21]։

Ստեղծագործություն

խմբագրել

Էլջերի ստեղծագործությունների մեծ մասի թեման անօթևան աղքատ երեխաների կյանքի ուղին է, որոնք ինքնուրույն, հաղթահարելով բազմաթիվ դժվարություններ և անհաջողություններ, հասնում են հարստության, հաջողության, երջանիկ կյանքի և նույնիսկ փառքի շնորհիվ նրա, որ մնում են ազնիվ, աշխատասեր և չեն ընկճվում։ Գրողի կենդանության օրոք նրա արվեստը շատ բարձր է գնահատվել ընթերցողների կողմից, իսկ ստեղծագործությունները արագ վաճառվել են․ նրա ստեղծագործությունների տպագրված օրինակների ընդհանուր քանակը գնահատվում է քսան միլիոն։ Նա այնքան մեծ ճշգրտությամբ է նկարագրել անօթևան երեխաների կյանքն ու կենցաղը, որ նույնիսկ լուրեր են տարածվել, որ նրա ստեղծագործությունները հիմնված են ինքնակենսագրական փորձի վրա, և նա, ինչպես և իր հերոսները, նախկինում աղքատ է եղել։ Քննադատությունը նույնպես չի շրջանցել նրա վեպերը. Էլջերի ստեղծագործության շնորհիվ ամերիկյան գրականագիտության մեջ հայտնվել են այնպիսի տերմիններ, ինչպիսիք են «էլջերյան հերոս» (անօթևան երեխա, որ ծանր ազնիվ աշխատանքի և ազնվական արարքների շնորհիվ հաջողության է հասնում) և «rags-to-riches» (նման ստեղծագործությունների ժանրին տրված անվանում)։ Միևնույն ժամանակ քննադատները նշել են, որ գրեթե միշտ նրա ստեղծագործություններում հերոսի հետագա ճակատագրի համար վճռորոշ հանգամանք է դարձել ոչ թե, օրինակ, ծանր աշխատանքին դիմանալը, այլ ինչ-որ հարուստ մարդու պատահական օգնությունը, որը հետագայում դարձել է նրա հովանավորը և ապահովել նրա ապագան։ Ավելի ուշ շրջանի քննադատները նրա բազմաթիվ գրքերի սյուժեները, երկխոսություններն ու այլ տարրեր գնահատել են որպես թույլ և նույնիսկ «վատ»։

Մատենագրություն

խմբագրել
  • Scharnhorst, Gary Horatio Alger, Jr. — Twayne Publishers, 1980. — ISBN 0-8057-7252-9
  • Scharnhorst, Gary; Bales, Jack The Lost Life of Horatio Alger, Jr. — Indiana University Press, 1985. — ISBN 978-0-253-14915-2
  • Nackenoff, Carol. «The Horatio Alger Myth». In Myth America: A Historical Anthology, Volume II. 1997. Gerster, Patrick, and Cords, Nicholas. (editors.) Brandywine Press, St. James, NY. ISBN 1-881089-97-5
  • Scharnhorst, Gary; Bales, Jack Horatio Alger, Jr.: An Annotated Bibliography of Comment and Criticism. — Scarecrow Press, 1981. — ISBN 978-0-8108-1387-8

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Encyclopædia Britannica
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 GeneaStar
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Proleksis enciklopedija, Opća i nacionalna enciklopedija (хорв.) — 2009.
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 4,6 The Biographical Dictionary of America / R. JohnsonBoston: 1906. — Vol. 1. — P. 78.
  5. Find A Grave — 1996.
  6. Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
  7. Hoyt 1974, pp. 7, 9.
  8. Scharnhorst 1980, pp. 17–18.
  9. http://www.online-literature.com/horatio-alger/
  10. Scharnhorst 1985, p. 10.
  11. Hoyt 1974, p. 14.
  12. Scharnhorst 1985, p. 14.
  13. Scharnhorst 1985, pp. 18–23.
  14. Scharnhorst 1985, p. 29.
  15. Hoyt 1974, pp. 24, 28.
  16. Scharnhorst 1985, p. 33.
  17. Scharnhorst 1985, p. 64.
  18. «Horatio Alger» (PDF). The New York Times. 1899 թ․ հուլիսի 19. Վերցված է 2015 թ․ մարտի 4-ին. «Horatio Alger, writer of boys' stories died at the home of his sister, Mrs. Amos Cheney at Natick, Massachusetts yesterday. ...»
  19. Hoyt 1974, p. 232.
  20. Alger 2008, p. 280.
  21. Scharnhorst 1980, p. 47.

Գրականություն

խմբագրել

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հորեյշո Էլջեր» հոդվածին։