Հերունու ազգային տիեզերական կենտրոն

Հերունու ազգային տիեզերական կենտրոն, ակադեմիկոս Պարիս Հերունու ղեկավարությամբ ստեղծված Արագածի գիտական կենտրոնը, ուր տեղակայված է եզակի մի գործիք՝ ՌՕԴ-54/2.6 Հերունու հայելային դիտակը, որը իր բնութագրերով մասնագետների կողմից ճանաչված է աշխարհի լավագույն ռադիոդիտակների տասնյակում։ Գտնվում է Արագածոտնի մարզի Օրգով և Տեղեր գյուղերի հարևանությամբ։

Հերունու ազգային տիեզերական կենտրոն

Հիմնարկի ոլորտային և ենթակառուցվածքային զարգացման ծրագիր

խմբագրել

Եվրոպայի հեղինակավոր EVN/JIVE մասնագիտացված կազմակերպությունը, որը միավորում է ռադիոինտերֆերոմետրական ցանցում աշխարհի  լավագույն ռադիոդիտակները, հրապարակել է առաջիկա տասնամյակում իր գործունեության ռազմավարական ծրագիրը, որում նշված է, որ նախատեսվում է ցանցում ընդգրկել Հերունու ռադիոդիտակը և աջակցել հայկական ռադիոդիտակի վերագործարկմանն ու զարգացմանը։

Կարևոր է նշել, որ Հայաստանում պահպանվել և զարգանում է անտենային համակարգերի բնագավառի ինժեներական գիտական դպրոցը։ Դա լուրջ երաշխիք է մեր երկրի` որպես բարձր տեխնոլոգիաների զարգացած երկրի համբավը բարձրացնելու հարցում։

«Հերունու ազգային տիեզերական կենտրոն»-ը «Հայաստանի իրավազորություն» հիմնադրամի առանձնացված ծրագրային գործունեություն իրականացնելու համար ստեղծված հիմնարկ է։ «Հերունու ազգային տիեզերական կենտրոն»-ը մեկնարկելու է որպես պետություն-մասնավոր գործակցության շրջանակներում ոլորտային և ենթակառուցվածքային զարգացման ծրագիր։

Ընթացիկ իրավիճակը և խնդիրները

խմբագրել

Հերունու ՌՕԴ-54/2.6 ռադիոօպտիկական դիտակը գտնվում է Արագածի գիտական կենտրոնի տարածքում։

Արագածի գիտական կենտրոնի ակտիվները գտնվում են Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին ՓԲԸ-ի հաշվեկշռում` համաձայն 2012 թ. ՀՀ կառավարության որոշման, որը հետևանքն էր «պետությանը փող բերելու» անհաջող փորձի։ ՍՉԱՄ ՓԲԸ-ն այսօր ռադիոֆիզիկայի ոլորտում չի տիրապետում մասնագիտական կարողությունների, ինչպես նաև չի իրականացնում պատշաճ կառավարում։

Ակադեմիկոս Պ.Հերունու այս հատվածի գիտական ժառանգությունը բաց թողնված հնարավորություն է և ազգային ներուժի մսխում։ ՍՉԱՄ-ն առանց նպատակադրումների զուտ «պահպանում է» ժառանգությունը, ինչը առանց ռեալ գործի և գործարկման՝ անխուսափելիորեն ենթարկվելու է բարոյական մաշվելուն և փոշիացման (հաշվի առնենք ռադիոդիտակի եզակիությունը, ունիկալ հաստոցների առկայությունը, գունավոր մետաղները սարքավորման կազմում են)։

ՍՉԱՄ-ն պետական բյուջեից դրամաշնորհի ձևով ստանում է տարեկան մոտ 50 մլն դրամ, որն, ըստ էության, օգտագործվում է ակտիվի պահպանման համար` առանց զարգացման էական հեռանկարի։

ՌՕԴ-54/2.6 ռադիոօպտիկական դիտակը ժամանակակից տեխնիկական պահանջներին համա��ատասխանեցնելու արդյունքում կունենա գիտակրթական կիրառական նշանակություն ռադիոաստղագիտության և հեռավոր տիեզերական կապի բնագավառներում։ Բացի դրանից, ռադիոդիտակի եզակի կառուցվածքը հնարավոր է դարձնում մի շարք փորձերի իրականացումը, որոնց արդյունքում կճշտվեն արդի ֆիզիկայի և տիեզերաբանության սկզբունքներն ու տեսական վարկածները, օրինակ, կարող է ճշտվել ռելիկտային ռադիոճառագայթման ֆոնի գոյության և  «Մեծ Պայթյուն»-ի տիեզերաբանական վարկածը։

«Հայաստանի Իրավազորություն» հիմնադրամը հանդես է եկել նշված կենտրոնի բազայի վրա գիտաարտադրական և կրթական նշանակության էկոհամակարգ ձևավորելու ծրագիր իրագործելու նախաձեռնությամբ։

«Հերունու ազգային տիեզերական կենտրոնի» ստեղծման և գործարկման համար անհրաժեշտ է ի մի բերել որոշակի գույքային համալիր, որը թույլ կտա ապահովել կենտրոնի համար ակտիվների ամբողջական, բազմակողմանի, հավասարակշռված և նպատակային կազմ։ Ծրագրի իրականացման նպատակով «Հերունու ազգային տիեզերական կենտրոն»-ը անհրաժեշտ է համալրել հետևյալ ակտիվներով՝ փոխանցելով դրանք «Հայաստանի իրավազորություն» հիմնադրամի հաշվեկշռին․

  • Մարզ Արագածոտն, Օրգով համայնքի հարևանությամբ գտնվող` գրասենյակային հասցեն. գ.Օրգով, 2 փողոց №27, - պարսպի հետ միասին ողջ տարածքը, այդ տարածքում գտնվող ՌՕԴ-54/2.6 ռադիոօպտիկական դիտակ, այլ սարքավորումներ, անտենաներ, տարածքում գտնվող բնակելի և ոչ բնակելի շինություններ, կառույցներ, անավարտ շինություններ, ճանապարհներ, ենթակառուցվածքային այլ միավորներ և այլ գույք՝ գույքագրմանը համապատասխան,
  • Երևանում գրասենյակային տարածք – Կոմիտասի պ., 49/4 շենքի «Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին» ՓԲԸ-ի Էտալոնների բաժինը և իր տրամադրության տակ գտնվող 6-7-րդ հարկերի սենյակները գույքով և սարքավորումներով, ներառյալ ՍՉԱՄ ՓԲԸ-ի էտալոնների բաժնի լաբորատոր սենյակները (հաստոցներով, գործիքներով, սարքավորումներով հանդերձ),
  • ք. Երևան, Կոմիտասի պ., 49/4 շենքի տանիքում գտնվող անտենա տանիքի մուտք ու ելքի անհատույց օգտագործաման իրավունքով,
  • «Ալիք» փորձարարական գործարան` գրասենյակային հասցեն. Երևան, Լեպսիուսի փ., 25/1, գործարանի ենթակառույցներով, կից շինություններով, իր գործունեության և սպասարկման համար նախատեսված տարածքներով հանդերձ,
  • Արագած լեռան բարձունքում տեղակայված 3.2 մ տրամագծով ռադիոդիտակ կից շինություններով և հողատարածքով։

Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը

խմբագրել

Հայաստանում տնտեսական զարգացման իրագործման շրջանակներում կարևորվում է պետություն-մասնավոր գործակցությունը։ Այդ գործակցության շրջանակներում ներկայացվող նախագիծը պրոֆիլային և ենթակառուցվածքային զարգացման ծրագիր է, որի խնդիրներից է պետական գույքի առավել արդյունավետ կառավարման հնարավորություն ստեղծելը՝ հաշվի առնելով համաշխարհային նոր տեխնոլոգիաները, ինչպես նաև՝ օգտվելով ՏՏ գերժամանակակից հնարավորություններից հավելյալ նոր ֆինանսական միջոցների ներգրավումը։

«Հերունու ազգային տիեզերական կենտրոն»-ի ձևավորումն ու զարգացումը անմիջականորեն  առնչվում է նաև Արագածոտն մարզի զարգացման սոցիալ-տնտեսական գործող ծրագրի հետ, մասնավորապես՝ Օրգով, Տեղեր և Բյուրական համայնքներում որակյալ նոր աշխատատեղերի ստեղծումը ապահովելու հարցում։

    Ծրագրի բովանդակությունը`

  •  Հայաստանի կառավարությունը պետք է ամրագրի իր որոշման մեջ բյուջեի տող «Հերունու ազգային տիեզերական կենտրոն» հիմնարկին նվազագույն ծավալի գիտական աշխատանքների կազմակերպման նպատակով և նախատեսի կենտրոնի պահպանման և հետագա զարգացման համար չափավոր բյուջե՝ երկարաժամկետ և երաշխավորված՝ որպես ներդրողներին գրավելու պայման, ակնկալվող չափը՝
  •  Ռադիոդիտակը պետք է ապակոնսերվացվի և բերվի աշխատանքային վիճակի՝ դրա համար ներգրավելով մասնավոր նվիրատուների/ներդրողների ֆինանսավորում,
  •  Պետք է շարունակվեն ՌՕԴ-54/2.6 ռադիոդիտակի վերագործարկման աշխատանքները, իրագործվի  ֆինանսական ներդրման ներգրավում՝ դրամաշնորհների տեսքով, բանակցությունների արդյունքում, գործընկերների աջակցության արդյունքում, միջազգային գիտական ֆոնդերից օժանդակության և ներդրումների տեսքով։ Ոչ նյութական միջոցները ներգրավվում են 5 տարվա կտրվածքով։
  •  Պետք է ստեղծվի էկոմիջավայր` ռադիոդիտակի օգտագործման իրավունքը մոնետիզացնելու նպատակով,
  •  Ստեղծված էկոհամակարգի ծառայությունների և ապրանքների, ռադիոսարքավորումների արտադրության և այլ պայմանագրային աշխատանքների արդյունքներիը իրացման արդյունքում պետք է ձևավորի դրամագլուխ,
  •  Ծավալուն միջոցների ներգրավման նպատակով պետք է կազմակերպվեն դրամահայթայթման, կապիտալի ներգրավման միջոցառումներ (այդ թվում՝ քրաուդֆանդինգ, նախնական դրամային առաջարկ, արժեթղթային թոքենների առաջարկ և այլ), ներգրավվեն  նոր գործընկեր կազմակերպություններ պետություն-մասնավոր գործակցության շրջանակում և այլն։
  • Գիտական նշանակության ձեռքբերումների արձանագրումը կատարում է էկոհամակարգի խարսխային մաս կազմող տեխնոլոգիական համակարգը,
  •  Ծառայությունների (պրոդուկտների) դիմաց հավաքված գումարները (մասնավոր օպերատորական ծախսերի չափով նվազեցված) կծախսվեն ՌՕԴ-54/2.6 ռադիոօպտիկական դիտակի սպասարկման և կատարելագործման նպատակով, կենտրոնի այլ հնարավորություններն իրականացնելու օգտագործելու/գործարկելու նպատակով։
  •  Կիրականացվեն բարձր տեխնոլոգիաների բնագավառում միջին և բարձրագույն (բակալավրական և մագիստրական մակարդակների) մասնագիտական կրթական ծրագրերով,  հետբուհական (ասպիրանտուրա, հայցորդություն) և լրացուցիչ ու շարունակական կրթության ոլորտներում դասընթացներ ՀՀ և ԱՀ, ինչպես նաև՝ արտասահմանցի ուսանողների համար և գիտա-կրթական տուրիզմի կազմակերպման միջոցառումներ։

Հիմնովին կվերանորոգվի և բարձրակարգ սարքավորմամբ կհամալրվի անարձագանք սենյակը, որը կծառայի որպես տարածաշրջանում էլեկտրամագնիսական համատեղելիության արտոնագրային չափումներ ապահովող, ինչպես նաև Հայաստանի բնակչության սանիտարա-հիգիենիկ անվտանգությունը և անկանոն/անթույլատրելի, այդ թվում՝ IoT միջոցով առաջացող ճառագայթումներից ռադիոեթերի պահպանվածությունը վերահսկող օղակ։

«Հերունու ազգային տիեզերական կենտրոն» գիտաարտադրական և կրթական նշանակության էկոհամակարգի ձևավորման և զարգացման բիզնես հայեցակարգի համառոտագիր

խմբագրել

Ակադեմիկոս Հերունու ղեկավարմամբ Հայաստանում ստեղծվել է անտենային ճարտարագիտության հայկական գիտական դպրոց, հիմնված կառույցը մեծապես նպաստել է Օրգով և Տեղեր գյուղական համայնքների սոցիալ-տնտեսական բարեկեցությանը։ Օրգովի մոտակայքում 1975 թվականից կառուցվել է Արագածի Գիտական Կենտրոնը (այսուհետ՝ ԱԳԿ), որը հանդիսանում է անտենային ճշգրիտ չափումների պոլիգոն, որտեղ տեղակայված է աշխարհի միակ ռադիո-օպտիկական դիտակը՝ ՌՕԴ-54/2.6: Հերունու ռադիոդիտակի կիրառման բնագավառներն են. տիեզերքի հետազոտությունը և հեռավոր տիեզերական կապը։

Հայեցակարգի հիմնական գաղափարն է ներկայացնել ԱԳԿ վերակենդանացման, զարգացման ուղու վրա դնելու և միջազգային առաջատար ծրագրերում ընդգրկվելու սցենար։ Ծրագրի հիմքը հանդիսանում է ՌՕԴ-54/2.6 ռադիոդիտակի վերագործարկումն ու կատարելագործումը։ ԱԳԿ առկա և հեռանկարային հզորությունները, դրանց պահանջվածությունը տարբեր շրջանակներում, ծրագրի իրականացման առաջարկվող անձնակազմի անդամների բարձր գիտական որակավորումը, գիտելիքները և արհեստավարժությունը վկայում են  զարգացման հնարավորության  և խոստումնալից նախադրյալների մասին։

Սույն Հայեցակարգով ներկայացվող ծրագրի գերագույն նպատակը տեսանելի ապագայում «Հերունու ազգային տիեզերական կենտրոն»-ի (այսուհետ՝ Հերունու ԱՏԿ) անկախ ու լիիրավ, բազմակողմանի, ինքնաֆինանսավորվող, և կայուն զարգացմանը միտված անխափան գործունեությունն է։

Ակնհայտ է, որ ակնկալվող  արդյունքներին հնարավոր է հասնել միայն պետության (հանձինս ՀՀ Կառավարության) անմիջական ներգրավվածության և օժանդակության պարագայում։ Առաջարկվող ծրագիրը բիզնեսի և շահույթի գեներացման տեսանկյունից պետք չէ դիտարկել։ Այն գիտական և կրթական նախագիծ է, որը, առնվազն սկզբնական 5 տարիներին պետական ֆինանսական օժանդակության կարիք ունի։ Աշխարհում ամենուրեք նման ծրագրերը պետության մասնակցությունն են պահանջում և միևնույն ժամանակ պետությունը կարճ ժամանակահատվածում զարգացած գիտակրթական և մշակութային համաշխարհային կենտրոնի դրական համբավ է ձեռք բերում։

«Հայաստանի Իրավազորություն» Հիմնադրամը հանդես է եկել Հերունու ԱՏԿ վիճակի գիտատեխնիկական փորձաքննություն կազմակերպելու նախաձեռնությամբ։ Այդ նպատակով Հիմնադրամը դիմել է Եվրոպայի հեղինակավոր JIVE մասնագիտացված կազմակերպությանը, նպատակ սահմանելով փորձաքննության արդյունքում գնահատելու Հերունու ռադիոդիտակի ներկա վիճակը մասնագիտական տեսանկյունից, դրա վերագործարկման հնարավորությունը և միջազգային գիտության համար հետագա պիտանելիությունը։ Նիդերլանդներից, Գերմանիայից, Ավստրալիայից, Շվեդիայից, Իսպանիայից և Միացյալ Թագավորությունից բարձրագույն որակավորում ունեցող փորձագետներից բաղկացած միջազգային Խորհրդատվական խումբն արդեն սկսել է աշխատել։ Խորհրդատվական խմբի հանձնարարականով 2020 թ․ սեպտեմբերի 2-13 ժամանակահատվածում կատարվեցին ռադիոդիտակի մեխանիկական կառուցվածքի անվտանգության, ներկա վիճակի ուսումնասիրություն և զննումներ, երկարատև դադարից հետո անտենայի փորձարկումը ռադիոալիքների սանտիմետրային տիրույթում։ Փորձարկման և ուսումնասիրությունների արդյունքները դրական են։

ՌՕԴ-54/2.6 ռադիոդիտակը նախատեսվում է գործարկել  միջազգային գիտական հանրության հետ սերտ համագործակցության պայմաններում երկարաժամկետ գիտական հետազոտական նախագծեր իրականացնելու նպատակով։ ՌՕԴ-54/2.6 ռադիոդիտակը գործարկվելու է աստղագիտության և ռադիոաստղագիտության, հեռավոր տիեզերական կապի բնագավառներում գիտական և կիրառական խնդիրների լուծման նպատակով։

ՌՕԴ-54/2․6 ռադիոդիտակի վերագործարկումը (գործընթացի նախնական փուլից մինչև կանոնավոր շահագործման տևական փուլը) և անտենային չափումների պոլիգոնի զարգացումը տարաբնույթ և մեծաքանակ գիտահետազոտական և ուսումնահետազոտական աշխատանքներ իրականացնելու հնարավորություն է ստեղծում։ Հերունու ԱՏԿ-ն գրավիչ է աշխարհի տարբեր երկրների ուսանողների, ասպիրանտների և գիտնականների համար, որպես գիտական զբոսաշրջության և մասնագիտացված միջոցառումների կազմակերպման կենտրոն։ Աշխարհում չկա նման հզոր անտենային լաբորատոր ստենդ, որը ուսանողները կարող են օգտագործել և՛ սովորելու, և՛ գիտական հետազոտություններ իրականացնելու նպատակով։ Հերունու ԱՏԿ-ում նախատեսվում է իրականացնել ռադիոաստղագիտության, հեռավոր տիեզերական կապի, անտենային չափումների, անօդաչու թռչող սարքերի, այլընտրանքային էներգետիկայի և բարձր տեխնոլոգիաների առաջատար այլ հետազոտական և կիրառական նորարարական աշխատանքներ։

Նախատեսվում է իրականացնել պրակտիկ դասընթացներ բարձր տեխնոլոգիաների բնագավառում միջին և բարձրագույն (բակալավրական և մագիստրական մակարդակների) մասնագիտական կրթական ծրագրերով,  ինչպես նաև դասընթացներ հետբուհական (ասպիրանտուրա, հայցորդություն) և լրացուցիչ ու շարունակական կրթության ոլորտներում, ամառային և ձմեռային դպրոցներ Հայաստանի և Արցախի Հանրապետություններում, ներգրավելով նաև արտասահմանցի ուսանողներին։ Գործընկեր կազմակերպությունների հետ միասին մշակվել է եզակի կրթական նախագիծ, որի հիմնական գաղափարն է իրականացնել հեռավար լաբորատոր աշխատանքներ անտենային չափումների պոլիգոնում էտալոնային անտենային համակարգերի հենքի վրա։ Հերունու ԱՏԿ-ի գործունեության հարակից տեսակներն են. գիտական, կրթական և ժամանցային տուրիզմը, գիտաարտադրական գործունեությունը (օրինակ` բացառիկ չափսերով տարածաշրջանում նմանը չունեցող անարձագանք սենյակում արտոնագրման նպատակներով փորձարկումները), անտենային համակարգերի և բաղադրիչ մասերի գիտելիքահենք արտադրության ծավալումը և այլն։

Եզակի գործիքին տիրապետող Հերունու ԱՏԿ-ն բարձրակարգ գիտական իրադարձություններին պարբերաբար մասնակցելու հնարավորություն է ընձեռում,  այն նաև աշխարհում գիտության և տեխնիկայի բնագավառում տրվող հեղինակավոր մրցանակների ապագա դափնեկիրների դարբնոց կարող է հանդիսանալ։  

Անհրաժեշտ է նշել, որ վերջին տարիների աղմկահարույց հայտնագործությունների մեծամասնությունը՝ սև խոռոչի լուսանկարը, գերնոր աստղերի պայթյունները, հեռավոր գալակտիկայում ադամանդե մոլորակը, դեռևս բացատրություն չունեցող տարօրինակ հզորագույն ռադիոբռնկումները կատարվել են հենց նման կարգի ռադիոդիտակներով։ Հայկական ՌՕԴ-54/2.6 ռադիոդիտակը կարող է նմանատիպ միջազգային ծրագրերի շրջանակներում ֆինանսավորում ստանալ, ձեռք բերել պատշաճ ճանաչում՝ Հայաստանը աշխարհի գիտական քարտեզի վրա ներկայացնելով որպես առաջադեմ մտքի և գերժամանակակից տեխնոլոգիաների կենտրոն։

«Հերունու ազգային տիեզերական կենտրոն» հիմնարկի գիտական ուղղվածության գործունեության արդյունքների ամփոփումը 30․11․2020 թ-ի դրությամբ

խմբագրել
  • 2018 թվականի մարտի 6-9 ժամանակահատվածում Հայաստան էր հրավիրվել Եվրոպական հետազոտական կոնսորցիումի գերերկար բազաներով ռադիոինտերֆերոմետրիայի ինստիտուտի (VLBI ERIC (JIVE)) գլխավոր աստղագետ, տիեզերական գիտության և նորարարական ծրագրերի ղեկավար, պրոֆեսոր Լեոնիդ Գուրվիցը (Leonid Gurvits)։ Նախնական զննման նպատակն էր ՌՕԴ-54/2.6 ռադիոօպտիկական դիտակի վերազինման և բարելավման հնարավորության հարցը, ինչպես նաև ռադիոաստղագիտության ոլորտում միջազգային համագործակցության հեռանկարների նախանշումը։
  • Կատարվել է նախնական փորձաքննություն (2018, օգոստոս-սեպտեմբեր). ուսումնասիրվել է ռադիոդիտակի անտենայի ներկա տեխնիկական վիճակը, որը եզրակացնում է, որռադիոդիտակի անտենայի վիճակը  բավարար է կարճ սանտիմետրային տիրույթի ռադիոալիքներով աշխատանքի համար որոշ մեխանիկական շտկումներից հետո։
  • ՌՕԴ-54/2.6 ռադիոդիտակի ներկա տեխնիկական վիճակի գնահատման նպատակով 2018 թվականի սեպտեմբերի 17-19-ին Նիդերլանդներից Հայաստան է հրավիրվել անտենային տեխնիկայի հարցերում համաշխարհային ճանաչում ունեցող մասնագետ, անկախ փորձագետ Քեյս Վան Քլոստերը (Kees van 't Klooster)։ Փորձագիտական կարծիքում նշված է, որ անտենայի կարդանային համակարգի մեխանիկական փոքր թերությունը շտկելուց հետո ռադիոդիտակի անտենան ամբողջությամբ պատրաստ է կարճ սանտիմետրային տիրույթի ռադիոալիքներով աշխատելուն։ Ընդ որում, հայելու մակերեսը նույնիսկ այսօրվա չհամալարված վիճակում գերազանց է, ինչը ապացուցվում է օպտիկական արտացոլման հստակությամբ։
  • Մշակվել է դիտակի անտենայի ապակոնսերվացման նախապատրաստական աշխատանքների (0 փուլի՝ ծրագրի առաջին 6 ամիսը) ծրագրային գործողությունների  մատրիցը։
  • Իրանի Իսլամական Հանրապետության «FARAZ» հեռահաղորդակցության բնագավառի առաջատար կազմակերպության գիտնականների և մասնագետների հետ հանդիպումների  (2019, հուլիս) արդյունքում քննարկվեցին հետագա համագործակցության ուղիները։
  • Բազմաթիվ մասնագիտական քննարկումների (2019, օգոստոս-նոյեմբեր) արդյունքում «Rohde & Schwarz» գերմանական հանրահայտ կազմակերպության առաջատար մասնագետների հետ մշակվել է հետագա համագործակցության ճանապարհային քարտեզ։
  • «Հերունու ԱՏԿ» Ծրագրի ղեկավար պրոֆեսոր Արևիկ Սարգսյանը ընտրվել էր որպես §Էլեկտրատեխնիկայի և էլեկտրոնիկայի ինժեներների ինստիտուտ¦ (IEEE[1] ) միջազգային ասոցիացիայի հայաստանյան Դեսպան։ 2019 թվականի նոյեմբերին կազմակերպվեց «IEEE R8 Enterpreneurship Initiative» միջոցառումը “IN ANTENNA PALM” - «Անտենայի ափի մեջ»՝ խորագրով ՌՕԴ-54/2.6 ռադիոդիտակի անտենայի կառավարման շենքում։ Միջոցառումը ներառում էր ինժեներական ուղղվածության start-up ուսանողական թիմերի մրցույթը։
  • «Հերունու ԱՏԿ» Ծրագրին կից (2019, դեկտեմբեր) ձևավորվել է Գիտական Հանձնաժողով, որին անդամակցել են Հայաստանից և արտերկրից բարձր տեխնոլոգիաների և կրթական ոլորտի լավագույն մասնագետները։
  • Գիտական Հանձնաժողովի որոշմամբ (2020, հունվար) «Հայաստանի Իրավազորություն» հիմնադրամին հանձնարարվել է դիմել Եվրոպական հետազոտական կոնսորցիումի գերերկար բազաներով ռադիոինտերֆերոմետրիայի ինստիտուտին (VLB ERIC (JIVE))` իրականացնելու ՌՕԴ-54/2․6 դիտակի ներկայիս տեխնիկական վիճակի, դրա վերականգնման և հետագա կիրառելիության վերաբերյալ գիտատեխնիկական փորձաքննություն։
  • Գիտատեխնիկական փորձաքննություն կազմակերպելու նպատակով Եվրոպայի հեղինակավոր EVN մասնագիտացված կազմակերպությանը դիմում է հղվել, փորձաքննության արդյունքում պարզելու  Հերունու ռադիոդիտակի ներկա վիճակը մասնագիտական տեսանկյունից, դրա վերագործարկման հնարավորությունը և միջազգային գիտության համար հետագա պիտանելիությունը։
  • Հերունու ԱՏԿ-ն, շարունակելով ավանդույթը, համագործակցում է Հայաստանի և Արցախի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության, Նիդերլանդների, Գերմանիայի, ԱՄՆ, Ավստրալիայի և այլ երկրների ոլորտային բուհերի հետ։ ՀԱՊՀ մի շարք ասպիրանտներ, մագիստրանտներ և ուսանողներ իրենց ավարտա��ան աշխատանքները կատարում են ՌՕԴ-54/2․6 և անտենային այլ համակարգերի վերաբերյալ պրոֆեսոր Արևիկ Սարգսյանի, դոցենտ Հրայր Աբրահամյանի գիտական ղեկավարմամբ։
  • «Հերունու ազգային տիեզերական կենտրոն»-ի կողմից ձևավորած միջազգային հեղինակավոր Advisory Group-ի (խորհրդատվական մարմին, որի անդամներն են աշխարհի 10 ռադիոաստղադիտարանների ինժեներական և աստղագիտական ոլորտի լավագույն առաջատար մասնագետները, փորձառու գիտնականներ Նիդերլանդներից, Գերմանիայից, Ավստրալիայից, Շվեդիայից, Իսպանիայից, Միացյալ Թագավորությունից) 2020 թ. օգոստոսի 27-ի ընդլայնված հեռավար նիստի հանձնարարական եղավ՝ նպատակ ունենալով հաստատել (կամ հերքել).
  • ՌՕԴ-54/2.6 ռադիոդիտակի պիտանելիությունը գիտական աշխատանքի համար,
  • կարողությունը ու պատրաստվածությունը ներգրավվելու համաշխարհային աստղագիտական համայնքի մեջ,
  • միջազգային նախագծերի մասնակցելու հնարավորությունը,կազմակերպել համապատասխան ինսպեկցիոն և փորձարկման աշխատանքներ ՌՕԴ-54/2.6 ռադիոդիտակի վրա։
  • 2020 սեպտեմբերի 2-ին ՀԱՏԿ ծրագրի շրջանակում ՌՕԴ-54/2.6 ռադիոդիտակի մեխանիկական կառուցվածքի ներկա վիճակի ուսումնասիրություն էր կազմակերպվել.  ՀՀ ԱԻՆ-ի Արագածոտնի մարզի ստորաբաժանման փրկարարների օգնությամբ  փաստագրվեց վիզուալ զննման արդյունքը։ Տվյալների այդ բազան ուսումնասիրվել, մշակվել, տրվել է ռադիոդիտակի կառուցվածքային էլեմենտների ամփոփ գնահատականը (այդ թվում՝ մետաղի հոգնածության տեսանկյունից) համապատասխան մասնագետների ներգրավմամբ։ Այսպիսով, փաստաթղթավորված տեսքով արձանագրված է, որ ՌՕԴ-54/2.6 ռադիոդիտակի անտենայի եռոտանու և շարժական ֆերմայի մետաղական կառուցվածքի վիճակը բավարար է, կարիք ունի ներկվելու։
  • 2020 սեպտեմբերի 2-ին և 3-ին անտենայի երկարատև դադարից հետո կատարվեց առաջին փորձարկման աշխատանքը։ Փորձարկումը իրականացվել է «ՀԱՏԿ», «Ռեդինետ», NI/Armenia, «Էսի թեք» ընկերությունների մասնագետների մասնակցությամբ՝ նպատակ ունենալով հաստատել անտենայի աշխատունակությունը։ Անտենայի փորձարկումը կատարվել է ներկա անշարժ վիճակում։ Համապատասխան ռադիոսարքավորման տեղադրման շնորհիվ 24 ժամվա ընթացքում գրանցվել է Տիեզերքի ռադիոճառագայթման աղմկային ազդանշանը ռադիոալիքների սանտիմետրային տիրույթում։ Դրված հարցերի պատասխանները դրական են։
  • 2020 թ. սեպտեմբերի 18-ին տեղի ունեցավ «Ռադիոդիտակներ և ռադիոինտերֆերոմետրեր» խորագրով XXIII միջազգային գիտաժողովը։ Այս տարի գիտաժողովի քննարկման առանցքային թեման էր՝ ՌՕԴ-54/2.6 ռադիոդիտակի վերականգնման և մոդերնիզացման հետ կապված ինժեներական և գիտական հարցերը։  Մի շարք գիտական զեկույցներ ներկայացվեցին ինսպեկցիոն և փորձարարական աշխատանքների իրականացված փուլի ավարտին, Advisory Group-ի երկու անդամ նույնպես ունեցան գիտական զեկույցներ։ Զեկույցների սլայդ-ներկայացումները հրապարակվեցին համապատասխան էլեկտրոնային հարթակում[2]։
  • 2020 թ. սեպտեմբերի 13-ին տեղի ունեցավ հերթական աշխատանքային այցը Օրգով՝ ՌՕԴ-54/2.6 ռադիոդիտակի տեղանք։ Կատարվեց ռադիոդիտակի անտենայի կարդանային համակարգի առանցքների ներկա վիճակի զննում, յուղում, անսարքությունների հետագա վերականգնման պլանավորման աշխատանք, նկարահանումներ, քննարկումներ, հեռավար in situ կապ AG անդամների հետ։

Ծանոթագրություններ

խմբագրել