Հենրիկ Հովհաննիսյան (արվեստաբան)
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Հենրիկ Հովհաննիսյան (այլ կիրառումներ)
Հենրիկ Վահանի Հովհաննիսյան (հունիսի 3, 1936[1][2], Լենինական, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ[1][2]), հայ արվեստաբան, գիտնական, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, արվեստագիտության դոկտոր, պրոֆեսոր, գիտության վաստակավոր գործիչ, ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի թատերագիտության բաժնի վարիչ։ Ղեկավարում է գիտական աստիճանաշնորհման մասնագիտական խորհուրդը, հեղինակ է գիտական և հանրագիտարանային հոդվածների, հրատարակվել է գիտական ժողովածուներում, հանդեսներում, մամուլում, կարդացել է զեկուցումներ հանրապետական և միջազգային գիտաժողովներում։ Հեռուստատեսությամբ վարել է մի շարք հեռուստահաղորդաշարեր՝ գրքի, լեզվի, մշակույթի վերաբերյալ, ինչպես նաև նարեկյան ընթերցումներ։
Հենրիկ Հովհաննիսյան | |
---|---|
Ծնվել է | հունիսի 3, 1936[1][2] (88 տարեկան) Լենինական, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ[1][2] |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Հայաստան |
Մասնագիտություն | արվեստագետ |
Հաստատություն(ներ) | Արվեստի ինստիտուտ[1], Երևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտ[1], Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարան, Երևանի պետական համալսարան և Հայկական պետական մանկավարժական համալսարան |
Ալմա մատեր | Երևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտ (1958)[1] |
Կոչում | պրոֆեսոր[2] |
Գիտական աստիճան | արվեստագիտության դոկտոր[1][2] (1980) |
Պարգևներ | |
Կուսակցություն | ԽՄԿԿ[1] |
Կենսագրություն
խմբագրելՀենրիկ Հովհաննիսյանը ծնվել է Գյումրիում 1936 թ. հունիսի 3-ին, ավարտել է Ա. Գրիբոյեդովի անվ. թիվ 41 հայկական միջնակարգ դպրոցը։ 1958 թվականին ավարտել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտը, 1958-1961 թվականներին աշխատել է ՀԽՍՀ Նախարարների Խորհրդին առընթեր ռադիոյի և հեռուստատեսության պետական կոմիտեում որպես հաղորդավար, 1961-1964 թվականներին ՀԽՍՀ Գիտությունների ակադեմիայի Արվեստի ինստիտուտի ասպիրանտ, 1965 թվականին պաշտպանել է թեկնածուական դիսերտացիա՝ «Մարտիրոս Մնակյան. Կյանքը և բեմական գործունեությունը» թեմայով, 1965 թվականից աշխատում է ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտում, 1972 թվականին ատեստավորվել է որպես ավագ գիտաշխատող, 1973-1974 թվականներին Ռադիոհաղորդումների և հեռուստատեսության պետական կոմիտեում՝ հաղորդավարական բաժնի գեղարվեստական ղեկավար, 1976-ից ՀԽՍՀ Գիտությունների ակադեմիայի Արվեստի ինստիտուտի գիտական աստիճանաշնորհման մասնագիտական խորհրդի գիտական քարտուղար, 1973 թվականից Հայկական խորհրդային հանրագիտարանի գիտաճյուղային խորհրդի անդամ, ՀԽՍՀ ԳԱ Արվեստի ինստիտուտում պաշտպանել է դոկտորական դիսերտացիա՝ «Թատրոնը միջնադարյան Հայաստանում» թեմայով, 1990-1991 թվականներին ՀՀ Հեռուստատեսության և ռադիոյի պետական կոմիտեի նախագահ, 1992 թվականից Երևանի Եղիշե Չարենցի անվան Գրականության և արվեստի թանգարանի գիտական խորհրդի անդամ, 1995 թվականից ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի գիտական աստիճանաշնորհման խորհրդի նախագահ։ 2001 թվականին Հայաստանի Հանրապետության նախագահի հրամանով նշանակվել է ՀՀ հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի անդամ։ 2006 թվականին ընտրվել է ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ։ 2011 թվականից ՀՀ հանրային հեռուստառադիոընկերության նախագա��ի գլխավոր խորհրդական, 2004 թվականից՝ ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի Թատրոնի բաժնի վարիչն է, 2009 թվականի մայիսից՝ ՀՀ Հանրային խորհրդի անդամ։ 2016 թվականի ապրիլի 14-ին ՀՀ Նախագահի հրամանագրով վերանշանակվել է ՀՀ Հանրային խորհրդի անդամ[3]։
Հրապարակված աշխատությունները
խմբագրելԱռանձին գրքերով հրատարակել է հետևյալ աշխատությունները.
- Մարտիրոս Մնակյան, Երևան, 1969
- Բեմական խոսքի պոետիկան, Երևան, 1973
- Թատրոնը միջնադարյան Հայաստանում, Երևան, 1978
- Թատրոն. հին ու նոր արժեքներ (ժող.), Երևան, 1986
- Հայ հին դրաման և նրա պայմանաձևերը, Երևան, 1990
- Հայ թատրոնի պատմություն, 19-րդ դար, Երևան, 1996
- Ալեքսանդր Պուշկին (թարգմանություններ և առաջաբան), Երևան, 1999
- Դերասանի արվեստի բնույթը. էսթետիկական քննություն, Երևան, 2002
- Միջնադարյան բեմ. թատրոն-եկեղեցի հարաբեր/երությունը և հայ հեգևոր դրաման, Երևան, 2004
- Թատրոն և թատերասիրություն (ժող.), Երևան, 2004
- Հայ թատրոնի պատմություն. 19-դար (երկրորդ բարեփոխված հրատ.) Երևան, 2010
- Հնագույն դրաման Հայաստանում, Երևան, 2010
- Ստանիսլավսկու "սիստեմը" և խաղի պարադոքսը, Երևան 2012
- Լոռվա բանահյուսության ափերին, Երևան 2014
- Անդարձություն, Երևան, 2014
- Սուրեն Քոչարյանի գրական բեմը, Էսսե, Երևան, 2016
- Սկեպսիս, Երևան, 2019
- Դերասանի ինքնաճանաչումը, Երևան 2020
Գիտական գործունեության ոլորտները
խմբագրելԹատերագիտությունը երիտասարդ գիտություն է՝ կազմավորվել է անցյալ դարի առաջին երկու տասնամյակներում և, որպես գրականագիտությունից անկախ բնագավառ, գիտակցվել է համեմատաբար ուշ։ Այստեղ որոշակի է քննադատության ու թատերական բելետրիստիկայի դիրքը լրագրության ու թատերասիրության ընդհանուր մթնոլորտում։ Ինչպես նկատել է Հենրիկ Հովհաննիսյանը, դա թատերագիտության էստրադան է՝ գիտությանը հրում տվող կենդանի խոսակցություն։ Պատմությունն ու տեսությունը, սակայն առանձնանում են թատերասիրական հանրամատչելի զրույցներից, և Հովհաննիսյանի բուն գործունեությունն ու վաստակն այս ոլորտներում են։
Հնագույն, միջնադարյան և 19-րդ դարի հայ թատրոնի պատմություն
խմբագրելՀենրիկ Հովհաննիսյանը թատերագետների երրորդ սերնդի ներկայացուցիչն է մեր իրականության մեջ, սկսել է տպագրվել 60-ական թվականներից։ Համակարգելով հայ թատրոնի պատմությունը նախաքրիստոնեական շրջանից ու վաղ միջնադարից մինչև 19-դարի վերջը՝ նա առավելապես խորացել է նախաքրիստոնեական (ancient) ու միջնադարյան (medieval) թատերագիտության մեջ։ "Թատրոնը միջնադարյան Հայաստանում. պատմության և տեսության հարցեր" խորագրով աշխատության ոլորտը միջնադարագիտական (մեդիեվիստական) թատերագիտությունն է։ Միջնադարյան թատրոնի ուսումնասիրությունը Հովհաննիսյանին տրամաբանորեն հանգեցրել է այդ երևույթի բնաշխարհիկ, հետևաբար և հնագույն հիմքերի որոնմանը։ Այդ աշխատություններն են՝ "Հայ հին դրաման և նրա պայմանաձեվերը" (1990 թ), "Միջնադարյան բեմ" (2004 թ.), "Հնագույն դրաման Հայաստանում" (2010 թ.). Նրա "Հայ հին դրաման և նրա պայմանաձևերը" աշխատության մեջ բացահայտվում է շղթայվածի միջազգային առասպելի այնպիսի շերտեր, որոնք մոտեցնում են խորհրդապաշտական դրամայի (սիդերական միստերիա) գաղափարին և նրա գլխավոր գործող անձի՝ Շիդարի առեղծվածին։ Այդ աշխատության երեք գլուխներն առանձին-առանձին ենթադրում են մի ընթացք, որ հանգեցնելու է շարունակության՝ "Միջնադարյան բեմ" աշխատությանը, որտեղ Քրիստոնեական պատարագի պատմական հիմքերում նա տեսնում է անտիկ դրաման։ Այնուհետև "Հնագույն դրաման Հայաստանում" աշխատության մեջ լեզվական և մատենագրական տվյալների հիման վրա քննության են առնվում հայ հնագույն դրամայի ծիսային խորհրդանիշը, տարածաժամանակային պայմանաձևը և առասպելաբանական հիմքը, որպես ժամանակի և ճակատագրի դետերմինանտներ։ Հարցադրումը հանգեցնում է դրամայի ծագման նոր տեսության։ Միջնադարյան թատրոնի ուսումնասիրությունը թատերագետին դուրս է բերել նեղ թատերագիտության ասպարեզից, մղել ընդհանուր միջնադարագիտության և հայագիտության ոլորտները։ Նա գիտաժողովներում (տեղական և միջազգային) զեկուցումներ է կարդացել տարբեր թեմաներով. Այս շարքում առանձնանում է 1980 թ. Դավիթ Անհաղթի 1500 ամյակին նվիրված երևանյան միջազգային գիտաժողովում կարդացած "Դավիթ Անհաղթի էսթետիկական կողմնորոշման մասին" զեկուցումը, ինչպես նաև՝ "Անտիկ դրամայի քրիստոնեական փոխակերպման" (մետամորֆոզ), "Լուսավորչի վկայաբանության միթոլոգիական պայմանաձևի" և այլ հարցերի մասին զեկուցումները։ Հովհաննիսյանի հնագույն և միջնադարագիտական-թատերագիտական աշխատություններով ոչ միայն գիտական հիմքերի վրա է դրվում հայ հին և միջնադարյան թատրոնի ուսումնասիրությունը, այլև ամբողջանում է հայագիտության մի ամբողջ բնագավառ։ Այլ բնույթի է Հովհաննիսյանի "Հայ թատրոնի պատմություն, 19-րդ դար" աշխատությունը։ Նա ամբողջացնում և տեսականորեն հիմնավորում է 19-րդ դարի հայ դրամատիկական թատրոնի և թատերագրության պատմությունը։ Նա այս աշխատության մեջ ոչ միայն համակարգել է պատմության ժամանակագրական շարը, այլև բուն շարադրանքում առաջադրել է հայ թատրոնի գնահատման և արժեվորման մոտեցումների և սկզբունքների մի համակարգ, որը հետագա ուսումնասիրողների համար առաջնային է դառնալու այս կամ այն դրվագը ուսումնասիրելիս։ Ինչ որ առումով այն կարելի է հայ թատերական մտքի փիլիսոփայական, գեղագիտական ընդհանրացումը համարել։
Գեղագիտություն
խմբագրել"Բեմական խոսքի պոետիկան" աշխատությունը բեմական խոսքի պոետիկական հիմունքների համակարգման առաջին փորձն է մեզանում։ Հիմնվելով դրամայի տեսության, թատրոնի էսթետիկայի և դերասանի արվեստի ընդհանուր սկզբունքների վրա՝ փորձում է բացատրել թատերային խոսքի, որպես ինքնուրույն գեղարվեստական համակարգի, բնույթը։ Հովհաննիսյանը "Դերասանի արվեստի բնույթը" (2004 թ.) աշխատությունում վերանայել է "Բեմական խոսքի պոետիկան" (1973 թ.) գրքի հարցադրումները։ Գլխավոր դրույթը, սակայն մնացել է նույնը՝ բեմական խոսքը որպես ինքնուրույն գեղարվեստական համակարգ։ Նա այստեղ շեղվում է Ստանիսլավսկուց։ Նա այստեղ օգտվում է Յոհան Հայզինգայի խաղի տեսությունից, այն է գործողությունը որպես նպատակ, ներշնչման աղբյուր։ 2007 թ.-ին հրատարակվել Յոհան Հայզինգայի "HOMO LUDENS" աշխատութունը՝ հոլանդերենից թարգմանված, որի խմբագիրն է Հ. Հովհաննիսյանը։ Նա գրել է գրքի առաջաբանը և "Խաղը՝ բեմական ներկայության ձևային հիմք" ծավալուն հոդվածը։ Հենրիկ Հովհաննիսյանի էսթետիկական և փիլիսոփայական մտքի վրա ազդեցություն են ունեցել Էմանուել Կանտը, Բենեդետտո Կրոչեն, Նիկոլայ Հարտմանը, Մարտին Հայդեգերը։
Քննադատություն
խմբագրելՀովհաննիսյանի թատերագիտական ժառանգության մեջ առանձին տեղ է զբաղեցնում քննադատությունը, որը նա համարում է իր գործունեության ֆակուլտատիվ դրսևորումը։ "Թատրոն. Հին ու նոր արժեքներ", թատերագիտական ակնարկների և թատերախոսականների ժողովածուն ունի երկու հիմնական խնդիր՝ հին ու նոր երևույթների ներքին կապի որոնումը և թատրոնի, որպես գրականությունից անկախ գեղարվեստական գոյաձևի, հաստատումը։ "Թատրոն և թատերախոսություն" ժողովածուն ընդգրկում է հեղինակի հիմնականում վերջին մեկուկես տասնամյակում հրապարակած հոդվածները, նաև որոշ անտիպ նյութեր, հուշագրական ակնարկներ՝ ընդհանուր թեմատիկ հարցադրումով, ինչ է թատրոնը որպես անձի հրապարակային ներկայության արվեստ, հասարակական գիտակցության դրսևորում, մտածողություն և խաղ։ Շոշափվում են բեմական արվեստի տարբեր ոլորտներ՝ դրամա, էստրադա, կրկես, ստուդիական փորձ և այլն։ Այս գիրքը յուրահատուկ ամփոփումն է հեղինակի թատերական գեղագիտության։
Մանկավարժական գործունեություն
խմբագրելԵՊՀ-ի Հասարակական մասնագիտությունների ֆակուլտետ (1976-1980 թթ), Խ.Աբովյանի անվ. Պետական Մանկավարժական համալսարան (1985-1991 թթ), այս ընթացքում Գեղարվեստա-թատերական ինստիտուտում դասավանդել է վեց առարկա՝ բեմական խոսք, հայ թատրոնի պատմություն, արևմտաեվրոպական թատրոնի պատմություն, դրամայի տեսություն, թատերագիտության ներածություն, թատերական քննադատություն։
Պարգևներ և կոչումներ
խմբագրել1979 թվականին պարգևատրվել է ՀՍՍՀ Գիտությունների ակադեմիայի գովեստագրով (N146, "Հայկական Սովետական Սոցիալիստական Հանրապետության Գիտությունների ակադեմիան բարձր է գնահատում կատարած Ձեր աշխատանքը։ ՀԽՍՀ Գիտությունների ակադեմիայի պրեզիդենտ՝ Վ. Համբարձումյան")։ 2003 թվականին շնորհվել է Հայաստանի Հանրապետության գիտության վաստակավոր գործչի պատվավոր կոչում (00004)։ 2008 թվականին պարգևատրվել է Հայաստանի Մշակույթի նախարարության ոսկե մեդալով։ 2011 թվականին պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով. N0094[4]: Հայաստանի անկախության տոնի առթիվ գիտության, կրթության և մշակույթի զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի համար 2021 թվականին պարգևատրվել է Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշանով[5]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 Հայկական համառոտ հանրագիտարան (հայ.) — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1990. — հատոր 3.
- ↑ «Նախագահ Սերժ Սարգսյանը նոր կարգադրություն է ստորագրել». iravaban.net. 2016 թ․ ապրիլի 14. Վերցված է 2016 թ․ ապրիլի 14-ին.
- ↑ Հանրապետության նախագահի հրամանագիրը Հայաստանի Հանրապետության մեդալներով պարգևատրելու մասին
- ↑ «Հանրապետության նախագահի հրամանագրերը - Փաստաթղթեր - Հայաստանի Նախագահ». president.am. Վերցված է 2021 թ․ սեպտեմբերի 22-ին.
Արտաքին հղումներ
խմբագրել- Հենրիկ Հովհաննիսյան Արխիվացված 2016-11-15 Wayback Machine
- Հենրիկ Հովհաննիսյանի պաշտոնական կայքը
- Հենրիկ Հովհաննիսյանը ՀՀ ԳԱԱ Հիմնարար գիտական գրադարանի կայքում
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հենրիկ Հովհաննիսյան (արվեստաբան)» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 6, էջ 571)։ |
Նախորդող Էմանվել Արաքսման-Մանուկյան |
ՀՀ Հեռուստառադիոյի Պետական Կոմիտեի նախագահ Հենրիկ Հովհաննիսյան 1990 -1991 |
Հաջորդող Սամվել Գևորգյան (որպես ՀՀ Հեռուստա և ռադիոhաղորդումների Պետական Վարչության պետ) |
Այս հոդվածն ընտրվել է Հայերեն Վիքիպեդիայի օրվա հոդված: |