Հեկտոր Սերվադակ
«Հեկտոր Սերվադակ», ավելի ճիշտ «Էկտոր Սերվադակ» (ֆր.՝ Hector Servadac), ֆրանսիացի գրող Ժյուլ Վեռնի գիտա-ֆանտաստիկ վեպը, որը մտնում է «Անսովոր ճանապարհորդություններ» շարքի մեջ։ Գրվել է 1877 թվականին։
Հեկտոր Սերվադակ ֆր.՝ Hector Servadac | |
---|---|
Հեղինակ | Ժյուլ Վեռն |
Տեսակ | գրական ստեղծագործություն |
Ժանր | արկածային և գիտական ֆանտաստիկա |
Բնօրինակ լեզու | ֆրանսերեն |
Ստեղծման տարեթիվ | 1877 |
Շարք | Անսովոր ճանապարհորդություններ |
Նախորդ | Միխայիլ Ստրոգով |
Հաջորդ | Սև Հնդկաստան |
Նկարազարդող | Պոլ Ֆիլիպոտե |
Երկիր | Ֆրանսիա |
Off on a Comet Վիքիպահեստում |
Հրատարակություն
խմբագրելԳրքի առաջին հրատարակությունը կայացել է Էտցելի «Magasin d’Éducation et de Récréation» ամսագրում՝ 1877 թվականի հունվարի 1-ից մինչև դեկտեմբերի 15-ը, «Հեկտոր Սերվադակ։ Ճանապարհորդություններ և արկածներ մերձարևային աշխարհում» անվան տակ։ Հրատարակության ընթացքում Էտցելը նամակ է ստացել Փարիզի գլխավոր ռաբիից, որտեղ վերջինս դժգոհություն էր հայտնում վեպում գործող գերմանացի հրեա Խակկաբուտայի կերպարից՝ նշելով, որ «այդպիսի նյութերը պերք է հայտնվեն ամսագրում միայն երիտասարդ մարդկանց համար»։ Էտցելը և Վեռնը պատասխան նամակ են գրում՝ խոստանալով փոփոխություններ մտցնել հետագա հրատարակություններում։ Վեպը առանձին հրատարակությունով՝ նույն անվան տակ, սկզբնապես լույս է տեսել երկու հատորով, առաջինը 1877 թվականի հուլիսի 19-ին, իսկ երկրորդը՝ նոյեմբերի 7-ին։ 1877 թվականի նոյեմբերի 16-ին նույն անվան տակ լույս է տեսել վեպի պատկերազարդ հրատարակությունը (Պ.Ֆիլիպպոտոյի 99 նկարազարդումով՝ դրոշմված Լապլոտի կողմից)։ Դա «Անսովոր ճանապարհորդություններ»-ի տասնմեկերորդ երկակի հատորն էր[1]։
Սյուժե
խմբագրելԵրկրին հարվածում է գիսաստղը և իր հետ տանում է նրա մի քանի կտորներից։ Կապիտան Սերվադակը, նրա հանձնակատար Բեն Զուֆը, ռուս կոմս Տիմաշևը և ուրիշները ստիպված են նոր պայմաններում կազմակերպել իրենց կյանքը[2]։
Բովանդակություն
խմբագրելԳիրքը բաժանված է երկու մասի և քառասունչորս գլուխների։
Մաս առաջին
խմբագրել- Գլուխ առաջին, «Ահա իմ այցեքարտը» ասում է կոմսը, որին կապիտանը պատասխանում է. «Ահա և իմը»։
- Գլուխ երկրորդ, որում նկարագրվում է կապիտան Սերվադակի և նրա հանձնակատար Բան Զուֆի ներքին և արտաքին գծերը։
- Գլուխ երրորդ, որում մենք իմանում ենք, որ կապիտան Սերվադակի գրական ոգեշնչումը կորավ չարաբաստիկ իրադարձության արդյունքում։
- Գլուխ չորրորդ, որում ընթերցողը կարող է ավելացնել ցանկացած քանակի բացականչական և հարցական նշաններ։
- Գլուխ հինգերորդ, որտեղ խոսվում է որոշ փոփոխությունների մասին, որոնք կատարվել են շրջակա աշխարհում, ընդ որում դրանց առաջացման պատճառները հնարավոր չէ պարզել։
- Գլուխ վեցերորդ, որը ընթերցողին հրավիրում է մասնակցելու կապիտան Սերվադակի առաջին զբոսանքին՝ իր նոր տիրույթներով։
- Գլուխ յոթերորդ, որում Բեն Զուֆը իրեն իրավունք է վերապահում դժգոհելու գեներալ-նահանգապետի անուշադրությունից։
- Գլուխ ութերորդ, որտեղ խոսք է գնում Վեներայի և Մերկուրիի մասին, որոնք սպառնում են խոչընդոտ դառնալ միջմոլորակային տարածությունում։
- Գլուխ իններորդ, որտեղ կապիտան Սերվադակը մի շարք հարցեր է տալիս, որոնք մնում են անպատասխան։
- Գլուխ տասներորդ, որտեղ մեր հերոսները՝ զինված հեռադիտակով, փորձում են գտնել ֆրանսիական Ալժիր գաղութի հետքերը։
- Գլուխ տասնմեկերորդ, որտեղ կապիտան Սերվադակը գտնում է աղետից մնացած կղզյակ, որը, պարզվում է, դագաղ է։
- Գլուխ տասներկուերորդ, որտեղ լեյտենանտ Պրոկոֆևը, կատարելով իր ծովայինի պարտքը, հույսը դնում է աստծո վրա։
- Գլուխ տասներեքերորդ, որտեղ խոսքը բրիգադիր Մերֆիի, մայոր Օլիֆենտի, կապրալ Պիմի և հասարակածի գիծը թռած արկի մասին է։
- Գլուխ տասնչորսերորդ, որը վկայում է միջազգային հարաբերություններում որոշ լարվածության գոյության մասին և վերջացող ցնցող հատկությամբ աշխարհագրական բացահայտումով։
- Գլուխ տասնհինգերորդ, որտեղ վիճում են՝ նպատակ ունենալով պարզել ճշմարտությունը, որը, գուցե օգնի վիճողներին մոտենալ նրան։
- Գլուխ տասնվեցերորդ, որտեղ կապիտան Սերվադակը իր ձառքում է պահում այն ամենը, ինչ մնացել է երբեմնի լայնարձակ մայր ցամաքից։
- Գլուխ տասնյոթերորդ, որին լիովին կարելի է անվանել «Նույնով նույնից»։
- Գլուխ տասնութերորդ, որը պատմում է ընդունելության մասին՝ ցուցադրված Գուրբի կղզու գեներալ-նահանգապետին և նրա բացակայության ժամանակ կատարված իրադարձությունների։
- Գլուխ տասնիներորդ, որտեղ կապիտան Սերվադակը միաձայն ընտվում է Գալլիայի գեներալ-նահանգապետ, ընդ որում ինքն էլ միանալով այդ որոշմանը։
- Գլուխ քսաներորդ, որը ապացուցում է, որ ով կարողանում է հեռուն տեսնել, ի վերջո կտեսնի լույս հորիզոնում։
- Գլուխ քսանմեկերորդ, այն մասին, թե ինչպես մի հրաշալի երեկո բնությունը ուրախացրեց Գալլիայի բնակիչներին անսպասելի նվերով։
- Գլուխ քսաներկուերորդ, որը վերջանում է փոքրիկ, բայց բավականին հետաքրքիր փորձով՝ հետաքրքրաշարժ ֆիզիկայի բնագավառից։
- Գլուխ քսաներեքերորդ, որը պատմում է արտակարգ կարևոր իրադարձության մասին, որը հուզմունք առաձացրեց ողջ գալլիական գաղութում։
- Գլուխ քսանչորսերորդ, որտեղ կապիտան Սերվադակը և լեյտենանտ Պրոկոֆևը վերջապես գտնում են իրենց հետաքրքրող տիեզերական հանելուկի բանալին։
Մաս երկրորդ
խմբագրել- Գլուխ առաջին, որտեղ ընթերցողին, առանց ավելորդ հանդիսությունների, ծանոթացնում են գալլիական գաղութի երեսունվեցերորդ բնակչի հետ։
- Գլուխ երկրորդ, որի վերջին խոսքերը բացում են ընթերցողին այն ինչը, ենթադրաբար, նա արդեն կռահել է։
- Գլուխ երրորդ, Մի քանի տարբերակ հին բայց բոլորին հայտին թեմայի շուրջ՝ ինչպես արեգակնային համակարգի գիսաստղների, այնպես էլ մնացած ամեն ինչի մասին։
- Գլուխ չորրորդ, որտեղ Պալմիրեն Ռոզետը այնքան է գոհ իր ճակատագրից, որ դա չի կարող ահազանգ չառաջացնել։
- Գլուխ հինգերորդ, որտեղ աշակերտ Սերվադակը հանդիմանվում է պրոֆեսոր Պալմիրեն Ռոզետի կողմից։
- Գլուխ վեցերորդ, որից երևում է, որ Պալմիրեն Ռոզետը լիիրավ իրավունք ունի դժգոհելու գաղութում առկա տնտեսական գույքից։
- Գլուխ յոթերորդ, որտեղ Իսահակը գտնում է հիանալի միջոց պարտքով գումար տրամադրելու՝ հազար ութհարյուր տոկոս հաշվարկով։
- Գլուխ ութերորդ, որտեղ պրոֆեսորը և նրա աշակերտները տիրապետում են սեքստիլիոն, քվինտիլիոն և այլ աստղաբաշխական թվերով։
- Գլուխ իններորդ, որտեղ խոսք պետք է գնա միայն Յուպիտերի մասին, որն անվանվում է գիսաստղների հմուտ որսորդ։
- Գլուխ տասներորդ, որտեղ համոզիչ ապացուցվում է, որ առևտուր անել Երկրի վրա ավելի արդյունավետ է, քան Գալլիայում։
- Գլուխ տասնմեկերորդ, որտեղ Գալլիայի գիտական աշխարհը մտովի ճանապարհորդում է տիեզերքի անծայրածիր տարածությունում։
- Գլուխ տասներկուերորդ, Ինչպես Գալլիայում դիմավորեցին հունվարի մեկը և ինչպես վերջացավ Նոր Տարվա օրը։
- Գլուխ տասներեքերորդ, որտեղ կապիտան Սերվադակը և նրա ուղեկիցները անում են այն միակը, ինչը կարելի է անել իրենց վիճակում։
- Գլուխ տասնչորսերորդ, որը ապացուցում է, որ մարդիկ ստեղծված չեն նրա համար, որպեսզի թռչեն Արեգակից քսան հազար լյո տարածության վրա։
- Գլուխ տասնհինգերորդ, որտեղ պատմվում է առաջին և վերջին ընդհարման մասին, որը տեղի է ունեցել Պալմիրեն Ռոզետի և Իսահակ Խակկաբուտի միջև։
- Գլուխ տասնվեցերորդ, որտեղ կապիտան Սերվադակը և Բեն Զուֆը ուղևորվում են արշավի և վերադառնում են դատարկաձեռն։
- Գլուխ տասնյոթերորդ, որտեղ քննարկվում է Երկիր վերադառնալու մասին կարևոր հարցը և հայտնվում է լեյտենանտ Պրոկոֆևի արած համարձակ առաջարկության մասին։
- Գլուխ տասնութերորդ, որից մենք իմանում ենք, որ գալլիացիները պատրաստվում են դիտել իրենց աստերոիդը թռչնի թռիչքի բարձրությունից։
- Գլուխ տասնիններորդ, որտեղ րոպե առ րոպե նկարագրվում են օդապարիկի ուղևորների զգացմունքները և տպավորությունները։
- Գլուխ քսաներորդ, որը հակառակ բոլոր օրենքների՝ ընդունված վեպերում, չի ավարտվում հերոսի ամուսնությամբ։
Հետաքրքիր փաստեր
խմբագրել- Ստեղծագործությունը մտածված էր դեռևս XIX դարի 60-ական թվականներին։
- Սկզբնապես հեղինակը ցանկանում էր պատմել Երկրի և գիսաստղի բախման մասին, որի միջուկը կազմված էր «ոսկու տելլուրիդից»։ Նման առարկայի վթարը կհանգեցներ ոսկու արժեզրկմանը և կապիտալիզմի փլուզմանը։ Քառորդ դար անց Ժյուլ Վեռնը կվերադառնա այդ գաղափարին իր «Բոլիդ» վեպում։
- Վեպում նկարագրված Երկրի բնակիչների և բուսականության մի մասի «խաղաղ» զավթումը գիսաստղի կողմից բացառապես անհնար է։
- Գրքում նկարագրված Գալլիա գիսաստղը ունի Արեգակի շուրջ պտտվելու պարբերականություն 2 տարի և նրանից հեռանում է 820 միլիոն կիլոմետր։ Սակայն հաշվարկը ցույց է տալիս, որ իրական օբյեկտը պետք է ունենա ավելի մեծ պարբերություն կամ ավելի քիչ տարածություն, որը նա հեռանում է Արեգակից։
- 1878 թվականի ամռանը Ժյուլ Վեռնը իր «Սեն-Միշել III» զբոսանավով կատարել է ճանապարհորդություն Միջերկրական ծովի և Ատլանտիկայի այն վայրերով, որոնք նկարագրված են վեպում։
- Որոշ ժամանակ գիտնականների մոտ որոշակի չափով հանրաճանաչ էին այն գաղափարները, որոնք նման էին վեպում նկարագրվածներին։
Աղբյուրներ
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ «Жюль Верн «Гектор Сервадак»».
- ↑ «Гектор Сервадак — Верн Жюль». Արխիվացված օրիգինալից 2013 թ․ մայիսի 20-ին. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 5-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հեկտոր Սերվադակ» հոդվածին։ |