Հայրենիք (նկար)
«Հայրենիք» (ռուս.՝ Родина), ռուս նկարիչ Նիկոլայ Դուբովսկոյի բնանկարը, որն ավարտել է 1905 թվականին։ Պատկանում է Օմսկի Մ. Ա. Վրուբելի անվան կերպարվեստի մարզային թանգարանին (ինվ․ Жр-199): Չափսերը՝ 165 × 275 սմ [1]:
Հայրենիք Родина | |
---|---|
տեսակ | գեղանկար |
նկարիչ | Նիկոլայ Դուբովսկոյ |
տարի | 1905 |
բարձրություն | 165 սանտիմետր |
լայնություն | 275 սանտիմետր |
ժանր | բնանկար |
նյութ | յուղաներկ և կտավ |
գտնվում է | Օմսկի Մ. Ա. Վրուբելի անվան կերպարվեստի մարզային թանգարան |
հավաքածու | Օմսկի Մ. Ա. Վրուբելի անվան կերպարվեստի մարզային թանգարան |
պատկերված են
| |
Ծանոթագրություններ |
Ենթադրվում է, որ Դուբովսկոյը նկարի վրա աշխատել է 1903-1904 թվականներին[2][3], իսկ աշխատանքի ավարտման տարեթիվը համարվում է 1905 թվականը՝ համաձայն նկարի ստորին աջ անկյունում նկարչի կողմից արված ստորագրության[1]։ Կտավը ներկայացվել է Գեղարվեստական շրջիկ ցուցահանդեսների ընկերության («պերեդվիժնիկների») 33-րդ ցուցահանդեսի ժամանակ[1], որ Պետերբուրգում բացվել էր 1905 թվականի փետրվարին, իսկ նույն թվականի ապրիլին տեղափովել է Մոսկվա[4]։ «Հայրենիք» նկարը 4000 ռուբլով գնել է Սանկտ Պետերբուրգի գեղարվեստի ակադեմիայի թանգարանը[5]։ 1911 թվականին նկարը մեծ հաջողությամբ ցուցադրվել է Հռոմում կայացած Համաշխարհային արվեստի ցուցահանդեսում[1][6]։ Նկարիչ Իլյա Ռեպինը, որն այդ ժամանակ գտնվում էր Իտալիայում, Դուբովսկոյի նկարն անվանել է ամբողջ ցուցահանդեսի լավագույն բնանկար[7][8][9]։
«Հայրենիք» նկարը, ինչպես նաև ավելի վաղ նկարված «Վոլգայում» (1892, Տրետյակովյան պատկերասրահ), պատկանում է Նիկոլայ Դուբովսկոյի խոշոր չափերի էպիկական ստեղծագործություններին շարքին[10]։ Արվեստագետ Վլադիսլավ Զիմնենկոն գրել է, որ «Հայրենիք» կտավն առանձնանում է «պատկերի հոյակապ, հասուն վարպետությամբ, խորությամբ և հստակութ��ամբ», ինչպես նաև նշել է, որ «այս խորը, վստահորեն նկարված, գունեղ ներկերով նկարը բարդ է իր պատկերային-հուզական համակարգով»[2]։ Ըստ արվեստագետ Թամարա Յուրովայի խոսքերի՝ նկարը դարձել է «նկարչի ստեղծագործության ինքնատիպ հանրագումար», քանի որ կյանքի մնացած տարիների ընթացքում նրան չի հաջողվել ստեղծել այդքան նշանակալի ստեղծագործություններ[11]։
Պատմություն
խմբագրելՊերեդվիժնիկների ցուցահանդեսներում Նիկոլայ Դուբովսկոյի դեբյուտը տեղի է ունեցել 1884 թվականին. Գեղարվեստական շրջիկ ցուցահանդեսների ընկերության 12-րդ ցուցահանդեսում ցուցադրվել է նրա «Ձմեռ» բնանկարը։ Այդ ժամանակվանից ի վեր Ռուսաստանում Դուբովսկոյի նկարները ներկայացվել են բացառապես պերեդվիժնիկների ցուցահանդեսներում։ 1886 թվականին նա ընդունվել է ընկերություն, հետագայում դարձել է նրա ամենակտիվ գործիչներից մեկը[2][12]։ Մեծ ճանաչում է ստացել Դուբովսկոյի «Притихло» նկարը, որ ներկայացվել էր պերեդվիժնիկների 18-րդ ցուցահանդեսում՝ բացված 1890 թվականի փետրվարին Պետերբուրգում[13][14][15]։ 1898 թվականին Սանկտ Պետերբուրգի գեղարվեստի ակադեմիան Դուբովսկոյին ճանաչել է որպես բնանկարչության ակադեմիկոս, իսկ 1900 թվականին նա ընտրել է ակադեմիայի լիիրավ անդամ[10][2][16]։
Դուբովսկոյի ստեղծագործության ուսումնասիրողները ենթադրում են, որ նկարիչը «Հայրենիք» կտավի վրա աշխատել է 1903-1904 թվականներին[2][3][17]։ Աշխատանքի ավարտման տարեթիվը համարվում է 1905 թվականը՝ համաձայն նկարի ստորին աջ անկյունում նկարչի կողմից արված ստորագրության՝ «Н. Дубовской 1905», այդ թվականը նշված է Օմսկի Մ. Ա. Վրուբելի անվան կերպարվեստի մարզային թանգարանի քարտագրացուցակում[1]։ Արվեստագետները համարում են, որ նկարի ստեղծման նախակարապետը եղել են Դուբովսկոյի ավելի վաղ ստեղծված այնպիսի աշխատանքներ, ինչպիսիք են «Հող» (ցուցադրվել է 1894 թվականին՝ պերեդվիժնիկների 22-րդ ցուցահանդեսում), «Հունձ» (1898), «Հորդ անձրևից հետո» և «Հերկում» (1900) կտավները[18][19]։ Այդ թեմայով աշխատանքի կարևոր փուլ է համարվում 1892 թվականի համանուն կտավը, որ պահվում է Խանտի-Մանսիյսկի Սերունդների հիմնադրամի արվեստի պատկերասրահում (կտավ, յուղաներկ, 162 × 143 սմ )[20]: Նաև համարվում է, որ Դուբովսկոյի վրա կարող էր ազդեցություն ունենալ Ապոլինարի Վասնեցովի համանուն կտավը[21], որ նկարվել է 1886 թվականին և պահվում է Տրետյակովյան պատկերասրահում (կտավ, յուղաներկ, 49 × 73 սմ , ինվ. 967)[22]: «Հայրենիք» նկարի վրա աշխատելիս Դուբովսկոյի կողմից արված էսքիզներից հայտնի է Նիժնի Տագիլի կերպարվեստի թանգարանում պահվող «Փոթորկից առաջ» կտավը (կտավ, յուղաներկ, 63 × 88 սմ , ինվ. Ж-747), որ 1989 թվականին այդտեղ է բերվել Ռուսական պետական թանգարանից[21][23][24]։
Նկարիչ Յակով Մինչենկովն իր հուշերում նկարագրել է հետևյալ միջադեպը, որը տեղի էր ունեցել ��Հայրենիք» նկարի հետ, երբ մի օր այցելել էր Դուբովսկոյին։ Այդ ժամանակ կտավը գրեթե ավարտված էր, մնում էր միայն առավել արդյունավետ եղանակով տեղավորել եզներին մաճկալի հետ։ Երեկոյան, երբ Մինչենկովը թեյ էր խմում Դուբովսկոյի և նրա ընտանիքի հետ, արվեստանոց էր սողոսկել Նիկոլայ Նիկանորովիչի փոքր որդին՝ Սերյոժան։ Ինչ-որ կերպ ճարելով ներկերով ներկապնակը՝ Սերյոժան որոշել էր «կարգի բերել» հոր նկարը։ Ըստ երևույթին, նրան թվացել էր, որ այդպիսի նկարի համար 2 ագռավը բավականին քիչ է, և ամբողջ նկարը նախշել էր սև բծերով։ Թեյախմությունից հետո արվեստանոց էր գնացել Դուբովսկոյի քույրն ու սարսափած հետ եկել։ Ակնհայտ է, որ նկարիչն ստիպված է եղել շատ աշխատել, որպեսզի նկարից հեռացներ որդու արած սև բծերը[8]։
«Հայրենիք» կտավը ներկայացվել է Գեղարվեստական շրջիկ ցուցահանդեսների ընկերության («պերեդվիժնիկների») 33-րդ ցուցահանդեսում[1][18], որ 1905 թվականի փետրվարին բացվել էր Պետերբուրգի Արվեստի խրախուսման կայսերական հասարակության շենքում։ Նույն թվականի ապրիլին պերեդվիժնիկների ցուցադրությունը տեղափոխվել է Մոսկվա, որտեղ անցկացվել է Մոսկվայի նկարչության, քանդակագործության և ճարտարապետության ուսումնարանի շենքում[4]։ Դուբովսկոյի կտավը ցուցահանդեսում մեծ ոգևորություն է առաջացրել, քանի որ, համաձայն Ֆաինա Մալցևայի, «նրա իրատեսական պատկերները և պատկերի ստեղծման ուժը դիտողի մեջ արթնացրել են հայրենասիրության բարձր զգացում»[18]։
«Հայրենիք» կտավը 4000 ռուբլով գնել է Սանկտ Պետերբուրգի գեղարվեստի ակադեմիան[5]։ 1911 թվականին այն մեծ հաջողությամբ ցուցադրվել է Հռոմում կայացած Համաշխարհային արվեստի ցուցահանդեսում[1][6], որտեղ այն ուղարկվել էր «ռուսական դպրոցի գեղակարչության լավագույն ստեղծագործությունների թվում»[19]։ Նկարիչ Իլյա Ռեպինը, որն այդ ժամանակ գտնվում էր Իտալիայում, Դուբովսկոյի նկարն անվանել է ամբողջ ցուցահանդեսի լավագույն բնանկար[7][8][9]։ Ըստ արվեստագետ Վլադիսլավ Զիմենկոյի՝ «Հայրենիք» նկարը «վճռականորեն գերիշխում էր ամբողջ աշխարհից հավաքված բնանկարներին»[2]։
1925 թվականին կտավը Գեղարվեստի ակադեմիայից փոխանցվել է այդ ժամանակ ստեղծվող Արևմտա-սիբիրյան երկրամասային թանգարանի արվեստի վարչությանը, որի հիմքի վրա հետագայում ստեղծվել է Օմսկում կերպարվեստի մարզային թանգարանը։ Վերջինս այժմ կրում է Միխայիլ Վրուբելի անունը[1][25]։ Կենտրոնական թանգարանների ֆոնդից 1925 թվականին ընդհանուր առմամբ Օմսկին տրվել է մոտ 150 գեղանկար[25], որոնց թվում, բացի «Հայրենիք» կտավից, եղել է Դուբովսկոյի մեկ այլ՝ «Մայրամուտ» նկարը (կտավ, յուղաներկ, 105 × 130 սմ , 1903, ինվ. Жр-200)[26]: Օմսկի գեղանկարների հավաքածուի ստեղծման գործում մեծ ներդրում է ունեցել Արևմտա-սիբիրյան երկրամասային թանգարանի այդ ժամանակվա տնօրեն և արվեստի բաժնի ղեկավար Ֆյոդոր Մելյոխինը, իսկ նկարների ընտրությանն աջակցել է արվեստագետ Նիկոլայ Մաշկովցևը, որն այդ ժամանակ ղեկավարում էր Գլավնաուկայի գավառական թանգարանների ենթաբաժինը[25]։
«Հայրենիք» նկարը ցուցադրվել է Դուբովսկոյի ստեղծագործությունների ցուցահանդեսում, որ 1938 թվականին անցկացվել է Լենինգրադի Ռուսական պետական թանգարանում և նվիրվել է նկարչի մահվան 20-րդ տարելիցին[1][27]։ Կտավը բազմիցս ենթարկվել է ռեստավրացիայի. 1958 թվականին՝ Պետական կենտրոնական արտ-վերականգնողական արվեստանոցի խմբի կողմից (Իի Տիխոմիրովայի ղեկավարությամբ), 1973 թվականին՝ Վալենտինա Բեկիշևայի, իսկ 1988 և 2012 թվականներին՝ Նատալյա Մինկոյի կողմից[1]։
Նկարագրություն
խմբագրելԻնչպես Դուբովսկոյի շատ այլ ստեղծագործությունների, այնպես էլ «Հայրենիք» նկարի կոմպոզիցիան աչքի է ընկնում պարզությամբ[28]։ Նրանում պատկերված են լայնարձակ դաշտեր[18]։ Բնանկարն ասես ներկայացված է թռչնի թռիչքի բարձրությունից. դա նկարչին հնարավորություն է տալիս էականորեն մեծացնել նկարի ընդգրկման լայնությունը։ Երկնքում լողում են մեծ ամպերը, որոնց խորն ստվերները ծածկում են երկրի բլրաշատ մակերեսի զգալի մասը[19]։
Առաջին պլանում հերկված հողակտոր է։ Լծված եզները քաշում են գութանը, որի հետևից գնում է գյուղացին։ Նկարիչը փոխանցում է դաշտային տարածության անծայրածիրությունը` ցույց տալով դեպի հորիզոնը ձգվող սև ակոսները։ Հեռվում երևում են գյուղի տնակները։ Երկրի մակերեսի մեծ մասը ծածկված է ամպերի ստվերով, որը ճնշում է թարմ կանաչը։ Հեռուն լուսավորված է արևով. այդ էֆեկտն ուժեղացնում է դաշտի անսահմանության տպավորությունը։ Նկարի կոլորիտը հարստություն և հնչեղություն է ձեռք բերում լուսավորված և ստվերած տարածքների տեղակայման հաջող ընտրության շնորհիվ։ Լուսավորման հաղորդված էֆեկտը «բնանկարին ավելացնում է դեկորատիվ սկիզբ, որը, սակայն, չի վնասում պատկերի գեղակերպ արտահայտչականությունը, այլ ավելի է ուժեղացնում ամբողջ նկարի հզոր և գունային գործիքավորումը»[18]։
Արձագանքներ
խմբագրելՆկարիչ Իլյա Ռեպինը 1911 թվականին՝ Համաշխարհային արվեստի ցուցահանդեսի ժամանակ, որտեղ ցուցադրվում էր «Հայրենիք» նկարը, գտնվում էր Հռոմում։ Նա 1911 թվականի ապրիլի 30-ին Դուբովսկոյին գրած նամակում այսպես է ներկայացրել կտավից ստացած իր տպավորությունները. «Ա՜խ, ինչպիսի՜ իր է։ Լավագույն բնանկարն համաշխարհային, հռոմեական ամբողջ ցուցահանդեսում։ Ձեզ՝ Նիկ[ոլայ] Նիկան[որովիչ], ես առանձնահատուկ եմ շնորհավորում:Դուք երբեք այդքան հոյակապ ու հզոր չեք եղել։ Յուրօրինակ, կենդանի և գեղեցկագույն նկար»[7][29][9]։ Նկարիչ Յակով Մինչենկովն իր «Հուշեր պերեդվիժնիկների մասին» աշխատության մեջ գրել է, որ «Հայրենիք» նկարում Դուբովսկոյը նորից վերագտել է իրեն՝ նախկին ձայնով երգելով հայրենի դաշտերի, երկար ակոսներով վարելահողերի և հեռվում լքված գյուղի մասին, և այդ ամենը լայնարձակ տարածությունում, աշնանային ամպերի տակ, որոնց ստվերներն առաջացնում են տագնապալի տխրություն[8]։
Արվեստագետ Վլադիսլավ Զիմենկոն գրել է, որ Դուբովսկոյի 1900-ական թվականների ստեղծագործությունները, հատկապես «Հայրենիք» նկարը, առանձնանում են «պատկերի հոյակապ, հասուն վարպետությամբ, խորությամբ և հստակությամբ»։ Քննարկելով «Հայրենիք» նկարը՝ Զիմենկոն նշել է, որ «այս խորը, վստահորեն նկարված, գունեղ ներկերով նկարը բարդ է իր պատկերային-հուզական համակարգով»։ Ըստ նրա խոսքերի՝ այդ աշխատանքում ազատ և համարձակ հիմնավորվում է «ուրախության և հպարտության զգացումը հայրենի հողի լայնարձակության և առատության գիտակցումից», բայց դրա հետ միասին կարելի է տեսնել և «երկրի ճակատագրի մասին ծանր մտորումների տրտմագին նոտաներ, որի ժողովուրդն ապրում է ծայրահեղ խավարի և թշվառության մեջ՝ իմանալով միայն ծանր աշխատանք»[2]։
Արվեստագետ Թամարա Յուրովան գրել է, որ «Հայրենիք» նկարը, որում Դուբովսկոյին հաջողվել է «Ամենամեծ ուժով և ամբողջությամբ արտահայտել իր տաղանդի լավագույն կողմերը», համարվում է ռուսական բնապատկերների մասին նրա պատկերացումների սինթեզը։ Ըստ նրա խոսքերի՝ այդ կտավում մարմնավորված են մարդկային կյանքի և աշխատանքի, ինչպես նաև հողի վերաբերյալ Դուբովսկոյի մտորումները, այն հողի, որի վրա մարդն աշխատում է, որն իր ձեռքերով օրեցօր մշակում է։ Նա նշել է, որ նախորդ կտավների ստեղծման ընթացքում նկարչի ունեցած նկատառումները «Հայրենիք» նկարում ձեռք են բերել փիլիսոփայական ընդհանրական իմաստ, իսկ «բնական աշխարհի վերաբերյալ Դուբովսկոյի վերլուծական մոտեցումը այստեղ ձեռք է բերել մեծ խորություն և լայնություն»։ Ըստ Յուրովայի՝ «Հայրենիք» նկարը նկարչի ամբողջ գործունեության ինքնատիպ հանրագումարն է[30], քանի որ կյանքի մնացած տարիների ընթացքում նրան չի հաջողվել ստեղծել այդքան նշանակալի ստեղծագործություններ[31]։
Արվեստագետ Ֆաինա Մալցևան «Հայրենիք» կտավն անվանել է Դուբովսկոյի՝ 1900-ական թվականների աշխատանքներից ամենահետաքրքիրը[18]։ Մալցևան գրել է, որ «Հայրենիք» նկարում Դուբովսկոյին հաջողվել է «իրատեսական մեծ ուժով փոխանցել դաշտերի վիթխարի տարածությունները՝ նրանց մեջ փռված գյուղերով»[18]։ Ըստ Մալցևայի՝ այդ վեհակերտ ստեղծագործությունով[32] նկարչին հաջողվել է ստեղծել ընդհանրական պատկեր, որն ներառել է շատ բան նրանից, ինչը մշակել էր դաշտերի մոտիվներով ավելի վաղ արված բնանկարներում[33][18]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 Каталог ООМИИ, 2012, էջ 76, № 140
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 В. М. Зименко, 1949
- ↑ 3,0 3,1 Т. В. Юрова, 1963, էջ 9
- ↑ 4,0 4,1 Ф. С. Рогинская, 1989, էջ 420
- ↑ 5,0 5,1 Музейный гид ООМИИ, 2014, էջ 19
- ↑ 6,0 6,1 Л. Давтян, 2015
- ↑ 7,0 7,1 7,2 И. Е. Репин, 1952, էջ 203
- ↑ 8,0 8,1 8,2 8,3 Я. Д. Минченков, 1965
- ↑ 9,0 9,1 9,2 А. А. Прохоров, 1967, էջ 16
- ↑ 10,0 10,1 А. М. Муратов. «Дубовской Николай Никанорович». Большая российская энциклопедия — bigenc.ru. Արխիվացված է օրիգինալից (HTML) 2019 թ․ մայիսի 26-ին. Վերցված է 15.08.2017-ին.
- ↑ Т. В. Юрова, 1963, էջ 9—11
- ↑ Т. В. Юрова, 1963, էջ 4
- ↑ А. А. Прохоров, 1967, էջ 19
- ↑ Ф. С. Рогинская, 1989, էջ 419
- ↑ Каталог ГТГ, т. 4, кн. 1, 2001, էջ 238, № 522
- ↑ Каталог ГТГ, т. 4, кн. 1, 2001, էջ 237
- ↑ М. И. Ткач, 2002, էջ 136
- ↑ 18,0 18,1 18,2 18,3 18,4 18,5 18,6 18,7 Ф. С. Мальцева, 2001, էջ 54
- ↑ 19,0 19,1 19,2 Т. В. Юрова, 1963, էջ 10
- ↑ «Дубовской Николай Никанорович. «Родина». Из коллекции Фонда поколений» (HTML). Культурное наследие Югры — hmao.kaisa.ru. Վերցված է 17.08.2017-ին.
- ↑ 21,0 21,1 Хайдукова, Лидия Александровна (23 декабря 2014). ««Это лучший пейзаж всей выставки…»». Тагильский рабочий — tagilka.ru. Արխիվացված է օրիգինալից (HTML) 2017 թ․ օգոստոսի 24-ին. Վերցված է 24.08.2017-ին.
- ↑ Каталог ГТГ, т. 5, 2005, էջ 78, № 219
- ↑ «Дубовской (Дубовский) Николай Никанорович. Перед грозой. Эскиз к картине «Родина»» (HTML). Нижнетагильский музей изобразительных искусств — www.artmnt.ru. Վերցված է 15.08.2017-ին.
- ↑ «Перед грозой, 1903—1904 — Дубовской Николай Никанорович» (HTML). www.art-catalog.ru. Վերցված է 24.08.2017-ին.
- ↑ 25,0 25,1 25,2 И. В. Спирина, 2001, էջ 19—21
- ↑ Каталог ООМИИ, 2012, էջ 76, № 139
- ↑ Выставка Дубовского, 1938
- ↑ А. А. Прохоров, 1967, էջ 14
- ↑ Ф. С. Мальцева, 1959, էջ 198
- ↑ Т. В. Юрова, 1963, էջ 9—10
- ↑ Т. В. Юрова, 1963, էջ 11
- ↑ Ф. С. Мальцева, 2001, էջ 55
- ↑ Ф. С. Мальцева, 1959, էջ 197
Գրականություն
խմբագրել- Давтян, Лариса Век ожидания Николая Дубовского // Иные берега. — 2015. — № 1 (37). Архивировано из первоисточника 26 Հուլիսի 2020.
- Зименко В. М. Николай Никанорович Дубовской. — М.—Л.: Искусство, 1949. — 27 с.
- Мальцева, Фаина Сергеевна Мастера русского реалистического пейзажа. Очерки. Выпуск второй. — М.: Искусство, 1959. — 438 с.
- Мальцева, Фаина Сергеевна Мастера русского пейзажа. Вторая половина ХIХ века. Часть 3. — М.: Искусство, 2001. — 152 с. — ISBN 5-210-01363-4
- Минченков Я. Д. Дубовской Николай Никанорович // Воспоминания о передвижниках. — Л.: Художник РСФСР, 1965. — 368 с.
- Прохоров, Александр Андреевич Николай Никанорович Дубовской. — Л.: Художник РСФСР, 1967. — 45 с. — (Народная библиотечка по искусству).
- Репин И. Е. Письма к художникам и художественным деятелям. — М.: Искусство, 1952. — 408 с.
- Рогинская, Фрида Соломоновна Товарищество передвижных художественных выставок. — М.: Искусство, 1989. — 430 с. — ISBN 5-87685-054-3
- Спирина, Ирина Викторовна Фёдор Васильевич Мелёхин — основатель художественного отдела Западно-Сибирского краевого музея в Омске. — Омск: издательство ОмГПУ, 2001. — 34 с. — (Культура, искусство, история города Омска в памятниках и исследованиях). — ISBN 5-8268-0536-6
- Ткач, Михаил Иванович Энциклопедия пейзажа. — М.: ОЛМА-ПРЕСС, 2002. — 350 с. — ISBN 978-5-948-49136-3
- Юрова, Тамара Васильевна Николай Дубовской. — М.: Государственное издательство изобразительного искусства, 1963. — 66 с. — (Мастера русского искусства).
- Выставка произведений художника-академика Н. Н. Дубовского. Каталог. — Л.: Государственный Русский музей, 1938. — 43 с.
- Государственная Третьяковская галерея — каталог собрания / Я. В. Брук, Л. И. Иовлева. — М.: Красная площадь, 2001. — Т. 4: Живопись второй половины XIX века, книга 1, А—М. — 528 с. — ISBN 5-900743-56-X
- Государственная Третьяковская галерея — каталог собрания / Я. В. Брук, Л. И. Иовлева. — М.: Сканрус, 2005. — Т. 5: Живопись конца XIX — начала XX века. — 560 с. — ISBN 5-93221-089-3
- Музей изобразительных искусств имени М. А. Врубеля. Омск. Музейный гид / Золотова, Наталья. — М.: Благотворительный фонд В. Потанина, 2014. — 24 с. — (Путеводители по музеям России 2014). — ISBN 978-5-91151-187-6
- Омский областной музей изобразительных искусств имени М. А. Врубеля. Русская живопись XVIII — начала XX века / Девятьярова, Ирина Григорьевна. — Омск: ООМИИ имени М. А. Врубеля, 2012. — 204 с. — ISBN 978-5-8042-0271-3
Արտաքին հղումներ
խմբագրել- «Նիկոլայ Նիկանորովիչ Դուբովսկոյ – Հայրենիք (1905)» (HTML). www.rodon.org. Վերցված է 15.08.2017-ին.
- «Հայրենիք, 1905 – Դուբովսկոյ Նիկոլայ Նիկանորովիչ» (HTML). www.art-catalog.ru. Վերցված է 15.08.2017-ին.