Համբարձման տոնը Հայաստանում
Համբարձում, նշվում է Զատիկից ուղիղ քառասուն օր հետո, հինգշաբթի։ Թե՛ տոնի անունը, թե՛ նշելու օրը եկեղեցական օրացույցով բացատրվում է Ավետարանի այն պատմությամբ, ըստ որի Հարություն առնելուց հետո Քրիստոսը քառասուն օր շրջում է երկրի վրա և ապա համբառնում։ Այս տոնը երևույթների այն դասական շղթայում է, երբ քրիստոնեությունը ժողովրդական տոները կատարման ժամանակով հարմարեցնում էր քրիստոնեական պաշտոնական գաղափարախոսությամբ պայմանավորված արարողություններին, նախաքրիստոնեական Հայաստանի ժողովրդական կենցաղում կարևոր դեր խաղացող գարնանային վերջին տոնը, փաստորեն կատարման ժամանակով համապատասխանեցվեց քրիստոնեական տոնացույցի Քրիստոսի Համբարձման տոնին։
Համբարձման տոնը Հայաստանում | |
---|---|
Տեսակ | կրոնական տոն |
Ամսաթիվ | Easter + 39 days? |
Տոնվում է | Հայաստան |
Կրոն | քրիստոնեություն |
Անվանված է | Հիսուսի համբառնալը |
Ի հիշատակ | Հիսուսի համբառնալը |
Նախորդ | Զատիկ |
Պատկերներ
խմբագրելՎիճակ
խմբագրելՏոնական հանդիսությունների բովանդակային ու կատարողական կողմերը, սակայն, մնացին հավատարիմ իրենց նախնական ձևերին Համբարձման, կամ, ժողովրդական լեզվով Վիճակի տոնահանդեսը խորհրդանշում է հասարակության և բնության կապը բնության բեղունության շրջանում, երբ մարդիկ ջանում էին իրենց հասկանալի միջոցներով նպաստել հողի մեջ գցված հատիկի աճին և միաժամանակ հաղորդակցվել բնության այդ պահի խիստ ակնառու զորությանը։ Համբարձման չորեքշաբթի լույս հինգշաբթի գիշերը համարվում էր այդ զորության խտացված արտահայտության պահը՛ դա գուշակությունների, հրաշքների ու կախարդանքի գիշերն էր, մեկը մյուսից խորհրդավոր, դրական ու բացասական։ Հավատում էին, որ տարին մի անգամ, Համբարձման գիշերը, աստղերը երկնակամարի տարբեր կողմերից գալիս միանում, ջերմ համբույրով գրկախառնվում էին և դարձյալ վերադառնում իրենց տեղերը։ Այդ համբույրին ականատես մարդկանց տվյալ պահին արտահայտված բոլոր խնդրանքներն իբր կատարվում էին։ Համբույրի պահին ողջ տիեզերքը մի ակնթարթ կանգ է առնում, կանգ են առնում և մի պահ շունչները պահում ծառ ու ծաղիկ, ջրերը, մարդիկ ու անասունները, որին անմիջապես հաջորդում է համընդհանուր ողջագուրանքը, համբուրվում, միմյանց ողջունում են երկինքն ու երկիրը, ծառերն ու ծաղիկները... Անմիջապես հետո ծառերն ու ծաղիկները սկսում են խոսել, միմյանց պատմել, թե իրենք ի՞նչ ցավի դեղ են, կամ իրենց արմատի մոտ ի՞նչ կա, և իբրև թե այդ պահին կարելի է հասկանալ նրանց լեզուն։ Այդ գիշեր բազմաթիվ կանայք դուրս էին գալիս դաշտերը բուժիչ խոտեր հավաքելու։ Հատուկ բուժիչ, առատացնող զորություն էր վերագրվում այդ գիշեր նստած ցողին, որը հավաքում, ջրի հետ խառնելով լողանում էին, լվանում մազերը, իսկ բորոտները թավալվում էին ցողով օծված կանաչների վրա։ Հավաքում էին մեծ քանակությամբ ծաղիկներ և միմյանց ծաղկեփնջեր նվիրաբերում, ծաղիկների, կանաչների և այլ միջոցներով գուշակություններ էին անում իրենց ապագայի վերաբերյալ։ Համբարձման գիշերը գործունյա էին դառնում նաև չար ուժերը։ Ըստ ժողովըրդական պատկերացումների նրանք կարող էին հարս ու աղջիկ փախցնել, կովերի կաթը ցամաքեցնել և այլն, ուստի մարդիկ դիմում էին նաև չարխափան միջոցների։ Վանում, օրինակ, կանայք ավել էին հեծնում և յոթ անգամ տան շուրջը պտտվում տունը չարքերից պաշտպանելու համար, շատերն անասունները գոմից հանում և ողջ ընտանիքով անասունների հետ միասին բացօթյա էին անցկացնում վստահ, որ չարքերը բաց տարածությունում անուժ են դառնում։
Կաթնապրի օր
խմբագրելԱռավոտը բոլոր ընտանիքներում սկսվում էր կաթնապուր եփելով։ Որոշ տեղերում կաթնապուրը եփում էին խմբովի, թաղերով կամ հարևաններով, և մի քանի շերեփ շաղ տալիս արտերի շուրջը, նախ հնձի առատությունն ապահովելու նպատակով, ապա արտը մորեխից ու կարկտից պաշտպանելու համար։ Բոլոր դեպքերում այդ օրվա կաթնապուրը մատաղ էր, այն բաժանվում էր առնվազն յոթը տեղ։ Շատ ընտանիքներում Զատիկից մինչև Համբարձում կաթնապուր չէին եփում և Համբարձմանն առաջին անգամ եփվող կաթնապուրն ուտվում էր հատուկ հանդիսավորությամբ։ Հատկանշական է, որ այս տոնին կենդանի չէին զոհաբերում, առհասարակ կենդանի չէին մորթում, կարծես բնության բեղունության շրջանն անխաթար պահելու մտահոգությամբ։ Սկսվում էր Համբարձման հինգշաբթին, մարդկանց ու անասուններին ծաղիկներով զարդարելու, տնետուն շրջելով ծաղկեփնջեր նվիրաբերելու, ծաղիկը երգելով գովելու և բախտագուշակ վիճակահանության օրը։ Ցող ու ծաղիկ լցված և կենտրոնում բազմած «Արուս» կոչվող տիկնիկով փարչերի շուրջ խմբված աղջիկների բախտագուշակ քառատող Երգերից հետո փարչից հանվող նշանները, ըստ երգի բովանդակության, նշանի տիրոջը երջանկություն էր ավետում կամ դժբախտություն կանխագուշակում։ Երջանկավետ քառատող էր, օրինակ.
Էս գիշեր, լուսնակ գիշեր,
Ձինն եկել, գետին նախշել,
Դոշդ դեմ արա պաչեմ,
Կեռ ունքեր, կարմիր թշեր,
Ջան վիճակ, ջան, ջան,
Ջան ծաղիկ, ջան, ջան։
Դժբախտություն գուշակող քառատողի օրինակ.
-Առակ ելար մեջ գեղին,
Սիրտդ ընկավ օձու լեղին, Քո հորն ու մորը ի՞նչ ասեմ,
Որ քեզ տվին տախ (տհաս) տղին,
Ջան վիճակ, ջան, ջան,
Ջան ծաղիկ, ջան, ջան։
Վիճակահանությունն ավարտվում էր փարչում մնացած ջուրն արտերում ու խոտհարքներում շաղ տալով։ Երիտասարդների համար տարվա այդ ամենաուրախ և հաճելի օրերից մեկը վերջանում էր դաշտերում ու այգիներում կազմակերպված զբոսախնջույքներով ու խմբապարերով, որոնց ուղեկցող երգերում շարունակում էր հնչել տնտեսական առատության թեման.
Յոթը կտրիճ տղեկներ,
Չնարի պոյ ունեցող,
Առնենք էլլանք սարերը,
Պարենք մեկտեղ գոտիման,
Սարեր, ձորեր թող խնտան,
Սեր ճաներեն թամպուրա,
Ու շենցնենք մեր տներ,
Վարենք, ցանենք մեր լարեր (արտեր),
Որ տան մեզի շատ բերքեր...
Երեկոյան, տունդարձին, տոնի ավարտն ակնարկելով, խմբովին երգում էին.
Համբարձման երկուշաբթին.
Առեք փոցխն ու գերանդին...
Տոնը վերջացավ, աշխատանքը վերսկսվեց։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է Տնային տնտեսության հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |