Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտ

ՀՀ ԳԱԱ մոլեկուլային կենսաբանության ինստիտուտ (ՄԿԻ), հիմնադրվել է 1966 թվականին Հայաստանում մոլեկուլային կենսաբանության ոլորտում հետազոտությունների զարգացման նպատակով։ 20-րդ դարի ընթացքում ՄԿԻ-ում տարվող ուսումնասիրությունները զգալի ներդրում ունեցան նուկլեինաթթուների, սպիտակուցների, բջիջների և բջջային օրգանելների կառուցվածքաֆունկցիոնալ կազմավորման օրինաչափությունների պարզաբանման գործում։

ՀՀ ԳԱԱ մոլեկուլային կենսաբանության ինստիտուտ
Տեսակակադեմիական ինստիտուտ
Հիմնադրված է1966
ՏիպԳիտահետազոտական ինստիտուտ
ՆախագահԱրսեն Արտաշեսի Առաքելյան
Երկիր Հայաստան
ՏեղագրությունԵրևան
ՀասցեՀասրաթյան փողոց 7, 0014, Երևան, Հայաստան
Կայքmolbiol.sci.am

Գործունեության հիմնական ոլորտներ

խմբագրել

Այսօր ՄԿԻ գիտական հետազոտությունները ուղղված են ուսումնասիրելու բջջային ակտիվության կարգավորման մեխանիզմները և նրանց խանգարումները օրգանիզմի տարբեր ախտաբանական վիճակներում, ներառյալ աուտաիմունային, աուտաբորբոքային, վարակիչ, օնկոլոգիական, հոգեկան և ուղեղանոթային հիվանդություններ։ Ուսումնասիրություններն անցկացվում են in vivo, in vitvo, in situ և in silico և տարվում գենետիկական, բջջային, թաղանթային և ենթաբջջային մակարդակներում։ Առանձին ուշադրություն է բևեռված իմունային և ազդանշանային համակարգերի միջնորդանյութերին։ Հետազոտություններում օգտագործվում են փորձարարական կենդանիներ, բջջային կուլտուրաներ, կլինիկան նյութ և համակարգչային մոդելներ։ Տարվող հետազոտությունների կարևորագույն ուղղություն է հայկական գենոմի ուսումնասիրությունը՝ պաթոգենոմիկայի, էկոգենոմիկայի, իմունագենոմիկայի և պոպուլյացիոն գենոմիկայի մոտեցումների կիրառմամբ։

Հիմնական արդյունքներ

խմբագրել

ՄԿԻ-ում տարվող ուսումնասիրությունները թույլ են տալիս պարզաբանել մի շարք բազմագործոն բնույթի պոլիգենային հիվանդությունների մոլեկուլաբջջային պաթոմեխանիզմները, նույնականացնել հիվանդությունների մոլեկուլային կենսամարկերներ և թերապևտիկ թիրախներ և հայտնաբերել պոտենցիալ թերապևտիկ արժեք ունեցող նոր ֆիզիոլոգիապես ակտիվ նյութեր։ Հետազոտությունների արդյունքների կիրառման ոլորտը ներառում է հիվանդությունների մոլեկուլային ախտորոշումը, կանխորոշումը, կանխարգելումը և բուժումը, ինչպես նաև հիվանդության ընթացքի վերահսկում և օգտագործվող թերապիայի արդյունավետությ��ն գնահատում։ Տվյալ ուղղությամբ ՄԿԻ-ն ունի մի շարք մշակումներ և հանդիսանում է համապատասխան արտոնագրերի սեփականատեր։

Գիտական արտադրանք, մշակումներ

խմբագրել

ՄԿԻ 2007-2011 թթ. գիտական արտադրանքը ներառում է 13 գրքեր, 117 հոդվածներ արտասահմանյան ամսագրերում, 103 հոդվածներ հայաստանյան ամսագ��երում, 238 հրապարակումներ միջազգային գիտաժողովների նյութերում և 12 արտոնագրեր։ ՄԿԻ գիտնականների կողմից մշակվել են թեսթ-համակարգեր շիզոֆրենիայի և գերհոգնածության ախտանիշի մոլեկուլային ախտորոշման համար, նորարարական մոտեցումներ տարբեր տիպի լեյկոզների և սոլիդ ուռուցքների քիմիաթերապիայի անհատական կուրսի ընտրության համար, նոր հակավիրուսային պատրաստուկ դաբաղի և Նյու-Կասլի հիվանդությունների կանխարգելման և բուժման համար ու մի շարք այլ պրոդուկտներ։

Միջազգային գործունեություն

խմբագրել

ՄԿԻ-ն ինտեգրված է միջազգային գիտական տարածքում և սերտորեն համագործակցում է մի շարք ճանաչված արտասահմանյան գիտական կենտրոնների և համալսարանների հետ։ Համագործակցությունը իրագործվում է համատեղ ծրագրերի իրականացման, ինչպես նաև համատեղ գիտաժողովների, դպրոցների և սեմինարների կազմակերպման մակարդակով։ 2007-2011 թթ. ՄԿԻ-ն հյուրընկալել է 30 արտասահմանյան գիտնականների 12 երկրներից, իսկ ՄԿԻ-ի 25 գիտնականներ հյուրընկալվել են արտասահմանյան կազմակերպությունների կողմից, միջազգային գիտաժողովներում ՄԿԻ գիտաշխատողների կողմից ներկայացվել են 87 բանավոր զեկույցներ, կազմակերպվել է 4 միջազգային գիտաժողով և մեկ միջազգային դպրոց։

Գործընկեր կազմակերպությունները Հայաստանում

խմբագրել

Հայաստանում ՄԿԻ-ն համագործակցում է հանրապետության գլխավոր համալսարանների, ՀՀ ԳԱԱ Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտի, ՀՀ ԱՆ գիտաբժշկական կենտրոնների և մի շարք այլ կազմակերպությունների հետ։ Համագործակցությունը իրագործվում է գիտատեխնիկական համագործակցության պայմանագրերի հիման վրա համատեղ ծրագրերի իրականացման, համատեղ լաբորատորիաների և ամբիոնների ստեղծման և համատեղ գիտաժողովների, դպրոցների ու սեմինարների անցկացման մակարդակով։

Մարդկային ներուժ և ենթակառուցվածք

խմբագրել

Ինստիտուտում աշխատում է 140 մարդ, այդ թվում՝ 15 գիտության դոկտորներ և 45 գիտության թեկնածուներ։ ՄԿԻ կազմի մեջ մտնում են 17 գիտահետազոտական և 3 գիտակրթական ենթամիավորումներ։ ՄԿԻ-ում գործում են՝ գիտական խորհուրդը, երիտասարդ գիտնականների խորհուրդը և էթիկայի կոմիտեն։ Սպասարկող և ծառայողական ենթամիավորներից են՝ գրադարանը, համակարգչային լոկալ ցանցը, կենդանանոցը, մարդու ԴՆԹ-երի նմուշների բանկը և բջջային գծերի հավաքածուն[1]։

Ծանոթագրություններ

խմբագրել

Արտաքին հղումներ

խմբագրել