Կոշտ տնտեսման քաղաքականություն Ռումինիայում (1980-ական թվականներ)
Կոշտ տնտեսման քաղաքականություն Ռումինիայի սոցիալիստական հանրապետությունում 1980-ական թվականներին (անգլ.՝ 1980s austerity policy in Romania), քաղաքականություն, որ ներմուծել է ՌՍՀ-ի նախագահ Նիկոլաե Չաուշեսկուն 1980-ական թվականներին։ Նրա ներմուծման պատճառը եղել է արտաքին պարտքի վարկային վճարումը, որը պետությունը վերցրել էր 1970-ական թվականներին։ 1981 թվականին սկսած կոշտ տնտեսման քաղաքականությունը 1980-ական թվականներին հանգեցրել է տնտեսության ստագնացիայի։ Դառնալով յուրօրինակ շոկային թերապիա՝ այն նվազեցրել է ռումինական շուկայի մրցունակությունը և արտահանվող ապրանքների ծավալը[1]։
Կոշտ քաղաքականությունն արդյունքում բացասաբար է անդրադարձել ռումինացիների կյանքի մակարդակի վրա, ավելացել է ապրանքների պահանջարկը[1]։ Դա հանգեցրել է 1989 թվականի հեղափոխությանը, որի արդյունքում Ռումինիայի կոմունիստական կուսակցությունը կորցրել է իր իշխանությունը։
Նախահիմքեր
խմբագրել1950-1975 թվականներին Ռումինիայի տնտեսությունն արագ աճ է գրանցել, որի ցուցանիշները ամենաբարձրերից մեկն են համարվել աշխարհում[2]։ Նիկոլաե Չաուշեսկուին 1960-ականներից մինչև 1970-ական թվականների սկիզբը համարել են արևելաեվրոպական պետությունների ամենատեղեկացված ղեկավարներից մեկը[3]։ Իր ներքին քաղաքականության շնորհիվ՝ նա 1960-ականների վերջին փորձել է ստանալ ժողովրդի աջակցությունը։ Այսպես, նա բարձրացրել է աշխատավարձերը, բարեփոխել է կենսաթոշակային համակարգը և ընդունել այլ միջոցառումներ[3]։
Չնայած այն բանին, որ տնտեսությունը շարունակել է աճել նաև 1970-ական թվականներին, այդ աճի մեծ մասն ապահովվել է ծանր արդյունաբերության մեջ ներդրումների հաշվին (1971-1975 թվականների հնգամյակում ՀՆԱ-ի 34,1 %-ը կազմել է ծանր արդյունաբերությունը), ոչ թե պահանջարկի ավելացման։ Տնտեսության որոշ ճյուղերում, ինչպիսիք են նավթաքիմիան և պողպատագործությունը, ստեղծվել է ավելի շատ արտադրական հզորություն, քան նրա նկատմամբ ունեցած պահանջարկն է եղել տեղի ու արտաքին շուկաներում, ինչի արդյունքում առաջացել է ոչ բավարար օգտագործվող հզորություն։ Ընդհանուր առմամբ, Ռումինիայի տնտեսությունը տուժել է արդյունավետ ու ոչ արդյունավետ տարրերի համադրությունից՝ հենվելով նյութական պլանների, ոչ թե չսպառված ապրանքի վրա։ Դա հանգեցրել է վիճակագրական տեղեկությունների կեղծմանը և չվաճառված ապրանքի մեծ քանակության[2]։
Ռումինիայի տնտեսությունը խիստ հակված է եղել ծանր արդյունաբերությանը․ արդյունաբերական աշխատողների 87 %-ը և արդյունաբերության 85 %-ը կենտրոնացված են եղել ավելի քան 1,000 աշխատող ունեցող ձեռնարկություններում։ Դրա պատճառով երկրի տնտեսությունը ��կուն չի եղել[1]։
Միջազգային վարկեր
խմբագրել1970-ական թվականների սկզբին արևմտյան երկրները պատրաստ են եղել ֆինանսավորելու Ռումինիայի կողմից նոր տեխնոլոգիաների ձեռքբերումը վարկերի միջոցով, որոնք տրվել են քաղաքական նկատառումներով[2]։ Արդյունքում Ռումինիայի պարտքը արևմտյան ներդրողներին մեծացել է 1971 թվականի 1,2 միլիարդ դոլարից 1982 թվականին հասնելով 13 միլիարդի[4]։ 1970-ական թվականների էներգետիկ ճգնաժամը տոկոսային դրույքների բարձրացման հետ Ռումինիային անկարող են դարձրել վճարելու պարտքը[2]։
1981 թվականին, իր պարտքերը հարկ եղած ձևով մարելու համար Ռումինիան Արժույթի միջազգային հիմնադրամից վարկային գիծ է խնդրել[2] և այնուհետև վարել է բոլոր պարտքերը մարելու կուրս[5]։ Ինչպես խորհուրդ են տվել ԱՄՀ-ում, ներկրումը նվազեցվել է, իսկ արտահանումը՝ ավելացվել։ Սակայն ներկրման նվազեցումը (Ռումինիան արևմտյան ապրանքի մաքուր ներկրող է եղել) ճիշտ չի գնահատվել արևմտյան մասնագետների կողմից, քանի որ դա հանգեցրել է արտադրության պակասին[6]։
1986 թվականին Չաուշեսկուն վճարել է Ռումինիայի պարտքի կեսը, իսկ 1989 թվականի սկզբին վճարել է երկրի բոլոր պարտքերը՝ առաջ ընկնելով վճարման գրաֆիկից[5]։
Ամեն դեպքում, կոշտ տնտեսման քաղաքականությունը շարունակվել է նույնիսկ պարտքի մարումից հետո։
Տնտեսման քաղաքականություն
խմբագրելՉաուշեսկուն կոշտ տնտեսման իր քաղաքականությունը սկսել է պլանավորմամբ ու առանց կենտրոնացված բարեփոխումների։ Էներգետիկ ներքին ռեսուրսներն իշխանությունների կողմից ուղղվել են ոչ արդյունավետ արտադրանքին, որը նախատեսված էր արտահանման համար։ Նույնիսկ առաջին անհրաժեշտության առարկաները, ինչպիսիք են սնունդը, վառելիքը, էլեկտրաէներգիան, բժշկական առաջին օգնության համար անհրաժեշտ պարագաները, եղել են նորմավորված։ Դրա արդյունքում ենթակառուցվածքները հետընթաց են ապրել[2]։ ԱՄՀ-ի տվյալներով, տնտեսման կոշտ քաղաքականությամբ պայմանավորված, ռումինացիների կենսամակարդակը 19-40 %-ով անկում է ապրել[4]։
Գնաճ և բնակչության իրական եկամուտների նվազում
խմբագրելՍկսած 1978 թվականից երկրի կառավարությունը ձեռնամուխ է եղել գների բարձրացմանը, որոնք մինչ այդ եղել էին կայում։ Գնաճի առաջին ալիքի ժամանակ բարձրացել են սննդի, հասարակական տրանսպորտի, հագուստի, ծառայությունների, փայտամթերքի ու նրանից պատրաստված իրերի գները։ 1979 թվականին գնաճի երկրորդ ալիքը հասել է էներգակիրներին։ Բարձրացվել են բնական գազի և էլեկտրաէներգիայի գները[4]։
1982 թվականի ընթացքում գներն ավելի են բարձրացել։ Սկզբնական շրջանում նախատեսված էր միայն հիմնական ապրանքների մեկանգամյա զգալի գնաճ, սակայն արդյունքում 1982 թվականին գներն աճել են 35 %-ով։ Բացի էներգիայի կիրառման սահմանափակումից՝ բարձրացվել է նաև նրա գինը։ Այսպես, էլեկտրաէներգիան բարձրացել է 30 %-ով, իսկ բնական գազը՝ 150 %-ով[7]։
1982 թվականի հոկտեմբերին Ռումինիայի կոմկուսի կենտրոնական կոմիտեն ընդունել է որոշում, ըստ որի աշխատավորներն իրավունք են ստացել մասնակցելու պետական ընկերությունների ներդրումային ֆոնդերին։ Այս փաստաթղթի արդյունքում աշխատավորներն «իրավունք են ստացել» (պրակտիկայում դա եղել է պարտադիր) գումար ներդնել՝ տեսականորեն դառնալով ընկերության համասեփականատերերը։ Դա իրականում նշանակել է աշխատավարձի կրճատում այն չափով, որով նրանք ներդրում են կատարել ֆոնդերում։ 1982 թվականի դեկտեմբերին ևս մեկ ռեֆորմ է ընդունվել աշխատավարձի համակարգով։ Դրա էությունն այն էր, որ աշխատավարձի մի մասը աշխատողներին պետք է վճարվեր միայն այն բանից հետո, երբ կհաստատվեր, որ ընկերությունը հասել է իր նպատակին։ Այդ մասը հավասար էր 24 %-ի, որը հետագայում ավելացել է՝ հասնելով 27 %-ի։ Ընկերությունները հաճախ չեն հասել այդ նպատակներին։ Դե ֆակտո դա դարձյալ նշանակում էր աշխատավարձի կրճատում[7]։
Բնակչության իրական եկամուտները սկսել են կրճատվել ոչ միայն գնաճի պատճառով, այլև որոշակի մթերքների՝ բաց վաճառքում չլինելուց։ Միևնույն ժամանակ ծաղկում է ապրել սև շուկան, որը հասանելի էր քիչ թվով մարդկանց[4]։
Պետական կրճատումներ
խմբագրելՌումինացի պատմաբան Վլադ Գեորգեսկուի պնդմամբ պետությունը կարծես հրաժարվել էր իր սոցիալական պարտավորություններից, իսկ սոցիալական ծախսերը 1980-ական թվականներին կրճատվել էին։ Այսպես, համաձայն Սոցիալիստական երկրների տնտեսական համագործակցության տվյալների՝ 1980-1985 թվականներին կրճատումները վերաբերել են բնակարանային ֆոնդին (37 %), առողջապահությանը (17 %), ինչպես նաև կրթությանը, մշակույթին ու գիտությանը (53 %)[4]։
Առողջապահության ոլորտում կրճատումները հանգեցրել են մանկական մահացության (Ռումիան այդ ցուցանիշով ամենաբարձրերից մեկն է եղել Եվրոպայում) և ՄԻԱՎ վարակակիրների աճին[3]։ Հիվանդությունը փոխանցվել է հիվանդանոցներում՝ ներարկիչների կրկնակի օգտագործման հետևանքով։
Արդյունաբերական ապրանքների անբավարարություն
խմբագրելՌումինիայի գյուղատնտեսությունն անտեսված էր, քանի որ կառավարությունը կենտրոնացած էր արդյունաբերության վրա։ Ընդ որում, աշխատատեղերի ավելի քան 30 %-ը զբաղեցրել է գյուղատնտեսությունը, որը ծայրաստիճան անարդյունավետ է եղել։ Դրամական միջոցներ տնտեսության մեջ կուտակվել են փոքր քանակությամբ և ոչ ճիշտ եղանակով։ Չնայած դրան՝ Ռումինիայի գյուղատնտեսությունում դեռևս բավարարում էր աշխատուժը։ Փորձելով ինչ-որ կերպ լուծում գտնել՝ պետությունն ամեն տարի միլիոնավոր դպրոցականների ու ուսանողների (1981 թվականին՝ 2,5 միլիոն, 1982 թվականին՝ 2 միլիոն) ներգրավում էր բերքահավաքի կամ դաշտում կատարվող այլ աշխատանքներում[4]։
Ռումինիան սկսել է զգալ արտադրության քրոնիկ անբավարարություն։ Չնայած կառավարության՝ լուծումներ գտնելու բոլոր ջանքերին՝ դրանք մնացել են 1980-ական թվականների ողջ ընթացքում։ Սկսած 1983 թվականից՝ կոլխոզներն ու անհատները պետք է արտադրանքը հանձնեին պետությանը (նման մի բան 1956 թվականին չեարկվել էր), իսկ ֆերմերային շուկաներում իր սեփական ապրանքը վաճառելիս պետք է խստորեն պահպանվեին գնային առավելագույն սահմանները, որոնք հաստատել էին իշխանությունները[4]։
1981 թվականին սննդի հիմնական մթերքների համար սահմանվել է քարտային համակարգ։ Քարտերով են գնվել հացը, կաթը, բուսական յուղը, շաքարավազը, միսը[6]։ Չաուշեսկուի նախաձեռնությամբ կսվել է «Ռացիոնալ սնննդակարգ» ծրագիրը՝ որպես կալորիաները սահմանափակելու «գիտական պլան»։ Չաուշեսկուն փորձել է քաղաքացիներին անհրաժեշտ կալորիաների պահանջը նվազեցնել 9-15 %-ով։ 1983 թվականի դեկտեմբերին թողարկվել է դիետիկ նոր ծրագիրը, որը հաստատել է թույլատրելի մակարդակից նույնիսկ ցածր օգտագործում[4]։
Էլեկտրաէներգիայի կիրառում
խմբագրելԷլեկտրաէներգիայի մշակումը ու կենտրոնացված ջեռուցումը հաճախ ընդհատվել են էլեկտրաէներգիայի խնայողության նպատակով, ինչի պատճառով ձմեռներն անտանելի են դարձել[4]։ բնակարանների մեծ մասում շաբաթվա մեջ մեկ օրով նվազեցվել է տաք ջրի օգտագործումը։ Էլեկտրաէներգիայի անսպասելի անջատումները առնչվել են նույնիսկ հիվանդանոցներին, որոնց գործունեությունը չպետք է ընդհատվեր։ Այսպես, 1983 թվականի ձմռանը տասնյակ նորածիններ, որոնք գտնվել են ինտենսիվ թերապիայի բաժանմունքներում, մահացել են ինկուբատորներում էլեկտրաէներգիայի անջատման պատճառով[6]։ Հաճախ անջատվել է փողոցների լուսավորությունը, որը հասցվել էր նվազագույնի[7]։
Խիստ նորմավորված է եղել բենզինի վաճառքը։ Մասնավոր ավտոսեփականատերերին թույլատրվում էր գնել ամսական 30լ բենզին[6]։ Կանոնավոր ձևով մեքենա վարելու արգելքներ էին մտցվում։ Վառելիքը խնայելու նպատակով ԶԼՄ-ները նույնիսկ դիմել են գյուղացիներին մեխանիկական աշխատանքները ձեռքով և տրակտորները ձիերով փոխարինելու կոչով[4]։
1989 թվականի ռումինական հեղափոխություն
խմբագրելԿոշտ տնտեսումը, ինչպես նաև քաղաքական բռնաճնշումները դարձել են բողոքի ցույցերի և 1989 թվականին սկսված հեղափոխության հիմնական պատճառ։ Չաուշեսկուի տնտեսական քաղաքականությունը նրան մեկուսացրել էր ոչ միայն ժողովրդից, այլև Ռումինիայի կոմունիստական կուսակցությունից (այդպես է երևում 1989 թվականի մարտին գրված «Վեցի նամակից») ու բանակից[3]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 Daniel Dăianu, "Fiscal and Monetary Policies", стр. 391-417
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 Wally Bacon, "Economic Reform", стр. 373-390
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 Stephen D. Roper, Romania: The Unfinished Revolution, Routledge, 2000, ISBN 978-90-5823-028-7
- ↑ 4,00 4,01 4,02 4,03 4,04 4,05 4,06 4,07 4,08 4,09 Vlad Georgescu, The Romanians: A History, Ohio State University Press, 1991, ISBN 0814205119
- ↑ 5,0 5,1 Debt Halved, Romania Says, The New York Times November 28, 1986
- ↑ 6,0 6,1 6,2 6,3 Dennis Deletant, Ceauşescu and the Securitate: Coercion and Dissent in Romania, 1965-1989, M.E. Sharpe, London, 1995, ISBN 1-56324-633-3
- ↑ 7,0 7,1 7,2 Adam Burakovski: Dictatura lui Nicolae Ceaușescu, 1965-1989 - Geniul Carpaților, Polirom, 2011, ISBN 978-973-46-1963-4
Գրականություն
խմբագրել- Adam Burakovski Dictatura lui Nicolae Ceaușescu, 1965-1989 - Geniul Carpaților. — 2011. — ISBN 978-973-46-1963-4
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Կոշտ տնտեսման քաղաքականություն Ռումինիայում (1980-ական թվականներ) կատեգորիայում։ |