Կես դոլար («Ծալազարդ կիսանդրի»)

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Կես դոլար (այլ կիրառումներ)

«Ծալազարդ կիսանդրի» կես դոլար (անգլերեն՝ Draped Bust Half Dollar) արծաթե մետաղադրամը (50 ցենտ) այդ արժողության երկրորդ դրամն է, թողարկված Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարության կողմից 1796 և 1797 թվականներին։ Այդպես է կոչվում՝ զանազանելու համար 1794 - 1795 կես դոլար դրամից, որի դիմերեսի Ազատության աստվածուհու («Liberty») կիսանդրին տարբեր պատկեր ունի (տես՝ Կես դոլար («Իջնող մազերով պատկեր»)։

Կես դոլար
Տեսակcoining?
ԵրկիրԱՄՆ
ԱրժողությունԿես դոլար
Տրամագիծ33 մմ
Բաղադրությունարծաթ

Պատմություն

խմբագրել

Այս (երկրորդ) տեսակի դրամի թողարկումը ոչ մի տնտեսական արդարացում չունի։ Դրամի արծաթի պարունակությունը, կշիռը և չափսը ճիշտ նույնն են, ինչպես առաջին կես դոլար մետաղադրամի պարագայում, և «Ծալազարդ կիսանդրի» դրամի թողարկումը հիմնականում բացատրվում է երիտասարդ պետության նորաստեղծ փողերանոցի փորձարկումներով։

Դրամն արտադրվել է շատ փոքր քանակով (ընդամենը՝ 3 918 հատ, որոնցից ոչ բոլորն են պահպանվել), և այդ փաստը բավական բարձր արժեք է առաջացրել կոլեկցիոներների և ինվեստորների մոտ. համեմատաբար բարձր որակի (մաշվածության առումով) նմուշները արժեն մի քանի տասնյակ հազար դոլար։

Նկարագրություն

խմբագրել

Դիմերես

խմբագրել

Դրամի երեսի կողմի կենտրոնում պատկերված է Ազատության աստվածուհու աջ նայող կիսանդրին, ներքևում՝ տարեթիվ (1796 կամ 1797), վերևում՝ «LIBERTY» բառը, իսկ կողքերից՝ 15 աստղ (նահանգների քանակը)։ 1796 թվականի երկրորդ թողարկման և հաջորդ տարվա դրամների վրա ավելացվեց ևս մեկ աստղ՝ Թենեսի նահանգի ընդունման առթիվ։

Դարձերես

խմբագրել

Ետևի կողմում՝ պսակով շրջապատված արծիվ, շուրջը՝ գրություն. UNITED STATES OF AMERICA («Ամերիկայի Միացյալ Նահանգներ»)։ Ինչպես բոլոր առաջին կես և մեկ դոլար արժողության դրամների վրա, դենոմինացիան («կես դոլար») դարձերեսի վրա նշված չի. դա ինքնըստինքյան հասկանալի էր համարվում այդ թվերին՝ հիմնվելով մետաղադրամի կշռի և չափսի վրա։