Կարմիր գլխարկը (լուսանկար)

լուսանկար

«Կարմիր գլխարկը» (անգլ.՝ «The Little Red Riding Hood»), անգլիացի գրող և լուսանկարիչ Լուիս Քերոլի (1832-1898) բեմադրական լուսանկարը` արված 1857 թվականի օգոստոսին։ Նրանում պատկերված է Ագնես Գրեյս Ուելդը (անգլ.՝ Agnes Grace Weld, 1849-1915)[1]:

Կարմիր գլխարկը

Լուսանկարի ստեղծում և ճակատագիր

խմբագրել

Լուսանկարի չափսերն են 137 × 93 մմ։ Լուսանկարը գտնվում էր Քերոլի Անձնական № 1 ալբոմի 24-րդ էջում, իդենտիֆիկացիոն համարն է Z-PH-LCA-I.24: Ներկայումս պահպանվում է Փրինսթոնի համալսարանի գրադարանի հավաքածուում[2]։

Չարլզ Դոջսոնը 1857 թվականի օգոստոսին լուսանկարել է 18-ամյա Ագնես Գրեյսին Կարմիր գլխարկի կերպարում՝ քաղցրավենիքով զամբյուղը ձեռքին։ Ավելի ուշ՝ 1862 թվականին, Քերոլը նորից լուսանկարել է աղջկան, այս անգամ աղավնու հետ և աթոռին նստած։ Մեկ ամիս անց՝ սեպտեմբերի 14-ին, Քերոլը Tent Lodge վայրում այցելել է Ալֆրեդ Թեննիսոնին։ Նա իր օրագրում գրի է առել. «Տանը միայն տիկին Թենինիսոնն էր, ես ուղարկեցի իմ այցեքարտը՝ մատիտով ավելացնելով (իմ անվան տակ). ««Ագնես Գրեյսի» և «Կարմիր գլխարկի» հեղինակ։ Դրա հիման վրա ես արժանացա սիրալիր ընդունելության և այնտեղ անցկացրի գրեթե մեկ ժամ...»[3]:

Քերոլի մոդելը

խմբագրել

Լուսանկարում՝ Կարմիր գլխարկի կերպարում, լուսանկարված է Ագնես Գրեյս Ուելդը՝ Ալֆրեդ Թեննիսոնի զարմուհին։ Նա ծնվել էր 1849 թվականի փետրվարի 8-ին Սոմերսեթ հաուսում, դուստրն էր գրող Չարլզ Ռիչարդ Ուելդի (1813-1869), որը Լոնդոնի թագավորական ընկերությունում 16 տարի ծառայել էր որպես քարտուղարի և գրադարանավարի օգնական, և Էնն Վելդի (օրիորդական ազգանունը Սելվուդ)։ Մանկության տարիներին նրան բազմիցս լուսանկարել են Լուիս Քերոլը, Ջուլիա Քամերոնը[4] և Օսկար Գուստավ Ռեյլանդերը։ Նրա մորաքույրն ամուսնացել է Ալֆրեդ Թեննիսոնի հետ, այդ ընտանիքի հետ աղջիկն ու նրա ծնողները սերտ հարաբերություններ էին պահպանում։ Աղմկոտ վիճաբանություն է տեղի ունեցել 1861 թվականի մարտին, երբ Ագնեսի հայրն ստիպված է եղել հրաժարվել Թագավորական ընկերությունում իր պաշտոնից։ Չարլզ Ուելդն իր աշխատասենյակում հայտնաբերվել էր մի կնոջ հետ, որը համարվում էր մարմնավաճառ։ Ուելդը հայտարարել է, որ նա այդպիսին չի եղել, բայց ինքն ստիպված է եղել հրաժարական տալ։ Ավելի ուշ նա դարձել է Լովելլ Ռիվ Օգաստեսի հրատարակչական բիզնեսի գործընկերը։ 17 տարեկանում Ագնեսի մոտ սկսել են ի հայտ գալ ծանր անորեքսիայի նշաններ. նա խիստ նիհարել էր և որոշ ժամանակ հյուծման սահմանին էր։ Ավելի ուշ Ալֆրեդ Թեննիսոնն Ագնեսի մասին Ուոլթ Ուիթմենին նույնիսկ ասել է. «Նա մի անգամ կորցրել է գիտակցությունը, և բոլորը, որ տեսել են նրան, չեն հավատացել, որ նա կապրի, բայց լավ բժշկի հսկողության տակ նա ամբողջովին ապաքինվել է, գիրացել և ավելի թարմ տեսք ունեցել, քան նախկինում»։ 1869 թվականին Չարլզ Ուելդը մահացել է՝ թողնելով այրուն և դստերը։ Ագնես Ուելդը երբեք չի ամուսնացել, իր կյանքը նվիրել է բարեգործությանն ու դրա վրա ծախսել իր գրեթե ամբողջ ժառանգությունը։ Նա իր ժամանակներին հայտնի հրապարակախոս էր, կենդանության օրոք հրատարակել է 4 գիրք՝ նվիրված կրոնին ու Ալֆրեդ Թեննիսոնի մասին հիշողություններին[3]։

Լուսանկարի սյուժեն և նրա մեկնաբանությունը

խմբագրել
 
Լուիս Քերոլ: Անհայտ աղջիկը Կարմիր գլխարկի կերպարում, Օքսֆորդ, 1868 թվականի մայիս

Հեքիաթի՝ 1857 թվականին առավել հայտնի երկու տարբերակները, որոնք կարող էին ուղղություն ցույց տալ Քերոլին, պատկանում էին Շառլ Պերոյին և Գրիմ եղբայրներին։ Պերոյի հեքիաթը տպագրվել է 1697 թվականին Փարիզում՝ «Մայր սագի հեքիաթները» գրքում, Պերոն գրական մշակման է ենթարկել բանահյուսական սյուժեն, որը Միջին դարերում լայնորեն տարածված էր Եվրոպայում։ Բանահյուսական տարբերակում գայլի փոխարեն սովորաբար դարձվոր էր (ֆր.՝ bzou): Պերոն դարձվորին փոխարինել է գայլով, հանել մարդակերության մոտիվները (բանահյուսական տարբերակում bzou-ն սպանում է տատիկին, նրա մարմնից կերակուր պատրաստում, իսկ արյունից՝ խմիչք, հագնում է տատիկի հագուստը, պառկում նրա անկողնում, իսկ երբ աղջիկը գալիս է, bzou-ն նրան առաջարկում է ուտել), գործող անձ-կատվին (տատիկի կատուն փորձում է աղջկան զգուշացնել, որ նա ուտում է տատիկի մնացորդները, բայց bzou-ն կատվի վրա է նետում փայտե մաշիկներն ու նրան սպանում), ներմուծել «կարմիր գլխարկը» (Պերոյի բնօրինակում՝ «շապերոն», ֆր.՝ chaperon, Պերոյի ժամանակներում այն քաղաքներում նորաձևությունից դուրս էր եկել, սակայն պահպանվում էր գյուղական վայրերում՝ իր հանդուգն գույներով ցույց տալով աղջկա չափից շատ ազատ վարքագիծը), որը կրում էր գլխավոր հերոսուհին և վերաիմաստավորում հեքիաթը՝ մտցնելով աղջկա կողմից հասարակական պատշաճությունը խախտելու մոտիվները, ինչի համար էլ նա վճարում է։ Բանաստեղծական վերջաբանն աղջիկներին կոչ է անում զգուշանալ գայթակղությունից[5]։

Գրիմ եղբայրներն իրենց տարբերակը, ըստ վարկածներից մեկի, գրի են առել Մարիա Մյուլլերից, որը որպես սպասուհի աշխատում էր Վիլհելմ Գրիմի ապագա կնոջ տանը[6], իսկ ըստ մեկ այլ վարկածի՝ Ժանետա Հասսենպֆլուգից, որը մայրական գծով ծագում էր Ֆրանսիայից Լուի Արև արքայի կողմից արտաքսված հուգենոտներից[7]։ Հետազոտողները ենթադրում են, որ «Կարմիր գլխարկը» հեքիաթի այդ տարբերակն սկիզբ է առել Պերոյի հեքիաթում[8]։ Եղբայրներն ավելացրել են լավ ավարտ. տան մոտով անցնող փայտահատները, աղմուկ լսելով, սպանում են գայլին, կտրում են փորը և փրկում տատիկին ու Կարմիր գլխարկին։ Այդ դրվագը կարող է փոխառված լինել գերմանական մեկ այլ՝ «Գայլն ու յոթ ուլիկները» հեքիաթից կամ «Կարմիր գլխարկի կյանքն ու մահը» պիեսից (1800 թվականին գրել է գերմանացի ռոմանտիկ գրող Լյուդվիգ Յոհան Թիքը)[9]։ Այդ տարբերակից հանվել են սեռական մոտիվները[10]։ Գրիմները, որ խորապես կրոնասեր մարդիկ էին, Կարմիր գլխարկի մեջ տեսել են հոգևոր վերածննդի խորհրդանիշը. մշուշից հեռացում և կերպարանափոխում։ Հեքիաթն անհնազանդ երեխաներին խրատում, նախազգուշացնում է. «Դե, հիմա ես այլևս երբեք անտառ չեմ փախչի գլխավոր ճանապարհից՝ այլևս չհնազանդվելով մորս պատվերներին»[9]։

Սառա Բոքսերն ընդգծում է լուսանկարում Կարմիր գլխարկի դեմքի «կատաղի» արտահայտությունը՝ նրան համեմատելով ամերիկացի նկարիչ Կիկի Սմիթի մարդագայլի նկարի հետ[11]։ Դենիս Դենիսոֆը նշում է, որ Քերոլի լուսանկարում Ագնես Գրեյս Ուելդն ունի «գայլի դաժան աչքեր», որ վառվում են Կարմիր գլխարկին ուտելու ցանկությամբ։ Միևնույն ժամանակ Ագնես Գրեյսի հայացքն ուղղված է դիտողին, այդ պատճառով էլ տպավորություն է ստեղծվում, որ նա պետք է դառնա աղջկա ագրեսիայի օբյեկտը։ Զամբյուղի սննդամթերքը, ըստ նրա, հնացած են ու անիրական. բուտաֆորական իրեր թատերական ներկայացումից, այլ ոչ թե սննդամթերք[12]։

Ռոբերտ Դուգլաս-Ֆերհերստը պնդում է, որ Քերոլն իր վաղ լուսանկարներում (ներառյալ և սա) կատակով ծաղրել է դիտողներին։ Նա օգտագործել է լուսանկարչությանը հատուկ անորոշությունը՝ խաղալով այն բանի հետ, որ տեսախցիկը կարող է գրանցել միայն պատմության տվյալ պահը, բայց չի կարող հաղորդել, թե ինչ է տեղի ունեցել դրանից առաջ կամ հետո։ Նա նաև օգտվել է «հատուկ էֆեկտներից» (իր ժամանակներում հասանելի), որոնց միջոցով իրական մարդկանց դնում են մտացածին իրավիճակների և ինտերիերի մեջ։ «Կարմիր գլխարկը» լուսանկարում Քերոլին հաջողվել է ստանալ երկիմաստ հակասություն անմեղության և վտանգավորության միջև։ Աղջիկը հագել է մուգ անձրևանոց և սպիտակ զգեստ, ձեռքին բռնել հյուսած զամբյուղ, որի մեջ քաղցրավենիք է։ Ագնեսը կանգնած է բաղեղներով հյուսապատված պատի ֆոնին, որը խորհրդանշում է հեքիաթային անտառը[13]։

1858 թվականի հունվարին Լոնդոնի լուսանկարչական ընկերության 5-րդ ամենամյա ցուցահանդեսի նախապատրաստական աշխատանքների շրջանակներում[14], որտեղ նա որոշել է իր 3 այլ նկարների հետ ցույց տալ նաև բեմադրական այս լուսանկարը, գրել է ուղեկցող բանաստեղծություն.

Ըստ Դուգլաս-Ֆերհերսթի՝ բանաստեղծությունը գեղարվեստական արժանիքներով զիջում է լուսանկարին։ Լուսանկարում Ագնես Ուելդի դեմքի արտահայտությունում կարելի է կարդալ վախ (կամ պարզապես զզվանք), դա աղջկան դարձնում է ավելի հ��տաքրքիր կերպար, քան Քերոլի բանաստեղծության մեջ նշված անվրդով կերպարը։ Գրականագետը համարում է, որ տեսախցիկը գտնվում է մոտավորապես գայլի գլխի բարձրության վրա (այդ պատճառով էլ աղջկա հայացքը տեսախցիկից քիչ բարձր է), այնպես որ մենք նրան պետք է նայենք գիշատիչի աչքերով։ Նրա կարծիքով՝ սա նման է անմեղության և սպառնալիքի միջև հակասության, որտեղ դիտողն ինքը պետք է ընտրի, թե որի կողմում պետք է լինի[13]։

Հետագայում Քերոլը Կարմիր գլխարկի պատմությանը վերադարձել է 1862 թվականին՝ հեքիաթային այդ կերպարում ստեղծելով 16-ամյա Կոնստանս Էլլիսոնի լուսանկարը։ Այդ լուսանկարը զուրկ է նախորդ լուսանկարների հստակ երկիմաստությունից[13]։ 2015 թվականին Դալլասում անցկացված Heritage աճուրդում ցուցադրվել է (74047 լոտ) Լուիս Քերոլի անհայտ մոդելի լուսանկարը՝ արված 1868 թվականի մայիսին (Բեդկոկ-Յարդ, Օքսֆորդ), այնտեղ աղջիկը նորից Կարմիր գլխարկի կերպարում է[16]։

Պատկերասրահ. Ագնես Գրեյս Ուելդը 1850-1860-ական թվականների լուսանկարներում

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Douglas-Fairhurst, 2015, էջ 94—95
  2. «Lewis Carroll Album I — Princeton University Library». Princeton University Library. Վերցված է 2017 թ․ մարտի 30-ին.
  3. 3,0 3,1 Wakeling, 2014, էջ 335—336
  4. Cox, Julian; Ford, Colin Julia Margaret Cameron: The Complete Photographs. — Getty Publications, 2003. — С. 520. — 556 с. — ISBN 9-780-8923-6681-1
  5. Мельников, 2015, էջ 51—54
  6. Герстнер Г. Братья Гримм. — М: Молодая гвардия, 1980. — С. 43—44. — 271 с.
  7. Мельников, 2015, էջ 55
  8. Дарнтон Р. Великое кошачье побоище и другие эпизоды из истории французской культуры. — М: Молодая гвардия, 2002. — С. 43—44. — 384 с. — 3 000 экз. — ISBN 5-86793-113-7
  9. 9,0 9,1 Воронцова Т. В. Подлинная история Красной Шапочки // Литература : Журнал. — 2002. — № 44. — С. 2—3.
  10. Velten, Harry. The Influence of Charles Perrault's Contes de Ma Mère L'Oie on German Folklore // The Great Fairy Tale Tradition: From Straparola and Basile to the Brothers Grimm. — New York: W. W. Norton and Company, 2001. — С. 967. — 991 с. — ISBN 0-393-97636-X
  11. Boxer, Sarah Fairy Tales In a Forest Of Women And Fruit(անգլ.) // The New York Times : газета. — 2001. — ISSN 7082-3907.
  12. Denisoff, Dennis JThe Nineteenth-century Child and Consumer Culture. — Ashgate Publishing, Ltd, 2008. — С. 103. — 239 с. — ISBN 9-780-7546-6156-6
  13. 13,0 13,1 13,2 Douglas-Fairhurst, 2015, էջ 94
  14. Smith, Lindsay Lewis Carroll: Photography on the Move. — Reaktion Books, 2015. — 336 с. — ISBN 9-781-7802-3545-5
  15. 15,0 15,1 Carroll, Lewis. «Red Riding-hood» (անգլերեն). Wikisource. Վերցված է 2017 թ․ ապրիլի 4-ին.
  16. Carroll, Lewis. «Unknown child as 'Little Red Riding Hood', Badcock's Yard, Oxford, May 1868» (անգլերեն). BlouinArtinfo. Վերցված է 2017 թ․ ապրիլի 4-ին.

Գրականություն

խմբագրել