Կարգապահություն
Կարգապահություն, հասարակական, վարքի կարգավորման ձև, որը մարդկանց պարտադրում է հաստատված իրավական, բարոյական, քաղաքական նորմերի կատարումն ու ապահովում է կոլեկ��իվներում մարդկանց գործողությունների համաձայնեցվածությունը։ Կարգապահությունը հասարակության բնականոն գոյության անհրաժեշտ պայման է։ Գոյություն ունեն համապարտադիր Կարգապահություն և հատուկ Կարգապահություն (աշխատանքային կարգապահություն, կարգապահություն պետական, կուսակցական կարգապահություն)՝ պարտադիր միայն որոշակի կազմակերպության անդամներին։ Ըստ դրսևորման եղանակների՝ տարբերվում են ներքին Կարգապահություն կամ ինքնակարգապահություն (ելնում է մարդու ինքնագիտակցությունից, պարտքի ու պատասխանատվության զգացումից, համապատասխան նորմերի յուրացումից ու կատարումից), հանուն շահի Կարգապահություն, հարկադրանքի Կարգապահություն, որոնց ուղեցույցը արտաքին հարկադրանքը և սանկցիան են։ Կարգապահությունը դրսևորվում է բարքերի, սովորույթների, ավանդույթների, նորմերի, մարդկանց հասարակական դաստիարակության, հարգանքի, համոզմունքի և հարկադրանքի միջոցով։ Կարգապահությունը որպես մարդկանց վարքի կարգավորման միջոց, արտացոլում է տվյալ հասարակարգին հատուկ սոցիալական (հատկապես տնտեսական) հարաբերությունները և ծառայում դրանց պահպանմանը։ Այդ պատճառով, ցանկացած հասարակական-տնտեսական ֆորմացիային բնորոշ են Կարգապահության որոշակի տեսակներ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 314)։ |