Կարա-Կոյունլուներ
Ղարա-ղոյունլուներ (թյուրք. ղարա «սև» և ղոյուն «ոչխար»; բառացի. «սև ոչխարավորներ»), թյուրքական օղուզական քոչվոր ցեղերի միավորում և թուրքմենական դինաստիա, որը գոյություն է ունեցել 14-15-րդ դարերում Առաջավոր Ասիայում, այժմյան Հայաստանի Հանրապետության, Ադրբեջանի, արևելյան Թուրքիայի, հյուսիսարևմտյան Իրանի և Իրաքի տարածքում[1]։
Կարա-Կոյունլուները դրոշակի վրա կրել են սև խոյի պատկեր։ 14-րդ դարում տարածվել են Մեծ Հայքի կենտրոնական և հարավային նահանգներում, Ատրպատականում։ 1378 թվականին Կարա-Մուհամմադը միավորել է Ալաշկերտում և Կոգովիտում հաստատված կարա-Կոյունլուների բոլոր ցեղերը, ստեղծել ինքնուրույն ամիրայություն։ Նրա որդին՝ Կարա-Յուսուֆը, իրեն է ենթարկել Հայաստանի ու Ատրպատականի մեծ մասը, 1393 թվականին պարտվել Լենկթեմուրից, սակայն 1405 թվականին վերականգնել է իր իշխանությունը, 1408 թվականին նվաճել Հուլավուների իշխանությանը ենթակա երկրների մեծ մասը։ 1410 թվականին, Մշո դաշտում, պարտության մատնելով ակ-Կոյունլու Կարա-Յուլուք Օսմանին, ամրացրել է իր պետության սահմանները, 1411 թվականին գրավել Բաղդադը։
Կարա-Յուսուֆի որդի Իսքանդարը, ձգտելով ստեղծել կենտրոնացված պետություն, փորձել է ստանալ հայերի օժանդակությունը, իրեն հռչակել է «շահի Արման» (թագավոր Հայոց), պետական և զինվորական բարձր պաշտոններ է տվել հայ ֆեոդալների ներկայացուցիչներին (Սյունյաց Ամիր Ռուստամ Օրբելյան և ուրիշներ)։ Իսքանդարը Սեբաստիայի, Խարբերդի, Դերջանի և Արևմտյան Հայաստանի այլ վայրերի հայ բնակչությանը զանգվածային բռնագաղթով բնակեցրել է Սյունիքում և Այրարատում։ 1426 թվականին գրավել է Մակուի բերդը՝ վերացնելով այնտեղի հայկական կաթոլիկ իշխանությունը։ Այնուհետև հնազանդեցրել է Շիրվանշահ Խալիլուլահ I-ին։ Արշավելով արևմուտք, Լենկթեմուրի որդի Շահռուխը 1435 թվականին գահը հանձնել է Իսքանդարի եղբորը՝ Ջհանշահին, որի օրոք Կարա-Կոյունլուների տերությունը հասել է իր զարգացման գագաթնակետին։
Ջհանշահը 1453 թվականին արշավել է Թեմուրինաների պետության վրա, մի քանի տարվա ընթացքում նվաճել Իրանը։ Ելնելով իր տերության շահերից՝ Ջհանշահը համեմատաբար մեղմ քաղաքականություն է վարել պետության տնտեսական կյանքում կարևոր դեր կատարող հայերի վերնախավի նկատմամբ։ Սերտ կապերի մեջ է եղել Աղթամարի կաթողիկոս Զաքարիա 3-րդի հետ։ Օժանդակել է հայոց կաթողիկոսության գահը Էջմիածնում վերահաստատելուն։ Պահպանվել են Ջհանշահի, նրա կնոջ և որդու՝ Հասան-Ալիի՝ Գանձասարի կաթողիկոսների և Տաթևի առաջնորդների հոգևոր իշխանությունն ու հարկային արտոնությունները հաստատող հրովարտակներ։ Կարա-Կոյունլուների պետությունը հենվում էր քոչվորական ռազմաֆեոդալական ավագանու և մուսուլմանական հոգևորականության վրա։ Թուրքմենական և քրդական ցեղերի առաջնորդները ժառանգական տիրության իրավունքով Կարա-Կոյունլուների սուլթանից ստացել են ընդարձակ երկրամասեր։ 1467 թվականին ակ-Կոյունլուները, Ուզուն Հասանի գլխավորությամբ, Ճապաղջուրի մոտ պարտության մատնելով և սպանելով Ջհանշահին, գրավել են Հայաստանը, Ատրպատականը, Ասորիքը և այլն։ 1468 թվականի հուլիսին Սարանդի դաշտում, վճռական ճակատամարտում Ջհանշահի ավագ որդի Հասան-Ալիի զորքերն անցել են Ուզուն Հասանի կողմը, որն իր իշխանությունը տարածել է Կարա-Կոյունլուներին ենթակա բոլոր երկրների վրա։ Ստեղծվել է ակ-կոյունլուների պետությունը։
Ցանկ
խմբագրելՏիտղոս | Անուն | Կառավարում | |
---|---|---|---|
Բեյ بیگ |
Բայրամ Խվաջա بیرم خواجہ |
1374 - 1378 | |
Բեյ بیگ |
Կարա Մուհամմադ Թուրեմիշ (Nephew of Bairam Khwaja) قرا محمد ترمش |
1378 - 1388 | |
Բեյ بیگ Abu Nasr ابو النصر |
Կարա Յուսուֆ قرا یوسف نوین بن محمد |
1388 - 1399 | |
Լենկթեմուրի տիրապետություն (1400 - 1405 ) | |||
Բեյ بیگ Abu Nasr ابو النصر |
Կարա Յուսուֆ قرا یوسف نوین بن محمد |
1405 - 1420 | |
Բեյ بیگ |
Կարա Իսքանդեր իբն Յուսուֆ قرا اسکندر بن یوسف |
1420 - 1436 | |
Բեյ بیگ |
Իսփենդ իբն Յուսուֆ اسپند بن یوسف |
1420 - 1445 | |
Բեյ بیگ Muzaffar-al-Din مظفرالدین |
Ջհանշահ جہاں شاہ ابن یوسف |
1436 - 1467 | |
Բեյ بیگ |
Հասան Ալի իբն Ջհանշահ حسن علی ابن جہاں شاہ |
1467 - 1468 | |
Նվաճվեցին Ակ-Կոյունլուների պետության կողմից |
- Դեղին գույնով նշված են նախորդները
Տես նաև
խմբագրելԱրտաքին հղումներ
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ Всемирная история. Т.7, Т.10, Т.11.: Минск, 1996
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 298)։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կարա-Կոյունլուներ» հոդվածին։ |