Կադմեացիներ
Կադմեացիներ (նաև՝ Կադմյաններ, Կադմոսի տուն), նախարարական տոհմ Մեծ Հայքում։ Իշխել են Կորճայք նահանգի Կորդուք գավառում, եղել են Մեծ Հայքի հարավային կուսակալության բդեշխները[1]։
Կադմեացիներ | |
---|---|
Երկիր | Մեծ Հայք |
Տիրույթներ | Կորդուք |
Ծագում | Հայկազունիներ |
Հիմնադիր | Կադմոս |
Մեծագույն ներկայացուցիչ | Կադմոս |
Ազգային պատկանելիություն | Հայ |
Պատմություն
խմբագրելՄովսես Խորենացին հղում տալով Մար Աբասի մատյանին հաղորդում է, որ Կադմեացիների տոհմի նախնին Կադմոսն է՝ Հայկ նահապետի թոռը, Արամանյակի որդին։ Հայերի նախնի Հայկը աշտարակի կործանումից հետո, հեռանալով Բաբելոնից, գալիս է Արարադի երկիրը[2], որը ըստ Հայնրիխ Գելցերի Կորդվաց կողմերն է[3]։ Նրա հետ համամիտ է նաև Ստեփան Մալխասյանցը, որը նույն դեպքերի հետ կապված աշխարհաբար թարգմանության մեջ նշում է «Արարատի երկիրը Այրարատյան նահանգը չէ՝ Հայաստանի կենտրոնում, այլ նրանից արևմտահարավ ընկած երկիրը, Վանա լճից հարավ»[4]։ Այս տեսակետի պատճառն այն է, որ Արարադի երկիր հասնելով, Հայկն այստեղ բնակության տուն է կառուցում և այն որպես ժառանգություն թողնում իր թոռ Կադմոսին[1]։
Հայկյան Արամի մասին պատմվող ավանդազրույցից պարզվում է, որ Կադմեացիները սահմանապահ կուսակալներ էին նշանակված Մեծ Հայքի հարավում՝ Ասորեստանի հետ սահմանին[5]։ Ըստ Զորանամակի Կադմեացիները եղել են Մեծ Հայքի հարավային կուսակալության բդեշխները և իրենց ենթակայության տակ ունեցել 13․200 զինվոր։ Զորանամակի որոշ տարբերակներում «Կադմեացի» կուսակալի փոխարեն նշված է «Կորդուացի»[1][6]։
Ըստ Մովսես Խորենացու Գահնամակի զբաղեցրել են 15-րդ իշխանական գահը, իսկ ըստ Ներսեսի «Վարք»-ի զբաղեցրել են 22-րդ գահը։ Հայոց կաթողիկոս Սահակ Պարթևին վերագրվող Գահնամակում չեն հիշատակվում։
Ծագում
խմբագրելԿադմյան տոհմի նախնիներ ընդունված է համարել Արևելյան Խաբուր և Մեծ Զավ գետերի վերին հոսանքների լեռնային շրջաններում բնակվող՝ <Կուտիներ> կոչվող ցեղերը, որոնք հիշատակվում են մ. թ. ա. 3-2-րդ հազարամյակներին վերաբերող Միջագետքյան արձանագրություններում։ Ըստ Պլինիոս Ավագի՝ գավառանունն առաջացել է տեղաբնիկների կորտ, կորդ կամ գորդ ցեղանունից։ Կորդուքի անունով է կոչվում նաև Կորդվաց լեռնաշղթան։ Ադիաբենեում բնակվող արամեացիները, հայերին ու նրանց երկրին առաջին անգամ ծանոթանալով Կորդուքի միջոցով, Հայաստանը կոչել են Կարդու, Քարդու (Աստվածաշնչի հին ասորական և հին արաբական թարգամանություններն այդ անունները գործածել են Հայաստան անվան փոխարեն)։ Հայ մատենագիրները Կորճայք նահանգը հաճախ կոչել են Կորդուաց աշխարհ։
Կադմյանների ծագումը տեղաբնիկ կորտ, կորդ կամ գորդ ցեղերից՝ ուսումնասիրողների շրջանում առիթ է տվել տարակարծիք ենթադրությունների՝
1) ըստ այսպես կոչված Հայկյան /կամ Հուրիական/ ծագման վարկածի՝ Կուտիները հանդիսացել են <Հայկական Կադմյան կամ Կադմեացիներ> նախարարական տան նախնիները (հիմնվում է Մ. Խորենացու <Պատմություն Հայոց> աշխատության վրա),
2) ըստ այսպես կոչված Զագրոսյան /կամ Շումերա-Ելամական/ ծագման վարկածի՝ Կուտիները հանդիսացել են Հին Զագրոսյան ժողովուրդներից սերված <Կորդվացիներ կամ Կորդվաց լեռնականներ> հիշատակվող տոհմի նախնիները (հիմնվում է Անանիա Շիրակացու Ժամանակագրությանը կցված <Զորանամակի> ձեռագիր օրինակի վրա, որտեղ «Կադմյանները» և «Կորդվացիները» ներկայացված են, որպես առանձին տոհմեր)։
Տես նաև
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 «Ո՞ր լեռան վրա է իջել Նոյան տապանը (ըստ ասուրա-բաբելական, հունա-հռոմեական, ասորական և հայկական աղբյուրների)», Ալբերտ Մուշեղյան, Պատմա-բանասիրական հանդես, №1, 2003, էջ 3-39։
- ↑ «Պատմութիւն Հայոց», Մովսես Խորենացի, Գլ․ Ա, Ժ, էջ 33։
- ↑ «Համառօտ պատմութիւն Հայոց, յաւելուածովք թարգմանչին», Պրոֆ․ Հայնրիխ Գելցեր, թարգմ․՝ Գրիգորիս Գալեմքյարյան, Վիեննա, 1897, էջ 6-7։
- ↑ «Պատմություն Հայոց», Մովսես Խորենացի, թարգմ․, ներած․ և ծանոթ․՝ Ստեփան Մալխասյանի, Երևան, 1968, ծան․ 27, էջ 328։
- ↑ «Պատմութիւն Հայոց», Մովսես Խորենացի, Գլ․ Ա, ԺԴ, էջ 46։
- ↑ «Պատմութիւն նահանգին Սիսական», Ստեփաննոս Օրբելյան, Փարիզ, 1859, գլ․ է, էջ 64։