Խոստումը (ֆիլմ, 2016)
«Խոստումը» (անգլ.՝ The Promise), 2016 թվականին ամերիկացի ռեժիսոր Թերի Ջորջի նկարահանած ֆիլմն է՝ իր և Ռոբին Սուիքորդի սցենարով։ Ֆիլմը հայոց ցեղասպանության մասին պատմական դրամա է[4]։ Ֆիլմի գործողությունները տեղի են ունենում Օսմանյան կայսրության գոյության վերջին տարիներին, գլխավոր դերակատարներն են Օսկար Այզեքը, Շարլոտ լը Բոնը և Քրիստիան Բեյլը։ Ֆիլմը պատմում է մի սիրային եռանկյունու մասին, որը ծավալվում է Միքայելի (Այզեք)՝ բժշկականի հայ ուսանողի, Քրիսի (Բեյլ)՝ ամերիկացի լրագրողի և Աննայի (Լը Բոն) միջև, որը հայոց ցեղասպանությունից առաջ և դրա ընթացքում Ֆրանսիայում մեծացած հայ կին էր։
Խոստումը անգլ.՝ The Promise | |
---|---|
Երկիր | ԱՄՆ |
Ժանր | դրամա[1] |
Թվական | 2016 և օգոստոսի 17, 2017[2][3] |
Լեզու | անգլերեն |
Ռեժիսոր | Թերի Ջորջ[1] |
Պրոդյուսեր | Էրիկ Իսրայելյան |
Սցենարի հեղինակ | Թերի Ջորջ |
Դերակատարներ | Քրիստիան Բեյլ, Օսկար Այզեկ, Դանիել Խիմենես Կաչո, Շոխրե Աղդաշլու, Ժան Ռենո, Անժելա Սարաֆյան, Շարլոտ լը Բոն, Ռադե Շերբեջիա, Աբել Ֆոլկ, Մարվան Քենզարի, Յիգալ Նաոր, Գևորգ Մալիքյան, Նուման Աջար, Թոմ Հոլանդեր, Ժան Կլոդ Ռիկոբորգ, Ջեյմս Քրոմվել, Ալիսիա Բորաչերո, Մայքլ Շտալ-Դևիդ, Սոֆյա Բլեք-Դ'Էլիա և Հասան Թամեր |
Օպերատոր | Խավիեր Ագիռեսարոբե |
Երաժշտություն | Գաբրիել Յարեդ |
Մոնտաժ | Սթիվեն Ռոզենբլում |
Պատմվածքի վայր | Թուրքիա |
Տևողություն | 132 րոպե |
«Խոստում» ֆիլմի համաշխարհային պրեմիերան տեղի է ունեցել 2016 թվականի սեպտեմբերի 11-ին՝ Տորոնտոյի միջազգային կինոփառատոնի ժամանակ[5][6][7]։ Իսկ ԱՄՆ-ում ֆիլմը թողարկվել է Open Road Films-ի կողմից 2017 թվականի ապրիլի 21-ին՝ հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցին։ Ֆիլմը հակասական արձագանքներ է ստացել քննադատների կողմից՝ հավաքելով ընդամենը 12 միլիոն դոլար՝ ֆիլմի վրա ծախսված 90 միլիոն դոլարի դիմաց, ինչի արդյունքում Open Road Films կինոընկերությունը կորցրել է ավելի քան 100 միլիոն դոլար։ Այնուամենայնիվ, ընկերությունը նշել է, որ ֆիլմի հիմնական նպատակը հայոց ցեղասպանության վրա հանրության ուշադրությունը հրավիրելն էր, ոչ թե գումար վաստակելը։ Այդ առթիվ՝ ֆիլմի ռեժիսոր Թերի Ջորջն ասել է, որ «հանդիսատեսն այսօր ավելի շատ է սովորում ֆիլմերից, քան պատմության գրքերից»[8]։ Ֆիլմում նաև ներկայացված է ամերիկացի երգիչ Քրիս Քորնելի վերջին երգը՝ «The Promise»-ը, ով ֆիլմի ամերիկյան ցուցադրումից մեկ ամիս անց մահացավ[9]։
Հայաստանում ֆիլմի պրեմիերան տեղի է ունեցել 2017 թվականի ապրիլի 27-ին։ Ֆիլմը ցուցադրվել է հայերենով, անգլերենով և ռուսերենով։ Անգլերեն ցուցադրումները կարող են պարունակել ռուսերեն ենթագրեր։
Սյուժե
խմբագրելՄիքայել Պողոսյանը հայ դեղագործ է, որ ապրում է Թուրքիայի հարավարևելյան մասում գտնվող հայկական փոքրիկ Սիրուն գյուղում՝ Օսմանյան կայսրության կազմում։ Բժշկական կրթության ծախսերը հոգալու համար նա խոստանում է ամուսնանալ հարուստ հարևանի դստեր՝ Մարալի հետ՝ որպես օժիտ ստանալով 400 ոսկի։ Այդպիսով նա հնարավորություն է ստանում մեկնել Կոստանդնուպոլիս և հաճախել Կայսերական բժշկական դպրոց։ Այնտեղ նա ընկերանում է օսմանյան բարձրաստիճան պաշտոնյայի որդու՝ Էմրեի հետ։ Իր հարուստ հորեղբոր միջնորդությամբ Միքայելը հանդիպում է նաև Փարիզում մեծացած հայուհի Աննա Խեսարյանին, ով սիրային հարաբերությունների մեջ էր Associated Press-ի ամերիկացի թղթակից Քրիս Մայերսի հետ։ Միքայելը սիրահարվում է Աննային հենց այն ժամանակ, երբ միջազգային լարվածությունը սկսում է աճել Առաջին համաշխարհային պատերազմի սկսվելուց հետո։ Բժշկականի ուսանող լինելու հիմքով՝ Էմրեի օգնությամբ Միքայելին հաջողվում է ժամանակավորապես խուսափել Օսմանյան բանակ զորակոչվելուց։ Երբ 1915 թվականի ապրիլի 24-ի ձերբակալությունների ժամանակ Միքայելը Էմրեի օգնությամբ փորձում է փրկել իր հորեղբորը բանտից, նա կալանավորվում և ուղարկվում է աշխատանքային ճամբար, իսկ Էմրեին զորակոչում են բանակ՝ այն բանից հետո, երբ անտեսելով իր հոր կամքը՝ Միքայելին օգնում է երկրորդ անգամ։
Որոշ ժամանակ անկացնելով աշխատանքային ճամբարում՝ Միքայելը ի վերջո փախչում է այդտեղից։ Վերադառնալով իր գյուղ՝ նա հայտնաբերում է, որ թուրքական ծագում ունեցող գյուղաբնակները դաժանաբար դեմ են դուրս եկել իրենց հայազգի համաերկրացիներին։ Նրա ծնողները և հատկապես մայրը համոզում են Միքայելին ամուսնանալ Մարալի հետ և ապաստան փնտրել հեռավոր լեռնային տնակներում, որտեղ էլ վերջինս շուտով հղիանում է։ Կնոջ հղիության դժվար ընթացքը Միքայելին ստիպում է Մարալին վերադարձնել գյուղ՝ իր մոր խնամքին։ Այնտեղ նա իմանում է, որ Աննան և Քրիստոֆերը գտնվում են մոտակայքում տեղակայված Կարմիր խաչի հաստատությունում։ Միքայելը գնում է նրանցից աջակցություն խնդրելու ընտանիքի համար, որպեսզի փրկվեն թուրքական անմիջական սպառնալիքից։
Մի խումբ որբերի հետ Աննան և Քրիստոֆերը մեկնում են առաքելության՝ փրկելու Միքայելի ընտանիքին, ուստի վերադառնում են Սիրուն գյուղ։ Ճանապարհին, սակայն, նրանք բախվում են կոտորածի տեսարանի, որից պարզ է դառնում, որ Սիրուն գյուղի բոլոր բ��ակիչները՝ ներառյալ Միքայելի ընտանիքը, բացի մորից և զարմիկ Եվայից, սպանվել են օսմանյան զորքերի կողմից։ Միքայելի կնոջը գտնում են մահացած՝ դեռ չծնված երեխային վիժած վիճակում։ Շուտով օսմանյան զինվորները Քրիսին գերի են վերցնում և հետ են ուղարկում Կոստանդնուպոլիս։ Անտանտի երկրների համար լրտես աշխատելու մեղադրանքով նրան պահում են Սելիմիյե զորանոցում, որտեղ իշխանությունները պատրաստվում են նրան մահապատժի ենթարկել։ Էմրեի օգնությամբ և Ամերիկայի դեսպան Հենրի Մորգենթաուի միջնորդությամբ Քրիսը շուտով ազատ է արձակվում և արտաքսվում Մալթա։ Հասնելով այնտեղ՝ նա նստում է ֆրանսիական «Գիշեն» հածանավը, որը պատրաստվում էր նավարկել Օսմանյան ափով։ Այս դեպքից հետո բացահայտվում է Էմրեի դերակատարումը Քրիսի ազատ արձակման գործում, և նա գնդակահարության կարգով մահապատժի է ենթարկվում։
Փախչելով թուրքական հետապնդումից՝ Միքայելը, Աննան և որբերը միանում են փախստականների մեծ խմբին, ովքեր վճռել էին պայքարել Օսմանյան բանակի դեմ Մուսա լեռան վրա։ Քանի որ նրանք փախչում են կրկնվող հարձակումներից, Միքայելի մայրը չի դիմանում խոր վերքերին և վախճանվում։ Նրան թաղում են լեռան վրա։ Փախստականները լեռան վրա բավական երկար են գոյատևում, մինչև այնտեղից ետևի մասով կփախչեին ափ, քանի որ «Գիշեն» հածանավը գալիս էր նրանց տարհանելու[10]։ Բայց երբ փրկարար նավակները վերադառնում են հիմնական նավ, թուրքական հրետանին ծովն է նետում Աննային ու Եվային՝ Միքայելի հորեղբոր երիտասարդ աղջկան։ Միքայելը նրանց հետևից նետվում է ջուրը՝ ի փրկության, սակայն կարողանում է փրկել միայն Եվային, Աննան խեղդամահ է լինում։
Ֆիլմի վերջում Միքայելը հեղինակի ձայնով պատմում է, որ ինքը հետագայում որդեգրել է Եվային և նրանք միասին բնակություն են հաստատել Մասաչուսեթսի Ուոթերթաուն քաղաքում, մինչդեռ Քրիսը սպանվել է 1938 թվականին՝ Իսպանիայի քաղաքացիական պատերազմի մասին հայտարարելու համար։
Դերակատարներ
խմբագրել- Օսկար Այզեքը՝ Միքայելի Պողոսյանի դերում, ով բժշկականի հայ ուսանող էր Սիրուն գյուղից։ Պիետրո Ա. Շաքարյանը The Nation ամսագրում գրել է, որ Միքայելը «ներկայացնում է օսմանյան հայերի ձգտումները» և որ «կարծես նման է հայ ազգային մեծ գրողներից մեկի՝ Րաֆֆու կամ Խաչատուր Աբովյանի ստեղծագործության հայ հերոսի կերպարի»[11]։
- Շառլոտ լը Բոնը՝ Աննա Խեսարյանի դերում․ հայ նկարչուհի, ով մեծացել է Փարիզում և սովորել Սորբոնում։ Թերրի Ջորջը ասել է, որ Աննան Քրիսին ներկայանում է որպես օտարազգի «ավանգարդ, սոցիալապես ազատական կին», մինչդեռ նա շեղվում է դեպի Միքայելը, երբ վերագտնում է իր հայկական արմատները։ Ջորջը դժվարություններ ունեցավ Աննայի կերպարի համար դերակատար ընտրելու հարցում և նշում է, որ ընտրել է Լը Բոնին՝ տեսնելով նրան կանադական նորաձևության մի ամսագրում և դերասանաուհու հետ անձամբ հանդիպելուց հետո համոզվեց, որ նա կկարողանա խաղալ «ուժեղ և անկախ կնոջ կերպար, ով կարող է գրավել միաժամանակ երկու իրարից շատ տարբեր տղամարդկանց սրտերը։»[8]
- Քրիստիան Բեյլը՝ Քրիստոֆեր Մայերսի դերում․ "Associated Press"-ի աշխարհահռչակ ամերիկացի լրագրող։ Քրիսը «մի շարք լրագրողների հավաքական կերպարն է, ովքեր ականատես են եղել ցեղասպանության դրվագներին»[8]։ Քրիստիան Բեյլը միացել է ֆիլմարտադրությանը նախքան Ջորջին որպես ռեժիսոր ընտրելը[8]։ Բեյլն ուսումնասիրել է Լինքոլն Սթեֆընսին և ժամանակաշրջանի այլ լրագրողների, օրինակ՝ Քրիստոֆեր Հիթչենզի, ինչպես նաև հանդիպել է մարդկանց հետ, ովքեր ուսումնասիրել են հայոց ցեղասպանությունը[12][13][14]։
- Մարվան Քենզարին՝ Էմրե Օգանի դերում․ հայտնի թուրք փլեյբոյ և դիվանագետի որդի։ Լոնդոնի Կոմիտասի ինստիտուտի տնօրեն և Հայոց ցեղասպանության առաջատար պատմաբան Արա Սարաֆյանը հայտարարել է, որ «պատմականորեն կարևոր» է ունենալ «արդար իսլամներին» ներկայացնող կերպարներ, ի դեմս՝ Էմրեի[11]։ Շաքարյանը նշում է, որ Էմրեն «ներկայացնում է հայերի և իսլամների միջև մինչ ցեղասպանությունը եղած բարեկամությունը, և այն իսլամներին, ովքեր հետագայում ամեն ինչ արեցին՝ փրկելու իրենց հայ ընկերներին և հարևաններին։»[11]
- Շոհրե Աղդաշլուն՝ Մարթա Պողոսյանի՝ Միքայելի մոր դերում։
- Անժելա Սարաֆյանը՝ Մարալի՝ Միքայելի նշանածի դերում
- Դանիել Խիմենես Կաչոն՝ վերապատվելի Տիգրան Անդրեասյանի դերում․ Բասեկի հոգևորական, ով միանում է Մուսա լեռան դիմադրությանը։
- Թոմ Հոլանդերը՝ Գարինի դերում․ կրկեսի նախկին ծաղրածու, ով բանտարկված է աշխատանքային ճամբարում։
- Նուման Աքարը` Մուստաֆայի դերում․ ամերիկյան Կարմիր Խաչում աշխատող թուրք, ով որբերին տեղափխում է ապահով վայր։
- Իգալ Նաորը՝ Մեսրոպ Պողոսյանի դերում․ Միքայելի հարուստ հորեղբայրը, ով Կոստանդնուպոլսում գործվածքների խանութ ունի։
- Միլեն Մայեր Գուտիերեսը՝ Եվա Պողոսյանի դերում․ Մեսրոպի և Լենայի երկու դստրերից մեկը։
- Սոֆյա Բլեք-Դ'Էլիան ֆիլմի վերջաբանում մարմնավորում է տարեց Եվային։
- Թամեր Հասանը՝ Ֆարուք փաշայի դերում․ օսմանյան բանակի պաշտոնյա։
- Ռադե Շերբեջիյան՝ Ստեփանի դերում․ Բասեկի քաղաքապետը, ով Բասեկի հայ բնակիչներին տեղափոխում է ապահով վայր։
- Ալիսիա Բորաչերոն՝ Լենա Պողոսյանի՝ Մեսրոպի կնոջ դերում։
- Աբել Ֆոլկը՝ Հարութի՝ Մարալի հարուստ հոր դերում։
- Ժան Ռենոն Լուի Դաղտիժի դյու Ֆուղնեի դերում․ ֆրանսիական ռազմածովային ծովակալ[15][16]
- Ջեյմս Քրոմուելը՝ Հենրի Մորգենթաու ավագի դերում. Օսմանյան կայսրությունում ԱՄՆ դեսպան
- Գևորգ Մալիքյանը՝ Միքայելի հոր՝ Վարդան Պողոսյանի դերում
- Ստյուարթ Սքյուդամորը՝ Օգան փաշայի՝ Էմրեի հոր դերում․ թուրք դիվանագետ
Ֆիլմի այլ դերակատարներից են Էնդրյու Թարբեթը՝ հոգևորական Մերիլլի դերում, Ահարոն Նիլը՝ Թալեաթ փաշայի դերում, Օզման Սիրգուդը՝ Հասան Մազհարի դերում, Ահարոն Իպալեն՝ բժիշկ Նազիմի դերում, Լուսիա Զորիլլան՝ Թամարի դերում, Ռոման Միտիչյանը՝ Վանի, Արմին Ամիրին՝ Ալիի դերում, Շնորհք Սարգսյանը՝ Կոմիտասի դերում, Էնթոնի Ռոցան՝ Ահմեդի դերում, Մայքլ Շտալ-Դեյվիդը՝ Բրեդի դերում։ Մարկո Խանը՝ որպես թուրք գիշերապահ, Սիմոն Անդրյուն՝ որպես հայ գյուղացի, և Վիկ Թաբլյանը՝ որպես հայ գերի։
Կերպարների կրկնօրինակում
խմբագրելԿերպար | Բնօրինակ ձայնավորում | Հայկական կրկնօրինակում (2016 թվական, Արդինի ստուդիայի կողմից) |
---|---|---|
Քրիս | Քրիստիան Բեյլ | Խորեն Լևոնյան |
Միքայել | Օսկար Այզեք | Սամվել Թոփալյան |
Աննա | Շառլոտ լը Բոն | Զարուհի Հովհաննիսյան |
Հայրիկ Անդրեասյան | Դանիել Խիմենես Կաչո | Դավիթ Հակոբյան |
Տեղեկություն հայկական կրկնօրինակման մասին
խմբագրելՖիլմը հայերեն կրկնօրինակվել է Շարմ Հոլդինգ ընկերության պատվերով «Արդինի» ստուդիայի կողմից «Հանրային Հեռուստաընկերության» դերասանական և թարգմանչական անձնակազմի օգնությամբ։ Հայաստանի տարածքում ֆիլմի ցուցադրման իրավունքները պատկանում են Շարմ Հոլդինգին, որը կնքել է պայմանագիր ռուսական «Ցենտրալ Փարթներշիփ» ընկերության հետ[17]։
Կրկնօրինակումը կատարվել է 2017 թվականին։
Ֆիլմարտադրություն
խմբագրելՖինանսավորում, քասթինգ և ուսումնասիրություն
խմբագրել«Խոստումը» ֆիլմի պատմությունը հիմնված էր Ռոբին Սուիքորդի գրած «Անատոլիա» վերնագրով սցենարի վրա, որը, սակայն, չէր արտադրվել։ Վերցնելով այդ սցենարը՝ Թերի Ջորջն ամբողջությամբ վերաշարադրեց այն։ Սվուիքորդն ասում է. «Իմ գրած պատմության որոշ հատվածներ կան, որոնք հիշատակվում են ֆիլմում, սակայն Ջորջն ամբողջությամբ հորինեց Քրիստիան Բեյլի կերպարը և փոխեց մյուս կերպարները։ Իմ սցենարում կար բժշկականի ուսանողի կերպար, բայց նա բոլորովին նման չէր «Խոստում»-ի հերոսին։»[18] Ջորջը նշում է, որ ավելացնելով Քրիսի կերպարը նա երկարացրել է ֆիլմի սյուժեն՝ ցույց տալով հայոց ցեղասպանության հիմնական պատկերը[8]։ Բնօրինակ սցենարը ծավալվում էր միայն Միքայելի և նրա ընտանիքի շուրջ[19]։
Թերի Ջորջը, ով նկարահանում է մարդու իրավունքներին առնչվող ֆիլմեր[8], սկսեց հետաքրքրվել Հայոց ցեղասպանությունով՝ որպես ֆիլմարտադրության թեմա այն բանից հետո, երբ կարդաց այդ իրադարձության մասին պատմող գլուխները «Հիմնախնդիր դժոխքից» գրքում՝ «Ռուանդա հյուրանոցի» մասին հետազոտություն կատարելիս։ Ջորջն այնուհետև մեկնում է Հայաստան և Թուրքիա՝ այդ թեմայի շուրջ ավելի խորը հետազոտություն և ուսումնասիրություն կատարելու համար։ Նա ներգրավվեց այս նախաձեռնության մեջ այն բանից հետո, երբ կարդաց Սուիքորդի գրած սցենարը, որը նրան իր գործակալն էր ուղարկել[20]։
Ֆիլմարտադրության շուրջ 100 միլիոն դոլար կազմող բյուջեն նվիրաբերել է ամերիկահայ մեծ բարերար, միլիարդատեր Քըրք Քըրքորյանը, քանի որ վերջինս ֆիլմի շահույթից առանձնապես մեծ ակնկալիքներ չուներ[21]։ 2017 թվականի դրությամբ ֆիլմի բյուջեն ամենաբարձրն էր Հայոց ցեղասպանության մասին պատմող այլ ֆիլմերի շարքում։ Բյուջեի ամբողջական նվիրատվությունը նշանակում էր, որ թուրքական կառավարությունը չի կարողանա ճնշում գործադրել ֆիլմարտադրության ստուդիայի վրա՝ ֆիլմը չեղարկելու համար, ինչպես դա արել է անցյալում այլ նմանատիպ ֆիլմերի արտադրությունների դեպքում[22]։ Ջորջը հայտարարել է, որ ֆիլմը «գոյություն չէր ունենա» առանց Քըրքորյանի, ով 2015 թվականին իր մահից առաջ հավանություն տվեց սցենարին, սակայն չապրեց այնքան, որ իր օրոք նկարահանվի և թողարկվի[8]։ Քըրքորյանը և ֆիլմի համապրոդյուսեր Էսրայիլյանը, որոնցից վերջինս ունեցել է ցեղասպանություն տեսած նախնիներ, կազմակերպել են "Survival Pictures"-ը՝ որպես «Խոստումը» ֆիլմի արտադրական ընկերություն։ Էսրայիլյանը սկսել է լայնորեն զբաղվել Հայոց ցեղասպանության ուսումնասիրությամբ, երբ դեռ սվորում էր համալսարանում։ Նա ստացել է հանրային առողջապահության մագիստրոսի կոչում, որը, ըստ նրա, մեծացրել է ժողովրդագրության վերաբերյալ իր ըմբռնումը[19]։
Դերակատարների ընտրությունը Բեյլի ու Այզեքի դեպքում կատարվել է 2015 թվականի հունիսին[23], մինչդեռ Լը Բոնի, Քրոմուելի, Ռենոյի, Աղդաշլուի և Խիմենես-Կաչոյի ընտրությունը կատարվել է մինչև սեպտեմբեր[24]։
Էսրաիլյանը նշել է, որ ֆիլմի հիմքում օգտագործել է ընկած է ռոմանտիկ սյուժե, որպեսզի «հին ժամանակների սիրային պատմությունների» հիշատակմամբ ֆիլմի թեմային անծանոթ հանդիսատեսին խորասուզի սյուժեի մեջ[25]՝ հուսալով խուսափել ֆիլմը զուտ «պատմության դաս» ներկայացնելուց։ Էսրայիլյանը հայտարարել է, որ ինքն ավելի քիչ դժվարությունների կբախվեր, եթե ստեղծեր մի ֆիլմ, որն «ուղղակիորեն անդրադառնում է հայոց ցեղասպանության պատմությանը», բայց այնուամենայնիվ նախընտրեց ֆիլմում օգտագործել սիրային ռոմանտիկ տեսանկյունը[25]։
Ջորջը նախապատրաստվել էր ֆիլմին՝ կարդալով Հայ Գողգոթանը, որտեղ խոսվում է ցեղասպանության ծավալների և հայերի գոյատևման պայքարի մասին, և «Բոցավառվող Տիգրիսը», որում տեղ են գտել ցեղասպանությունը փաստող ու մեկնաբանող լրագրողների հոդվածները։ Ջորջն ասել է, որ ինքը դիտավորյալ օգտագործել է 1970-ականների ֆիլմարտադրության ոճը, և որ նա մտադիր էր հասնել հանդիսատեսի այնպիսի մեկնաբանություններին, ինչպիսիք առաջացան իր նախորդ արտադրությունների ժամանակ․ արդյո՞ք «Ռուանդա հյուրանոցը» բեմադրվելու է Պեորիայում։ Արդյո՞ք դա հասկանալի կլինի։ Արդյո՞ք դա բավականաչափ պահանջարկ ունի[8]։ George also stated that he extensively Կաղապար:Wikt-lang historical details to ensure they reflected what happened in reality.[8] Ջորջը նաև հայտարարել է, որ ինքը լայնորեն ուսումնասիրում ու ստուգում էր պատմական մանրամասները՝ համոզվելու համար, որ դրանք արտացոլում և արտահայտում են այն, ինչ տեղի է ունեցել իրականում[8]։ Քրաուն հայտարարել է, որ ֆիլմն իրեն հիշեցնում է Դեյվիդ Լինի արտադրություններին և Էսրաիլյանն ի պատասխան ասել է, որ ֆիլմարտադրողական անձնակազմը քննարկել է նկարահանման այդ ոճը[25]։
Ջորջը նախընտրեց ֆիլմը նկարահանել անգլերենով որպես ամենահարմար տարբերակ, որովհետև, իր կարծիքով, հանդիսատեսին ահագին կշփոթեցներ ֆիլմի ընթացքում մի քանի լեզուներ լսելը։ Ֆիլմի եզրափակիչ կենացի տեսարանը նկարահանված է հայերեն[8]։
Նկարահանումներ
խմբագրելՆկարահանումները սկսվել են 2015 թվականի աշնանը Պորտուգալիայում, Մալթայում և Իսպանիայում[26]։ Նկարահանումների ավարտը նախատեսված էր մինչև դեկտեմբեր[24]։
Նկարահանումները Պորտուգալիայում հիմնականում ընթացել են Լիսաբոնի բնության պատմության և գիտության ազգային թանգարանում, Լիսաբոնի հյուրընկալության և զբոսաշրջության դպրոցում։ Նկարահանման այս վայրերում է իրականացվել նաև քասթինգը ֆիլմի երրորդ կարգի դերասանների համար։ Նկարահանման վայրերն Իսպանիայում ընդգրկում էին Կանարյան կղզիները[27]։
Ընդհանուր ֆիլմարտադրությունը տևել է յոթանասուն օր[8]։ Նկարահանումները վերսկսվել են Նյու Յորքում 2016 թվականի մայիսին, և ավարտին հասան հունիսի սկզբին[28]։ Ջո Բերլիգերը՝ "Intent to Destroy" վավերագրական ֆիլմի ռեժիսորը, ընդգրկվել է «Խոստում»-ի նկարահանող խմբի անձնակազմ՝ իր սեփական վավերագրական ֆիլմը նկարելու համար[22]։ Ջորջը նշել է, որ երկու ամիս հետազոտություն է անցկացրել՝ համեմատելով օսմանյան ժամանակաշրջանի Թուրքիայի լուսանկարները և նկարահանման հնարավոր վայրերը, որպեսզի համապատասխան ընտրություն կատարի[8]։
Նկարահանումների ընթացքում ձեռնարկվել են անվտանգության միջոցառումներ՝ Հայոց ցեղասպանության շուրջ քաղաքական զգայունությունից ելնելով։ Նույն պատճառով պրոդյուսերները նկարահանումների ընթացքում աշխատանքների ընթացքը չեն հանրայնացրել։ Անվտանգության խնդիրների հետ կապված Բերլինգերը հայտարարել է. «Այդ առումով շատ բան չափազանցված է. ես կարծում եմ, որ մենք պատմական սպանություններից անցել ենք թվային սպանությունների։ Բայց մենք բոլորս էլ անվտանգության առումով ունեինք այդ քողարկված վախը»[22]։
Ըստ Խիմենես Կաչոյի, թուրքական արտաքին գործերի ծառայության դեսպաններից մեկը կապնվել է իր հետ և հայտնել թուրքական կառավարության դիրքորոշումն այն մասին, որ Հայոց ցեղասպանության ընթացքում կատարված սպանությունները ցեղասպանություն չեն համարվում. նրա արած հայտարարությունները տեղ են Intent to Destroy վավերագրական ֆիլմում[22]։
Ֆիլմի պրոդյուսերները դիտավորյալ կատարել են ֆիլմի վերջնական կրճատում՝ նպատակ ունենալով համապատասխանեցնել այն Ամերիկյան կինոասոցիացիայի վարկանիշների համակարգին, ֆիլմի տարիքային սահմանափակումը դարձնել PG-13[29], որպեսզի հանդիսատեսի շարքում լինեն նաև դեռահասներ և երեխաներ[8]։ Ֆիլմարտադրողները դա արեցին՝ հեռացնելով այն տեսարանները, որոնց առկայության դեպքում ֆիլմի տարիքային սահմանափակումը կլիներ «R»՝ միայն չափահասների համար[29]։ Հատկապես ֆիլմից դուրս մնացին այն դրվագները, որտեղ ցուցադրվում էր բռնություն[8]։ Ֆիլմի մի տեսարան ներկայացնում էր Ալան Քուրդիի մահը, որը փախչում էր Մերձավոր Արևելքից Եվրոպա։ Տեսարանը միտված էր ընդգծելու զուգահեռները Հայոց ցեղասպանությունից փախած հայերի և ժամանակակից փախստականների միջև, ինչպիսին Ալան Քուրդին էր[30]։
Ցուցադրությունը
խմբագրելՖիլմի պրեմիերան տեղի է ունեցել 2016 թվականի Տորոնտոյի միջազգային կինոփառատոնի շրջանակում սեպտեմբերի 11-ին[31]։ Ֆիլմի առաջին երեք հանրային ցուցադրություններին ընդհանուր առմամբ մասնակցել են հազարավոր հանդիսատեսներ[22]։ Ջորջը հայտարարել է, որ ֆիլմի թատերական տարբերակը «ըստ էության նույն ֆիլմն էր», բայց աննշան փոփոխություններով և փոքր-ինչ կրճատված[8]։
2016 թվականի դեկտեմբերին "Open Road Films" ընկերությունը ձեռք բերեց ֆիլմը ԱՄՆ-ում ցուցադրելու հեղինակային իրավունքները[29] և ֆիլմի պրեմիերայի օր նշանակեց 2017 թվականի ապրիլի 28-ը[32]։ Էսրայիլյանը հայտարարել է, որ դժվարություններ էին առաջացել ԱՄՆ-ում ֆիլմի ցուցադրությամբ զբաղվող ընկերություն գտնելու գործում, քանի որ Թուրքիան, սովորույթի համաձայն, գործողություններ է ձեռնարկում Հայոց ցեղասպանության մասին ֆիլմեր արտադրող ընկերությունների դեմ[29]։
ԱՄՆ-ում ֆիլմի պրեմիերայի օրը հետագայում փոխվեց 2017 թվականի ապրիլի 21-ին[32]։ Պատճառն այն էր, որ թողարկման վերջնական ամսաթիվը պետք է համընկներ Հայոց ցեղասպանության մեկնարկի օրվա՝ ապրիլի 24-ի նույն շաբաթվա հետ[22]։ Ֆիլմը ցուցադրվեց շուրջ 2000 կինոթատրոններում[33]։ Զոհրաբ Մնացականյանը, ով այն ժամանակ ՄԱԿ-ում Հայաստանի կառավարության ներկայացուցիչն էր, իր աջակցությունը տրամադրեց Նյու Յորքում ֆիլմի պրեմիերային[29]։
Մինչև ապրիլի 21-ը, ֆիլմը ցուցադրվել է նաև Միացյալ Նահանգներից դուրս այլ երկրներում՝ գլխավորապես հայ, ասորի և հույն սփյուռքի համայնքների համար[29]։ Ջորջն ասել է, որ «Open Road-ը, անշուշտ, տեսնում է հայերին որպես իր հիմնական հանդիաստեսը՝ Box Office-ում ֆիլմի շահութային բյուջե ունենալու համար»[8]։ Մեկ այլ ցուցադրություն տեղի է ունեցել Վատիկանում[34]։ Ընկերությունը, սակայն, նպատակ չի ունեցել ֆիլմը ցուցադրել Թուրքիայում[22]։
Box office
խմբագրել«Խոստումը» հավաքել է շուրջ 8,2 միլիոն դոլար ԱՄՆ-ում և Կանադայում և 4,2 միլիոն՝ այլ տարածքներում։ Ֆիլմի ընդհանուր շահույթը կազմում է 12,4 միլիոն դոլար՝ ծախսված 90 միլիոն դոլար ֆիլմարտադրության բյուջեի դիմաց։ Deadline Hollywood-ը հաշվարկել է, որ ֆիլմը արտադրող ընկերությունը կորցրել է շուրջ 102,1 միլիոն դոլար՝ հաշվի առնելով բոլոր ծախսերն ու եկամուտները[35]։
Միացյալ Նահանգներում և Կանադայում «Խոստումը» ցուցադրվել է «Անմոռանալի», «Ծնված Չինաստանում», «Փոխհրաձգություն» և «Մոռացված փյունիկ» ֆիլմերի հետ միասին, և կանխատեսվում էր, որ դրա պրեմիերայի շաբաթավերջին 2251 կինոթատրոնից կհավաքի մոտ 5 միլիոն դոլար շահութային բյուջե[36]։ Այն հավաքեց 4,1 միլիոն դոլար՝ Box office-ում զբաղեցնելով 9-րդ հորիզոնականը։ Deadline Hollywood-ը նման ցածր արդյունքները բացատրել է քննադատների աջակցության բացակայությամբ, և մասնավորապես այն հանգամանքով, որ ֆիլմի ցուցադրությունը տեղի ունեցավ գարնանը՝ համընկնելով Հայոց ցեղասպանության տարելիցի հետ, այլ ոչ թե աշնանը՝ մրցանակաբաշխության ժամանակ[37]։
Open Road-ի մարքեթինգի նախագահ Ջոնաթան Հելֆգոտը հայտարարել է, որ ֆիլմի նպատակը զուտ շահույթի հետ կապված չէր՝ ասելով. «Մինչ մենք, անշուշտ, հույս ունեինք շահութային ավելի լավ արդյունք ստանալ, ֆիլմի նպատակն էր աշխարհի ուշադրությունը հրավիրել Հայոց ցեղասպանության հիմնահարցին։ Եվ տեսնելով խնդրի վերաբերյալ զրույցների քանակը՝ հաստատապես վերջին երկու շաբաթվա ընթացքում այն ավելի շատ ուշադրություն և արձագանք է ստացել, քան վերջին հարյուր տարիներին՝ սկսած կոտորածի դեպքերի մեկնարկից»[38]։ Պրոդյուսերները նշել են, որ մտադիր են ֆիլմից ստաց��ած շահույթը տրամադրել բարեգործական կազմակերպություններին[33]։
The Hollywood Reporter-ից Ֆրենք Շեքը ֆիլմը բնութագրել է որպես «Box office-ի աղետ», որը «ժայռի պես խորտակվել է՝ գրավելով քննադատների ուշադրությունը, սակայն ենթարկվել անտեսման»[39]։
Քննադատություններ
խմբագրելԿինոքննադատման կայքում՝ Rotten Tomatoes-ում ֆիլմն ունի 51% հավանության վարկանիշ՝ հիմնված կինոքննադատների 161 կարծիքի վրա, միջին գնահատականը՝ 5,7/10: Կայքի քննադատական կարծիքներից մեկում ասվում է. «Խոստումը վատնում է դերասանական կազմի ջանքերն ու իրական կյանքի հզոր իրադարձության պատմությունը՝ սահմանափակվելով զուտ սիրային եռանկյունու շուրջ, որը հիասթափեցնող կերպով չի կարողանում ընդգրկվել ֆիլմի թեմայի մեջ»[40]։ Metacritic-ում ֆիլմն ունի 49 միավոր հնարավոր 100-ից՝ հիմնված 30 քննադատական կարծիքների վրա, որոնք հիմնականում արտահայտում են «միջին կամ ընդհանրական կարծիք»[41]։CinemaScore կայքում հանդիսատեսը ֆիլմը գնահատել է միջինում «A−» ցուցանիշով՝ «A+»-ից «F» սանդղակում[42]։
The Guardian ամսագրից Բենջամին Լին ֆիլմը գնահատել է երեք աստղ՝ հինգ աստղանի սանդղակում[43]։ Chicago Sun-Times-ից Ռիչարդ Ռոփերը ֆիլմին տվել է 4 աստղից 3-ը՝ ասելով. «Խոստումն արտացոլում է պատերազմական մի գեղեցիկ սիրավեպ, բայց միաժամանակ ուշադրություն է հրավիրում վայրագություններով լի պատերազմի վրա՝ ընդգծված Այզեքի և Բեյլի՝ իրենց սերնդի լավագույն դերասաններից երկուսի հզոր խաղով»[44]։
Սարաֆյանը բարձր է գնահատել «Խոստումը»՝ իր պատմական ճշգրտության համար։ «Հիմնական արծարծվող թեմաները պատմականորեն ճշգրիտ էին», - նշել է նա։ «Չնայած պրոդյուսերներն արտոնություն չունեին ձեռքի տակ եղած պատմական նյութից այն կողմ պատմությունն ուսումնասիրելու, սակայն նրանց հաջողվել է խորանալ Հայոց ցեղասպանությանը վերաբերող ահռելի թեմայի մեծ մասի մեջ»[11]։ Սարաֆյանը նաև գովաբանել է ռեժիսոր Թերի Ջորջին՝ պատմության «ճշգրիտ կշռադատման» զգացողության համար[45]։
«Հայկական լրատու» շաբաթաթերթից Հարութ Քասաբյանն ասել է, որ ֆիլմը կօգնի աշխարհում տարածել ու հանրաճանաչ դարձնել ցեղասպանության թողած այն ցավն ու հետքը, որն այսքան տարիներ կրում և զգում են հայերը. «Հանդիսատեսի և հերոսների միջև ձևավորված զգացական կապն օգնում է խորացնել հանդիսատեսի մոտ առաջացած կարեկցանքը»[46]։
Ֆիլմը դրական արձագանք է ստացել բազմաթիվ հայտնիների կողմից, ի դեմս՝ ամերիկահայ Քիմ Քարդաշյանի[22] և Reddit կայքի համահիմնադիր Ալեքսիս Օհանյանի[47]։
The Daily Beast լրատվական կայքից Մայքլ Դեյլին ի հակադրություն «Խոստում»-ի ներկայացրել է «Օսմանյան լեյտենանտը»․ ֆիլմ, որն ստանում է աջակցություն թուրքերի կողմից, և, ըստ Մայքլի՝ արտահայտում է Հայոց ցեղասպանության մասին խեղաթյուրված տեսակետ[48]։ «Նյու Յորք Թայմս» ամսագրից Կարա Բաքլին գրել է, որ շնորհիվ սյուժետային որոշ կետերի նմանության, Օսմանյան լեյտենանտը «որոշակի զուգահեռներ» ունի «Խոստում»-ի հետ[22]։
Ֆորդհեմի համալսարանի Ուղղափառ քրիստոնեական հետազոտությունների կենտրոնից Քրիստոֆեր Հ. Զաքյանը վերլուծել է ֆիլմի ավարտը։ Զաքյանը նշում է, որ քանի որ վերջաբանը ցույց չի տալիս՝ արդյոք Միքայելը նոր սիրեցյալ է գտել, թե ոչ, դա հուշում է, որ նա կենտրոնացել է Եվային մեծացնելու վրա և հետևաբար հավատարիմ է մնացել սեփական ցանկությունները հանուն երեխաների՝ հաջորդ սերնդի բարեկեցության զոհաբերելու հայկական արժեքներին[49]։ Ավելին, Զաքյանը գրել է, որ Աննայի զոհաբերությունները երեխաներին փրկելու գործում արտահայտում է աստվածաշնչյան այն միտքը, որը շարադրված է Մատթեոսի ավետարանում՝ գլուխ 18.6-ում. «Ավելի լավ է վզից մի մեծ ջրաղացքար ամրացնել և խեղդվել ծովի խորքերում», քան երեխային վնաս պատճառել[49]։
IMDb-ի նախնական քվեարկության հակասություններ
խմբագրել2016 թվականի հոկտեմբերի վերջին, երբ դեռևս տեղի չէր ունեցել ֆիլմի պաշտոնական պրեմիերան և միայն սույն թվականի սեպտեմբերին Տորոնտոյի միջազգային կինոփառատոնում փոքր հանդիսատեսի համար նախատեսված երեք նախնական ցուցադրություններ էին անցկացվել, IMDb-ն գրանցել էր «Խոստումը» ֆիլմի ավելի քան 86,000 գնահատական, որոնցից 55,126-ը՝ մեկ աստղանի և դրանցից 30,639-ը 10 աստղանի էին․ դրանց միջև շատ քչերն էին տատանվում վարկանիշային միջին գնահատականներով։ Գնահատականների մեծ մասը տրվել էր ԱՄՆ-ից դուրս բնակվող արական սեռի ներկայացուցիչների կողմից։ Նոյեմբերի կեսերին ընդհանուր ձայների քանակաը կազմում էր ավելի քան 91,000 ձայն, որոնցից 57,000-ը մեկաստղանի ցուցանիշով։ Մեկնաբանները եզրակացրին, որ քվեարկությունները հիմնականում արվել են այն մարդկանց կողմից, ովքեր, հնարավոր է անգամ ֆիլմը չեն դիտել։ Եվ ֆիլմը մեկ աստղ գնահատելու գործընթացը Հայոց ցեղասպանությունը ժխտողների կողմից կազմակերպված արշավի մի մասն է եղել՝ ուղղված ֆիլմի վարկանիշն իջեցնելուն։ Դրան անմիջապես հետևել է ֆիլմի վարկանիշը բարձրացնելու հայերի նախաձեռնությունը[50][51][52][53]։ Ֆիլմի վարկանիշի կեղծ ցուցանիշների դեմ պայքարում լայն շրջանակների ներգրավվածությունը մեծ հայտնիություն ստացավ, հատկապես Հարվարդի ուսանող Մայքլ Հեի տեսանյութը, որը հավաքեց շուրջ 300,000 դիտում[54]։ Ֆիլմի Ամերիկյան պրեմիերայի շրջանում «Խոստում»-ի IMDb վարկանիշը քվեարկած 129241 ձայնի արդյունքում 5,5/10- էր, իսկ 2023 թվականի նոյեմբերի 22-ի դրությամբ ֆիլմի IMDb վարկանիշը 6,1/10-է՝ հիմնված 178,000 ձայնի վրա[55]։
Պարգևներ
խմբագրել2017 թվականին Թերի Ջորջը ստացել է Արմին Տ. Վեգների մարդասիրական մրցանակը՝ ի պատիվ ցեղասպանությունների թեմաներն արծարծող իր ֆիլմերի, ի դեմս՝ «Խոստում»-ի։ Բացի այդ, նրան նվիրել են խաչքար՝ պատրաստված Հրաչ Ղուկասյանի կողմից և պատվիրված «Արփա» միջազգային կինոփառատոնի և մրցանակաբաշխության գալայի կողմից՝ հայկական ոճի նախշերով և կելտական խաչի տեսքով՝ ի պատիվ Ջորջի իռլանդական ծագման[56]։
Տարի | Պարգև | Անվանակարգ | Թեկնածու | Արդյունք |
---|---|---|---|---|
2017 | Հոլիվուդյան երաժշտությունը մեդիայում մրցանակաբաշխություն[57] | Լավագույն հեղինակային երգ գեղարվեստական ֆիլմում | "The Promise" (Կատարող՝ Քրիս Քորնել) |
Առաջադրված |
2018 | Գրեմմի մրցանակաբաշխություն[58] | Լավագույն ռոք կատարում | ||
Satellite մրցանակաբաշխություն[59] | Լավագույն հեղինակային երգ | |||
Movieguide մրցանակաբաշխություն[60] | Լավագույն ֆիլմ մեծահասակ հանդիսատեսի համար | «Խոստումը» | ||
2017 թվականի ամենաոգեշնչող ֆիլմը | ||||
Հավատքի և ազատության մրցանակ | ||||
Ամենաոգեշնչող կատարումը | Օսկար Այզեք |
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 http://www.imdb.com/title/tt4776998/
- ↑ Internet Movie Database — 1990.
- ↑ http://nmhh.hu/dokumentum/198182/terjesztett_filmalkotasok_art_filmek_nyilvantartasa.xlsx
- ↑ «Հայոց ցեղասպանության մասին պատմող «Խոստումը» ֆիլմը մեծ էկրաններին կհայտնվի այս տարվա դեկտեմբերին». Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 3-ին.
- ↑ «Հայոց ցեղասպանության մասին պատմող «Խոստումը» ֆիլմը մեծ էկրանին կլինի դեկտեմբերին». www.panorama.am. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 3-ին.
- ↑ «Տորոնտոյի կինոփառատոնում կցուցադրվի Հայոց ցեղասպանության մասին «Խոստումը» ֆիլմը». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 22-ին. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 3-ին.
- ↑ ««Խոստումի» համաշխարհային պրեմիերան». Կինոաշխարհ. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ նոյեմբերի 10-ին. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 18-ին.
- ↑ 8,00 8,01 8,02 8,03 8,04 8,05 8,06 8,07 8,08 8,09 8,10 8,11 8,12 8,13 8,14 8,15 8,16 Boghosian, Paul T. (2017 թ․ ապրիլի 20). «Director Terry George Speaks about 'The Promise'». Armenian Mirror-Spectator. Վերցված է 2019 թ․ հունիսի 8-ին.
- ↑ Willingham, A. J. (2017 թ․ մայիսի 18). «Chris Cornell ended the last performance of his life with a song about death». CNN (անգլերեն). Վերցված է 2023 թ․ հ��ւնվարի 19-ին.
- ↑ https://www.armeniansgenocide-am.armin.am/am/Encyclopedia_Of_armenian_genocide_Musa_leran_herosamart_1915
- ↑ 11,0 11,1 11,2 11,3 Shakarian, Pietro A. (2016 թ․ հոկտեմբերի 13). «The Armenian Genocide Finally Gets Its Due With the Film 'The Promise'». The Nation. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ փետրվարի 18-ին. Վերցված է 2023 թ․ նոյեմբերի 19-ին.
- ↑ Coyle, Jake (2017 թ․ ապրիլի 17). «In 'The Promise,' Christian Bale stars as an AP reporter». Associated Press. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ ապրիլի 24-ին. Վերցված է 2019 թ․ հուլիսի 3-ին.
- ↑ Christian Bale And Oscar Isaac Will Star In An Epic Love Story The Promise
- ↑ «PanARMENIAN.Net - Mobile». panarmenian.net. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 3-ին.
- ↑ James Cromwell, Jean Reno Join Christian Bale’s ‘The Promise’
- ↑ «PanARMENIAN.Net - Mobile». panarmenian.net. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 3-ին.
- ↑ ««Խոստումը» հայաստանյան էկրաններին կլինի հայերեն կրկնօրինակմամբ». YouTube.
- ↑ McKittrick, Christopher (2017 թ․ մայիսի 24). «Filmmaking is a Marathon: Robin Swicord on Wakefield». Creative Screenwriting.
- ↑ 19,0 19,1 Pasha, Imad (2017 թ․ ապրիլի 17). «How 'The Promise' brings historical atrocity to big screen: An interview with producer Eric Esrailian». The Daily Californian. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հունվարի 11-ին. Վերցված է 2019 թ․ հունիսի 11-ին. «"In public health, you learn more about communities and populations and how to help people on that level," he said.»
- ↑ Fleming, Mike Jr. (2016 թ․ սեպտեմբերի 11). «'Hotel Rwanda's Terry George Looks At Armenian Genocide With 'The Promise': Toronto Q&A». Deadline Hollywood. Վերցված է 2019 թ․ հունիսի 10-ին.
- ↑ Galuppo, Mia; Jarvey, Natalie (2017 թ․ ապրիլի 17). «Hollywood Is Losing the Battle Against Online Trolls». The Hollywood Reporter. Վերցված է 2019 թ․ մայիսի 14-ին.
- ↑ 22,0 22,1 22,2 22,3 22,4 22,5 22,6 22,7 22,8 Buckley, Cara (2017 թ․ ապրիլի 20). «Battle Over Two Films Represents Turkey's Quest to Control a Narrative». The New York Times. Վերցված է 2019 թ․ մայիսի 13-ին. «"The Promise," [...] was unfettered by studio pressures. The film's financier was Kirk Kerkorian,»
- ↑ McNary, Dave (2015 թ․ հունիսի 15). «Christian Bale, Oscar Isaac to Star in Romance 'The Promise'». Variety. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 14-ին.
- ↑ 24,0 24,1 McNary, Dave (2015 թ․ սեպտեմբերի 30). «James Cromwell, Jean Reno Join Christian Bale's 'The Promise'». Variety. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 14-ին.
- ↑ 25,0 25,1 25,2 Crow, David (2017 թ․ ապրիլի 21). «The Promise: Eric Esrailian on How the Movie is only the Beginning». Den of Geek!. Վերցված է 2019 թ․ հունիսի 12-ին.
- ↑ «Survival Pictures | The Promise». www.survivalpictures.org. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 8-ին.
- ↑ «Christian Bale to film movie in Lisbon's Natural History Museum». The Portugal News. 2015 թ․ օգոստոսի 27. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 20-ին.
- ↑ [1](չաշխատող հղում)
- ↑ 29,0 29,1 29,2 29,3 29,4 29,5 Lee, Ashley; Rebecca Ford (2017 թ․ ապրիլի 14). «'The Promise': Can Armenian Genocide Drama Bring Charity Success?». The Hollywood Reporter. Վերցված է 2019 թ․ մայիսի 15-ին.
- ↑ Kaye, Don (2017 թ․ ապրիլի 22). «Director Terry George: Why The Promise is Relevant Now». Den of Geek. Վերցված է 2021 թ․ ապրիլի 24-ին. «[...] George told us that the sequence — which takes up the final third of the movie — was eerily paralleled by events happening in the real world. [...] It was to the point where that little Kurdish Syrian boy who washed up dead on the beach in Greece, I recreated that.[...]»
- ↑ «'Hotel Rwanda' Director Revisits Historic Tragedy in 'The Promise'». Voice of America. 2016 թ․ սեպտեմբերի 12. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 14-ին.
- ↑ 32,0 32,1 Busch, Anita; Hipes, Patrick (2016 թ․ դեկտեմբերի 9). «Terry George's 'The Promise' Lands At Open Road, Gets April Release Date». Deadline Hollywood. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 9-ին.
- ↑ 33,0 33,1 Ritman, Alex; Mia Galuppo (2017 թ․ ապրիլի 21). «'The Promise' vs. 'The Ottoman Lieutenant': Two Movies Battle Over the Armenian Genocide». The Hollywood Reporter. Վերցված է 2019 թ․ մայիսի 15-ին.
- ↑ Galuppo, Mia (2017 թ․ ապրիլի 6). «Armenian Genocide Drama 'The Promise' Screens at the Vatican». The Hollywood Reporter. Վերցված է 2019 թ․ մայիսի 15-ին.
- ↑ D'Alessandro, Anthony (2018 թ․ մարտի 29). «What Were The Biggest Bombs At The 2017 B.O.? Deadline's Most Valuable Blockbuster Tournament». Deadline Hollywood. Վերցված է 2018 թ․ մարտի 29-ին.
- ↑ «Box Office: 'Unforgettable' to Get Burned by 'Fate of the Furious'». Variety. 2017 թ․ ապրիլի 19.
- ↑ «'Fate Of The Furious' Drives Five Wide Releases Off The Road With $38.6M Second Weekend». Deadline Hollywood. 2017 թ․ ապրիլի 23.
- ↑ «'Fate of the Furious' Stays on Top; 'Unforgettable,' 'The Promise' Bomb». Reuters. 2017 թ․ ապրիլի 23. Վերցված է 2017 թ․ մայիսի 20-ին.
- ↑ Scheck, Frank (2018 թ․ նոյեմբերի 8). «'Intent to Destroy': Film Review». The Hollywood Reporter. Վերցված է 2019 թ․ հուլիսի 3-ին.
- ↑ «The Promise (2016)». Rotten Tomatoes. Վերցված է 2022 թ․ օգոստոսի 30-ին.
- ↑ «The Promise reviews». Metacritic. CBS Interactive. Վերցված է 2020 թ․ ապրիլի 1-ին.
- ↑ «PROMISE, THE (2017) A-». CinemaScore. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ դեկտեմբերի 20-ին.
- ↑ Lee, Benjamin (2016 թ․ սեպտեմբերի 13). «The Promise review – Oscar Isaac tackles Armenian genocide in clichéd but involving romance». The Guardian.
- ↑ Roeper, Richard (2017 թ․ ապրիլի 20). «'The Promise': Bale, Isaac strong in sometimes corny romance». Chicago Sun-Times.
- ↑ Sarafian, Ara (2017 թ․ ապրիլի 15). «The Promise: A Preemptive Sensible Discussion». Gomidas Institute.
- ↑ Kassabian, Harout. (2016 թ․ սեպտեմբերի 13). «Kerkorian's Legacy Project 'The Promise' Premieres at the Toronto International Film Festival». The Armenian Weekly.
- ↑ Ghazanchyan, Siranush (2017 թ․ ապրիլի 13). «Alexis Ohanian attends LA screening of 'The Promise' with grandfather». Public Radio of Armenia. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հունիսի 11-ին. Վերցված է 2019 թ․ հունիսի 12-ին.
- ↑ «Hollywood's New Armenian Genocide Denial Epic». The Daily Beast. 2017 թ․ ապրիլի 15. Վերցված է 2019 թ․ մայիսի 13-ին.
- ↑ 49,0 49,1 Zakian, Christopher H. (2017 թ․ մայիսի 11). «The Promise Behind "The Promise"». Public Orthodoxy. Orthodox Christian Studies Center of Fordham University. Վերցված է 2019 թ․ մայիսի 17-ին.
- ↑ «Armenian Genocide film gets 86,704 IMDb ratings off three screenings». Independent.co.uk. 2016 թ․ հոկտեմբերի 25. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ հունիսի 18-ին. Վերցված է 2018 թ․ հունվարի 1-ին.
- ↑ Busch, Anita (2016 թ․ սեպտեմբերի 15). «Kirk Kerkorian's Legacy: A Mainstream Feature About The Armenian Genocide». Deadline (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 9-ին.
- ↑ Flows, Capital. «Genocide Denial Goes Viral: 'The Promise' And The IMDB». Forbes. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 9-ին.
- ↑ Raftery, Brian (2016 թ․ սեպտեմբերի 14). «IMDb Voters Are Tanking Indies Before They're Even Released». WIRED. Վերցված է 2017 թ․ մարտի 9-ին.
- ↑ Hairenik (2017 թ․ ապրիլի 28). «Getting to Know Michael He: The 'Armenia Enthusiast'». The Armenian Weekly. Վերցված է 2017 թ․ մայիսի 1-ին.
- ↑ 4776998/ «Խոստումը (ֆիլմ, 2016)»(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում
- ↑ «Twentieth Arpa International Film Festival Celebration Wraps with Emotional Tributes». Armenian Weekly. 2017 թ․ նոյեմբերի 9. Վերցված է 2019 թ․ հունիսի 23-ին.
- ↑ «Hollywood Music in Media Awards: Full List of Winners». The Hollywood Reporter. 2018 թ․ նոյեմբերի 15. Վերցված է 2019 թ․ հուլիսի 29-ին.
- ↑ «60th GRAMMY Awards: Full Nominees List». The Recording Academy. 2017 թ․ նոյեմբերի 28. Վերցված է 2019 թ․ հուլիսի 29-ին.
- ↑ «'Dunkirk,' 'The Shape of Water' Lead Satellite Award Nominations». TheWrap. 2017 թ․ նոյեմբերի 29. Վերցված է 2019 թ․ հուլիսի 29-ին.
- ↑ «2018 Movieguide Awards Nominations». Movieguide Awards. 2018 թ․ հունվարի 17. Վերցված է 2019 թ․ հուլիսի 29-ին.
Արտաքին հղումներ
խմբագրել- Ֆիլմը Տորոնտոյի միջազգային կինոփառատոնի կայքում
- Հայոց ցեղասպանության մասին պատմող հոլիվուդյան «Խոստումը» դրաման կարող է հավակնել «Օսկարի»
- «Խոստումը (ֆիլմ, 2016)»(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում