Խոշտանգումներից և նվաստացնող վերաբերմունքից զերծ մնալու իրավունք

Խոշտանգում, որևէ անձի կողմից մեկ այլ անձի դիտավորյալ շատ լուրջ և դաժան տառապանքներ (ֆիզիկական և հոգեկան) պատճառելը։ Դա իրականացվում է որևէ մեկին պատժելու, վախեցնելու կամ տեղեկատվություն ստանալու նպատակով[1]։

Նվաստացնող վերաբերմունքը ծայրաստիճան ստորացուցիչ և անպարկեշտ վերաբերմունքն է։ Որպեսզի վերաբերմունքը համարվի նվաստացնող, անհրաժեշտ է հաշվի առնել մի շարք գործոններ։ Այդ գործոններին են պատկանում վերաբերմունքի տևողությունը, դրա ֆիզիկական և մտավոր ազդեցությունը, զոհի սեռը, տարիքը, խոցելիությունը և առողջությունը։ Այս հայեցակարգը հիմնված է արժանապատվության սկզբունքի վրա, որը բոլոր մարդկանց բնածին արժեքն ու իրավունքների և ազատությունների անքակտելի հիմքն է[1]։

Խոշտանգումներից և նվաստացնող վերաբերմունքից զերծ մնալու իրավունքը ամրագրող փաստաթղթերը

խմբագրել

Խոշտանգումներից և նվաստացնող վերաբերմունքից զերծ մնալու իրավունքը մարդու ազատության և անձեռնմխելիության իրավունքների երաշխիքներից մեկն է։ Խոշտանգման, անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի արգելքը ամրագրված է ՀՀ Սահմանադրության 26-րդ հոդվածում, որտեղ նշվում է, որ

  1. Ոչ ոք չի կարող ենթարկվել խոշտանգման, անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի։
  2. Մարմնական պատիժներն արգելվում են։
  3. Ազատությունից զրկված անձինք ունեն մարդասիրական վերաբերմունքի իրավունք։

Խոշտանգումների ցանկացած դրսևորում արգելվում է նաև «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» Եվրոպական կոնվենցիայով, «Քաղաքացիական և քաղաքական իրավունքների» միջազգային դաշնագրով։ «Խոշտանգումների կամ անմարդկային և նվաստացնեող վերաբերմունքի արգելման կամ պատժի մասին» եվրոպական կոնվենցիան, որը ընդունվել է 1987 թ.-ին, միանգամայն նոր մոտեցում է ձևավորում մարդու իրավունքների միջազգային պաշտպանության խնդրի շուրջ։ Նոր մոտեցման կարևորագույն կետերց մեկն այն է, որ, ըստ Կոնվենցիայի, անդամ պետությունները պարտավոր են ցանկացած ժամանակ թույլատրել անկախ փորձագետներին այցելելու այն վայրեր, որտեղ պետական իշխանության մարմինների կողմից մարդիկ հարկադրաբար զրկված են ազատությունից (2 հոդվ.)[2]: Իսկ ըստ ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի կողմից 1984թ.-ին ընդունված «Խոշտանգումների և այլ դաժան, անմարդկային և արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի ձևերի և պատժի մասին» կոնվենցիայի՝ անդամ պետությունները պարտավոր են հետապնդելու այն մարդկանց, ովքեր իրականացրել են անմարդկային, արժանապատվությունը նվաստացնող գործողություններ։ Անդամ երկրները պարտավորվում են նաև հատուցել տուժած անձանց պատճառված վնասները։ «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի անդամ պետություններում՝ համաձայն մարդկային արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի սահմանադրական արգելքի, ուսուցիչներին արգելվում է հանրակրթական դպրոցներում մարմնական պատժի ենթարկել աշակերտներին։ Այդպիսի արգելքներից է, օրինակ՝ քանոնով կամ ցուցափայտով աշակերտին հարվածելը, կամ որպես կարգապահական պատիժ սննդից օգտվելուց զրկելը[3]։

Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրում ամրագրված իրավունքներն ու ազատությունները միջազգային իրավունքների գիտության մեջ դասակարգվում են երեք խմբի (1.անձնական իրավունքներ ու ազատություններ, 2.քաղաքական իրավունքներ և ազատություններ, 3.տնտեսական, սոցիալական և մշակութային կյանքին վերաբերող իրավունքներ և ազատություններ), որտեղ առաջին խմբին է դասվում նաև խոշտանգումից կամ դաժան, անմարդկային, արժանապատվությունը նսեմացնող վերաբերմունքից ու պատժից զերծ մնալու իրավունքը (հոդվ. 7)[3][4]:

Խոշտանգումների դեմ կոմիտե

խմբագրել

Մարդու իրավունքների միջազգային պաշտպանության բնագավառում մեծ նշանակություն ունեն մարդու իրավունքների պաշտպանության կոնվենցիոն մեխանիզմները կամ մարմինները, որոնց թվին է դասվում նաև «Խոշտանգումների դեմ կոմիտեն»։

Խոշտանգումների դեմ կոմիտեն ստեղծվել է 1987թ.-ին «Խոշտանգումների, դաժան, անմարդկային և արժանապատվությունը նսեմացնող վերաբերմունքի և պատժի մասին» միջազգային կոնվենցիայի 17-րդ հոդվածին համապատասխան[2]։ Կոմիտեն բաղկացած է 10 փորձագետներից, որոնք մարդու իրավունքների բնագավառում ճանաչված հեղինակություններ են և ընտրվում են անդամ պետությունների կողմից ներկայացված թեկնածուների թվից՝ չորս տարի ժամկետով։ Կոմիտեն անմիջականորեն ստանում է ոչ կառավարչական և տարածաշրջանային միջկառավարական կազմակերպությունների կողմից տրված բողոքներն ու հաղորդագրությունները։ Հենց այս հանգամանքն էլ հանդիսանում է Կոմիտեի առանձնահատկությունը։ Կոմիտեն ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովին ամենաամյա զեկույց է ներկայացնում իր կողմից կատարված աշխատանքների մասին։ Կոմիտեի աշխատանքի կազմակերպման հիմնական ձևը անդամ պետությունների կողմից կոնվենցիայի դրույթների իրականացման վերաբերյալ զեկույցների քննարկումն է (հոդվ. 19)[2]: Ամեն չորս տարին մեկ անդամ պետությունները ներկայացնում են զեկույց Կոնվենցիայի դրույթների իրականացման վերաբերյալ, ինչը իրականացվում է ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի միջոցով[3]։

Ի տարբերություն մարդու իրավունքների միջազգային պաշտպանության բնագավառում գործող մյուս կոնվենցիոն մարմինների, Կոմիտեն խոշտանգումների, դաժան, անմարդկային, արժանապատվությունը նսեմացնող վերաբերմունքի կապակցությամբ անդամ պետությունների տարածքում, վերջիններիս համաձայնությամբ, կարող է նախաձեռնել սեփական հետաքննություն (արտագնա առաքելություն)։ Դա նպատակ ունի տեղում վկաներից ու ականատեսներից ցուցմունքներ վերցնել մարդու իրավունքների կոպիտ ոտնահարումների կապակցությամբ։ Իրականացվող գործընթացների արդյունքում Կոմիտեն տալիս է եզրակացություն, որն էլ ներկայացվում է համապատասխան իրավախախտ պետությանը[3]։

Խոշտանգումների զոհերին կամ նրանց ընտանիքների անդամներին մարդասիրական, իրավաբանական, նյութական օգնություն ցույց տալու նպատակով 1981թ.-ին ստեղծվել է խոշտանգումների զոհերի ՄԱԿ-ի բարի կամքի հիմնադրամը, որը գործում է ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի անմիջական ղեկավարության ներքո[3]։

Մարդու իրավունքների եվրոպական համակարգ

խմբագրել

Մարդու իրավունքների եվրոպական համակարգի մաս է հանդիսանում «Խոշտանգումների, դաժան, անմարդկային վերաբերմունքի և պատժի նախազգուշացման մասին» եվրոպական կոնվենցիայի համաձայն հիմնադրված Եվրոպական կոմիտեն, որի խնդիրները ունեն կանխարգելիչ բնույթ։ Ազատազրկվածների բողոքները ուսումնասիրելու նպատակով Կոմիտեի անդամները (առնվազն երկու հոգի) օգնականների և փորձագետների ուղեկցությամբ այցելում են ազատազրկման վայրեր։ Ըստ ստացված տեղեկության՝ մշակում են հանձնարարականներ, որոնք նպատակ ունեն առավել արդյունավետ դարձնել ազատազրկման դատապարտված անձանց իրավունքների պաշտպանությունը խոշտանգումներից, դաժան, անմարդկային և արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքից և պատժից։ Կոմիտեի անդամներին իրենց իրավասության շրջանակներում կարող են այցելել կոնվենցիայի անդամ պետության ցանկացած ազատազրկման վայր։ Նրանք նաև իրավունք ունեն իրենց հետաքրքրող ցանկացած ազատազրկված անձի վերաբերյալ հայթայթել և ներկայացնել անհրաժեշտ տեղեկատվություն[3]։

Մարդու իրավունքների ամերիկյան համակարգ

խմբագրել

Մարդու իրավունքների պաշտպանության ամերիկյան համակարգը միջազգային իրավական ակտերի և հռչակված իրավունքների ու ազատությունների քանակությամբ չի զիջում եվրոպական համակարգին։ Ամերիկյան պետությունների կազմակերպության կողմից մշակվել և ընդունվել են մի շարք համաձայնագրեր, որոնց թվում է նաև «Խոշտանգումների կանխարգելման և պատժի մասին» կոնվենցիան[3]։

Մարդու իրավունքների աֆրիկյան համակարգ

խմբագրել

Մարդու իրավունքների պաշտպանության աֆրիկյան համակարգում կարևոր նշանակություն ունի «Մարդու և ժողովուրդների իրավունքների մասին» աֆրիկյան խարտիան, որն ընդունվել է 1981թ.-ի հոկտեմբերի 21-ին Նայրոբիում ՝ Պետությունների գլուխների և կառավարությունների 18-րդ նստաշրջանում։ Այն ուժի մեջ է մտել 1986թ.-ի հոկտեմբերի 21-ին։ Աֆրիկյան պետությունները, ի տարբերություն ամերիկյան պետությունների, չկրկնօրինակեցին արդեն գոյություն ունեցող միջազգային համաձայնագրերի դրույթները։ Նրանք շարադրեցին մարդու իրավունքների իրենց սեփական տեսակետն ու փիլիսոփայությունը։ Վերջինիս հիմքը հանդիսանում են «ազատությունը, հավասարությունը, արդարությունը և արժանապատվությունը», որոնք աֆրիկացիների կողմից ավանդաբար համարվում էին կենսական ձգտումների հիմնական նպատակներ։ Ըստ Խարտիայի 5-րդ հոդվածի՝ յուրաքանչյուր ոք ունի անհատի արժանապատվության հարգման և իր օրինական կարգավիճակը ճանաչելու իրավունք[5]։ Մարդու շահագործման և նվաստացման բոլոր ձևերը, հատկապես խոշտանգումները, ստրկությունն ու ստրկավաճառությունը, դաժանությունը, անմարդկային և ստորացնող պատիժն ու վերաբերմունքը արգելված են[3]։

Միջազգային մարդասիարական իրավունքի կողմից մարդու իրավունքների պաշտպանությունը ունի որոշակի առանձնահատկություններ, քանի որ այն կապված է զինված ընդահարումների հետ։ Հատկանշականն այն է, որ միջազգային մարդասիրական իրավունքով պաշտպանվում են առանձին կատեգորիայի անձանց իրավունքներն ու ազատությունները։ Այդ կատեգորիայի անձանց խմբի մեջ են գործող բանակների վիրավորներն ու հիվանդները, ծովային և զինված ուժերում վիրավորները, հիվանդները և նավաբեկյալները, ռազմագերիները, քաղաքացիական բնակչությունը։ Ըստ Ժնևյան կոնվենցիայի ՝ նշված անձինք համարվում են հովանավորվող անձինք, որոնք պետք է օգտվեն հարգանքի և պաշտպանության իրավունքից։ Հիվանդների ու վիրավորների նկատմամբ արգելվում են կատարել հետևյալ գործողությունները.

  • սպանության ցանկացած ձև, ֆիզիկական տանջանքներ, դաժան վերաբերմունք, կտտանքներ և խոշտանգումներ,
  • գիտական և բժշկական փորձեր,
  • հյուսվածքների և մարմնի օրգանների հեռացում պատվաստման նպատակով,
  • պատանդ վերցնել,
  • մարդկային արժանապատվության դեմ ոտնձգություն, մասնավորապես, վիրավորական և ստորացուցիչ վերաբերմունք,
  • առանց համապատասխան կարգով ստեղծված դատարանի նախնական դատական որոշման և դատական երաշխիքների դատապարտում և պատժի կիրառում։

Վերոնշյալ գործողությունները արգելվում են՝ անկախ նրանից, թե հիվանդներն ու վիրավորները հակամարտող կողմերից որ մեկին են պատկանում[3]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 «Article 3: Freedom from torture and inhuman or degrading treatment». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ օգոստոսի 3-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 18-ին.
  2. 2,0 2,1 2,2 Convention against Torture and Other Cruel, Inhuman or Degrading Treatment or Punishment
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 3,6 3,7 3,8 [Այվազյան Վ., Մարդու իրավունքներ, Երրորդ լրամշակված հրատարակություն, ISBN 978-5-8084-1854-7, ԵՊՀ հրատ., Երևան, 2014]
  4. Universal Declaration of Human Rights
  5. «African Charter on Human and Peoples' Rights». Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ մայիսի 9-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 18-ին.

Արտաքին հղումներ

խմբագրել