Խաչատուր Գ Գաղատացի, Մինտերճի (ծն. թ. անհայտ, Գաղատ (Կոստանդնուպոլիսում) - մոտ 1679, Սիս (Կիլիկիա)), Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս՝ 1657 - 1674 թվականին։ Պատմագիտության մեջ անվանվել է նաև Սեբաստացի՝ սխալմամբ նույնացվելով ժամանակակից, Հալեպի հայոց թեմի առաջնորդ Խաչատուր վարդապետ Սեբասաացու հետ։ Գաղատացին հայտնի է եղել «Մինտերճի» մականունով։

Խաչատուր Գ Գաղատացի
Ծնվել էանհայտ[1]
ԾննդավայրԳալաթա[1]
Մահացել էմոտ 1679[1]
Մահվան վայրՍիս, Ադանայի մարզ, Թուրքիա[1]
Մասնագիտությունքահանա
Զբաղեցրած պաշտոններՄեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս

Աշակերտել է Հովհաննես արքեպիսկոպոս Եդեսացուն և Գաչանոս Կղեմեսին (1626 թվականից)։ Վարդապետ է ձեռնադրվել այրիանալուց հետո և հասել «րաբունապետի» աստիճանի։ Ուսուցիչների և Կիրակոս վարդապետ Արևելցու (Երևանցի, Կոստանդնուպոլիսի պատրիարք՝ 1641 - 1642) ջանքերով 30-ական թվականի սկզբից ներգրավվել է ազգային-ազատագրական շարժման սսական հոսանքի մեջ՝ 50-ական թվականին դառնալով սսականության պարագլուխներից։

1642 - 1643 թվականներին մի քանի ամիս եղել է Կոստանդնուպոլիսի հայոց պատրիարք, սակայն գահընկեց է արվել Գավիթ Վարդապետ Արեելցուց։ Այնուհետև գործելով Կոստանդնուպոլիսում ու Հալեպում՝ պայքարել է էջմիածնականության դեմ և համախոհների ջանքերով տիրացել Կիլիկիայի հայոց կաթողիկոսական աթոռին (օծվել է Ասում, հուլիսի 17-ին)։

Հայ ժողովրդի ազատագրության հույսը կապելով Արևմտյան Եվրոպայի, հատկապես՝ Ֆրանսիայի և Վենետիկի հանրապետության հետ՝ փորձել է դրան հասնել Հռոմեական եկեղեցուն դավանական զիջումներ անելու ճանապարհով։ Այդ նպատակով 1662 թվականին, իր որդու միջոցով, «դավանության գիր» և օգնություն հայցող նամակ է հղել Ալեքսանդր VII պապին ու Ֆրանսիայի թագավոր Լյուդովիկոս XIV-ին։ Վերջինիս գրել է նաև 1663 թվականին՝ Անտիոքի հունաց պատրիարք Մակարիոսի և Միջագետքի ասորի հակոբիկյանների հակաթոռ կաթողիկոս (օծել է Խաչատուր Գ Գաղատացի) Անդրեասի հետ մեկտեղ։ Հռոմին հայտնած «հպատակությամբ» Գաղատացին ավելի է գրգռել հակառակորդներին, որոնք 1663 թվականին հակաթոռ կաթողիկոս են ընտրել Գավիթ Կարկառեցուն (նույնպիսի անհաջողություն կրել է նաև 1668 թվականին, սակայն 1669 թվականին վերստին գրավել է գահը)։ 1664 թվականին Գաղատացի սսականության մեջ է ներքաշել նաև Եղիազար Ա Այնթափցուն՝ օծելով նրան արևմտահայոց կաթողիկոս, որով էլ ավելի է սրվել պայքարը էջմիածնականների դեմ։ 1668 թվականին անձամբ մեկնել է Կանդիա (այժմ՝ Հերակլիոն, Կրետեում)՝ վենետիկյան զորքերի հրամանատար Ֆրանչեսկո Մորոզինիի մոտ՝ մեծ հույսեր կապելով Կանդիայի պատերազմի հետ։ Սակայն 1669 թվականին Թուրքիայի հաղթանակը հուսախաբ է արել Գաղատացուն։ Հավանաբար դրանից հետո հեռացել է պայքարից և 1674 թվականին հրաժարվել նաև կաթողիկոսական գահից։

Ծանոթագրություններ

խմբագրել
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 21