Լեոնիդ Պերվոմայսկի
Լեոնիդ Սոլոմոնովիչ Պերվոմայսկի (Իլյա Շլյոմովիչ Գուրեիչ, մայիսի 4 (17), 1908, Կրասնոգրադ, Konstantinogradsky Uyezd, Պոլտավայի նահանգ, Ռուսական կայսրություն - դեկտեմբերի 9, 1973, Կիև, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ), ուկրաինացի խորհրդային գրող, ԽՄԿԿ անդամ (1954)։
Լեոնիդ Պերվոմայսկի ուկրաիներեն՝ Леонід Первомайський | |
---|---|
Ծնվել է | մայիսի 4 (17), 1908 |
Ծննդավայր | Կրասնոգրադ, Konstantinogradsky Uyezd, Պոլտավայի նահանգ, Ռուսական կայսրություն |
Վախճանվել է | դեկտեմբերի 9, 1973 (65 տարեկան) |
Վախճանի վայր | Կիև, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Գերեզման | Բայկովո գերեզմանատուն |
Գրական անուն | Leonyd Pervomajs'kyj[1] և Leonid Pervomajskij[1] |
Մասնագիտություն | բանաստեղծ, գրական քննադատ, թարգմանիչ, գրող, արձակագիր և դրամատուրգ |
Լեզու | ուկրաիներեն և ռուսերեն |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն և ԽՍՀՄ |
Անդամակցություն | ԽՍՀՄ Գրողների միություն |
Կուսակցություն | ԽՄԿԿ |
Պարգևներ | |
Կայք | leonidpervomajskij.net |
Leonid Pervomayskyi Վիքիպահեստում |
Սովորել է գիմնազիայում և աշխատանքային դպրոցում։ Սկզբում աշխատել է գրադարանում, իսկ այնուհետև՝ թերթերի ու ամսագրերի խմբագրություններում[2]։
Տպագրվել է 1924 թվականից։ 1941-1945 թվականներին եղել է միութենական ռադիոյի զինվորական թղթակից, 1943 թվականից՝ նաև «Պրավդայի» թղթակից։ «Կոմսա» (1926), «Բծեր արևի վրա» (1928), «Գավառի մասշտաբով» (1930) պատմվածքների և «Տտիպ խնձորներ» (1929), «Հերոսական բալլադներ» (1932), «Նոր քնարերգություն» (1937), «Կուսածաղկի աշխարհ» (1940) բանաստեղծությունների ժողովածուներում վերստեղծել է քաղաքացիական պատերազմում (1918-1920) դասակարգային պայքարի հերոսականությունը, սոցիալիզմի կառուցման պաթոսը, կոմերիտական առօրյայի ռոմանտիկան։ Պատերազմական տարիների բանաստեղծություններն ամփոփված են՝ «Ծննդյան օրը», «Երկիր» (երկուսն էլ՝ 1943, ԽՍՀՄ պետական մրցանակ, 1946), «Զինվորական երգեր» (1946) ժողովածուներում։ 1960-1970-ական թվականների նրա պոեզիային ներհատուկ է իրականության փիլիսոփայական իմաստավորման խորացումը (1960, «Պոեզիայի դասերը», 1968, «Իմացության ծառ», 1971, ժողովածուներ)։ Արձակը ներկայացնում է «Հարազատ արյուն» (1944), «Կրակներ Կարպատների վրա» (1945), «Տարբեր տարիների պատմվածքներ» (1960), «Սիրո բանաստեղծությունների փոխարեն» (1962) գրքերով։ «Վայրի մեղրը» (1963) հոգեբանական վեպը նվիրված է պատերազմի տարիներին խորհրդային ժողովրդի կատարած սխրագործությանը։ «Անհայտ զինվորներ» (1931), «Վահրամի գիշերը» (1934), «Ճակատամարտի սկիզբը» (1942) և այլ պիեսներ հագեցած են ողբերգական կոնֆլիկտներով։ Թարգմանել է Հայնրիխ Հայնեի, Շանդոր Պետեֆիի, Յուլիուս Ֆուչիկի ստեղծագործություններից։ Հանդես է եկել քննադատական և գրականագիտական հոդվածներով։
Թարգմանել է գերմաներենից, չեխերենից, հունգարերենից։ Նրա գրչին են պատկանում Հովհաննես Թումանյանի, Ավետիք Իսահակյանի, Եղիշե Չարենցի, Գեղամ Սարյանի, Աշոտ Գրաշու, Վահագն Դավթյանի ստեղծագործությունների ուկրաիներեն թարգմանությունը։ Հոդվածներ է գրել Սայաթ-Նովայի, Ավետիք Իսահակյանի, Եղիշե Չարենցի մասին։ Բազմիցս եղել է Հայաստանում։ Նրա տպավորություններն ու մտորումները Հայաստանի և հայերի մասին արտացոլվել են «Հայկական տետրակ» շարքում[2]։
Պարգևատրվել է չորս շքանշանով։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
- ↑ 2,0 2,1 Ոսկե դարպասներ (ուկրաինական քնարերգություն), Ե., «Սովետական գրող», 1977 էջ 43։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լեոնիդ Պերվոմայսկի» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 9, էջ 281)։ |