Հավատաքննություն կամ ինկվիզիցիա՝ կաթոլիկ եկեղեցու ատյան, որը կոչված էր պայքարելու հերետիկոսության (հերձվածության) դեմ, քննել ճշմարիտ հավատին տարբեր ուսմունքների համապատասխանությունը։ Հիմնվել է 12-րդ դարի սկզբում պապերի կողմից։

Գալիլեոն կաթոլիկ եկեղեցու հավատաքննիչ դատարանի դիմաց

Եզրույթի ծագում

խմբագրել

Ինկվիզիցիան առաջացել է լատին․՝ inquīsītiō բառից։ Իրավաբանական իմաստով՝ «որոնումներ», «հետազոտություններ», «ուսումնասիրություններ»։ Եզրույթը լայնորեն կիրառվում էր իրավական ոլորտում դեռ միջնադարյան եկեղեցիների առաջացումից առաջ այդ անվամբ և նշանակել է գործի հանգամանքների պարզաբանում, հետազոտություններ՝ հիմնականում հարցաքննությունների միջոցով, որոնց ընթացքում հաճախ օգտագործում էին նաև կտտանքներ։ Ժամանակի ընթացքում այս բառի տակ սկսեցին հասկանալ հակաքրիստոնեական հերետիկոսների (հերձվածողների) դեմ հոգևոր դատը։

Ստեղծման պատմություն

խմբագրել

Նախկինում քրիստոնեությունը և քրիստոնեական եկեղեցին հարվածներ էին ստանում ինչպես արտաքին թշնամուց՝ հռոմեական կայսրերից, այնպես էլ ներքին խռովություններից, որոնք հիմնվում էին տեսական տարաձայնությունների վրա՝ սրբազան գրքերի տարբեր մեկնաբանումներ, հոգևորականների կողմից որոշակի տեքստերի ընդունում կամ մերժման։

Սկսած 2-րդ դարից՝ քրիստոնեական հեղինակությունները (եպիսկոպոսներն ու տեղական սինոդները), որոշ աստվածաբանների անվանեցին հերետիկոսներ (հերձվածողներ) և ավելի որոշակի ձևակերպեցին քրիստոնեության վարդապետությունը՝ աշխատելով հեռու մնալ սխալներից ու երկիմաստություններից։ Այսպիսով, «օրթոդոքսիա»-յին (հին հունարեն՝ ὀρθοδοξία՝ «ճիշտ տեսակետ», ուղղափառություն) սկսեցին հակադրել հերետիկոսությունը (հերձվածությունը) (հին հունարեն՝ αἵρεσις՝ ընտրություն. հասկացվում է որպես «սխալ»)։

Կաթոլիկ եկեղեցու «Ինկվիզիցիա» անվանումով հատուկ եկեղեցական ատյանը ստեղծվեց 1184 թվականին Լուկիոսիոս 3-րդ պապի կոնդակով[1]։

Եկեղեցական դատարանը, որին հանձնարարված էր «գտնել, պատժել և կանխել հերետիկոսությունը», Հարավային Ֆրանսիայում հաստատվեց Գրիգորիոս 9-րդի կողմից 1229 թվականին։ Այս կառույցն իր գագաթնակետին հասավ 1478 թվականին, երբ Ֆերդինանդ արքան և Իզաբելլա թագուհին Հռոմի Պապ Սիքստոս 14-րդի կոնդակով հիմնեցին իսպանական ինկվիզիցիան։

Սրբազան միաբանության գրասենյակը հիմնվեց 1542 թվականին՝ փոխարինելով «Մեծ հռոմեական ինկվիզիցիային», իսկ 1917 թվականին նրան տրվեց նաև վերացված ինդեքսի միաբանության գործառույթները[2]։

1908 թվականին անվանափոխվեց «Հավատի վարդապետության միաբանության» (լատին․՝ Sacra congregatio Romanae et universalis Inquisitionis seu Sancti Officii)։ Այս կառույցի աշխատանքը հիմնված էր այն ժամանակ կաթոլիկ երկրներում գործող օրենսդրություններին համապատասխան։

Նպատակներ և միջոցներ

խմբագրել
 
Հերետիկոսության (հերձվածության) մեջ մեղադրվողի տանջանքները։ 1508 թվականի փորագրանկար

Հավատաքննության հիմնական խնդիրն էր որոշել՝ մեղադրյալը մեղավոր է հերետիկոսության (հերձվածության) մեջ։

15-րդ դարի վերջում, երբ Եվրոպայում սկսեցին տարածվել սովորական բնակչության մեջ վհուկների սև ուժերի հետ պայման կապածների զանգվածային առկայության մասին պատկերացումները, հավատաքննության իրավասությունների մեջ մտան նաև վհուկների դատական գործընթացները։ Միաժամանակ վհուկների վերաբերյալ դատավճիռների ճնշող մեծամասնությունը կայացրին կաթոլիկ և բողոքական երկրների աշխարհիկ դատարանները 16-րդ և 17-րդ դարերում։ Չնայած հավատաքննությունն իրականում հետապնդում էր վհուկներին, նույն կերպ էր վարվում նաև ցանկացած աշխարհիկ կառավարություն։ 16-րդ դարի վերջին հռոմեական հավատաքննիչները լուրջ կասկածներ հայտնեցին վհուկության բազմաթիվ մեղադրանքների դեմ։ 1451 թվականից Հռոմի Պապ Նիկոլայ 5-րդը հավատաքննության իրավասությանը հանձնեց նաև հրեական կողոպուտների գործը։ Հավատաքննությունը պետք է ոչ միայն պատժեր կողոպտիչներին, այլև պետք է նախազգուշացներ, կանխարգելեր բռնությունը։

Կաթոլիկ եկեղեցու իրավաբանները մեծ նշանակություն էին տալիս անկեղծ ցուցմունքներին։ Բացի սովորական հարցաքննություններից, ինչպես և այն ժամանակվա աշխարհիկ դատարաններում կիրառվում էին կասկածյալի կտտանքները։ Այն դեպքում, երբ կասկածյալը չէր մեռնում հետաքննության ընթացքում և խոստովանում էր կատարվածի մեջ և ապաշխարում, ապա գործի նյութերը հանձնվում էին դատարան։ Արտադատարանային հաշվեհարդարներ հավատաքննությունը չէր հա��դուրժում։

Դատական գործընթաց

խմբագրել
 
- VIII. Հավատաքննիչը վկաներին հարցաքննում էր քարտուղարի և երկու հոգևորականների ներկայությամբ, որոնց հանձնարարված էր հետևել, որպեսզի ցուցմունքները ճիշտ արձանագրվեին կամ ծայրահեղ դեպքում ներկա գտնվել, երբ դրանք տրվում էին, որպեսզի լսեին դրանք ամբողջովին կարդալիս։ Ընթերցումն իրականացվում էր վկաների ներկայությամբ, որոնց հարցնում էին՝ արդյոք հաստատում են ընթերցվածքը։ Եթե հերձվածության մեջ հանցանքը կամ կասկածանքը ապացուցվում էր նախաքննության ժամանակ, ապա մեղադրյալին ձերբակալում էին և փակում էին եկեղեցական բանտում, եթե քաղաքում չկար դոմինիկական եկեղեցի, որը սովորաբար փոխարինում էր բանտին։ Ձերբակալումից հետո դատապարտյալը ենթարկվում էր հարցաքննության և ընդդեմ նրա, համաձայն կարգի, անմիջապես սկսվում էր գործը, ընդ որում նրա պատասխանները համեմատվում էին նախաքննության ժամանակ տրված պատասխանների հետ[3]։
 
 
- IX. Նախապես հավատաքննիչ դատարանում գոյություն չուներ դատախազ, ով պարտավոր էր մեղադրել կասկածյալներին. դատական գործընթացի այս ձևական քայլը կատարվում էր բանավոր հավատաքննիչի կողմից վկաներին լսելուց հետո. մեղադրյալի խոստովանությունը հանդիսանում էր և՛ մեղադրական, և՛ պաշտպանական ճառ։ Եթե մեղադրյալը իրեն մեղավոր էր ճանաչում մեկ հերձվածության մեջ, իզուր էին նրա ջանքերը համոզելու, որ մյուսներում անմեղ է. նրան չէր թույլատրվում պաշտպանվել, որովհետև այն հանցագործությունը, որի համար նրան դատում էին, համարվում էր ապացուցված։ Նրան հարցնում էին՝ արդյոք մտադիր է երես թեքել հերձվածությունից, որի համար նրան մեղավոր էին ճանաչել։ Եթե նա համաձայնում էր, ապա նրան հաշտեցնում էին Եկեղեցու հետ՝ որևէ այլ պատժի հետ նրան պարտադրվում էր կանոնական զղջումը։ Հակառակ դեպքում նա մեղադրվում էր որպես ընդդիմացող հերձվածող, և նրան դատավճռի կրկնօրինակով հանձնում էին աշխարհիկ իշխանություններին[3]։
 
 
- Մահապատիժը՝ որպես փոխհատուցում, միջոց էր, որը Հավատաքննությունը տեսականորեն չէր կիրառում։ Նրա գործն էր ջանքերի ներդնում, որպեսզի հերձվածողին վերադարձներ Եկեղեցու գիրկը. եթե վերջինս ընդդիմանում էր, կամ եթե դիմելաձևը ծաղրական էր, նրա հետ Հավատաքննությունն այլևս գործ չուներ։ Ինչպես ոչ կաթոլիկի՝ նա չէր մտնում Եկեղեցու իրավասության տակ, որին նա մերժել էր, և Եկեղեցին ստիպված էր նրան հերձվածող ճանաչել և զրկել հովանավորչությունից։ Ի սկզբանե դատավճիռը հերձվածության համար սովորական դատվածություն էր և ուղեկցվում էր Եկեղեցուց հեռացումով կամ հայտարարությամբ, որ մեղավորն այլևս չի համարվում Եկեղեցու դատարանի մեղադրյալ, երբեմն ավելացվում էր, որ նա տրվում է աշխարհիկ դատարանին, որ նա ազատված է. սոսկալի արտահայտություն, որը նշանակում էր, որ վերջացել է Եկեղեցու միջամտությունը նրա ճակատագրին։ Ժամանակի ընթացքում դատավճիռներն ավելի ընդհանրական դարձան. շատ հաճախ սկսում է բացատրություն հանդիպել, որ Եկեղեցին այլևս ոչինչ չի կարող անել և մեղադրյալի հանձնումը աշխարհիկ իշխանություններին ուղեկցվում էր հետևյալ նշանակալի խոսքերով՝ debita animadversione puniendum, այսինքն՝ «թող պատժվի ըստ արժանվույն»։ Կեղծավոր դիմում, որում Հավատաքննությունը հորդորում էր աշխարհիկ իշխանություններին խնայել ընկածի կյանքն ու մարմինը, հնագույն դատավճիռներում չի հանդիպում և երբեք ճշգրտորեն չի ձևակերպվել[4]
 
 
- Հավատաքննիչ Պեգնան չի տատանվում խոստովանել, որ բարեգթության այդ կոչը ձևական էր, և բացատրում է, որ դրան դիմում էին այն նպատակով, որ չթվա՝ հավատաքննիչները համաձայն են արյունահեղության, քանի որ դա կհամարվեր կանոնական օրենքների խախտում։ Բայց միևնույն ժամանակ Եկեղեցին աչալրջորեն հետևում էր, որպեսզի իր հռչակագիրը այլ կերպ չմեկնաբանվի։ Նա սովորեցնում էր, որ գթասրտության մասին խոսք լինել չէր կարող, եթե հերձվածողը չի ապաշխարում և չի վկայում իր համախոհներին մատնելու իր անկեղծության մեջ։ Սուրբ Ֆոմին Ակվինատոսի անողորմ տրամաբանությունը հստակ ձևակերպել է, որ աշխարհիկ իշխանությունը չէր կարող հերձվածողին մահապատժի չենթարկել, և միայն իր մեծ սիրո շնորհիվ Եկեղեցին կարող էր երկու անգամ դիմել հերձվածողին համոզելու խոսքերով, մինչ նրան կհանձնեին աշխարհիկ իշխանություններին արդարացի պատժի համար։ Իրենք՝ հավատաքննիչները, ոչ մի կերպ դա չէին թաքցնում և մշտապես սովորեցնում էին, որ իրենց կողմից դատապարտված հերձվածողը պետք է մահվան դատապարտվի. սրա մասին է վկայում նաև այն, որ նրանք խուսափում էին իրենց դատավճիռները կարդալ եկեղեցու տարածքում, որը մերժել էր մահապատժի դատապարտումը, այլ կարդում էին հրապարակում, որտեղ տեղի էր ունենում հրադատությունը։ 13-րդ դարի մի բժիշկ, որը մեջբերվում է 14-րդ դարում Բերնար Գիի կողմից, դա հիմնավորում է այսպես. «Հավատաքննության նպատակը հերձվածությունը վերացնելն է, հերձվածությունն էլ չի կարող վերանալ առանց հերձվածողներին վերացնելու, իսկ հերձվածողներին չի կարելի վերացնել, եթե չեն վերացվի հերձվածության պաշտպաններն ու հետևորդները, իսկ դա հնարավոր է երկու ճանապարհով՝ դարձնել նրանց իսկական կաթոլիկ հավատին կամ նրանց մարմինները դարձնել մոխիր, հենց որ նրանք կհնաձնվեն աշխարհիկ իշխանություններին»[4]։
 

Հիմնական պատմական փուլեր

խմբագրել

Ժամանակագրորեն հավատաքննության պատմությունը կարելի է բաժանել 3 շրջանի՝

  1. մինչդոմինիկյան (հերձվածողների հետապնդում մինչ 12-րդ դարը)
  2. դոմինիկյան (Թուլուզյան տաճարի ժամանակից՝ 1229 թվական)
  3. իսպանական հավատաքննություն

Առաջին շրջանում հերձվածողների դեմ դատերը եպիսկոպոսական իշխանության գործառույթներից մեկն էր, իսկ հետապնդումն ուներ ժամանակավոր և պատահական բնույթ. 2-րդ շրջանում ստեղծվում են մշտական հավատաքննական տրիբունալներ, որոնք գտնվում էին դոմինիկյան վանահայրերի հատուկ վարույթում. 3-րդ շրջանում հավատաքննական համակարգը սերտ աղերսներ ունի Իսպանիայում միապետական կենտրոնացման և այնտեղի տիրակալներին ներգրավելու Եվրոպայի քաղաքական և հոգևոր գերիշխանության մեջ՝ սկզբում որպես զենք ծառայեցնելով ընդդեմ մավրերի և հրեաների, իսկ հետո 16-րդ դարում բողոքականության դեմ կաթոլիկ եկեղեցու մարտական ուժ հանդիսացող ճիզվիտական շարժման հետ։

Դոմինիկյան շրջան

խմբագրել

«Ինկվիզիցիա» բառը, տեխնիկական իմաստով, օգտագործվել է 1163 թվականին Թուրյան տաճարում, իսկ 1229 թվականին Թուլուզյան տաճարում առաքելական քարոզիչը՝ «mandavit inquisitionem fieri contra haereticos suspectatos de haeretica pravitate»։

Դեռևս 1185 թվականին Վերոնյան սինոդում հրապարակվել են հերձվածողներին հետապնդման ավելի մանրամասն տվյալներ՝ եպիսկոպոսներին պարտադրելով հնարավորինս ավելի հաճախ խուզարկել իրենց թեմերը և ընտրել մեծահարուստ աշխարհականների, որոնք աջակցություն կցուցաբերեն հերձվածողների հետախուզման և եպիսկոպոսական դատին հանձնելու մեջ. աշխարհիկ իշխանություններին վերագրվում էր օգնություն ցուցաբերել եպիսկոպոսներին՝ մերժելու և այլ պատիժների սպառնալիքներով։

Իր հետագա զարգացման համար հավատաքննությունը պարտական է Ինոկենտիոս III-ի (1198-1216), Գրիգորիոս IX-ի (1227-1241) և Ինոկենտիոս IV-ի (1243-1254) գործունեությանը։ Մոտ 1199 թվականին Ինոկենտիոս III-ը իրավասություններ տվեց իր երկու ցիստերիանական քահանաներին՝ Գյուիին և Ռենյեին, պապական քարոզիչների կարգավիճակում անցնել հարավային Ֆրանսիայի և Իսպանիայի թեմերով՝ արմատախիլ անելու վալդեսականների և կաթարների հերձվածությունը։ Ըստ երևույթին, սրանով ստեղծվում էր իր հատուկ գործառույթներն ունեցող և եպիսկոպոսներից համարյա անկախ հոգևոր նոր իշխանություն։ 1203 թվականի Ինոկենտիոս III-ն այդտեղ ուղարկեց իր երկու այլ ցիստերիանականներին Ֆոնտևրո (Fontevrault) մենաստանից՝ Պիեր Կաստելյանոյին և Ռալֆին. վերջիններիս շուտով միացավ այդ մենաստանի աբբահայր Առնոլդը, և երեքի կոչումներն էլ բարձրացվեցին մինչև առաքելական քարոզիչներ։ Հերձվածողների հետ հնարավորինս խիստ լինելու խնդիրը 1209 թվականին հանգեցրեց Պիեր Կաստելանոյի սպանությանը, որն ազդակ հանդիսացավ արյունոտ և ավերիչ կռվի՝ հայտնի Ալբիգենսյան պատերազմներ անունով։

Չնայած Սիմոն դը Մոնֆորի խաչակրաց արշավանքի՝ հերձվածքը շարունակում էր դիմակայել, մինչև նրա դեմ դուրս եկավ Դոմինիկ Գուսմանը՝ դոմինիկյան միաբանության հիմնադիրը։ Այս միաբանության վերահսկողության ժամանակ ամենուր տեղի ունեցան հավատաքննական դատեր, այն բանից հետո, երբ Գրիգորիս IX-ի կողմից վերցվեցին բոլոր եպիսկոպոսական իրավասությունները։ 1229 թվականին Թուլուզյան տաճարում հաստատվեց, որ յուրաքանչյուր եպիսկոպոս նշանակի մեկ հոգևորականի և մեկ կամ մի քանի աշխարհականի՝ տվյալ թեմի տարածքում հերձվածողներին գաղտնի հետախուզելու համար։ Մի քանի տարի անց հավատաքննական պարտականությունները վերցվեցին եպիսկոպոսներից և հատուկ դրվեցին դոմինիկյանների վրա, ովքեր եպիսկոպոսների համեմատ ունեին այն առավելությունը, որ ո՛չ անձնական, ո՛չ հասարակական կապերի մեջ չէին տվյալ տարածքի բնակչության հետ և այդպիսով կարող էին գործել պապական շահերից ելնելով և չխնայել հերձվածողներին։

1233 թվականին հիմնված հավատաքննիչ դատարանները 1234 թվականին ժողովրդական ապստամբություն առաջացրին Նարբոնում, իսկ 1242 թվականին՝ Ավինյոնում։ Չնայած դրան՝ նրանք շարունակում էին գործել Պրովանսում և տարածված էին անգամ հյուսիսային Ֆրանսիայում։ Լյուդովիկոս IX-ի պնդմամբ Ալեքսանդր IV պապը 1255 թվականին մեկ դոմինիկյան և մեկ ֆրանցիսկյան վանականների նշանակեց Ֆրանսիայի գլխավոր հավատաքննիչներ։ Ուլտրամոնտանական միջամտությունը գալլիական եկեղեցու գործերին հանդիպեց անկասելի դիմադրության նրա կողմնակիցների կողմից. սկսած 14-րդ դարից՝ ֆրանսիական հավատաքննությունը պետական իշխանության կողմից ենթարկվում է սահմանափակումների և աստիճանաբար անկում է ապրում, որը չկասեցրեցին անգամ բարեփոխումների դեմ պայքարող 16-րդ դարի արքաների ջանքերը։

Նույն Գրիգորիոս IX-ի կողմից հավատաքննությունը մտցվեց Կատալոնիայում, Լոմբարդիայում և Գերմանիայում, ընդ որում ամենուր հավատաքննիչներ նշանակվում էին դո��ինիկյանները։ Կատալոնիայից հավատաքննությունը արագորեն տարածվեց ամբողջ Պիրենեյան թերակղզում, Լոմբարդիայից՝ Իտալիայի տարբեր մասեր, բայց ոչ ամենուր էին տարբերվում միանման ուժով և բնույթով։ Այսպես, Նեապոլում երբեք մեծ արժեք չունեցավ նեապոլիտանական իշխանության և հռոմեական կուրիայի անդադար վեճերի հետևանքով։ Վենետիկում հավատաքննությունը (տասի խորհուրդը) ծագել է 14-րդ դարում Տիեպոլոյի ապստամբության մասնակիցներին գտնելու համար և հանդիսանում էր քաղաքական տրիբունալ։ Ամենամեծ զարգացմանն ու ուժին հավատաքննությունը հասավ Հռոմում։ Իտալիայում հավատաքննության ազդեցության աստիճանի և նրա կողմից ուղեղների վրա տպավորության մասին վկայում է ֆլորենցիական Santa Maria Novella եկեղեցու Սիմոն Մեմմիի հարթաքանդակը «Domini canes»՝ «Աստծո շներ», անվանումով (երգիծանքը հիմնված է այս բառերի միահնչյունության վրա dominiciani՝ դոմինիկյաններ, բառի հետ), որտեղ պատկերված են սև-սպիտակ շներ, որոնք հոտից հեռու են փախցնում գայլերին։ Ամենազարգացման իտալական հավատաքննությունը հասնում է 16-րդ դարում՝ Պիոս V և Սիքստոս V պապերի օրոք։

Գերմանիայում հավատաքննությունն ի սկզբանե ուղղված էր ստեդինգների ցեղի դեմ, ովքեր պայքարում էին բրեմենյան արքեպիսկոպոսից իրենց անկախության համար։ Այստեղ այն հանդիպեց համընդհանուր դիմադրության։ Գերմանիայի առաջին հավատաքննիչը Կոնրադ Մարբուրգցին էր. 1233 թվականին համաժողովրդական ապստամբության ժամանակ նա սպանվեց, իսկ հաջորդ տարի նույն բախտին արժանացան նաև նրա երկու գլխավոր օգնականները։ Այս առիթով Վորմյան արձանագրության մեջ ասված է. «… այսպիսով, Աստծո օգնությամբ Գերմանիան ազատվեց անլսելի և ճղճիմ դատարանից»։ Ավելի ուշ Ուրբանոս V պապը, հենվելով Կառլոս V կայսեր օգնության վրա, կրկին Գերմանիայում նշանակեց որպես հավատաքննիչներ երկու դոմինիկյանների, բայց այնուամենայնիվ սրանից հետո էլ հավատաքննությունն այստեղ զարգացում չունեցավ։ Նրա վերջին հետքերը վերացրեց բարեփոխումները։ Հավատաքննությունը թափանցեց նույնիսկ Անգլիա՝ Ուիքլիֆի ուսմունքի և նրա հետևորդների դեմ պայքարելու համար. բայց այս նրա դերը չնչին էր։

Սլավոնական պետություններից միայն Լեհաստանում է գոյություն ունեցել հավատաքննություն և դարձյալ ոչ երկար։ Ընդհանրապես, այս կառույցը շատ թե քիչ արմատներ է արձակել Իսպանիայում, Պորտուգալիայում և Իտալիայում, որտեղ կաթոլիկությունը բնակչության ուղեղի և բնավորության վրա ուներ խոր ազդեցություն։

Իսպանական հավատաքննություն

խմբագրել

13-րդ դարում ստեղծված իսպանական հավատաքննությունը, ինչպես հարավային Ֆրանսիայում իրադարձությունների արձագանք, 15-րդ դարում նոր ուժով է վերածնվում, ստանում կազմակերպման ձև և ձեռք բերում քաղաքական նոր նշանակություն։ Իսպանիան ուներ ավելի բարենպաստ պայմաններ հավատաքննության զարգացման համար։ Մավրերի հետ բազմադարյա կռիվը ժողովրդի մեջ նպաստում էր կրոնական մոլեռանդության առաջացմանը, որը հաջող կերպով օգտագործվում էր այստեղ բնակություն հաստատած դոմինիկյանները։ Ոչ քրիստոնյանները՝ մավրերն ու հրեաները, Պիրենեյան թերակղզու՝ քրիստոնյա արքաների կողմից մավրերից գրավված տարածքներում շատ էին։ Մավրերը և նրանց կրթվածությունը յուրացրած հրեաները հանդիսանում էին բնակչության ավելի կրթված, արտադրողական և հարուստ տարրերը։ Նրանց հարստությունը առաջացնում էր ազգի նախանձը և հրապուրիչ էր կառավարության համար։ Արդեն 14-րդ դարի վերջերին հրեաների և մավրերի մեծ զանգվածներ ուժի սպառնալիքով ստիպված էին ընդունել քրիստոնեությունը, բայց շատերը դրանից հետո էլ շարունակում էին գաղտնի հետևյալ հայրերի հավատին (տե՛ս նաև Մարրաներ և Մորիսկներ

 
Տոմազո Տորկվեմադան՝ իսպանական հավատաքննության հիմնադիրը

Կասկած հարուցող նման քրիստոնյաների պարբերաբար հետապնդումները հավատաքննության կողմից սկսվեցին Կաստիլիայի և Արագոնի՝ մեկ թագավորության մեջ միավորվելու ժամանակ՝ Իզաբել Կաստիլիացու և Ֆերդինանդ Կաթոլիկի օրոք, ովքեր վերակազմակերպեցին հավատաքննական համակարգը։ Վերակազմակերպման մոտիվը հանդիսանում էր ոչ միայն կրոնական մոլեռանդությունը, որքան ցանկությունը հավատաքննության միջոցով Իսպանիայի պետական միասնության օգտագործումը և պետական եկամուտների ավելացումը՝ դատապարտվածների ունեցվածքը բռնագրավելու միջոցով։ Իսպանիայում նոր հավատաքննության ոգին Իզաբելի հոգեհայրն էր՝ դոմինիկացի Տորկվեմադան։ 1478 թվականին ստացվեց Սիքստոս IV-ի՝ «կաթոլիկ արքաներին» նոր հավատաքննություն կազմակերպելու թույլտվության կոնդակը, իսկ 1480 թվականին Սևիլյայում բացվեց առաջին դատարանը, որն իր գործունեությունն սկսեց հաջորդ տարվա սկզբին, իսկ տարվա վերջում կարող էր հպարտանալ 298 հերձվածողների մահապատժի ենթարկելու փաստով։ Սրա արդյունքը եղավ համընդհանուր խուճապը և դատարանի գործողությունների դեմ գլխավորապես եպիսկոպոսներից պապին ուղղված մի շարք բողոքները։ Այս բողոքներին ի պատասխան՝ 1483 թվականին Սիքստիոս IV-ը հավատաքննիչներին կարգադրեց հերձվածողների հանդեպ հանդես գալ նույն խստությամբ, իսկ հավատաքննության գործողությունների բողոքարկումների դիտարկումը հանձնարարեց սևիլական արքեպիսկոպոս Ինիհո Մանրիկեսին։ Մի քանի ամիս անց պապը Կաստիլիայի և Արագոնի գլխավոր հավատաքննիչ նշանակեց Տորկվեմադուին, ով ավարտեց իսպանական հավատաքննության վերակազմակերպումը։

Հավատաքննական դատարանն ի սկզբանե կազմված էր նախագահից, 2 փաստաբան-խորհրդատուներից և 3 արքայական խորհրդականներից։ Այս կարգը շուտով թվաց անբավարար և փոխարենը ստեղծվեց հավատաքննական հաստատությունների մի ամբողջ շարք՝ կենտրոնական հավատաքննական խորհուրդը (այսպես կոչված Consejo de la suprema) և 4 տեղական դատարանները, որոնց թիվը հետագայում հասավ 10-ի։ Հերձվածողներից բռնագրաված ունեցվածքից կազմվում էր հիմնադրամ, որից միջոցներ էին հատկացվում հավատաքննական դատարանները պահելու համար, և որը պապական և թագավորական գանձարանների հարստացման աղբյուր էր։ 1484 թվականին Տորկվեմադան Սևիլիայում հրավիրեց իսպանական բոլոր հավատաքննական դատարանների անդամների համագումար, և այստեղ ընդունվեց հավատաքննական գործընթացը կարգավորող օրենսդրություն (սկզբում 28 որոշում, իսկ հետագայում ավելացվեցին ևս 11-ը)։

 
«Հավատաքննության դատարան», Ֆ. Գոյա (1812—1819)

Դրանից հետո հերձվածողներից և ոչ քրիստոնյաներից Իսպանիայի մաքրման գործընթացն ավելի արագ առաջ շարժվեց, հատկապես 1492 թվականից հետո, երբ Տորկվեմադային հաջողվեց հասնել նրան, որ կաթոլիկ արքաները Իսպանիայից վտարեցին բոլոր հրեաներին։ Տորկվեմադայի օրոք՝ 1481-1498 թվականներն ընկած ժամանակահատվածում, իսպանական հավատաքննության ոչնչացնող գործունեության արդյունքներն արտահայտվում են հետևյալ թվերով. մոտավորապես 3000 մարդ այրվեց խարույկի վրա, 90.000 մարդ ենթարկվեցին ունեցվածքի բռնագրավման և եկեղեցական պատիժների, բացի այդ, այրվեցին խրտվիլակների և դիմանկարների տեսքով նկարներ, 6.500 մահապատժից փրկված մարդ՝ փախուստի կամ մահվան միջոցով։ Կաստիլիայում հավատաքննությունը ժողովրդականություն էր վայելում մոլեռանդ ամբոխի մոտ՝ հաճույքով հավաքվելով հրադատությունը դիտելու, իսկ Տորկվեմադան մինչ մահը հանդիպում էր համընդհանուր հարգանքի։ Բայց Արագոնում հավատաքննության գործողությունները բազմիցս հանգեցրին ժողովրդական անհանդուրժողականության պայթյունների. սրանցից մեկի ժամանակ դաժանությամբ Տորկվեմադային չզիջող Պեդրո Արբուեսը՝ Սարագոսայի հավատաքննական դատարանի նախագահը, 1485 թվականին սպանվեց եկեղեցում։ Տորկվեմադայի հետնորդ Դիեգո-Դեսան և հատկապես Խիմենեսը՝ տոլեդական արքեպիսկոպոսը և Իզաբելայի խոստովանահայրը, ավարտեցին Իսպանիայի կրոնական միավորման գործը։

 
Հրադատություն. Պեդրո Բերուգետե (1475):

Մի քանի տարի անց՝ Գրանադայի գրավումից հետո հավատքի համար մավրերը ենթարկվեցին հետապնդումների, չնայած 1492 թվականին կնքված կապիտուլացիոն պայմանագրի դրույթներով նրանց վերապահվել էր կրոնական ազատություններ։ 1502 թվականին նրանց կարգադրվեց կա՛մ մկրտվել, կա՛մ լքել Իսպանիան։ Մավրերի մի մասը լքեց հայրենիքը, մեծամասնությունը մկրտվեց. բայց մկրտված մավրերը (մորիսկները) չազատվեցին հետապնդումներից, և վերջապես 1609 թվականին Ֆիլիպ III-ի կողմից վտարվեցին Իսպանիայից։ Բնակչության ավելի քան 3 միլիոնը կազմող, ընդ որում ամենակրթված, ջանասեր և հարուստ հրեաների, մավրերի և մորիսկների վտարումը հետևանք հանդիսացավ իսպանական հողագործության, արդյունաբերության ու առևտրի համար կորուստների, ինչը, սակայն, չխանգարեց Իսպանիային դառնալ ամենահարուստ երկիրը, ստեղծել հզոր նավատորմ և գաղութացնել Նոր երկրի ավելի մեծ տարածքներ։

Խիմենեսը ոչնչացրեց եպիսկոպոսական ընդդիմության վերջին մնացորդները։ Իսպանական հավատաքննությունը մուտք գործեց Նիդերլանդներ և Պորտուգալիա և օրինակ ծառայեց իտալական ու ֆրանսիական հավատաքննությունների համար։ Նիդերլանդներում հաստատվեց 1522 թվականին Կառլոս V-ի կողմից և առիթ հանդիսացավ Ֆիլիպ II-ի օրոք հյուսիսային Նիդերլանդների՝ Իսպանիայից կախման մեջ գտնվելու համար։ Պորտուգալիայում հավատաքննությունը հաստատվեց 1536 թվականին և այստեղից տարածվեց Օստ-Ինդիայի պորտւգալական գաղութներում, որտեղ կենտրոնը Գոան էր։

Գրականություն

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. См. Григулевич И. Р., История инквизиции, М., 1970
  2. Տես. Վատիկանի պատմություն — էջ 137
  3. 3,0 3,1 Juan Antonio Llorente - The History of the Inquisition of Spain from the Time of its Establishment to the Reign of Ferdinand VII.
  4. 4,0 4,1 A History of the Inquisition of Spain; vol. 1 by Henry Charles Lea
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ինկվիզիցիա» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 345