Իթակե
Իթակե[1] (հունարեն՝ Ιθάκη), կղզի Հոնիական ծովում, Հոնիական կղզիներից մեկը։ Կղզու մակերեսը 96 կմ² է։ Կղզու վարչական կենտրոնը` Իթակեն, գտնվում է ծովի ափին` աշխարհում ամենամեծ բնական ծովախորշերից մեկի ափին։
Իթակե | |
---|---|
Տեսակ | կղզի և պոլիս |
Երկիր | Հունաստան |
Վարչատարածքային միավոր | Kefalonia Prefecture? և Ithaca Municipality? |
Մասն է | Հոնիական կղզիներ, Հոնիական կղզիներ, Venetian rule in the Ionian Islands?, Septinsular Republic? և Հոնիական հանրապետություն |
Մակերես | 116,992 կմ² |
Բնակչություն | 3231 մարդ |
Պատմություն
խմբագրելԱնտիկ Հունաստանի դարաշրջանում Իթակեն Ոդիսևսի բնօրրանն է ու թագավորությունը։
Իթակեն բնակեցվել է Ք. ա. III հազարամյակի վերջերին, սակայն հնագիտական տեսանկյունից առավել հետաքրքիր է խորամանկ ու խելամիտ Ոդիսևսի կառավարման շրջանը, որը, ըստ Հոմերոսի, Ք. ա. XII դարն է (ի դեպ, հոմերոսյան Իթակեի նույնացումը պատմական Իթակեի հետ վիճելի հարց է)։
Ք. ա. IX դարում սկսում է կղզու ծաղկման շրջանը։ Անտիկ, դասական, ապա նաև հելլենիստական դարաշրջաններում այստեղ կյանքը բուռն զարգացում է ապրել։ Կառուցվել են ակրոպոլիսներ, զարգացել է բրուտագործությունը, վերելք է ապրել Հունաստանի և Արևելքի հետ շփումը։ 1499 թվականին սկսվում է Վենետիկի հանրապետության շրջանը, սակայն կղզին գրավում են ծովահենները և ավերում այն։ Հարյուրամյակներ շարունակ ծովահենները Իթակեն օգտագործել են պատսպարվելու համար, մինչև այստեղ հաստատվել են հարևան Կեֆալոնիա կղզու բնակիչները։ Քանի որ Իթակեի հողը արգասաբեր չէր, բնակիչների զբաղմունքը մեծ մասամբ կապված է եղել ծովի հետ։ Կղզին ունեցել է ծովային հարուստ ավանդույթներ։ 1797 թվականին կղզին նախ գրավում են Նապոլեոնի զորքերը, իսկ մի քանի տարի անց` անգլիացիները։ Իթակեն, ինչպես Հոնիական մյուս կղզիները, Հունաստանի հետ վերամիավորվել է 1864 թվականին։
2010 թվականին հնագետները հայտնաբերել են պալատ, որը նկարագրությամբ և հիմնադրման ժամանակաշրջանով նման է առասպելական Ոդիսևսի` Տրոյական պատերազմի հերոսի պալատին։ Հույն հնագետ Թանասիս Պապադուպոլիսը այդ առիթով հայտարարել է. «Ըստ եղած շատ հիմնավոր տվյալների` մենք համոզված ենք, որ գտնվում ենք Ոդիսևսի և Պենելոպեի պալատի առաջ, որը հոմերոսյան շրջանի միակ պալատն էր, որ դեռ չէր հայտնաբերվել»[2]։
Իթակեում հայտնաբերվել են աստիճաններով եռահարկ ժայռափոր պալատի ավերակները։ Հայտնաբերվել է նաև ջրհոր, որը կառուցված է եղել Ք. ա. XIII դարում` Տրոյական պատերազմի ենթադրյալ ժամանակահատվածում։ Դրանից մի փոքր հեռու հայտնաբերվել են Ոդիսևսի պատկերով և հոմերոսյան մեջբերումներով սալիկներ։
Նշանավոր բնակիչներ
խմբագրել- Ոդիսևս Անդրուցոս (հունարեն՝ Οδυσσεας Ανδρουτσος, 1788—1825) - հույն զորավար, Հունաստանի ազատագրական պատերազմի (1821-1829) հերոս։
- Վասիլիս Կարավիաս (հունարեն՝ Βασιλης Καραβιας) - ռուսական բանակի մայոր (1806-1812)։
- Լորենձոս Մավիլիս (հունարեն՝ Λορεντζος Μαβιλης,1860-1912), բանաստեղծ, շախմատիստ, շախմատային խնդրագրքի հեղինակ։
- Նիկոս Կարվունիս (հունարեն՝ Νίκος Καρβούνης 1880-1947), հույն բանաստեղծ, կոմունիստ։
Տեսարժան վայրեր
խմբագրել- Լոիզի քարանձավ, որտեղ հայտնաբերվել են գրություններով խեցիներ, որոնք վկայում են տեղացիների կողմից հին հունական աստվածուհիների` Արտեմիսի, Հերայի, Աթենասի նկատմամբ ունեցած պաշտամունքի մասին։
- Նիմփաների քարանձավ
- Կատարոնի մենաստան
- Արետուսայի և Պերահորայի աղբյուր։ Այստեղ է գտնվում Հրեշտակապետների միջնադարյան տաճարը։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Արտասահմանյան երկրների աշխարհագրական անվանումների բառարան / խմբ․ Ա․ Մ․ Կոմիկով. — 3֊րդ հրատարակություն. — Մոսկվա: Նեդրա, 1986. — С. 137.
- ↑ Ա. Բոգդանովսկի. Հույն հնագետը պնդում է, որ Իթակեում հայտնաբերվել է Ոդիսևսի պալատը//РИА Новости. — 2010. — 24 авг.
Գրականություն
խմբագրելԱրտաքին հղումներ
խմբագրելՎիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իթակե» հոդվածին։ |