Թարգմանական բառարան, բառարանի տեսակ, որում մի լեզվի բառերը (դարձվածքները, տերմինները) թարգմանվում են մեկ կամ մի քանի այլ լեզուների. ըստ այդմ տարբերում են երկլեզվյան թարգմանական բառարան, բազմալեզվյան թարգմանական բառարան։

Թարգմանական բառարանները լինում են մի քանի տեսակի։ Դրանցից մեկը թարգմանական-բացատրական բառարանն է, որում մի լեզվի բառերը թարգմանվում, բացատրվում են որևէ այլ լեզվով (համարժեք բառերի տեղադրումով կամ պարզապես իմաստների մեկնաբանմամբ, երբեմն էլ օրինակների ցուցադրումով)։ Հայերենի առաջին տպագիր երկլեզվյան թարգմանական բառարանը Ֆ. Ռիվոլայի Հայ-լատիներեն բառարանն է (Փարիզ, 1933)։ Հետագայում ստեղծվել են հարյուրավոր թարգմանական երկլեզվյան, բազմալեզվյան բառարաններ (այլ լեզուներից հայերենի, հայերենից այլ լեզուների)։ Նոր ժամանակներում ստեղծված այս տիպի բառարաններից են Հ. Դաղբաշյանի կազմածները (Լիակատար բառարան ռուսերենից-հայերեն, Թիֆլիս, 1906, Լիակատար բառարան հայերենից-ռուսերեն, Թիֆլիս, 1911, Ռուս-հայերեն բառարան, հեղինակային կոլեկտիվ, հ. 1-4, Երևան, 1954-58), Ա. Ղարիբյանի Ռուս-հայերեն բառարանը (Երևան, 1968), Ռուս-հայերեն դարձվածաբանական բառարանը (հեղինակային կոլեկտիվ, Երևան, 1975), Գ. Անդրեասյանի Գերմաներեն-հայերեն բառարանը (Երևան, 1976), Ռ. Աբրահամյանի Պահլավերեն-պարսկերեն-հայերեն-ռուսերեն-անգլերեն (Երևան, 1965), Անգլերեն-հայերեն բառարան (հեղինակային կոլեկտիվ, Երևան, 1984), Հայ-ռուսերեն բառարան (հեղինակային կոլեկտիվ, Երևան, 1984)։

Լեզուների՝ գնալով ուժեղացող շփումները, օտար լեզուների ուսուցման պահանջը, գիտատեխնիկական ինֆորմացիան խթանում են այսպիսի բառարանների ստեղծման ու տարածման գործընթացները։ Ահա թե ինչու պատրաստվում են նաև թարգմանական ուսուցողական բառարաններ, թարգմանական-տերմինաբանական բառարաններ (տերմինարաններ)։

Երբեմն թարգմանական բառարանի կազմությունը կատարվում է տարբեր սկզբունքների համակցումով. այսպես ստեղծվում են, օրինակ, թարգմանական-տերմինաբանական-բացատրական բառարաններ։ Այս տեսակին կարելի է հատկացնել, օրինակ, Վ. Արծրունու կազմած Ռուսերեն-լատիներեն բժշկագիտական տերմինների բառարանը (Երևան, 1956), ՀՍՍՀ ԳԱ լեզվի ինստիտուտի հրատարակած Լեզվաբանական բառարանը (հեղինակային կոլեկտիվ, Երևան, 1975)։ Շատ կան թարգմանական տերմինարաններ (մանավանդ ռուսերենից հայերեն)։ Սրանց մեջ ռուսերեն կամ օտար լեզվի տերմինացանկի յուրաքանչյուր գլխաբառի դիմաց տրվում է հայերեն համարժեք տերմինը (մասնագիտական բառը)։ Այս տիպի բազմալեզվյան տերմինարան է Ա. Տոնոյանի կազմած Մաթեմատիկական տերմինների բառարանը (անգլերեն, ռուսերեն, հայերեն, գերմաներեն, ֆրանսերեն լեզուներով, Երևան, 1965)։

Աղբյուրներ

խմբագրել