Ընդերացողուն (Rhizoma), խոտաբույսերի բազմամյա ընձյուղը։

Նկարագրություն

խմբագրել

Տարբերում են վերգետնյա (էպիգեոգեն) ընձյուղներ, որոնք տերևների չորանալուց հետո հավելյալ արմատներով ներքաշվում են հողի մեջ (թոքախոտ, սթեր, մարեմխոտ), և ստորգետնյա (հիպոգեոգեն)՝ ընձյուղն աճում է հողում, ունի միայն թեփուկանման տերևներ, այնուհետև նրա գագաթը դուրս է գալիս գետներես՝ առաջացնելով յուրացնող ընձյուղներ (թփախումբ)։ Ընդերացողունը կարող է ճյուղավորվել և ձևավորել վերգետնյա ընձյուղների խմբեր։ Հանգույցներում և միջհանգույցների վրա ընդերացողունը զարգացնում է հավելյալ արմատներ։

Տեսակներ

խմբագրել

Ըստ ընդերացողունի երկարության՝ բույսերը բաժանում են երկարաընդերացողունավորների, որոնց ընդերացողունը ծառայում է հիմնականում տարաբնակեցման և վեգետատիվ բազմացման համար, և կարճաընդերացողունավորների, որոնց ընդերացողունը հիմնականում սննդանյութերի՝ գլխավորապես օսլայի զետեղարան է։ Որոշ տեսակների ընդերացողունը պալարաձև հաստացած է, պալարների (օր.՝ շավառ, խլածաղիկ) կամ սոխուկների (օրինակ գաղտենի, ատամնախոտ) անցման ձևերով։ Մի շարք բույսերի ընդերացողուններն աճում են գագաթով, իսկ հիմքերն աստիճանաբար մահանում են․ որոշ բույսերի ընդերացողուններն ուտելի են (շավառ, լոտոս, կեռոն, եղեգ), որոշներինը թունավոր են (հիրիկ բազմագույն), մյուսներն օգտագործվում են որպես դեղահումք (վարդագույն ռոդիոլա,բադան,կատվախոտ)։ Շատ ընդերացողունային բույսեր ծայրահեղ դժվար արմատախիլ արվող մոլախոտեր են (սեզ և այլն)։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Գյուղատնտեսական հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։