Երկնքի տաճարը (չինարեն՝ 天壇, անգլ.՝ The Temple of Heaven) համարվում է Չինաստանի խոշորագույն պատմական հուշարձաններից մեկը։ Այն գտնվում է Պեկինի կենտրոնական մասի հարավում՝ կայսերական պալատից հարավ-արևելեք։ Երկնքի տաճարը կառուցվել է Մին դինաստիայի կառավարության օրոք՝ 1420 թվականին, երբ Յուն Լե կայսրը Չինաստանի մայրաքաղաքը Նանկինից տեղափոխեց Պեկին։ Ի սկզբանե այն կառուցվել է որպես «Երկնքի և Երկրի» տաճար և այստեղ են անցկացվել Երկրին և Երկնքին նվիրված արարողությունները։ Սակայն 1530 թվականին Պեկինի հյուսիսում կառուցվել է առանձին Երկրին նվիրված տաճար և այդ ժամանակից ի վեր Երկնքի տաճարը դարձել է հատուկ վայր, որտեղ կայսրերը երկրպագում էին միայն Երկնքին և աղոթում աստվածներին լավ բերք ստանալու համար։

Երկնքի տաճարը

Տաճարի կառուցվածքը

խմբագրել

Համալիրը բաղկացած է մի քանի հոգևոր նշանակության կառույցներից, որոնցից գլխավորները գտնվում են հյուսիսից հարավ ձգվող հիմնական առանցքի վրա։ Այդ առանցքով է անցնում 360մ երկարություն, 2,5մ բարձրություն և 28մ լայնություն ունեցող պատշգամբ, որը միացնում է Երկնքի տաճարի հիմնական շինությունները՝ Ցինյանդյանը՝ «Բերքի աղոթարանը» (անգլ.՝ Qiniandian-the Hall of Prayer for Good Harvests), Խուանցյունյուն՝ «Երկնքի աղոթարանը» (անգլ.՝ Huangqiongyu -the Imperial Vault of Heaven) և Խուանցյուտանը՝ «Կլոր զոհասեղանը» (անգլ.՝ Yuanqiutan-the Circular Mound Altar)։ Տաճարների կլոր ձևերը, կլոր տեռասները և նրանց կապույտ տանիքները խորհրդանշում են երկինքը, իսկ քառակուսի լուծումները և ամբողջ տարածքն ընդգրկող քառակուսի պարիսպը՝ երկիրը։

Երկնքի տաճարի ամենահարավային կառույցն է Կլոր զոհասեղանը ` Խուանցյուտանը։ Այն կառուցվել է 1530 թվականին, այնուհետև վերակառուցվել`1749-ին։ Այստեղ, վերին տեռասի կենտրոնում գտնվում է մի կլոր քարե սալիկ, որի վրա եթե կանգնես և ցածր ձայնով աղոթես, ապա ձայնն անգամներ կուժեղանա։

Երկնքի տաճարի հյուսիսային մասում է գտնվում Ցինյանդյանի հոյակապ դահլիճը։ Այն կառուցվել է 1420 թվականին, սակայն 1889-ին այրվել է կայծակի հարվածից և հետագայում վերականգնվել իր սկզբնական տեսքով։ Այն սիմետրիկ ճարտարապետության օրինակ է և խորհրդանշում է չինական ճարտարապետության ու շինարարության նվաճումները։ Այս տաճարի կառուցման մեջ ոչ մի մեխ չի օգտագործվել, սակայն այն ունի 37,5 մ. բարձրություն։ Ցինյանդյանն իրենից ներկայացնում է կլոր հատակագծով եռահարթակ, կղմինդրապատ տանիքով կառույց։ Հսկայական սյուներն , որոնք պահում են շենքը մեծ խորհուրդ ունեն` 4 ներքին սյուները խորհրդանշում են տարվա 4 եղանակները, միջանկյալ 12 սյուները՝12 ամիսները, արտաքին 12 սյուները՝ օրվա 12 զույգ ժամերը և ընդհանուր այս 28 սյուները խորհրդանշում են 28 երկնային համաստեղությունները։