Դրավիդներ
Դրավիդներ, ժողովուրդներ, բնակվում են գլխավորապես հարավային Հնդկաստանում։ Խոսում են դրավիդյան լեզուներով։
Պատմություն
խմբագրելԴրավիդները դեռևս մ․ թ․ ա․ 1-ին հազարամյակում ունեցել են պետականություն (Հարավային Հնդկաստանում) և բարձր մշակույթ։ 17—18-րդ դարերում անգլիացիները գրավեցին դրավիդների բնակեցրած հողերը, սակայն ազգային ինքնորոշման պայքարի շնորհիվ 1956 թվականին դրավիդների էթնիկական տարածքը որոշվեց ըստ առանձին նահանգների (թամիլներին բնակեցրին հիմնականում Թամիլնադ, մալայալներին՝ Քերալ նահանգներում)։
Դավանանք
խմբագրելՄեծ մասը դավանում է հինդուիզմ, մնացածը՝ իսլամ կամ քրիստոնեություն։ Լեռնային և անտառային վայրերում դեռևս կան տոհմացեղային պաշտամունքի մնացորդներ։ Ենթադրվում է, որ դրավիդները կազմել են Հնդկաստանի հին (մինչարիական) բնակիչների մի մասը։ Ըստ որոշ գիտնականների, Խարապպայի քաղաքակրթությունը (մ․ թ․ ա․ 3-2-րդ հազարամյակներ) ստեղծել են դրավիդների նախնիները։
Դրավիդներին պատկանող ժողովուրդներ
խմբագրելԴրավիդներին են պատկանում տելուգու կամ անդհրա (44 միլիոն բնակչություն 1967 թվականի տվյալներով), թամիլներ (40 միլիոն բնակչություն. մասամբ ապրում են նաև Ցեյլոնում, Բիրմայում և Հարավ-Արևելյան Ասիայի այլ երկրներում), մալայալի (19,5 միլիոն), կաննարա (21 միլիոն), թուլու (մոտ 1 միլիոն) և մի քանի այլ ժողովուրդներ։ Օրոանները (1,3 միլիոն), կանդհիները և գոնդերը (մոտ 3 միլիոն) ապրում են Կենտրոնական Հնդկաստանում։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 454)։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դրավիդներ» հոդվածին։ |