Գուրգեն Հարությունյան (խմբագիր)

հայ խմբագիր
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Գուրգեն Հարությունյան (այլ կիրառումներ)

Գուրգեն Խաչատուրի Հարությունյան (մարտի 20, 1904(1904-03-20), Աշոցք, Ալեքսանդրապոլի գավառ, Երևանի նահանգ, Ռուսական կայսրություն - ապրիլի 12, 1963(1963-04-12), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ խմբագիր, «Կարմիր զինվոր» ռազմաճակատային թերթի խմբագիր, պետական, քաղաքական գործիչ, մայիսյան ապստամբության, Երկրորդ համաշխարհային պատերազմի Արևելյան ռազմաճակատի («Հայրենական մեծ պատերազմ», 1941-1945) մասնակից, ԽՄԿԿ անդամ (1925):

Գուրգեն Հարությունյան
Ծնվել էմարտի 20, 1904(1904-03-20)
ԾննդավայրԱշոցք, Ալեքսանդրապոլի գավառ, Երևանի նահանգ, Ռուսական կայսրություն
Մահացել էապրիլի 12, 1963(1963-04-12) (59 տարեկան)
Մահվան վայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
ԿրթությունՀայկական պետական մանկավարժական համալսարան
Մասնագիտությունխմբագիր
ԱշխատավայրԳյումրու երկաթուղային հանգույց, Սովետական Հայաստան, Կարմիր զինվոր և Սփյուռքահայության հետ մշակութային կապի կոմիտե
ԱնդամությունԽՄԿԿ

Կենսագրություն

խմբագրել

Գուրգեն Հարությունյանը ծնվել է 1904 թվականի մարտի 20-ին, Ղուկասյանի շրջանի Ղուկասյան գյուղում։ Նախնական կրթությունը ստացել է ծննդավայրում, իսկ 1941 թվականին ավարտել է կուսակցական դպրոցն ու Երևանի մանկավարժական ինստիտուտի պատմության ֆակուլտետը։ 1920 թվականին՝ տասնվեց տարեկանում, մասնակցել է Մայիսյան ապստամբությանը։ 1922 թվականին Հարությունյանն անդամագրվել է Հայաստանի լենինյան կոմերիտմիությանը, իսկ 1925 թվականին ԽՄԿԿ-ին։ 1925-1929 թվականներին ընտրվել է ՀԿԿ Աղինի շրջկոմի, 1930-1933 թվականներին՝ Լենինականի երկաթուղու կայարանի կուսբյուրոյի, Լենտեքստիլ գործարանի կուսկոմիտեի քարտուղար։ 1933-1934 թվականներին եղել է Կիրովականի կուսշրջկոմի ագիտացիայի և պրոպագանդայի, այնուհետև՝ կազմբաժնի վարիչ։ 1934 թվականին ընտրվել է կուսակցության Ստեփանավանի շրջկոմի քարտուղարի տեղակալ, որտեղից էլ տեղափոխվել է Երևան, աշխատել է «Սովետական Հայաստան» թերթի խմբագրությունում, համատեղության կարգով եղել «Պարտիական կյանք» ամսագրի պատասխանատու քարտուղար և «Ագիտատորի բլոկնոտ» պարբերականի խմբագրի տեղակալ[1]։

1941 թվականի սեպտեմբերի 6-ին Հարությունյանը զինծառայությունը սկսել է 89-րդ հայկական հրաձգային դիվիզիայում, նշանակվել «Կարմիր զինվորի» խմբագիր։ 1942 թվականի աշնանը լույս է ընծայել հայ ռազմիկների սխրանքների և հերոսության տարեգրությունը։ Հարությունյանի խնդրանքով նրան տեղափոխել են կրակային գիծ։ Որպես 400-րդ գնդի հրամանատարի քաղգծով տեղակալ՝ կռվել է թշնամու դեմ Հյուսիսային Կովկասում, Թերեքի ափերին, Կուբանում, Ղրիմում, Ուկրաինայում և Լեհաստանում։ 1946 թվականի գարնանը Հարությունյանը զորացրվել է բանակից։ Հիտլերյան զավթիչների դեմ մղվող մարտերում ցուցաբերած սխրանքի և արիության համար հրամանատար, մայոր Հարությունյանը պարգևատրվել է Կարմիր դրոշի և ՀՄՊ-ի առաջին և երկրորդ աստիճանի, Կարմիր աստղի շքանշաններով, Կովկասի պաշտպանության համար, Գերմանիայի դեմ տարած հաղթանակի համար և բազմաթիվ այլ մեդալներ[1]։

1949 թվականին Հարությունյանն ընտրվել է Արտասահմանի հետ մշակութային կապերի հայկական ընկերության վարչության նախագահ։ 1952-1953 թվականներին ղեկավարել է Հայկական ԽՍՀ մշակույթի նախարարության կինոֆիկացիայի վարչությունը։ Մինչև 1962 թվականն աշխատել է Հայկական ԽՍՀ նախարարների խորհրդին կից ռադիոհաղորդումների պետական կոմիտեում որպես քաղաքական հաղորդումների գլխավոր խմբագիր, այնուհետև անցել է կենսաթոշակի։ 1957 թվականին պարգևատրվել է հանրապետության Գերագույն խորհրդի նախագահության պատվոգրով[1]։

Գուրգեն Հարությունյանը մահացել է 1963 թվականի ապրիլի 12-ին, Երևանում՝ 59 տարեկանում[1]։

Մրցանակներ և պարգևներ

խմբագրել
  • «Կարմիր դրոշի» շքանշան
  • Հայրենական մեծ պատերազմի 1-ին աստիճանի շքանշանակիր
  • «Հայրենական մեծ պատերազմի» 2-րդ աստիճանի շքանշանակիր
  • «Կարմիր աստղի» շքանշան
  • «Կովկասի պաշտպանության համար» շքանշան
  • «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմի Գերմանիայի դեմ տարած հաղթանակի համար» մեդալակիր
  • ՀԽՍՀ Գերագույն խորհրդի նախագահության պատվոգիր

Ծանոթագրություններ

խմբագրել