Գլոբուլիններ
Գլոբուլիններ (լատ․ globus-գունդ), կենդանական և բուսական սպիտակուցների խումբ, ամենատարածվածը բնության մեջ։ Լուծվում են չեզոք աղային, նոսր թթվային և հիմնային լուծույթներում, չեն լուծվում ջրում (բացառությամբ միոզինի և մի քանի այլ գլոբուլինների)։ 50%-անոց ամոնիումի սուլֆատի լուծույթում առաջացնում են նստվածք։ Մոլեկուլային կշիռը մի քանի հազարից մինչև 1 միլիոն և ավելի Է։ Մեծ մասամբ պարզ սպիտակուցներ են, սակայն մի մասը (հատկապես արյան շիճուկի գլոբուլիններ) կապված են ածխաջրերի կամ լիպիդների հետ։ Բջջապլազմայի, արյան պլազմայի և ավիշի (բարձրակարգ կենդանիների և մարդու) կազմում ապահովում են օրգանիզմի բուֆերայնությունը և իմունային հատկությունները։ Բուսական գլոբուլինների (գլիցինին, Էդեստին ևն) ավելի կայուն են սպիրտի, ջերմային ազդեցությունների նկատմամբ, քան կենդանականը։ Արյան պլազմայի մեջ եղած մյուս սպիտակուցների՝ ալբումինների և գլոբուլինների հարաբերությունն ունի ախտորոշիչ նշանակություն (նորմալ դեպքում այն մոտ է 2֊ ի)։ Գլոբուլինները անհամասեռ ֆրակցիա են։
α-գլոբուլիններ
խմբագրելԿախված էլեկտրաֆորետիկ շարժունակությունից, բաժանվում են α1 և α2 գլոբուլինների։
α1 գլոբուլիններ
խմբագրելα1 ֆրակցիան իր հերթին նույնպես անհամասեռ է և դրա մեջ մտնում են մի շարք սպիտակուցներ։ Հիմնական բաղկացուցիչներն են՝
- α1 հակատրիպսինը՝ պրոտեինազաների ինհիբիտորը
- բարձր խտության լիպոպրոտեինները (ԲԽԼՊ)՝ խոլեստերոլի փոխադրիչները հյուսվածքներից լյարդ
- պրոթրոմբինը՝ արյան մակարդելիության 2-րդ գործոնը
- տրանսկորտինը՝ կորտիզոլի, կորտիկոստերոնի, պրոգեստերոնի փոխադրիչը
- թթու α1-գլիկոպրոտեինը մասնակցում է պրոգեստերոնի փոխադրմանը
- թիրօքսին կապող գլոբուլինը մասնակցում է թիրօքսինի և տրիյոդթիրոնինի փոխադրմանը
β2 գլոբուլիններ
խմբագրել- Ցերուլոպլազմինը գլիկոպրոտեին է, որը փոխադրում է պղնձի իոնները։ Վիլսոնի ժառանգական հիվանդության ժամանակ պլազմայում կտրուկ նվազում է ցերուլոպլազմինի պարունակությունը, իսկ ուղեղում և լյարդում կուտակվում են պղնձի իոնները, որը խախտում է այդ օրգանների ֆունկցիան
- Հապտոգլոբինը էրիթրոցիտների ներանոթային հեմոլիզի արդյունքում անջատված հեմոգլոբինի հետ առաջացնում է կոմպլեքս, որը մեծ մոլեկուլյար զանգվածի պատճառով երիկամներից չի արտազատվում, որը պաշտպանում է երիկամները հեմոգլոբինի վնասակար ազդեցությունից և կանխում երկաթի կորուստը մեզի միջոցով
- Ռետինոլ (A) և կալցիֆերոլ (D) կապող սպիտակուցները իրագործում են A և D վիտամինների փոխադրումը
- α2 մակրոգլոբուլինը պլազմային պրոտեազաների ինհիբիտոր է և ցինկի իոնների փոխադրիչ
β-գլոբուլիններ
խմբագրել- Տրանսֆերինը կապում և փոխադրում է երկաթը՝ կանխելով դրա հավելյալ ներմուծումը հյուսվածքներում և մեզով կորուստը
- C-ռեակտիվ սպիտակուցը առողջ մարդու արյան շիճուկում ավելանում է հիվանդության սուր բորբոքման ժամանակ, օրինակ՝ ռևմատոիդ արթրիտի սրացման ժամանակ։ C-ռեակտիվ սպիտակուց անվանումը ստացել է պնևմոկոկերի պոլիսախարիդի հետ ռեակցվելու և պրեցիպիտատ առաջացնելու ունակության շնորհիվ
- Ցածր խտության լիպոպրոտեինները (ՑԽԼՊ) խոլեստերոլի փոխադրիչներն են լյարդից հյուսվածքներ
- Տրանսկոբալամինը B12 վիտամինի փախադրիչն է
γ-գլոբուլիններ
խմբագրելԻմունագլոբուլիններն են (հակամարմինները), որոնք օրգանիզմում սինթեզվում են β-լիմֆոցիտների կողմից՝ ի պատասխան այլածին՝ հակածիններ, կոչվող միացությունների առկայության։ Առանձնացվում են իմունագլոբուլինների 5 հիմնական դասեր՝ IgG, IgA, IgM, IgD, IgE: Դրանք բաղկացած են դիսուլֆիդային կապերով միացված երկու տիպի ենթամիավորներից՝ 2 թեթև (L) շղթաներից (M՝ 2300) և 2 ծանր (H) շղթաներից (M՝ 50000-70000)։ L և H շղթաները պարունակում են վարիաբել (V) և կոնստանտային (C) հատվածներ։ V-հատվածների շրջանում (շղթաների N-ծայրում) գտնվում են հակագեն կապող կենտրոններ, որոնց առաջացմանը մասնակցում է նաև ածխաջրային բաղադրիչը։ Հատվածների ամինաթթվային հաջորդականությունը փոփոխական է, որը պայմանավորված է հակամարմինների յուրահատկություններով
IgG
խմբագրելԱյն կազմում են բոլոր իմունագլոբուլինների 75%-ը, արտազատվում են արյան մեջ երկրորդային իմունային պատասխանի ժամանակ, արդյունավետորեն կապում և ապաակտիվացնում են այլածին մոլեկուլներն ու բջիջները։ Իմունագլոբուլինների միակ դասն է, որը թափանցում է ընկերքային պատնեշով և ապահովում է պտղի ներարգանդային պաշտպանությունը վարակներից
IgA
խմբագրելԱյն կապվում է հակածինի հետ՝ խոչընդոտելով դրանց թափանցումը օրգանիզմ, հանդիպում է արտազատուկներում (թուք, մայրական կաթ, արցունք և այլն)
IgM
խմբագրելԿատարում է հակածին ճանաչող առաջին ընկալիչի դեր (առաջնային իմունային պատասխան)
IgD
խմբագրելԿատարում է β-լիմֆոցիտների ընկալիչի դեր՝ ազդանշանի փոխանցում բջիջ
IgE
խմբագրելՀակածինի կապումից հետո բջիջը ստանում է բորբոքային և ալերգիկ ռեակցիաների զարգացման համար պատասխանատու, կենսաբանորեն ակտիվ միացությունների (սերոտոնինի, հիստամինի) արտազատման ազդանշան։
Գրականություն
խմբագրել- Կենսաքիմիա, Հ.Գ.Վահրադյան, Մ.Ի.Աղաջանով
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 102)։ |