Գարիկ Պապոյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Պապոյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Գարիկ Յուրիի Պապոյան (սեպտեմբերի 20, 1984, Լենինական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ հաղորդավար, հումորիստ, երաժիշտ։
Գարիկ Յուրիի Պապոյան | |
---|---|
Ծնվել է | սեպտեմբերի 20, 1984 (40 տարեկան) |
Ծննդավայր | Լենինական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | Հայաստան |
Կրթություն | Հայ-Ռուսական համալսարան (2008) |
Մասնագիտություն | հեռուստահաղորդավար, դերասան, երաժիշտ և հեռուստատեսային դերասան |
Աշխատավայր | Հայաստանի զինված ուժեր, Հայաստանի Հանրային Հեռուստաընկերություն, Շանթ հեռուստաընկերություն, Սիգմա TV, 32 Production, Արմենիա TV և Դար 21 |
Կենսագրություն
խմբագրելԳարիկ Պապոյանը ծնվել է 1984 թվականի սեպտմբերի 20-ին Լենինականում։ Միջնակարգ կրթությունը ստացել է Երևանի թիվ 196 միջնակարգ դպրոցում։ 2001 թվականին ընդունվել է Երևանի հայ-ռուսական (Սլավոնական) պետական համալսարանի զբոսաշրջության և գովազդի ֆակուլտետը, որն ավարտել է 2008 թվականին։ 2003-2005 թվականներին ծառայել է Հայաստանի զինված ուժերում։
2012 թվականի օգոստոս ամսին ամուսնացել է «Իքս-ֆակտոր» նախագծից հայտնի «Mars On» խմբի Մարիաննայի հետ։ Զույգն այժմ ունի 3 դուստր։
Գործունեություն
խմբագրել2006-2010 թվականներին եղել է Հայաստանի հանրային, Նոր ալիք, Շանթ և Արմենիա TV հեռուստաընկերությաններում, Սիգմա TV և 32 Production ընկերություններում «32 ատամ» հումորային ժամանցային հաղորդման սցենարիստ և դերասան, իսկ 2009-2010 թվականներին Արմենիա TV հեռուստաընկերությունում վարել է «3 պատ» շոու-ծրագիրը։ 2009-2010 թվականներին Դար 21 հեռուստաընկերությունում վարել է «Ալո Գարիկ» երաժշտական շոուն։ Խաղացել է «Մեր բակը» հումորային հեռուստասերիալում։
2010 թվականից աշխատում է «Վիտամին» ակումբում, որտեղ մինչ 2015 թվականը եղել է «Վիտամին ակումբ» հումորային շոու-ծրագրի վարո��, դերասան և սցենարիստ։ Հեռուստատեսությունում այլ աշխատանքներն են՝ «Հարց չկա» շոու-ծրագրի պրոդյուսեր, համասցենարիստ և վարող, «Իքս ֆակտոր» երաժշտական նախագծում որպես ժյուրիի անդամ, «Հայ Սուպերսթար» նախագծում որպես երաժշտական պրոդյուսեր և ժյուրիի անդամ, «Շանթ» հեռուստաընկերության «Կանխիկ հումոր» հեռուստանախագծին որպես ժյուրիի անդամ։ 2016-2017 թվականներին Ռոբերտ Մարտիրոսյանի հետ միասին վարել է «Կասկածելի Երեկո» ժամանցային շոու-ծրագիրը։
2009 թվականին թողարկել է իր առաջին «Inquam» ձայնասկավառակը։ 2011 թվականին սկսել է «Ռոք-սերունդ» շարժում-գաղափարախոսությունը[1]։ Բազմաթիվ երգերի, երգերի գործիքավորումների և խոսքերի հեղինակ է։ 2014 թվականին Գարիկ Պապոյանի հեղինակած Not Alone երգը՝ երգիչ Արամ Mp3-ի կատարմամբ, ներկայացվել է Եվրատեսիլ 2014 երգի մրցույթում և զբաղեցրել 4-րդ հորիզոնականը։
Գարիկ Պապոյանը 2014 թվականին նկարահանվել է «Սուպեր մամա», 2015 թվականին «Սիրո գործակից» ֆիլմերում։ 2017 թվականին նկարահանվել է «Սուպեր մամա 2» ֆիլմում։
Գարիկ Պապոյանը այժմ վարում է ակտիվ ստեղծագործական կյանք։ 2016 թվականին Գարիկ Պապոյանի և երգչուհի Սոնա Ռուբենյանի կողմից ստեղծվել է «Գարիկ Սոնա» բենդը, որը հանդես է գալիս հին հայկական, ինչպես նաև հայկական շոու բիզնեսի այլ աստղերի երգերին նոր շունչ հաղորդելով։ Բենդի առաջին գործիքավորումն էր «Նինո»-ն։ Գարիկ Պապոյանը բենդում հանդես է գալիս որպես գործիքավորող, պրոդյուսեր և կիթառահար։ 2017 թվականին Էդգար Էլբակյանի ստեղծագործության հիման վրա լույս տեսավ խմբի առաջին երգը՝ «Լուսին»-ը (կամ «Մորս»)։ Երգը լայն տարածում գտավ և կարճ ժամանակում սիրվեց բոլորի կողմից։ Երգը հաղթեց Radio Van Music Awards-ում «Ամենաշատ հնչած ու պատվիրված երգ» անվանակարգում։ Երգը նաև հաղթող ճանաչվեց Ծիծեռնակ մրցանակաբաշխության «Տարվա հիթ» անվանակարգում, սակայն Գարիկն ու Սոնան մրցանակը նվիրեցին Էդգարի մորը՝ Աննա Էլբակյանին։
2017-2019 թվականներին Հանրային հեռուտաընկերության եթերում Արամ MP3-ի հետ միասին վարում է «Լավ Երեկո» ժամանցային նախագիծը։ Իր գործունեության հենց առաջին տարում ՝ փետրվարի 28-ին, «Հայկյան» ամենամյա մրցանակաբաշխության ժամանակ «Լավ Երեկո»-ն արժանացավ հատուկ մրցանակի կարճ ժամանակում երիտասարդների շրջանում լայն ընդունելության արժանանալու և մեծ լսարան գրավելու համար։ 2019 թվականին Գարիկ Պապոյանը կրկին հեղինակում է Եվրատեսիլյան երգ՝ Walking Out-ը, որը երգիչ Սրբուկ-ի կատարմամբ, ներկայացվում է Եվրատեսիլ 2019 երգի մրցույթում։ 2020 թվականին Արմենիա TV հեռուստաընկերությունում վարում է «Տանը LIVE-a» հումորային նախագիծը։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ https://www.aravot.am/2011/06/29/164712/(չաշխատող հղում)