Գաղթականի երգը
«Գաղթականի երգը», Հովհաննես Թումանյանի բանաստեղծություններից, գրվել է 1896 թվականին[1]։ Բանաստեղծության ինքնագիրը պահպանված չէ։ Հայտնի է նաև «Կռունկն երկընքում ճամփա կըհանի․․․» վերնագրով։ Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի Թումանյանի ֆոնդի №1355-ում պահվում է Բաքվի 1908 թվականի բանաստեղծությունների՝ հեղինակի սեփական օրինակը, որտեղ ուղղումներ է կատարվել Թումանյանի կողմից։ Գրված է միջին դարերից եկող «Կռունկի» և պանդխտության երգերի վարպետ միահյուսմանբ՝ որպես հիմք ընունելով կռունկի միջնադարյան բնագիրը։ Այս բանաստեղծությունը, որը գրել է Թումանյանը, շատ մոտ է «Տաղ կըռնկի» տարբերակին։
Գաղթականի երգը | |
---|---|
Տեսակ | բանաստեղծություն |
Ձև | բանաստեղծություն |
Հեղինակ | Հովհաննես Թումանյան |
Բնագիր լեզու | հայերեն |
Գրվել է | 1896 |
Հրատարակչություն | Երկիր |
Հրատարակվել է | հոկտեմբերի 15, 1906 |
Վիքիդարան | Գաղթականի երգը |
Հրատարակում
խմբագրել1906 թվականի հոկտենբերի 15-ին, առաջին անգամ տպագրվել է «Երկիր» օրաթերթի13-րդ համարում, Բաքվում 1908 թվականին տպագրված բանաստեղծությունների 60-րդ էջում, և Թիֆլիսում 1916 թվականին հրատարակված «Հայրենիքիս հետ» շարքի 37-38-րդ էջերում, ապա որոշ ժամանակ անց Հովհաննես Թումանյանի երկերի ժողովածուի գիտական հրատարակության առաջին հատորի 124-րդ էջում, որը գրվել է Երևանում՝ 1940-1959 թվականներին։ Դրանից որոշ ժամանակ անց բանաստեղծությունը հանվել է «Հայրենիքիս հետ» շարքից ։
Վարկածներ
խմբագրելԵնթադրվում է, որ ստեղծագործության հիմքը արևմտահայության՝ 1895-1896 թվականների կոտորածներն էին։
Բովանդակություն
խմբագրելՀայ թարգմանիչ, հրապարակախոս Լևոն Հախվերդյանը գրել է․ «Այն պարզ հակադրությունը, որ արվում է կռունկի և պանդխտի միջև՝ կռունկը գիտե իր ճամբան, պանդուխտը մոլորել է, կռունկը գարնանը ետ կգա իր բույնը, բնավեր գաղթականն էլ ետ գալ չունի՝ ներդաշնակ է տարագիր գեղջուկի պարզ հոգեբանությունը։ Այնքան խորն է այդ ներդաշնակությունը, այնպես բնական ինտուիցիան, որ նկատել չի տալիս բանաստեղծության խայտաբղետ հյուսվածքը։ Ուրիշ ոչ մի տեղ Թումանյանն այնքան չի ջանացել խոսքը երանգավորել արևմտահայերենով։ Սա Արևմտյան Հայաստանից քշված գաղթականն է, բայց նրա մենախոսության մեջ հաշտ հարևանություն են անում արևմտահայ ու արևելահայ խոսվածքները»։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Հովհաննես Թումանյան երկերի լիակատար ժողովածու հատոր առաջին, էջ-654