Բոգդան Գեմբարսկի
Բոգդան (Ալեքսանդր) Անտոնիի Գեմբարսկի (լեհ.՝ Bohdan Aleksander Gębarski, փետրվարի 27, 1905, Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն - 1978, Վարշավա, Լեհաստանի Ժողովրդական Հանրապետություն), լեհ հասարակական գործիչ, հրապարակախոս, արևելագետ, գրող, թարգմանիչ։
Բոգդան Գեմբարսկի | |
---|---|
Ծնվել է | փետրվարի 27, 1905 |
Ծննդավայր | Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն |
Վախճանվել է | 1978 |
Վախճանի վայր | Վարշավա, Լեհաստանի Ժողովրդական Հանրապետություն |
Մասնագիտություն | արևելագետ |
Կենսագրություն
խմբագրելԾնվել է Սանկտ Պետերբուրգում, լեհ երկաթուղային ճարտարագետի ընտանիքում։ Ռուսական նախնական կրթություն ստանալուց հետո, սովորել է Մոսկվայի մոտ Զվենիգորոդ քաղաքի միջնակարգ դպրոցում, որն ավարտել է 1923 թ.։ 1924 թ. ընտանիքով տեղափոխվել է Վարշավա։ Սովորել է Վարշավայի արևելյան կենդանի լեզուների ինստիտուտում։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ ակտիվորեն պայքարել է ֆաշիզմի դեմ։ Եղել է 1944 թ.-ի Վարշավայի հակաֆաշիստական ապստամբության կազմակերպիչներից, ընկել համակենտրոնացման ճամբար։ Պատերազմից հետո զբաղվել է հասարակական լայն գործունեությամբ, մասնակցել է տարբեր ճամբարներից անչափահաս լեհերին հայրենիք վերադարձնելու գործին։ Պատերազմից հետո խմբագրել է թերթեր ու ամսագրեր։
1935 թվականից դասախոսություններ է կարդացել հայկական մշակույթի և հայ հին ու նոր գրականության մասին։ 1956 թվականին եղել է Հայաստանում։ 1961 թվականից զբաղվել է հայկական հարցով, գրել հայերի ցեղասպանության, հայ ժողովրդի հետագա ճակատագրի, Արևմտյան Հայաստանի նկատմամբ հայերի իրավունքների վերականգնման անհրաժեշտության մասին հոդվածներ՝ «Նամակներ աշխարհին» («Նամակ իմ հին թուրք ծանոթին», «Նամակ թուրք մտավորականներին», «Բաց նամակ Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր քարտուղար, նորին մեծություն պարոն Ու. Տանին», «Բաց նամակ Հնդկաստանի պրեզիդենտ, նորին գերազանցություն պարոն Սարվապալի Ռադհակրիշնանին», «Նամակ իմ հայ ընթերցողներին», «Երեք նամակ աշխարհի ընթերցողներին», «Շրջանի Հայկական քառակուսին ունի իր լուծումը» (նամակ Ամենայն հայոց կաթողիկոս Վազգեն Առաջինին, 1977)), որոնցում, դատապարտելով հայերի ցեղասպանությունը, բարոյաիրավական-համամարդկային չափանիշներով ապացուցում է, որ հայ ժողովրդի իրավունքները պետք է վերականգնվեն Մեծ Հայքի որոշակի սահմաններում՝ դեպի Սև ծով ելքով (1920 թվականի Սևրի հաշտության պայմանագրի նախատեսածից անհամեմատ ավելի փոքր տարածք)։ Գեմբարսկու գործունեության դեմ բողոքել է Թուրքիան, և նրան արգելվել է լեհական մամուլում հանդես գալ հայկական հարցի մասին հոդվածներով։ Նա ենթարկվել է ավտովթարի, բայց շարունակել է իր հայանպաստ գործունեությունը։
Նամակագրական կապեր է ունեցել Հայաստանի և սփյուռքի մշակութային գործիչների ու գրողների հետ։ Գրել է «Մորիտուրի» (լատ., «Մահվան դատապարտվածները») վիպակը նվիրված Մեծ եղեռնին։ Թարգմանել և երկու հատորով հրատարակել է հայ գրողների երկերը։
Մահացել է Վարշավայում, 1978 թ. մարտի 20-ին։
Ստեղծագործություններ
խմբագրել- Նամակներ աշխարհին, Երևան, 1990 թ.։
- Մահվան դատապարտվածները (վիպակ), Ե., Նաիրի, 1992, 116 էջ։ Թարգմ.՝ Անահիտ Տեր-Ղազարյան։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է «Հայկական հարց» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 7)։ |