Բայազետ
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Բայազետ (այլ կիրառումներ)
Բայազետ կամ Արշ��կավան, քաղաք Արևմտյան Հայաստանում, Արարատի նահանգում։ Գտնվում էր Մասիսից հարավ-արևմուտք, Ծաղկանց լեռների Թոնդրակ լեռան հյուսիսային լանջերին։
Քաղաք | ||
---|---|---|
Բայազետ | ||
թուրքերեն՝ Doğubayazıt | ||
Փոքր Արարատ ումից Բայազետ, Թուրքիա | ||
Երկիր | Թուրքիա | |
Իլ | Աղրը | |
Համայնք | Աղրըի մարզ և Էրզրումի վիլայեթ | |
Այլ անվանումներ | Բարոյնք, Բազիդ, Բայազեդ, Բայազեթ, Բայազետ Հին, Բայազիդ, Բայազիտ, Բարբոյնք, Բայեզիտ, Բիազիտ, Գահաժառանգաց բերդ, Դարոյնք, Դարույնք, Դողուբայազետ, Դողուբայազիդ, Պայազատ, Պայազատաց բերդ, Պայազիտ, Պայեզիտ, Պեյազիդ, Պեյազիտ | |
ԲԾՄ | 1950 մ | |
Բնակչություն | 70․100 մարդ | |
Ժամային գոտի | UTC+2, ամառը UTC+3 | |
Հեռախոսային կոդ | +90 472 | |
Փոստային դասիչ | 04200 | |
Ավտոմոբիլային կոդ | 01 | |
Պաշտոնական կայք | adana.bel.tr (թուրքերեն) | |
| ||
Աշխարհագրություն
խմբագրելՔաղաքն ընկած է նեղ դաշտի խորքում, մերկ և ժայռոտ լեռների միջև։ Քաղաքը բաց է միայն հյուսիսային կողմից և մյուս երեք կողմերից շրջափակված է ժայռերով։ Հյուսիսային կողմում գտնվում է Գռնավուկ դաշտը, որի մոտով հոսում է Կռնատիկ գետակը։ Գետակի վրա կա միակամար քարաշեն կամուրջ։
Քաղաքն ուներ աղբյուրներ։
Կլիմա
խմբագրելԳարունը չոր և արևոտ էր, ամառը` մեղմ, աշունն` հաճելի, իսկ ձմեռները ցուրտ։ Ուներ առողջարար օդ։
Պատմություն
խմբագրելՆերկայիս Դողուբայազետ քաղաքի սահմաններում դեռևս տեսանելի են Վանի թագավորության ժամանակաշրջանի (ենթադրաբար մ.թ.ա. VIII դար) հնագույն ամրոցի հիմքի բեկորներ[1]։
Մ.թ.ա. I-IV-րդ դարերում Արշակունիների տոհմի արքաները կառուցել են միջնաբերդ, որը ծառայել է որպես մետաքսի ճանապարհի պաշտպանության յուրատեսակ հենարան, ինչպես նաև գանձարանը պահելու և թագավորական ընտանիքը թաքցնելու վայր։
Հետագայում բերդը վերակառուցվել է Բագրատունիների կողմից, և մինչև V
դարի կեսերը եղել է նրանց նստավայրը։
Մինչև թուրքերի գրավումը (XIV դար) կոչվել է Դարույնք։ X-XII դարերում սկսել է գործածվել նաև Պայազատաց բերդ («Գահաժառանգաց բերդ») անվանումը, որը սակայն թուրքերի կողմից այս տարածքների նվաճումից հետո աղավաղվել է և կոչվել Բայազետ՝ ի պատիվ Օսմանյան սուլթան Բայազիդ Ա-ի։
Հայ պատմիչներից առաջինը Բայազետի մասին «Բերդն Բիազետի» ձևով 1451 թվականին հիշատակել է Առաքել Դավրիժեցին։
1555 թվականի թուրք-պարսկական պայմանագրով զավթել է Օսմանյան Թուրքիան։ Բայազետը որպես համանուն գավառի կենտրոն մտել է Էրզրումի էլայեթի մեջ։
XVIII դարում Դարույնք բերդի տեղում կառուցվել է Բայազետի նոր բերդը։ Քաղաքը զգալիորեն ավերվել է 1821-1823 թվականների թուրք-պարսկական պատերազմի ժամանակ։
1828 թվականին ռուսական զորքերը առանց կռվի գրավել են Բայազետը, սակայն 1829 թվականի Ադրիանուպոլսի հաշտության պայմանագրով այն դարձյալ մնացել է թուրքական տիրապետության տակ։
1829-30 թվականներին զգալի թվով հայեր Բայազետից գաղթել են Հայկական մարզ Գյոկչայի մահալում, Գավառ ավանի տեղում կառուցել Նոր Բայազետը (այժմ ՀՀ Գավառ քաղաք)։
1840 թվականի հունիսի 20-ից մինչև սեպտեմբերի 28-ը տևած երկրաշարժներից քաղաքը մեծ վնասներ է կրել։
1854 թվականին ռուսական զորքերը գրավել են Բայազետը, որը Փարիզի հաշտության պայմանագրով նորից անցել է Թուրքիային։
Ռուսական զորքերի Երևանյան խմբավորումը (հրամանատար գեներալ Ա. Տեր-Ղուկասով) 1877 թվականի ապրիլի 18-ին ազատագրել է Բայազետը, որտեղ թողնված ռուսական փոքրաթիվ կայազորը, հայ կամավորների աջակցությամբ, հունվարի 6-28-ը հերոսաբար մաքառել է քաղաքը պաշարած թուրքական և քրդական գերակշիռ ուժերի դեմ։ Թշնամիները ավերում են ամեն ինչ և սրի են քաշում բոլորին։ 300 տուն հայերից միայն 100-ն են փրկվում և փախչում են Մակու և Կարս։ Ս. Տեր-Պողոսյանից (Խենթ) տեղեկանալով բերդի օրհասական վիճակի մասին Ա. Տեր-Ղուկասովն իր զորաջոկատով փրկել է նրանց։
Այս ավերվածությունից և եղեռնից հետո Բայազետում մնում է ընդամենը 260 տուն բնակիչ, որոնցից 134-ը` թուրքական, 108-ը քրդական և 18-ը` հայկական։
1878 թվականի Սան Ստեֆանոյի պայմանագրով Բայազետը անցել է Ռուսաստանին, սակայն Բեռլինի դաշնագրով վերստին տրվել Թուրքիային։ 1914 թվականին ռուսական զորքերը, հայ կամավորների մասնակցությամբ ազատագրել են քաղաքը, որը 1918 թվականին դարձյալ ընկել է թուրքական տիրապետության տակ։
Բայազետի հայերը տեղահանվել են։ Նրանց մի մասը ոչնչացվել է թուրք ջարդարարների ձեռքով, փրկվածներն ապաստանել են տարբեր երկրներում։
Բնակչություն
խմբագրելXVIII դարի կեսերին բավականին մարդաշատ քաղաք էր և ուներ 2000 տուն հայ բնակիչ։
1805-1812 թվականների ռուս թուրքական պատերազմի ժամանակ ուներ 1735 տուն հայ և 310 տուն մուսուլման բնակիչ։
Ըստ Սերովբե Կարնեցու 1812 թվականին Բայազետն ուներ 12 000 բնակիչ։
Ըստ ռուսական աղբյուրենրի 1829 թվականին Բայազետն ուներ 1829 բնակիչ, որի մեծամասնությունը հայեր էին։ Ռուս-պարսկական պատերազմից (1826-1828 թվականներ) հետո հայերը զանգվածաբար տեղափոխվում են Արևելյան Հայաստան, իսկ լքված տները զբաղեցնում են քրդերը։
1909 թվականի քաղաքն ուներ 1000 տուն բնակիչ, որից 350 տունը հայեր էին։
1914 թվականին ուներ 5000 բնակիչ, որից 2000-ը հայեր էին, իսկ մնացածը քրդեր և թուրքեր։
Տնտեսություն
խմբագրելՀայերի հիմնական զբաղմունքը առևտուրն ու արհեստներն էին։ Հնում հայերը զբաղվում էին անասնապահությամբ և երկրագործությամբ։ Բայազետի շուկան ուներ 200 կրպակ, որի մեծ մասը պատմանում էր հայերին։
Ճարտարապետություն
խմբագրելՔաղաքը բաժանված էր 2 մասի։ Մի մասը կառուցված էր Կարաբուն լեռան վրա, իսկ մյուս մասը Էսկի-կալա լեռան լանջին, որի վրա գտնվում էր հին բերդի ավերակները։
Քաղաքի տները կառուցված էին կարմրավուն քարերով։ Փողոցները զառիթափ էին և դժվարանցանելի։
Հայերը հիմնականում բնակվում էին Ադիգյոռի թաղում։
Պատմամշակութային կառույցներ
խմբագրելԱնտոնի դար կամ Արնաքար բարձրագագաթ քարաժայռի վրա գտնում է Դարոյնք հինավուրց բերդը, որի համար գերմանացի ճանապարհորդ Վագները գրել է. «Հանդուգն և հրաշակերտ շինվածք է` այնպիսի տեղերի վրա հաստատված, որ բազեներն ու անգղները հազիվ թե կհամարձակվեն բուն դնելու։» Բերդը մի ժամանակ հանդիսանում էր Բագրատունի իշխանների ոստանը։ Ըստ ոմանց բերդը հանդիսանում է XII-XIII դարերի կառույց։ Բերդն ունեցել է բարձր և բոլորշի աշտարակներ։ Դարոյնքը հանդիսանում էր Հայաստանի ամուր և անառաիկ բերդաքաղաքներից մեկը։ Պատահական չէ, որ հռոմեացի պատմիչ Տակտիկոսը բերդը անվանել է «Տավրոսի մուտք»։ Ըստ Ղ. Ինճիճյանի XVII դարի վերջերին բերդը վերանորոգվել է Իսահակ (Իսախ) փաշայի ձեռքով։
Բայազետն ուներ 3 մզկիթ և 2 հայկական գործող եկեղեցիներ։ Ս. Կարապետը քարաշեն, փայտե ծածկով ոչ հին եկեղեցի էր, որը վերանորոգվել էր 1754-1878 և 1818 թվականներին։ Ս. Վարդան եկեղեցին գտնվում էր Ապտիկոր թաղամասում։
Բայազետի հնագույն հայկական Ամենափրիկիչ եկեղեցու ավերակները գտնվում էր քաղաքի հարավ-արևմտյան կողմում գտնվող հայկական գերեզմանատանը։
Քաղաքը հարուստ էր ուխտատեղիներով։ Էսկի-կալեում գտնվում էր Դարույնք և Լուսաղբյուր ուխտատեղիները։ Կային նաև Թուխ Մանուկ, Ս. Սիմոն, Ղզրո և Գառնիկ աղբյուր ուտատեղիները։
Բերդի դռան մոտ գտնվում էր սպիտակ և սև քարերով կառուցված բոլորագմբեթ մզկիթը, որից քիչ ներքև` պարսպապատ դարավանդի վրա գտնվում էր կարմիր քարով կառուցված հոյակապ պալատը, որը մի ժամանակ համարվում էր թուրքական կայսրության ամենանշանավոր պալատներից մեկը։ Ըստ Էփրիկյանի XVIII դարի վերջին Մահմուդ փաշան այն կառուցել էր տվել մի հայ ճարտարապետի։
Բայազետում է գտնվել Բագրատունիների տոհմական դամբարանը։
պատկերասրահ
խմբագրել-
կարմիր քարով կառուցված հոյակապ պալատը
-
Բակում մի աղբյուր
-
Մուտքը պալատի տարածք
-
Նուրբ քարե փորագրություն
-
Հարեմ
-
Անձնական ընդունելությունների սրահ
-
Ինտերիերի մանրամասները
-
Պալատական մզկիթի գմբեթը
-
Պալատում սպիտակ քարե մզկիթ
Կրթություն
խմբագրելՔաղաքում գործում էր Արամյան երկսեռ վարժարանը, որն ուներ 300 աշակերտ։
Անվանի մարդիկ
խմբագրելԲայազետում է ծնվել բժշկական ծառայության գեներալ-լեյտենանտ Ավետիք Բունազյանը[2]։
Տես նաև
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ Foundation, Encyclopaedia Iranica. «Welcome to Encyclopaedia Iranica». iranicaonline.org (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2022 թ․ նոյեմբերի 21-ին.
- ↑ «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 1, էջ 583-584
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 262)։ |