Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Բամբերգ (այլ կիրառումներ)

Բամբերգ (գերմ.՝ Bamberg, [ˈbambɛɐ̯k], միջին բարձր գերմ.՝ Babenberg, Բամբերգի խոսվածքով՝ Bambärch), քաղաք Գերմանիայի Բավարիա մարզում, մարզային խորհրդի նստավայր։ Բամբերգը համալսարանների, բարձրագույն դպրոցների և կառավարական քաղաք է, կարևոր տնտեսական կենտրոն, ինչպես նաև եպիսկոպոսանիստ քաղաք։ Երկրամասի քարտեզագրման ժամանակ քաղաքը նշվել է որպես Արևմտյան Ֆրանկոնիայի տարածաշրջանային կենտրոն և ներառվում է Նյուրնբերգի մետրոպոլիայի մեջ։ Քաղաքն ունի գրեթե 71.000, իսկ ագլոմերացիան՝ շուրջ 117.000 բնակիչ[2]։

Բնակավայր
Բամբերգ
բավ․՝ Bamberg
Դրոշ Զինանշան

ԵրկիրԳերմանիա Գերմանիա
ՀամայնքՎերին Ֆրանկոնիա
Ներքին բաժանումQ2595004?, Gartenstadt (Bamberg)? և Gaustadt?
Մակերես54,62 կմ²
ԲԾՄ262±1 մետր
Բնակչություն80 580 մարդ (դեկտեմբերի 31, 2023)[1]
Ժամային գոտիUTC+1 և UTC+2
Հեռախոսային կոդ0951
Փոստային դասիչ96001 և 96052
Ավտոմոբիլային կոդBA
Պաշտոնական կայքstadt.bamberg.de(գերմ.)
Բամբերգ (Գերմանիա)##
Բամբերգ (Գերմանիա)
Բամբերգ քաղաք
*
ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգություն

Բամբերգի կենտրոնը
Երկիր Գերմանիա Գերմանիա
Տիպ ճարտարապետական
Չափանիշներ (ii)(iv)
Ցանկ ՅՈՒՆԵՍԿՕ֊ի ցանկ
Աշխարհամաս** Եվրոպա
Ընդգրկման պատմություն
Ընդգրկում 1993  (անհայտ նստաշրջան)
Համար 624
Բամբերգ (Գերմանիա)##
Բամբերգ (Գերմանիա)
* Անվանումը պաշտոնական անգլերեն ցանկում
** Երկրամասը ըստ ՅՈՒՆԵՍԿՕ-ի դասակարգման
Համաշխարհային ժառանգություն

Քաղաքի հին հատվածը Գերմանիայում անփոփոխ պահպանված ամենահին քաղաքամասն է և 1993 թվականից ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում։ Դրանից բացի՝ Բամբերգը հայտնի է իր գարեջրային բազմազան ավանդույթներով։

Աշխարհագրություն

խմբագրել

Աշխարհագրական դիրք

խմբագրել
 
Բամբերգի մայր տաճարը՝ Գեյերսվյորթեր ամրոցից

Հարթավայրի միջով, որտեղ հենց ընկած է հին ֆրանկոնյան կայսերական և եպիսկոպոսական քաղաք Բամբերգը, հոսում է Ռեգնից գետը։ Այն դուրս է գալիս քաղաքից վերջինիս հյուսիսարևմտյան ուղղությամբ և արևմտյան սահմանի մոտ՝ կենտրոնից 5 կմ հեռավորության վրա՝ Բիշբերգի մոտ, միանում Մայն գետին։ Դեպի հարավ՝ մինչև Ֆյուրթ, տարածվում է Ռեգնիցի հարթավայրը, արևելքում ընկած է Ֆրանկոնյան Շվեյցարիան, հարավ-արևելքում և արևմուտքում՝ Մայնի հարթավայրը, հյուսիս-արևմուտքում՝ Հասբերգը, և արևմուտքում՝ Շթայգերվալդը։ Քաղաքը սահմանակցում է հետևյալ հարակից համայնքներին (սկսած հյուսիսից՝ ժամսլաքի ուղղությամբ) Գուդելշայմ, Մեմելսդորֆ, Լիթցենդորֆ, Շթրուլենդորֆ, Փեթթշթադ, Շթեգաուրախ, Բիշբերգ, Օբերհայդ և Հալլշթադ։

Տարածք

խմբագրել

Քաղաքը զբաղեցնում է 54,58 կմ² տարածք։ Հյուսիս-հարավ ձգվածությունը 9,6 կմ է, արևելք-արևմուտքը՝ 9,7 կմ։ Հին քաղաքամասը գտնվում է Ռեգնիցի երկու ճյուղերի միջև ընկած կղզու վրա՝ Ռեգնիցի ձախ ճյուղից՝ Դոմբերգից դեպի արևմուտք։ Ավելի ուշ քաղաքի զբաղեցրած տարածքն ընդլայնվել է առաջին հերթին դեպի արևելք։

 
Բամբերգի քարտեզը, 1617 թվական

Վարչական բաժանում

խմբագրել

Բամբերգը բաժանվում է մի քանի շրջանների՝ Լեռնային մաս, Կենտրոնական մաս (Կղզու հատվածը), Թոյերշթադ (Սբ. Գանգոլֆ), Վունդերբուրg, Գերոյթ, Հյուսիս (Սբ. Օտտո), Արևելք (Սբ. Հայնրիխ), Գարթենշթադ (Սբ. Կունիգուդա), Բրուկերսհոֆ, Բուգ, Բուգհոֆ, Գաուշթադ, Հիրշնոկ, Կրամերսֆելդ, Վիլդենզորգ։

1750-1753 թվականներին քաղաքի կառավարությունը քաղաքը բաժանել էր չորս շրջանի, որոնք անվանակոչվել էին քաղաքի չորս սրբերի անուններով՝ Հենրիցի (հյուսիս-արևմուտքում), Գրեգորիուսի (հյուսիս-արևելքում), Կունիգուդի (հարավ-արևելքում) և Օտտոնի (հարավ-արևմուտքում)։ Տները համարակալվում են ըստ առանձին շրջանների։ Հաջորդ բաժանումը տեղի է ունեցել 1804 թվականին՝ Սբ. Մարտին, Սբ. Գանգոլֆ, Մայր տաճարի և Տիրամոր։ Միաժամանակ սկսվեց տների հաջորդական համարակալումը՝ սկսած քաղաքապետարանի հին շենքից։ 1876 տները սկսեցին համարակալվել ըստ փողոցների։ Քաղաքի ընդլայնման հետ մեկտեղ քաղաքի՝ արդեն գոյություն ունեցող շրջաններին ավելացան նորերը, այսպես՝ 1909 թվականին՝ 5-րդ, իսկ 1916 թվականին՝ 6-րդ հատվածները։ Մինչ օրս պետականորեն չճանաչված այս բաժանումը ծառայում է քաղաքի 16 համայնքների տարանջատմանը, ընդ որում՝ ամեն երկու համայնքներ ներառված են մի շրջանի մեջ։ Գաուշթադ և Կրամերսֆելդ-Բրուկերթսհոֆ-Հիրշնոկ համայնքները ստեղծվել են, երբ Գաուշթադը դեռևս անկախ համայնք էր, իսկ Կրամերսֆելդը դեռևս պատկանում էր Հալլշթադին։ Վարչական համայնքների ժամանակակից բաժանումը հետևյալն է՝

Շրջան Վարչական համայնք Հիմնադրման տարեթիվը
I շրջան Կենտրոնական Բամբերգ 1905
II շրջան Գանգոլֆ 1908
III շրջան Կաուլբերգ 1899
Շթեֆանսբերգ (III շրջանում) 1953
IV շրջան Զանդ 1891
V շրջան Վունդեբուրգ, Հարավային Բամբերգ՝ V շրջանում 1906
Հարավային Բամբերգ, Գերոյթ՝ V շրջանում 1974
VI շրջան Հյուսիսային Բամբերգ, Սուրբ Օտտո 1923
VII շրջան Արևելյան Բամբերգ 1951
VIII շրջան Գարթենշթադ 1951
IX շրջան Կրամերսֆելդ-Բրուկերթսհոֆ-Հիրշնոկ 1956
X շրջան Բուգ 1972
XI շրջան Գաուշթադ 1904
XII շրջան Վիլդենզորգ 1979
XIII շրջան Հարավ-արևմուտք 1977
XIV շրջան Բրուդերվալդ 1993

Բամբերգն ունի շուրջ 650 փողոց, հրապարակ և փակուղի։

Պատմություն

խմբագրել

Պատմական ակնարկ

խմբագրել
 
Կայսերական զույգ՝ Հենրիխ II և Կունիգուդ
 
Բամբերգցի ասպետ

Բամբերգի պատմությունը վկայող հնագույն մասունքները ամենայն հավանականությամբ 19-րդ դարում հայտնաբերված բամբերգյան կուռքերն են։

902 թվականին Բաբենբուրգ է կոչվել այժմյան Դոմբերգի տարածքում գտնվող մի ամրոց։ Այն պատկանում էր արևելաֆրանկոնյան բաբենբերգցիների դասին, ովքեր կորցրեցին ունեցվածքը ռայն-ֆրանկոնյան Կոնրադինների հետ 903 թվականին տեղի ունեցած արյունալի մարտերի արդյունքում։ Այսպես կոչված Բաբենբերգյան մարտերի ժամանակ զոհվեցին բաբենբերգցի երեք եղբայրները։ Ունեցվածքն անցավ արքային և մնաց արքունիքի հսկողության տակ մինչև 973 թվականը։ Օտտո II կայսրը ամրոցը նվիրեց իր հորը՝ Բավարիայի հերցոգին՝ Հենրիխ Ցենկերին։

1007 թվականին Բամբերգում հիմնադրվել է եպիսկոպոսարանը Հենրիխ II-ի՝ Հենրիխ Ցենկերի որդու կողմից, և հենց նույն տարում նա հովանավորեց առաջին տաճարի հիմնադրումը, որը սակայն երկու անգամ ձախողվեց և տաճարը կառուցվեց այսօրվա՝ 13-րդ դարից մեզ հասած ճարտարապետությամբ։ 1430 թվականի հունվարին Բամբերգի վրա հարձակվեցին հուսիթները։ Վանականները տաճարի գանձերի հետ միասին տեղափոխվեցին Գիշբուրգ, իսկ եպիսկոպոսը վերադարձավ Կերնթեն։ Ունևոր քաղաքացիները փախուստի դիմեցին Ֆորշհայմ և Նյուրնբերգ։ Սակայն հուսիթները չգրավեցին Բամբերգը։ Երբ նրանք նվաճել էին Շեսլիթցը, Բամբերգում մնացած արհեստավորները, բանվորներն ու գյուղացիները կողոպտեցին նախ և առաջ գինու պահեստները, ապա առանց հսկողության մնացած տներն ու վանքերը։ Դրանից շատ չանցած՝ մարկգրաֆ Ֆրիդրիխ I-ը հուսիթների առաջնորդ Անդրեաս Պրոկոպի հետ Ցվերնից ամրոցում զինադադար կնքեց, ըստ որի Բամբերգը պիտի 12.000 գուլդեն ռազմատուգանք վճարեր՝ կողոպուտի վնասները փոխհատուցելու համար։

Առաջին քաղաքացիական ընդվզումը ասպետա-եպիսկոպոսական իշխանության դեմ արդյունք չտվեց։ 1524-1525 թվականների գերմանական քաղաքացիական պատերազմը քաղաքի վրա թողեց իր հետքերը։

Քաղաքը մեծապես վնասվել է շվեդական զորքերի կողմից՝ Երեսնամյա պատերազմի ժամանակ, պրուսական բանակի կողմից՝ Յոթնամյա պատերազմի ժամանակ և ֆրանսիական զորքերի կողմից՝ Նապոլեոն Բոնապարտի օրոք։

Լոթար Ֆրանց ֆոն Շյոնբորնի (1693–1729) և Ֆրիդրիխ Կարլ I-ի (1729–1746) իշխանության օրոք քաղաքը բարոկկոյի ժամանակաշրջանին հատուկ մեծ վերելք ու ծաղկում ապրեց։

Լունեվիլյան համաձայնագրով քաղաքը և Մայր տաճարը առաջարկեցին Բավարիայի իշխանությանը՝ Պֆալցյան երկրամասը Ֆրանսիային զիջելու փոխարեն։ Դեռևս նախքան կայսերական որոշման ընդունումը՝ Բավարիան 1802 թվականի սեպտեմբերի 2-ից ռազմական վերահսկողություն սահմանեց Բամբերգի տարածքի վրա և տարածքը վերջնականապես բավարական մարզ հայտարարեց նոյեմբերի 29-ին։ Եպիսկոպոս Քրիստոֆ Ֆրանց ֆոն Բուզեկը վերադարձավ քաղաք և դրանով հաստատեց քաղաքի ինքնավարության ավարտը։

1848-1849 թվականների Մարտի հեղափոխության ժամանակ Բամբերգը ծառայում էր որպես ժողովրդավարների հենակայան, ինչի համար էլ քաղաքը Մյունխենի կառավարության մոտ ծայրահեղ արմատականի համբավ ուներ։ Ամենահայտնի գործիչներից էին փաստաբաններ Նիկոլաուս Տիտուսը և Իգնաց Փրելը, բժիշկ Հենրիխ Հայնկելմանը և լրագրող Կարլ Հեգերը։

1854 թվականի մայիսի 25-26-ը գերմանական ութ երկրներ՝ Բավարիան, Սաքսոնիան, Հաննովերը, Վյուրթեմբերգը, Բադենը, Հեսսենը, Հեսսեն-Դարմշթադը և Նասսաուն, մասնակցում էին Բամբերգի համաժողովին, որտեղ նրանք պարզաբանում էին Արևելյան հարցում իրենց դիրքորոշումը երկու տերությունների՝ Ավստրիայի և Պրուսիայի նկատմամբ։

1909 թվականին Բամբերգում ստեղծվել է Գերմանիայի հետախույզների առաջին խմբերից մեկը։

Առաջին աշխարհամարտից հետո՝ 1919 թվականի ապրիլի 7-ին, դրանից ոչ շատ վաղ ընտրված Հոֆման I-ի գլխավորած բավարական կառավարությունը փախուստի դիմեց Բամբերգ՝ Մյունխենի խորհրդային հանրապետությանը ճնշելու համար ռազմական աջակցություն խնդրելու նպատակով։ Կայսերական բանակի և աշխարազորայինների կողմից Մյունխենի խորհրդային հանարապետության տապալումից հետո՝ 1919 թվականի օգոստոսի 14-ին, հաստատվեց Բամբերգի կանոնադրությունը՝ որպես Բավարիայի առաջին ժողովրդավարական կանոնադրություն։

1933 թվականին Բամբերգում ևս հաստատվեց նացիոնալ-սոցիալիստական իշխանությունը, և քաղաքացիները սկսեցին մասնակցել հրեա համաքաղաքացիների հետապնդման ու հալածման գործընթացին։ Վիլհելմ Արոնը կալանքի տակ վերցվեց 1933 թվականի մարտի 10-ին և սպանվեց Դախաույի համակենտրոնացման ճամբարում։ 1933 թվականի հուլիսի 1-ին՝ Բեռլինյան մայիսի 10-ից վեց շաբաթ անց, կրակի մատնեցին հազարավոր գրքեր։ Վիլլի Լեսսինգը՝ Բամբերգի գարեջրատան սեփականատերը, ձերբակալվեց 1936 թվականին և 1938 թվականի Բյուրեղապակյա գիշերը տանջահար արվեց այն աստիճանի, որ օրեր անց մահացավ։ Երկու օդային հարվածից, որոնք ընդհանուր առմամբ 310 մարդու կյանք խլեցին և հողին հավասարեցրին 708 բնակարան, կործանվեց Բամբերգի 4,4 %-ը։

Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից հետո Բամբերգը ներառվեց ԱՄՆ-ի տիրապետության գոտում։ Ռազմական իշխանության կողմից ստեղծվեց այսպես կոչված DP-ճամբար՝ նախատեսված տեղահանված անձանց (Displaced Person) համար։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից հետո Բամբերգում է գտնվում ԱՄՆ զինված ուժերի մի կայազոր։

Ջրհեղեղներ

խմբագրել
 
Ջրի բարձրացման ցուցանիշները Դոմինիկյան վանքի վրա

Ռեգնից գետի ջրի մակարդակի տատանումները մեծ վտանգ են ներկայացնում քաղաքի համար։ 1342 թվականին «Մագդալենա» անունը կրող ջրհեղեղի հետևանքով ջրի տակ է անցել մի կամուրջ։ Ամենամեծ ջրհեղեղը եղել է 1784 թվականի փետրվարի 27-ին, որի ժամանակ ջրի տակ է անցել Մյուլեն թաղամասի տների մեծամասնությունը։ Մեծապես վնասվել են նաև կամուրջները։ 1756 թվականին լճի վրա բարոկոյի ոճով կառուցված յուրահատուկ կամուրջը (այսօր՝ Շղթայակապ կամուրջ ) կործանվել է սառույցի բեկորների և արմատախիլ եղած ծառերի պատճառով։

Քաղաքի տարբեր հատվածներում կարելի է հանդիպել ջրի մակարդակի մի քանի ցուցանիշներիշի։ Այստեղ նշված են նաև 2004 թվականի մեծ ջրհեղեղի ցուցանիշները։

Կախարդների հետապնդման ժամանակաշրջան

խմբագրել

Բամբերգի եկեղեցական հնագույն կանոնադրությունը նույնն էր Վյուրցբուրգի և Կուրմայնցի, սահմանակից դարձած բողոքական Բայրութ իշխանության և շվաբական փոքրիկ դքսության՝ Վիզենշթայգի հետ, որը կախարդության ու կախարդների հետապնդման վաղ ժամանակաշրջանի կենտրոններից մեկն էր Հարավային Գերմանիայում։

1507 թվականին Բամբերգում վավերացվեց „Constitutio Criminalis Bambergensis“ կոչվող քրեական սահմանադրությունը, որը, ի թիվս այլ պատիժների, տուգանք էր նախատեսում նաև կախարդությունների համար՝ սահմանելով բարձրագույն պատիժ՝ մահ խարույկի վրա։

  die straff der zauberey: Item so jemandt den leuten durch zauberey schaden oder nachtheyl zufuegt, soll man straffen vom leben zum todt, vnnd man soll solch straff mit dem fewer thun (Կախարդության համար նախատեսված պատիժ. եթե ինչ-որ մեկը վնասում կամ բացասական կողմ է ավելացնում մարդկանց, ապա նա պիտի պատժվի մահով՝ այրվելով խարույկի վրա)
- „Constitutio Criminalis Bambergensis“ քրեական սահմանադրության հոդված 109, 1507 թվական
 

Երկարաժամկետ տարաձայնությունները Բամբերգի կառավարիչ-եպիսկոպոսի հետ, բախումների հետևանքով ծագած սովի և եպիսկոպոս Յոհան Գեորգ II-ի կողմից կախարդություններին անձնապես հավատալը պատճառ հանդիսացան կախարդների հետապնդման ու ընտանիքներով բռնագաղթման գործընթացը 1620-1630-ական թվականներին իրենց բարձրակետին հասցնելու համար։ Վանական Ֆրիֆրիխ Ֆյորները կախարդների հետապնդման հիմնական կազմակերպիչն ու առաջնորդն էր։ Դորնհայմի իշխան Յոհան Գեորգ II-ը կախարդների և կախարդություն անելու մեջ մեղադրվողների ձերբակալության համար, նույնիսկ, հատուկ հաստատություն էր ստեղծել։

Բամբերքի մեծաթիվ քաղաքացիներից ու եկեղեցական համայնքի անդամներից զատ՝ կախարդության մեղադրանքով 1628 թվականի օգոստոսին ձերբակալվել էր նաև Բամբերգի քաղաքապետը՝ Յոհանես Յունիուսը։ Նա այստեղ իր ձերբակալության մասին աղջկան գրում է.

  Unschuldig bin ich in das gefengnus kommen, unschuldig bin ich gemarttert worden, unschuldig muß ich sterben …(Ես անմեղ եմ բերվել բանտ, անմեղ եմ տառապել և անմեղ էլ պիտի մեռնեմ)
- Քաղաքապետ Յոհանես Յունիուսի հրաժեշտի նամակը
 

Ըստ զոհերի ցուցակի՝ մինչև 1632 թվականը Բամբերգում ավելի քան 300 մարդ է մահապատժի ենթարկվել՝ մեղադրվելով կախարդության մեջ[3]։ մեզ հասած դատավարական փաստաթղթերից պարզ է դառնում, որ 1595-1631 թվականներն ընկած ժամանակաշրջանում երեք փուլով ավելի քան 880 մարդ է դատապարտվել մահապատժի՝ մեղադրվելով կախարդության մեջ։ Միայն շվեդական զորքերի հարձակումից հետո վերջ դրվեց այդ հետապնդումներին։ Եպիսկոպոս Յոհան Գեորգ II-ը փախուստի դիմեց Կերնթեն ու մահացավ այնտեղ 1633 թվականին։

Կախարդների հետապնդման ժամանակաշրջանը լավագույնս արտացոլվում է 1830-ական թվականներին լայն տարածում գտած անտիկվար իրերի առևտրի շրջանակներում պահպանված փաստաթղերի շնորհիվ։ Դրանք հավաքագրվել են քաղաքի արխիվի համար և պահպանվում են Բամբերգի քաղաքային գրադարանի ձեռագրերի պահոցում։ Սակայն այն հարցը՝ արդյոք այս դատավարական փաստաթղթերն ամբողջական պատկերացում կարո՞ղ են տալ այդ ժամանակաշրջանի մասին, դրանց պահպանման վիճակից ելնելով, դժվար է ասել։ Ամեն դեպքում՝ դատապարտյալների անձնական տվյալներից և դատական գործընթացից ավելի քան պարզ կարելի է ենթադրել, որ կախարդության մեղադրանքի քողի տակ այս ժամանակաշրջանում շահարկվում էին իրավաքաղաքական խնդիրներ։ Եպիսկոպոս Գեորգ Յոհանես II-ը կախարդությամբ զբաղվելու պատրվակով նպատակաուղղված կերպով ցանկանում էր չեզոքացնել քաղաքական հակառակորդներին հոգևոր աշխարհում, ինչպես նաև Բամբերգի բնակչության շրջանում։

2012 թվականի հոկտեմբերին Բամբերգում ամեն շաբաթ կազմակերպվել են քննարկումներ այն ժամանակաշրջանի «Կախարդների դատավարության» վերաբերյալ՝ քաղաքի պատմությունը թարմացնելու և մշակելու նպատակով։ Բամբերգի Կենտրոն վարչական շրջանը նախատեսում է նվիրաբերությունների միջոցով Գեյերսվյորթ ամրոցի մոտակայքում մի հուշարձան տեղակայել, որը կհիշեցնի ոչ միայն կախարդների հետապնդման մասին, այլ նաև կնախազգուշացնի մոլեռանդության ու խտրականության բացասականության աստիճանի մասին։ ZDF հեռուստաալիքի "Die Seelen im Feuer"(«Հոգիները՝ խարույկում») գեղարվեստական ֆիլմում, որը նկարահանված է Զաբինե Վայգանդի համանուն վեպի հիման վրա, ներկայացվում է կախարդների հետապնդման ժամանակաշրջանը Բամբերգում[4]։

Համալսարանական քաղաք՝ 1647-1803, 1979-ից մինչ օրս

խմբագրել
 
Բամբերգը՝ 1900-ական թվականներին` Ալթենբուրգից

1647 թվականին հիմնադրված համալսարանը 1803 թվականին բավարիացի նվաճողների կողմից լուծարվում է, իսկ հետագայում շորունակում գործել որպես փիլիսոփայական-տեխնիկական բարձրագույն դպրոց։ 1946/1947 թվականների ձմեռային կիսամյակի ընթացքում իր բոլոր ֆակուլտետներով համալսարանը հավակնում էր դառնալ Բավարիայի չորս առաջատար համալսարաններից մեկը։ Այդ գործընթացի մեծ ջատագով էր այն ժամանակի ռեկտոր Բենեդիկտ Կրաֆթը։ Նա հրավիրեց անվանի պրոֆեսորների, ովքեր մինչ այդ դասավանդել էին Կյոնիգսբերգում կամ Բրեսլաույում, ինչպես նաև Լայպցիգի գերագւյն դատարանի դատավորին։ Պատերազմից վերադարձած զինվորներից շատերը սկսեցին ուսանել այստեղ, ընդ որում՝ կիսամյակից կիսամյակ համալսարանն ընդլայնվում էր։ Հետագայում ընդլայնման ծրագրերն իրականացան, և Ռեգենսբուրգի համալսարանը դարձավ չորրորդ բավարական համալսարանը։ 1972 թվականին Բամբերգի բարձրագույն դպրոցը վերաձևավորվեց որպես ավագ դպրոց, իսկ 1979 թվականից՝ շարունակեց իր գործունեությունը որպես համալսարան։ Հիմնադրի անունով կոչվող Օտտո-ֆրիդրիխ համալսարանը ներառում է հումանիտար և բնագիտական բնագավառների ֆակուլտետներ, ինչպես նաև տնտեսագիտական ինֆորմատիկա և կիրառական ինֆորմատիկա։

2009 թվականին Բավարիա երկրամասի ֆինանսական ծախսերը կրճատելու նպատակով կրճատվեց սոցիալական աշխատանք մասնագիտությունն ու միացվեց Քոբուրգի բարձրագույն դպրոցին։ Համալսարանի հիմնական ֆակուլտետը՝ կաթոլիկ աստվածաբանությունը նույնպես անջատվեց համալսարանից և միացվելով Կաթոլիկ աստվածաբանության ինստիտուտին՝ վերափոխվեց հումանիտար գիտությունների և մշակութաբանության ֆակուլտետի։

2009 թվականի մայիսի 25-ին քաղաքը կառավարության կողմից ստացավ «Բազմազանության վայր» անվանումը։

Բանակ (մինչև 1803 թվական)

խմբագրել

Եկեղեցու իրավասությունից իշխանությունը վերցնելու և աշխարհիկ իշխանությանը հանձնելու և տարածաշրջանային բարեփոխումների ժամանակ Ֆրանկոնյան կայսրությունը պատրաստակամ էր ռազմական գործողությունների ժամանակ աջակցելու Բամբերգին, որը նրան զորքեր էր տրամադրում։ Դրանք կազմում էին Հոհենլոհի և Ֆերնթհայլի զորագնդերը, ինչպես նաև ֆրանկոնյան հրետանու մի հատված[5]։ Բամբերգը բավականին վատ էր պաշտպանված և Յոթնամյա պատերազմում երեք անգամ գրավվել է պրուսական զորքերի կողմից՝ Բամբերգի կառավարիչին չեզոքություն պահպանել տալու համար, ում խոսքն արքունիքում ծանրակշիռ նշանակություն ուներ։

Բանակ (սկսած 1803 թվականից)

խմբագրել

Բամբերգի հիմնական զորագնդերն էին 5-րդ հետևակայինը և Բավարական բանակի 1-ին զորագունդը՝ «Sekt-Ulanen» մականունով (1872 թվականից սկսած)։ Առաջին համաշխարհային պատերազմից առաջ Բամբերգի հեծելազորը մասնակցել է Լագարդի ճակատամարտին։ Երկու զորագնդերն էլ մինչև 1918 թվականը մնացել են Բամբերգում։ 1919 թվականից այն վերածվեց Ռայխի բանակի 17-րդ կայազորի։ Նացիոնալ-սոցիալիստական ռեժիմի ներքո բանակի վերազինումը իր հետ բերեց նոր շինությունների ու զորանոցի կառուցման։ 1945 թվականից Բամբերգում այլևս գերմանական զորաբանակ չկար։ Դրա փոխարեն ԱՄՆ իր տիրապետության տակ վերցրեց զորանոցը՝ մինչև 2014 թվականին Բամբերգից իր հեռանալը[6]։ Առաջացած փոխարկման տարածքների բաժանման հարցը դրվեց հանրային քննարկման[7] 2014 թվականի հունվարին Բամբերգի ու Անշարժ գույքի դաշնային ինստիտուտի միջ կնքվեց համաձայնագիր, ըստ որի՝ 2015 թվականի մարտին արդեն հնարավոր կլինի այդ տարածքների հինգ հատվածի միացումը Բամբերգին[8]։ 2014 թվականի հոկտեմբերից ԱՄՆ-ի նախկին տիրապետության «ՆԱՏՕ-ավան» գոտին 149 տնտեսությամբ քաղաքակիրթ շահագործման հանձնվեց։ Դրա զարգացումը քաղաքի միջոցով արդեն իսկ իրականանում է[9]

Նացիոնալ-սոցիալիզմի ժամանակաշրջան

խմբագրել

1908-1910 թվականներին կառուցված Բամբերգի սինագոգան ավերվեց 1938 «Բյուրեղապակյա գիշերվա» ընթացքում։ 1941 թվականին սկսեցին արտաքսել Բամբերգում բնակվող հրեաներին։ Հրեական գերեզմանոցը բռնագրավվեց իսկ « Taharahaus» (վայր, որտեղ լվանում էին հրեաների դիակները)[10] միացվեց «Bosch» ֆիրմային, որը այն սկսեց օգտագործել որպես պահեստ[11]։

Վարչական շրջանների միավորում

խմբագրել

1970 թվականի հունվարի 1-ին Կրամերսֆելդի և Բրուկերթսհոֆի մի մասը միացավ Հալշթադ վարչական շրջանին։ 1972 թվականի հուլիսի 1-ին Բամբերգի վարչական բարեփոխումների շրջանակներում հետևեց Բուգ, Գաուշթադ, Վիլդենզորգ համայնքների միացումը Շթրուլենդորֆին, ապա՝ Հիրշնոկ համայնքի միացումը Գունդելսհայմին[12]

Բնակչություն

խմբագրել
 
Բամբերգի բնակչության աճը 1599-2012 թվականներին

Միջնադարում և նոր դարերում Բամբերգի բնակչությունը դանդաղ էր աճում և բազմաթիվ պատերազմների, համաճարակների ու սովի պատճառով կրկին նվազում։ Երեսնամյա պատերազմի ընթացքում բնակչության թիվը 1648 թվականին նվազեց մինչև 7.000, մինչդեռ մինչև պատերազմը այն հասնում էր 12.000-ի։ Արդյունաբերականացման հետ մեկտեղ բնակչության թվի աճը 19-րդ դարում արագացավ։ 1811 թվականին քաղաքն ուներ 17.000 բնակիչ, իսկ 1900 թվականին նրանց թիվը հասավ 42.000-ի։

Մինչև 1939 թվականը բնակչության թիվն աճեց մինչև 59.000: Երկրորդ համաշխարհային պատերազմից կարճ ժամանակ անց քաղաքի գերմանական արևելյան շրջաններից փախստականները և աքսորյալները բնակչության թիվը 1945 թվականի դեկտեմբերին 16.000-ից հասցրին 75.000-ի։ 1953 թվականին քաղաքի բնակչության թիվը հասավ պատմության մեջ ամենաբարձր ցուցանիշին՝ 77.000-ի։ Մինչև 1972 թվականի հունիսը թիվը կրկին կրճատվեց մինչև 69.000: 2006 թվականի հունիսի 30-ի մարդահամարի տվյալներով բնակչության թիվը հասնում էր 70.063-ի։

Հետևյալ ուսումնասիրությունը ցույց է տալիս յուրաքանչյուր շրջանի բնակչության պատկերը։ 1811 թվականին դրանք հիմնականում գնահատումներ էին, դրանից հետո մարդահամարի տվյալներ կամ պետական վիճակագրական տվյալներ։ Տվյալները 1871 թվականից սկսած վկայում են «քաղաքի հիմնական բնակիչների», 1925 թվականից՝ հիմնական բնակչության և 1987 թվականից՝ ըստ բնակչության վայրի բնակչության մասին։

Տարեթիվ Բնակչություն
1599 11.500
1618 12.000
1648 7.000
1795 16.000
1811 17.095
Հունիսի 1, 1830 18.600
Դեկտեմբերի 1, 1840 20.900
Դեկտեմբերի 3, 1852 20.594
Դեկտեմբերի 3, 1855 22.391
Դեկտեմբերի 3, 1858 23.456
Դեկտեմբերի 3, 1861 23.500
Դեկտեմբերի 3, 1864 25.200
Դեկտեմբերի 3, 1867 26.100
Դեկտեմբերի 1, 1871 25.700
Դեկտեմբերի 1, 1875 26.951
Դեկտեմբերի 1, 1880 29.587
Դեկտեմբերի 1, 1885 31.500
Տարեթիվ Բնակչություն
Դեկտեմբերի 1, 1890 35.815
Դեկտեմբերի 2, 1895 38.940
Դեկտեմբերի 1, 1900 41.823
Դեկտեմբերի 1, 1905 45.483
Դեկտեմբերի 1, 1910 48.063
Դեկտեմբերի 1, 1916 40.344
Դեկտեմբերի 5, 1917 41.395
Հոկտեմբերի 8, 1919 49.179
Հունիսի 16, 1925 50.152
Հունիսի 16, 1933 54.161
Մայիսի 17, 1939 59.466
Դեկտեմբերի 31, 1945 75.193
Հոկտեմբերի 29, 1946 74.733
Սեպտեմբերի 13, 1950 76.180
Սեպտեմբերի 25, 1956 75.116
Հունիսի 6, 1961 74.115
Դեկտեմբերի 31, 1965 72.869
Տարեթիվ Բնակչություն
Մայիսի 27, 1970 70.581
Դեկտեմբերի 31, 1975 74.236
Դեկտեմբերի 31, 1980 71.928
Դեկտեմբերի 31, 1985 69.920
Մայիսի 25, 1987 ¹ 69.100
Դեկտեմբերի 31, 1990 70.521
Դեկտեմբերի 31, 1995 69.652
Դեկտեմբերի 31, 2000 69.036
Հունիսի 30, 2005 69.934
Հունիսի 30, 2006 70.063
Դեկտեմբերի 31, 2006 69.574
Դեկտեմբերի 31, 2007 69.884
Դեկտեմբերի 31, 2008 69.989
Դեկտեմբերի 31, 2009 69.827
Դեկտեմբերի 31, 2010 70.004
Դեկտեմբերի 31, 2011 70.084
Դեկտեմբերի 31, 2012 70.863
Տարեթիվ Բնակչություն
Դեկտեմբերի 31, 2013 71.167

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Alle politisch selbständigen Gemeinden mit ausgewählten Merkmalen am 31.12.2023 (գերմ.)DESTATIS, 2024.
  2. Բամբերգի ագլոմերացիան՝ 117.000 բնակչությամբ՝ 73-րդը Գերմանիայի ագլոմերացիաների շարքում [1]
  3. Կախարդների դատավարության զոհերի ցուցակը(գերմաներեն) (PDF; 268 kB)
  4. "Die Seelen im Feuer" ֆիլմի մասին տեղեկություններ ZDF-ից, հունիս, 2014
  5. Բամբերգի 5-րդ զորագունդը
  6. Զորանոցը` սկզբում չնախատեսված փախստականների համար Արխիվացված 2014-10-18 Wayback Machine br.de, 2014 թվական, սեպրեմբերի 4.
  7. infranken.de-ի 2013 թվականի հունիսի 2-ի թողարկումը՝ „Die Ami genga: Jetzt sollen die Bürger mitreden“
  8. Nordbayern.de-ի 2014 թվականի հունվարի 17-ի զեկույցը
  9. ««ՆԱՏՕ-ավան»-ը արդեն քաղաքակիրթ շահագործման է հանձնվել». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 16-ին. Վերցված է 2021 թ․ հունվարի 22-ին.
  10. Taharahaus էջը գերմաներեն Վիքիպեդիայում
  11. Բավարիայի պատմության տուն. Հրեական գերեզմանները Բամբերգում
  12. Wilhelm Volkert (1983). Handbuch der bayerischen Ämter, Gemeinden und Gerichte 1799–1980. München: C. H. Beck’sche. էջ 600. ISBN 3-406-09669-7.

Գրականություն

խմբագրել
  • Վոլֆգանգ Վուսման. Բամբերգ. հանրագիտարան, Բամբերգ 1996 ISBN 3-928591-38-X
  • Ռոբերտ Զուխալե. Բամբերգ։ Արվեստի քաղաքի ուղեցույցը եկվորների համար, Բամբերգ 1993 ISBN 3-926946-03-2
  • Կարին Դենգլեր-Շրայբեր. Բամբերգը նոր և հին ընկերների համար։ Քաղաքի ուղեցույցը, Բամբերգ 2002 ISBN 3-89889-014-7

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բամբերգ» հոդվածին։