Բաթումի պայմանագիր․ 1918, այսպես կոչված հաշտության և բարեկամության պայմանագիր Օսմանյան կայսերական կառավարության և հայկական գավառների գերագույն և միակ իշխանության անունից, Թիֆլիսի Հայոց Ազգային Խորհրդի միջև, կնքվել է հունիսի 4-ին Բաթումում։ Թուրքիայի կառավարության անունից պայմանագիրը ստորագրել են Խալիլ բեյը, Վեհիբ Մեհմեդ փաշան, հայկական գավառների գերագույն և միակ իշխանության անունից Ալեքսանդր Խատիսյանը, Հովհաննես Քաջազնունին, Մ. Պապաջանովը։ Պայմանագիրը պարտադրված ակտ էր դեմ ռազմական գերակշռություն ունեցող Թուրքիայի կողմից և ստորագրվել է Անդրկովկասում թուրքերի հարձակման պայմաններում։

Բաթումի պայմանագիր
Ստորագրվել է
— վայր
1918 թվականի հունիսի 4
Բաթում, Վրաստան
Ստորագրել են Օսմանյան կայսրություն Օսմանյան կայսրություն

Ադրբեջան Ադրբեջան


Հայաստան Հայաստան


Վրաստան Վրաստան

Պայմանագրով Հայաստանի փորի չափը եւ Հայաստանի տարածքը կրճատվում էր մինչև 28000 քառակուսի կիլոմետրով և կազմում 12500 քառակուսի կիլոմետր: Պետք է վերանային ֆիդայական բոլոր ջոկատները, նաև Անդրանիկինը։ Թուրքիային էր անցնում երկաթուղին։ Թուրքիան հնարավորություն էր ստանում Հայաստանի տարածքով զորք անցկացնել Ադրբեջան։ Ճանաչվում էր Հայաստանի Հանրապետությունը։ Հայաստանին էր մնում Սևանը, Երևանը, Էջմիածինը։ Գերմանացի դիվանագետներից մեկ խոսքերով՝ «հայերին թողեցին Սևանում լողանալու տեղ, բայց չորանալու տեղ չթողեցին»։ Հայաստանը իրավունք չուներ հարաբերություններ հաստատել Անտանտի երկրների հետ։ Գեներալ Անդրանիկը հունիս - հուլիս ամիսներին պաշտպանում էր Նախիջևանը։ Հուլիսի 17-ին այն հայտարարեց Խորհրդային Ռուսաստանի մաս, աշխատելով այն պահել որպես Բրեստի պայմանագրով Թուրքիային ոչ ենթակա տարածք և ավելի ծանր Բաթումի պայմանագրից դուրս գտնվող հողամաս։

Էնվեր փաշան Բաթումում, 1918

Դեռևս 1918 թվականի մայիսի 14-ին, թուրքական պատվիրակությունը անդրկովկասյան պատվիրակության հետ բանակցությունների ընթացքում պահանջել էր իրեն հնարավորություն տալ «բարեկամաբար օգտագործել Ալեքսանդրապոլ–Ջուլֆա երկաթուղագիծը»։ Չսպասելով պատասխանի՝ թուրքական զորքերը հաջորդ օրը գրավել են Ալեքսանդրապոլը։ Մայիսի 15-ին Ն. Ժորդանիան և գերմանական գեներալ Ֆոն Լոսովը, մինչև Անդրկովկասյան սեյմի պաշտոնական ցրումը, համաձայնեցին Վրաստանն անկախ հռչակելու մասին։ Այդպիսի համաձայնություն կար նաև մուսավաթականների և թուրքերի միջև Ադրբեջանի անկախության վերաբերյալ։ Մայիսի 26-ին սեյմը հայտարարեց ինքնացրման մասին։ Այդպիսի պայմաններում մայիսի 28-ին Հայաստանն իրեն հռչակեց անկախ և առանձին բանակցություններ սկսեց Թուրքիայի հետ։

Բաթումի պայմանագիրը բաղկացած էր 14 հոդվածից։ Առաջին հոդվածով հռչակվում էր «խաղաղություն և հարատև բարեկամություն» երկու կառավարությունների միջև։ 2-րդ հոդվածով որոշվում էր Օսմանյան կայսրության և Վրաստանի, Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանը, ըստ որի Հայաստանի Հանրապետության տարածքը պարփակվում էր Երևանի գավառի մի մասով և հարակից մի քանի շրջաններով՝ ընդհանուր առմամբ 10 հազար կիլոմոետր քառակուսի տարածությամբ։ 4–րդ հոդվածով նախատեսվում էր Թուրքիայի ռազմական օգնությունը, եթե Հայաստանի Հանրապետությունը խնդրեր նրանից՝ «երկրի ներսում կարգն ու հանգստությունն ապահովելու համար»։ Այս հոդվածը հնարավորություն էր ընձեռնում Թուրքիային՝ ցանկացած առիթն օգտագործել Հայաստանը զավթելու համար։ 5-րդ հոդվածով Հայաստանի Հանրապետության կառավարությունը պարտավորվում էր թույլ չտալ իր տարածքում հակաթուրքական զինված խմբերի կազմավորում։ 6-ից 10-րդ հոդվածները հիմնականում ուղղված էին Հայաստանում իսլամադավան բնակչության իրավունքների պաշտպանությանը, երկաթուղիների օգտագործման, փոստ-հեռագրային հարցերին։ 11-րդ հոդվածով Հայաստանի Հանրապետության կառավարությունը պարտավորվում էր պայմանագրի ստորագրումից հետո անհապաղ դուրս բերել Բաքվից իր բոլոր զինված ուժերը։ Բրեստի հաշտության պայմանագրի այն բոլոր հոդվածները, որոնք չէին հակասում Բաթումի պայմանագրին, մնում էին ուժի մեջ (հոդված 12-րդ)։ Պայմանագրի վավերացման պայմանները սահմանվում Էին 14-րդ հոդվածով։

Կնքվեցին նաև լրացուցիչ պայմանագրեր Հայաստանի խճուղային ճանապարհների օգտագործման, հայկական ռազմական ուժերի անհապաղ զորացրման և այլնի վերաբերյալ։ Թուրքական կառավարությանն իրավունք էր վերապահվում Հայաստանում ունենալ իր ռազմական կոմիսարները, որոնք հետևելու էին խճուղային ճանապարհներով թուրքական զորքերի անարգել փոխադրումներին։ Նույն օրը թուրքական կառավարությունը պայմանագիր կնքեց նաև Վրաստանի հետ, որով Թուրքիային անցան Կարսը, Արդվինը, Արդահանը, Բաթումը, Ախալքալաքն ու Ախալցխան։

Բաթումի պայմանագիրը Հայաստանի Հանրապետության առաջին արտաքին քաղաքական ակտն էր։ Այդ պայմանագրով Հայաստանի Հանրապետությունը կախման մեջ էր ընկնում Թուրքիայից։ Սակայն պայմանագիրը երկար կյանք չունեցավ։ Առաջին համաշխարհային պատերազմում Թուրքիայի պարտությունը, Մուդրոսի զինադադարի (1918) կնքումը և Բրեստ-Լիտովսկի պայմանագրի չեղյալ հայտարարելը հնարավորություն տվեցին Հայաստանի Հանրապետությանը հրաժարվել Բաթումի պայմանագրից։ 1918 թվականի դեկտեմբերի սկզբին թուրքական զորքերը դուրս քշվեցին Անդրկովկասից, 1919 թվականի ապրիլին թողեցին Կարսի մարզը։

Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ` 1917 թ., Ռուսաստանում տեղի ունեցած Հոկտեմբերյան հեղափոխությունն իր քայքայիչ և բացասական ազդեցությունը թողեց Կովկասյան ռազմաճակատի ռազմաքաղաքական դրության վրա։ Պատրվակ դարձնելով ռուսական զորքերի (իսկ 1918 թ. սկզբից նաև նրանց փոխարինած հայկական և վրացական զորամասերի) զբաղեցրած տարածքում իբրև թե մուսուլմանների հալածանքները՝ թուրք հրամանատարությունը, խախտելով Երզնկայի զինադադարը, 1918 թ. փետրվարի 12-ին զորքերը (մոտ 25 հազ.) շարժեց Էրզրումի, Վանի և մերձսևծովյան ուղղությամբ։ Նրանց դեմ կանգնած էին հայկական (մոտ 17 հազ.) և վրացական (12 հազ.) կորպուսները։ Վրացական զորքերը նահանջում էին գրեթե առանց դիմադրության, և հայկական զորամասերը, միայնակ կրելով կռվի ծանրությունը, չէին կարողանում կասեցնել թուրքական զորքերի հարձակումը։ Մինչև մարտի կեսը թուրքերը գրավեցին Երզնկան, Բայբուրդը, Տրապիզոնը, Դերջանը, Էրզրումը և 50-60 հազ. կամավորական զորքով շարժվեցին առաջ` նպատակ ունենալով գրավել Կարսը և Սարիղամիշը։

Գրականություն

խմբագրել
  • Հայաստանը միջազգային դիվանագիտության և խորհրդային արտաքին քաղաքականության փաստաթղթերում (1828-1923), Ե., 1972։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է «Հայկական հարց» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։  
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 221