Բազմայրություն
Բազմայրություն, պոլիանդրիա (պոլի․․․ և հուն․՝ άνής – ամուսին), խմբամուսնության ձև, երբ կինը կարող էր ունենալ մեկից ավելի ամուսին, մեծ մասամբ եղբայրներ։ Գոյություն է ունեցել հիմնականում տոհմատիրական հասարակարգում։ Հայաստանում բազմայրություն եղել է տոհմատիրական կարգերի վաղ շրջանում։ Կին բերող տղամարդու հետ միասին կնոջ նկատմամբ ամուսնական իրավունքներ են ունեցել նաև նույն հարկի տակ ապրող մյուս տղամարդիկ։ Հետագայում դրան փոխարինել է հարսի կողմից գերդաստանի մյուս տղամարդկանց ոտքերը կամ գլուխը լվանալու սովորույթը։ Դեռևս 19-րդ դարի բազմայրություն գոյություն ուներ ալեուտների և մասամբ՝ էսկիմոսների, իսկ ավելի ուշ՝ Հնդկաստանի հյուսիսի և Տիբեթի ժողովուրդների որոշ խմբերի մոտ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 214)։ |