Բազմամատություն
Պոլիդակտիլիան կամ բազմամատությունը (հունարեն πολύς՝ «շատ», «բազմաթիվ» և δάκτυλος՝ «մատ»)[1], բնածին տարբերություն («արատ») է, որի ժամանակ ձեռք(եր)ին կամ ոտք(եր)ին լինում է(են) հավելյալ մատ(ներ)[2]։ Քանի որ մարդու համար նորմա է համարվում յուրաքանչյուր վերջույթի վրա 5-ական մատ ունենալը, ապա պոլիդակտիլիա է համարվում մի վերջույթի վրա 6 և ավելի մատ ունենալը։
Պոլիդակտիլիա | |
---|---|
Ձախ ձեռքի ճաճանչային պոլիդակտիլիա՝ բթամատի երկատում (դուպլիկացիա)։ Հավելյալ մատն ունի զգացողություն, բայց անշարժ կպած է «հիմնական» բթամատին | |
Տեսակ | սաղմի զարգացման արատներ, հազվագյուտ հիվանդություն և հիվանդության կարգ |
Բժշկական մասնագիտություն | Ձեռքի վիրաբուժություն |
ՀՄԴ-9 | 755.0 |
ՀՄԴ-10 | Q69 |
Polydactyly Վիքիպահեստում |
Պոլիդակտիլիան օլիգոդակտիլիայի (սակավամատության) հակառակն է։
Տարածվածություն, համաճարակաբանություն
խմբագրելՊոլիդակտիլիան ձեռք��րի ու ոտքերի ամենատարածված բնածին տարբերությունն է և հանդիպում է 600-1000 կենդանածիններից 1-ի մոտ[3]։ Սևամորթների մոտ ավելի հաճախ հանդիպում է ծղիկային պոլիդակտիլիան (հավելյալ ճկույթ) որպես մեկուսի բնածին տարբերություն, որը ժառանգվում է, որպես կանոն, աուտոսոմ դոմինանտ եղանակով։ Մինչդեռ սպիտակամորթների մոտ հավելյալ ճկույթը սովորաբար սինդրոմիկ (համախտանիշային) բնույթ է կրում և փոխանցվում է աուտոսոմ ռեցեսիվ եղանակով[4]։
Պոլիդակտիլիան 50% դեպքերում լինում է երկկողմանի և տղաների մոտ հանդիպում է մի փոքր ավելի հաճախ[5]։ Այսպես, 1994 թվականին կատարված լայնածավալ հետազոտության արդյունքում պարզվել է, որ բոլոր տեսակի պոլիդակտիլիաներով հիվանդացությունը կազմում է 2.3/1000 սպիտակամորթ տղաների, 0.6/1000 սպիտակամորթ աղջիկների, 13.5/1000 սևամորթ տղաների և 11.1/1000 սևամորթ աղջիկների մոտ[6]։
Ախտանշաններ
խմբագրելՀավելյալ մատը սովորաբար իրենից ներկայացնում է փափուկ հյուսվածքային փոքր կտոր, որը կարելի է հեռացնել։ Սակայն երբեմն այն կարող է պարունակել ոսկրեր ու հոդեր, իսկ ավելի հազվագյուտ՝ լինել լիովին ֆունկցիոնալ մատ։ Հավելյալ մատն ավելի հաճախ լինում է ձեռքի ծղիկային կողմում (ճկույթի մոտ՝ պոստաքսիալ պոլիդակտիլիա), ավելի քիչ՝ ճաճանչային կողմում (բթամատի մոտ՝ պրեաքսիալ պոլիդակտիլիա), և շատ հազվադեպ՝ կենտրոնում (միջին մատների շրջանում՝ կենտրոնական պոլիդակտիլիա)։ Հավելյալ մատը սովորաբար հանդես է գալիս որպես հիմնական մատի «ճյուղավորում» կամ երկատում, բայց հազվագյուտ կարող է ծագել դաստակից որպես լիարժեք մատ[7]։
Դասակարգում
խմբագրելՀավելյալ մատի դիրքը
խմբագրելԸստ հավելյալ մատի դիրքի՝ պոլիդակտիլիան կարելի է բաժանել 3 հիմնական տեսակի.
Ծղիկային կամ պոստաքսիալ պոլիդակտիլիա (ճկույթի երկատում)
խմբագրելՊոլիդակտիլիայի առավել տարածված ձևն է, որի ժամանակ հավելյալ մատը գտնվում է ձեռքի ծղիկային՝ ճկույթի կողմում։ Կարող է շատ թույլ արտահայտվել, օրինակ, որպես ճկույթի ծղիկային կողմի պտկանման գոյացություն, կամ շատ ցայտուն՝ որպես լիարժեք հավելյալ ճկույթ։ Հաճախ, ավելորդ մատիկը բաղկացած է լինում ծայրային ֆալանգից ու եղնգից և ձեռքին ամրացած է լինում նեղ մաշկային ոտիկով։ Հիմնականում ունենում է մեկ անոթանյարդային սնուցող խուրձ՝ առանց ջլերի։ Լիովին զարգացած ավելորդ ճկույթի դեպքում երկատումը (դուպլիկացիա) սովորաբար սկսվում է նախադաստակ-մատոսկրային հոդի մակարդակից։ Շատ հազվագյուտ հանդիպում է ճկույթի եռատում (տրիպլիկացիա)։ Ծղիկային պոլիդակտիլիան մոտ 10 անգամ ավելի հաճախ հանդիպում է սևամորթների մոտ[8]։ Այսպես, եթե սպիտակամորթների մոտ հիվանդացությունը կազմում է 1:1339 կենդանածին, ապա սևամորթների մոտ՝ 1:143: Եվ եթե վերջիններիս մոտ ծղիկային պոլիդակտիլիան հիմնականում հանդես է գալիս մեկուսի, ապա սպիտակամորթների մոտ հաճախ կապված է լինում որևէ համախտանիշի հետ (տե՛ս նաև «Տարածվածություն, համաճարակաբանություն» բաժինը)։ Հիվանդների գրեթե 14%-ի մոտ ծղիկային պոլիդակտիլիան ժառանգական է և սովորաբար ժառանգվում է աուտոսոմ-դոմինանտ եղանակով՝ փոփոխական արտահայտվածությամբ (էքսպրեսիայով) ու մասնակի թափանցելիությամբ (պենետրանտությամբ)։
Ճաճանչային կամ պրեաքսիալ պոլիդակտիլիա (բթամատի երկատում)
խմբագրելԱվելի քիչ տարածված վիճակ է, որի ժամանակ հավելյալ մատը գտնվում է ձեռքի ճաճանչային՝ բթամատի կողմում։ Բթամատի երկատումն ավելի հաճախ հանդիպում է հնդկական ծագման բնակչության մոտ (տե՛ս նաև «Բազմամատ հայտնիներ» բաժինը)։ Հիվանդացությունը կազմում է 1:3000 կենդանածին[9]։ Կլինիկական առանձնահատկությունները կախված են լինում երկատման աստիճանից՝ տատանվելով հազիվ նշմարելի ճաճանչային մաշկային պտկիկից մինչև լիարժեք հավելյալ բթամատ, կամ բթամատի հեռադիր մատոսկրի հազիվ նշմարելի հաստացումից («լայն բթամատ») մինչև բթամատի երկատում ամբողջ երկայնքով՝ ներառյալ առաջին նախադաստակոսկրը [10]: Ճաճանչային պոլիդակտիլիան հաճախ հանդես է գալիս որպես համախտանիշ[11]։
Կենտրոնական պոլիդակտիլիա
խմբագրելՇատ հազվագյուտ վիճակ է, որի դեպքում ավելորդ մատը լինում է ցուցամատի, միջնամատի կամ ավելի հազվագյուտ՝ մատանեմատի վրա[12]։ Այս տիպի պոլիդակտիլիան կարող է զուգակցվել սինդակտիլիայով (սինպոլիդակտիլիա), փեղեկված ձեռքով և մի շարք համախտանիշներով[13][14]։
Հավելյալ մատի զարգացման աստիճանը
խմբագրելԴասակարգումը կատարվում է ռենտգենագրության օգնությամբ՝ ոսկրային կառույցները տեսնելու նպատակով։
Ծղիկային պոլիդակտիլիա
խմբագրել- I տիպ. ճկույթի պտկիկ կամ մաշկային բարակ ոտիկով կպած ճկույթիկ։
- II տիպ. ճկույթի երկատում նախադաստակ-մատոսկրային հոդում։
- III տիպ. ճկույթի ամբողջ ճառագայթի երկատում[15]:
Ճաճանչային պոլիդակտիլիա
խմբագրելԱռավել ընդունված է Վասելի դասակարգումը[16], որն ի սկզբանե ներառել է 7 տիպ՝ հիմնվելով բթամատի ոսկրային երկատման առավել մերձադիր (պրոքսիմալ) մակարդակի վրա, ինչը բավականին բարդ է մտապահել նույնիսկ ձեռքի վիրաբույժների համար։ 2008 թվականին հոլանդացի ձեռքի վիրաբույժ Սթիվեն Հովիուսի թիմն առաջարկում է Վասելի դասակարգման մոդիֆիկացիա, որի մեջ ներառվում են նաև եռաֆալանգ բթամատն ու բթամատի եռատումը[17]։ Հիմք ընդունելով այդ մոդիֆիկացիան՝ հայ ձեռքի վիրաբույժ Դավիթ Աբրահամյանը 2009 թվականին գտնում և ներկայացնում է մի ռենտգենաբանական օրինաչափություն, որը բավականին պարզեցնում է բթամատի երկատման Վասելի դասակարգումը և ճանաչում է գտնում համաշխարհային ձեռքի վիրաբուժության կողմից[18]։ Առավել տարածված Վասելի IV տիպը, երբ բթամատը երկատված է մինչև նախադաստակոսկրը (ըստ Վասելի) կամ երբ ռենտգեն-նկարի վրա առկա է երկատված բթամատի 4 «անոմալ» ոսկր (2-ական մերձադիր և հեռադիր մատոսկրեր՝ ըստ Աբրահամյանի), կազմում է բթամատի երկատումների շուրջ 50%-ը, որից հետո գալիս է Վասելի II տիպը (երբ բթամատը երկատված է մինչև մերձադիր մատոսկրը (ըստ Վասելի) կամ երբ ռենտգեն-նկարի վրա առկա է երկատված բթամատի 2 «անոմալ» ոսկր (2 հեռադիր մատոսկրեր՝ ըստ Աբրահամյանի))՝ 20% և Վասելի VI տիպը (երբ բթամատը երկատված է մինչև դաստակոսկրը (ըստ Վասելի) կամ երբ ռենտգեն-նկարի վրա առկա են երկատված բթամատի 6 «անոմալ» ոսկրեր (2-ական մերձադիր և հեռադիր մատոսկրեր և նախադաստակոսկրեր՝ ըստ Աբրահամյանի))՝ 12%:
Կենտրոնական պոլիդակտիլիա
խմբագրելԿենտրոնական պոլիդակտիլիայի դասակարգումը հիմնված է երկատման աստիճանի վրա և ներառում է հետևյալ 3 տիպերը.
- I տիպ. կենտրոնական երկատում՝ հավելյալ մատը հարևաններին ոսկրով կամ կապանով կպած չէ, հաճախ չի պարունակում ոսկրեր, հոդեր, աճառ կամ ջլեր։
- II տիպ. մատի կամ դրա մասի ոչ սինդակտիլիկ (IIA) կամ սինդակտիլիկ (IIB) երկատում նորմալ բաղադրիչներով, որը հոդավորվում լայն կամ երկատված նախադաստակոսկրի կամ մատոսկրի հետ։
- III տիպ. լրիվ մատնային երկատում (կրկնապատկում), որն ունի լավ ձևավորված կրկնապատկված նախադաստակոսկրը։
Գենետիկա, համախտանիշներ
խմբագրելՊոլիդակտիլիան կարող է ի հայտ գալ ինչպես մեկուսի, այնպես էլ այլ բնածին արատների հետ համատեղ (որպես համախտանիշի մաս)։ Մեկուսի պոլիդակտիլիան հաճախ կրում է ընտանեկան բնույթ` ժառանգվելով որպես աուտոսոմ դոմինանտ հատկանիշ, մինչդեռ համախտանիշային պոլիդակտիլիան հաճախ աուտոսոմ ռեցեսիվ է[19]։ 2010 թվականի դրությամբ նկարագրվել են առնվազն 99 գեների մուտացիա և առնվազն 290 համախտանիշ, որոնք կապված են պոլիդակտիլիայի հետ[20]։ Հազվագյուտ չեն նաև սպորադիկ (պատահական) դեպքերը։
Ծղիկային պոլիդակտիլիա
խմբագրելՃկույթի երկատումը հաճախ լինում է երկկողմանի և զուգակցվում է սինդակտիլիայով և ոտքերի պոլիդակտիլիայով։ Կարող է ի հայտ գալ որպես մեկուսի բնածին տարբերություն, բայց կարող է նաև լինել այնպիսի համախտանիշների մաս, ինչպիսիք են՝ Գրեյգի ցեֆալոպոլիսինդակտիլիան, Մեկելի համախտանիշը, Էլիսի-վան Կրևելդի համախտանիշը, ՄակԿյուսիկի-Կաուֆմանի համախտանիշը, Դաունի համախտանիշը, Բարդեի-Բիդլի համախտանիշը, Սմիթի-Լեմլիի-Օպիցի համախտանիշը և այլն[21]։
Ճաճանչային պոլիդակտիլիա
խմբագրելՃաճանչային հեմիմելիայի հատկապես VII տիպը (երբ երկատված բթամատերից մեը եռաֆալանգ է) զուգակցվում է մի շարք համախտանիշներով՝ Հոլտի-Օրամի համախտանիշ, Ֆանկոնիի անեմիա (ապլաստիկ սակավարյունություն 6 տարեկանում), Թաունսի-Բրոկսի համախտանիշ և Գրեյգի ցեֆալոպոլիսինդակտիլիա (հանդիպում է նաև ծղիկային պոլիդակտիլիայի ժամանակ)։
Կենտրոնական պոլիդակտիլիա
խմբագրելԿենտրոնական պոլիդակտիլիան հանդիպում է հետևյալ համախտանիշների ժամանակ՝ Բարդեի-Բիդլի համախտանիշ[22], Մեկելի համախտանիշ[23], Պալիստերի-Հոլի համախտանիշ[24], Լեգիուսի համախտանիշ[25], Հոլտի-Օրամի համախտանիշ[26]։ Այն կարող է նաև զուգակցվել սինդակտիլիայով և փեղեկված ձեռքով։
Պոլիդակտիլիա ներառող այլ համախտանիշներից են՝ ակրոկալոզալ համախտանիշ, բազալ-բջջային նևուսի համախտանիշ, Բայմոնդի համախտանիշ, էկտրոդակտիլիա-էկտոդերմալ դիսպլազիաների-փեղեկված շրթունքի/քիմքի համախտանիշ, հայելանման ձեռք, Մոռի համախտանիշ, բերան-դեմք-մատնային համախտանիշ, Ռուբինշտեյնի-Թեյբիի համախտանիշ, կարճ կողային պոլիդակտիլիա, ՎԱՏԵՌ ասոցիացիա և այլն։
Բուժում
խմբագրելԲուժել, թե՞ չբուժել
խմբագրելԱռաջին հայացքից կարող է թվալ, որ պոլիդակտիլիան, երբ մատներն ընդունված նորմից շատ են, ի տարբերություն օլիգոդակտիլիայի, երբ մատները քիչ են, ձեռքի վիրաբուժության տեսանկյունից համեմատաբար ավելի «բարենպաստ արատ» է, քանի որ մարմնի հավելյալ, «անպիտան» մասը հեռացնելն ավելի դյուրին է, քան պակասող մաս պատվաստելը։ Հաճախ դա այդպես էլ լինում է, քանի որ դեպքերի մեծ մասում, բարեբախտաբար, լինում են բազմամատության թեթև դեպքերը։ Նման թույլ արտահայտված ձևերը ծնողի ցանկության բացակայության դեպքում նույնիսկ կարելի է չվիրահատել, քանի որ ավելի շուտ հանդիսանում են ոչ թե ֆունկցիոնալ, այլ գեղագիտական ու սոցիալական խնդիր։ Սակայն, ոչ հազվագյուտ լինում են պոլիդակտիլիայի այնպիսի դեպքեր, որոնք պահանջում են մեկից ավելի վիրահատություններ և նույնիսկ հետագայում շտկող միջամտություններ։
Հնարավո՞ր է կրկին մատ աճի
խմբագրելՎիրահատության մասին որոշում կայացնելիս ծնողների հիմնական անհանգստությունը լինում է հետևյալ հարցը. «Իսկ ավելորդ մատը հեռացնելուց հետո հնարավո՞ր է այն կրկին աճի»։ Չգիտես ինչու նրանք մոռանում են, որ երբևէ չեն տեսել մարդ, ում մատի կամ վերջույթի այլ հատվածի անդամահատումից հետո հեռացված մասը կրկին կվերականգնվեր։ Այս հարցին ժամանակին (1868 թվական) անդրադարձել է դեռևս Դարվինը, որի ժամանակ նմանատիպ բնածին տարբերությունները իսկապես համարվում էին արատ, «ատավիզմ», «այլանդակություն», «վատ գեների» արդյունք, «վերադարձ վաղեմի նախնիներին» և «էվոլյուցիոն շեղում»։ Դարվինը նույնիսկ նկարագրում է մի դեպք, որի ժամանակ, իբր, մի երեխայի ավելորդ մատը հոդի մակարդակով հեռացնելուց հետո այն կրկին աճել է և վրան նույնիսկ կրկին եղունգ է սկսել աճել։ Քանի որ Դարվինն ինչպես մինչ օրս, այն ժամանակ էլ մեծ հարգանք ու ճանաչում էր վայելում, նրա այդ «փաստերը» ոչ ոք կասկածի տակ չէր դնում, մինչև 1880 թվականին Գեգենբաուրը ներկայացրեց գերմանացի վիրաբույժների հաղորդած մեծաքանակ դեպքերի մասին, որտեղ միանշանակ բացառվում էր հեռացված (թեկուզև ավելորդ) մատի որևէ վերականգնում[27]։
Այսպիսով, ի տարբերություն որոշ ցածրակարգ կենդանիների (օրինակ, մողես), կաթնասունները, ներառյալ մարդը, ցավոք, օժտված չեն նման բարձր վերականգնողական հատկություններով։
Ծղիկային պոլիդակտիլիա (հավելյալ ճկույթ)
խմբագրելՃկույթի բազմամատությունը սովորաբար չի խաթարում ձեռքի ֆունկցիան, բայց սոցիալական պատճառներով այն կարելի է բուժել վիրահատական եղանակով՝ հեռացնելով հավելյալ ճկույթը և պահպանելով հեռացված ճկույթի ծղիկային կոլատերալ կապանը։
Ճաճանչային պոլիդակտիլիա (հավելյալ բթամատ, բթամատի երկատում, բթամատի կրկնապատկում)
խմբագրելՔանի որ բթամատի երկատման դեպքում դրա երկու բաղադրիչներից ոչ մեկն էլ նորմալ զարգացած չի լինում, կարիք է լինում որոշելու, թե որ տարրերը պետք է հեռացնել, իսկ որոնք թողնել՝ հնարավորինս ֆունկցիոնալ և գեղեցիկ բթամատ ստանալու համար։ Թերաճ բթամատի պարզ անդամահատման փոխարեն պետք է ձգտել պահպանել մաշկը, եղունգը, կոլատերալ կապաններն ու ջլերը, որպեսզի ուժեղացվի մնացյալ (պահպանվող) բթամատը[28]։ Վիրահատությունը խորհուրդ է տրվում կատարել կյանքի առաջին տարում, որպես կանոն, 9-15 ամսական տարիքում։ Վիրահատական տարբերակները կախված են բթամատի պոլիդակտիլիայի տեսակից[29]։
Կենտրոնական պոլիդակտիլիա
խմբագրելՄատների ձևախախտումը (օրինակ՝ անկյունային աճի դեֆորմացիա) կանխելու համար անհրաժեշտ է կատարել վաղ ոսկրահատում և կապանների վերականգնում։ Կենտրոնական պոլիդակտիլիայի վիրահատությունները տարբեր են։ Վիրահատությունից հետո ձեռքը պետք է լինի ոչ միայն ֆունկցիոնալ և կայուն, այլև գեղագիտորեն ընդունելի։ Ձեռքի վիրաբույժը պետք է նաև հաշվի առնի, թե որքանով է ավելի նախընտրելի լիովին ֆունկցիոնալ հավելյալ մատի պահպանումը՝ ի հակադրումն վիրահատական միջամտության։
Կանխատեսում
խմբագրելԾղիկային պոլիդակտիլիա
խմբագրելՀավելյալ ճկույթի վիրահատական միջամտությունից հետո ձեռքի ֆունկցիան գնահատող ոչ մի էական հետազոտություն չի կատարվել։ Դա հիմնականում պայմանավորված է նրանով, որ կոլատերալ կապանի վերականգնումից հետո այս հիվանդների ձեռքերը հիմնականում պահպանում են նորմալ ֆունկցիան։ Թերաճ, «լողացող» հավելյալ ճկույթի դեպքում, երբ մատիկը ձեռքին կպած է բարակ մաշկային ոտիկով, բուժման ընդունված եղանակներից է ոտիկի հիմքից վիրաբուժական թելով կապումը, ինչը, որպես կանոն, կատարում են երեխայի կյանքի առաջին 10 օրում՝ առանց էական հետևանքների[30]։ 105 երեխաների մոտ կատարված հետազոտության արդյունքում պարզվել է, որ թելով կապումից հետո բարդությունների տոկոսը կազմում է 23.5%, այդ թվում՝ մնացորդային զգայուն կամ անընդունելի պտկիկ՝ 16%, վերքի ինֆեկցիա՝ 6% և արյունահոսություն՝ 1%: Ծնողներին պետք է իրազեկել կապումից հետո հավելյալ մատիկի աստիճանաբար զարգացող մեռուկացման, «սևացման», ինչպես նաև որոշ դեպքերում մնացորդային հյուսվածքի կամ սպիի մասին, որոնք անհրաժեշտ կլինի հեռացնել երեխայի 6 ամսականը լրանալուց հետո։
Ճաճանչային պոլիդակտիլիա
խմբագրելԲիլհոտի վիրահատություն
խմբագրելԱռավելությունները. համատեղելով երկու թերաճ (հիպոպլաստիկ) բթամատիկները՝ ստացվում է բավարար չափի մեկ բթամատ։ Բացի այդ, միջմատոսկրային և նախադաստակ-մատոսկրային հոդերը շատ կայուն են լինում, քանի որ կոլատերալ կապանները վիրահատության ժամանակ անվնաս են մնում։
Թերությունները. սխալ միջամտությունը կարող է հանգեցնել մատի աճի դադարեցման կամ անհամաչափ աճի։ Կարող է զարգանալ նաև եղունգի ձևախախտում։ Թեև հոդը կայուն է լինում, սակայն ծալումը կարող է սահմանափակված լինել։
Հեռացում կոլատերալ կապանի վերականգնումով
խմբագրելԱռավելությունները. վերականգնված հոդը, որպես կանոն, մնում է ճկուն։ Բացի այդ, պահպանվում է եղունգը և մատոսկրի աճի գոտին։
Թերությունները. երբեմն կարող է զարգանալ միջմատոսկրային և/կամ նախադաստակ-մատոսկրային հոդի անկայունություն։ Բթամատն անընդունելի է համարվում, եթե առկա է միջմատոսկրային հոդի՝ >15°, նախադաստակ-մատոսկրային հոդի՝ >30° շեղում և/կամ մատի անհամապատսախան չափ (հակառակ կողմի բթամատից 1/3-ով փոքր կամ մեծ)։
Կենտրոնական պոլիդակտիլիա
խմբագրելՀետազոտողները նշում են, որ կենտրոնական պոլիդակտիլիայի բավարար վիրաբուժական շտկման դժվար է հասնել, և արդյունքները, որպես կանոն, անբավարար են։ Հաճախ անհրաժեշտ են լինում կրկնակի վիրահատություններ՝ միջմատոսկրային հոդերի ծալիչ կոնտրակտուրաները և անկյունային ձևախախտումները շտկելու նպատակով։
Բազմամատ հայտնիներ
խմբագրելԲազմամատություն ունեցողներից շատերը թերևս այդպես էլ չեն իմանում իրենց այդ բնածին խնդրի մասին, քանի որ հավելյալ մատիկ(ներ)ը հեռացվում են շատ վաղ հասակում՝ հաճախ թողնելով աննշմարելի սպի։ Սակայն քիչ չեն հայտնի մարդիկ, ովքեր ոչ միայն չեն թաքցրել իրենց այդ բնածին տարբերությունը, այլև ինչ-որ չափով հայտնի են դարձել նաև բազմամատության շնորհիվ։ Օրինակ.
- Ակշատ Սաքսենա (Հնդկաստան)՝ առ այսօր համարվում է աշխարհի ռեկորդակիրը՝ որպես «ամենաբազմամատ» մարդ։ Ծնվել է 2010 թվականին՝ ամեն ձեռքին 7-ական, իսկ ոտքերին 10-ական մատներով, ընդհանուր առմամբ 34 մատ[31]։
- Հրիթիկ Ռոշան (Հնդկաստան)՝ բոլիվուդյան աստղ, աջ ձեռքին ունի հավելյալ բթամատ։
- Ջեմմա Արթերթոն` անգլիացի դերասանուհի, ծնվել է յուրաքանչյուր ձեռքին 6-ական մատով։ Հավելյալ մատիկները հեռացվել են դեռևս երեխա ժամանակ[32][33]։
- Հենրի Բ Բարեպաշտ՝ Լեհաստանի գերագույն դուքս (1238–1241 թվականներ)։
- Դենի Գարսիա՝ բռնցքամարտի չեմպիոն, աջ ոտքին ունի 6 մատ։
- Մաո Ցզե-Դունի երրորդ կին Յանգ Քինգը ունեցել է 6-մատնանի աջ ոտք[34]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «Polydactyly Etymology». Online Etymology Dictionary. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հոկտեմբերի 9-ին. Վերցված է 2016 թ․ փետրվարի 13-ին.
- ↑ Kaneshiro, Neil K. «Polydactyly - Overview». University of Maryland Medical Center (UMMC). Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 30-ին. Վերցված է 2013 թ․ հունվարի 5-ին.
- ↑ «Supernumerary Digit: Background, Pathophysiology, Epidemiology». 2016 թ․ դեկտեմբերի 15.
{{cite journal}}
: Cite journal requires|journal=
(օգնություն) - ↑ Kaneshiro, Neil K.; David Zieve (2009 թ․ փետրվարի 11). «Polydactyly». Penn Medicine. Վերցված է 2010 թ․ փետրվարի 9-ին.
- ↑ «Polydactyly of the Foot: Background, Pathophysiology, Etiology». 2016 թ․ օգոստոսի 22.
{{cite journal}}
: Cite journal requires|journal=
(օգնություն) - ↑ Finley, W. H.; Gustavson, K. H.; Hall, T. M.; Hurst, D. C.; Barganier, C. M.; Wiedmeyer, J. A. (1994 թ․ ապրիլի 1). «Birth defects surveillance: Jefferson County, Alabama, and Uppsala County, Sweden». Southern Medical Journal. 87 (4): 440–445. ISSN 0038-4348. PMID 8153768.
- ↑ Eaton, Charles. «Polydactyly (Extra Fingers)». Վերցված է 2010 թ․ փետրվարի 9-ին.
- ↑ Buck-Gramcko D (1998). Congenital malformations of the hand and forearm. Churchill-Livingstone.
- ↑ Jobe MT (2008). «Congenital anomalies of the hand». Canale ST, Beaty JH, editors. Campbell’s operative orthopaedics. 11: 4367–449. doi:10.1016/b978-0-323-03329-9.50079-9.
- ↑ wikibooks. Handbook of genetic counseling/polydactyly and syndactyly.
- ↑ «Summary of most common syndromes with concomitant polydactyly».
- ↑ «polydactyly». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ փետրվարի 23-ին. Վերցված է 2017 թ․ մարտի 23-ին.
- ↑ Graham TJ, Ress AM (1998). «Finger polydactyly». Hand Clin. 14 (1): 49–64.
- ↑ Tada K, Kurisaki E, Yonenobu K, և այլք: (1982). «Central polydactyly- a review of 12 cases and their surgical treatment». J Hand Surg [Am]. 7 (5): 460–5. doi:10.1016/s0363-5023(82)80040-3.
- ↑ Temtamy SA, McKusick VA (1978). «The genetics of hand malformations». Birth Defects Orig Artic Ser. 14 (3): 1–619.
- ↑ Wassel, H. D. (1969 թ․ մայիսի 1). «The results of surgery for polydactyly of the thumb. A review». Clinical Orthopaedics and Related Research. 64: 175–193. ISSN 0009-921X. PMID 4894526.
- ↑ Zuidam, J. Michiel; Selles, Ruud W.; Ananta, Michael; Runia, Jetteke; Hovius, Steven E. R. (2008 թ․ մարտի 1). «A classification system of radial polydactyly: inclusion of triphalangeal thumb and triplication». The Journal of Hand Surgery. 33 (3): 373–377. doi:10.1016/j.jhsa.2007.12.012. ISSN 0363-5023. PMID 18343293.
- ↑ Abrahamyan, Davit (10-12 Sep 2009). «The number of 'abnormal' bones and the Wassel type of thumb duplication». VIII World Symp. Congen. Malform. Hand & Upper Limb, Hamburg, Germany.
- ↑ Hosalkar, H. S.; Shah, H.; Gujar, P.; Kulkarni, A. D. (1999 թ․ հուլիսի 1). «Crossed polydactyly». Journal of Postgraduate Medicine. 45 (3): 90–92. ISSN 0022-3859. PMID 10734344.
- ↑ Biesecker, Leslie G. (2011 թ․ մայիսի 1). «Polydactyly: how many disorders and how many genes? 2010 update». Developmental Dynamics: An Official Publication of the American Association of Anatomists. 240 (5): 931–942. doi:10.1002/dvdy.22609. ISSN 1097-0177. PMC 3088011. PMID 21445961.
{{cite journal}}
: CS1 սպաս․ PMC format (link) - ↑ Nicolai JP, Hamel BC, Menalda GA (1990). «[Polydactyly]». Nederlands Tijdschrift Voor Geneeskunde (Dutch). 134 (4): 157–9. PMID 2304571.
{{cite journal}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ Kumar S, Mahajan BB, Mittal J (2012). «Bardet-Biedl syndrome: a rare case report from North India». Indian J Dermatol Venereol Leprol. 78 (9): 228. doi:10.4103/0378-6323.93656.
{{cite journal}}
: CS1 սպաս․ չպիտակված ազատ DOI (link) - ↑ Panduranga C, Kangle R, Badami R, Patil PV (2012). «Meckel-Gruber syndrome: Report of two cases». J Neurosci Rural Pract. 3 (1): 56–9. doi:10.4103/0976-3147.91943.
{{cite journal}}
: CS1 սպաս․ չպիտակված ազատ DOI (link) - ↑ Biesecker LG (1993). Pallister-Hall Syndrome.
- ↑ Denayer E, Chmara M (2011). «Legius syndrome in fourteen families». Hum Mutat. 32 (1): 1985–98. doi:10.1002/humu.21404.
- ↑ Fryns JP, Bonnet D, De Smet L (1996). «Holt-Oram syndrome with associated postaxial and central polydactyly. Further evidence for genetic heterogeneity in the Holt-Oram syndrome». Genet Couns. 7 (4): 323–4.
- ↑ Kelikian, Hampar (1974). «Ch. 13. Polydactly». Congenital Deformities of the Hand and Forearm. Philadelphia, London, Toronto: WB Saunderrs Company. էջեր 409. ISBN 0-7216-5358-8.
- ↑ Light TR (1992). «Treatment of preaxial polydactyly». Hand Clin. 8 (1): 161–75.
- ↑ «Bilhaut-Cloquet procedure for Wassel types III, IV and VII thumb duplication». J Hand Surg Eur. 32 (6): 684–93. 2007. doi:10.1016/j.jhse.2007.05.021.
- ↑ «Postaxial type-B polydactyly». J Bone Joint Surg Am. 79 (1): 65–8. 1997.
- ↑ «Akshat Saxena sets Guinness record for most fingers, toes» (անգլերեն). Վերցված է 2017 թ․ մարտի 23-ին.
- ↑ «Arterton's Extra Digits». IMDb. 2008 թ․ հոկտեմբերի 7. Վերցված է 2010 թ․ փետրվարի 9-ին.
- ↑ «Personality Parade - David Letterman». Parade. Advance Publications. 2009 թ․ նոյեմբերի 10.
{{cite news}}
: More than one of|work=
and|newspaper=
specified (օգնություն)More than one of|work=
և|newspaper=
specified (օգնություն) - ↑ Li, Zhisui (1994). The Private Life of Chairman Mao. Random House. ISBN 0-679-76443-7.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 213)։ |