Արաբերենը (արաբ․՝ العربية‎‎) պատկանում է Աֆրասիական լեզուների ընտանիքի սեմական լեզվախմբին։

Արաբերեն
اللغة العربية
Տեսակլեզու
ԵնթադասՍեմական լեզուներ[1][2]
ԵրկրներԱլժիր Ալժիր,
ԱՄԷ ԱՄԷ,
Արևմտյան Սահարա Արևմտյան Սահարա,
Բահրեյն Բահրեյն,
Եգիպտոս Եգիպտոս,
Եմեն Եմեն,
Թունիս Թունիս,
Իսրայել Իսրայել,
Իրաք Իրաք,
Կատար Կատար,
Կոմորյան Կղզիներ Կոմորյան Կղզիներ,
Հորդանան Հորդանան,
Լիբանան Լիբանան,
Լիբիա Լիբիա,
Մավրիտանիա Մավրիտանիա,
Մարոկկո Մարոկկո,
Պաղեստին Պաղեստին,
Սաուդյան Արաբիա Սաուդյան Արաբիա,
Սիրիա Սիրիա,
Սոմալի Սոմալի,
Սուդան Սուդան,
Քուվեյթ Քուվեյթ,
Օման Օման
Խոսողների քանակ452,323,835
Վերահսկող կազմակերպությունԿահիրեի արաբերեն լեզվի ակադեմիա, Դամասկոսի արաբերենի ակադեմիա, Supreme Council of the Arabic language in Algeria?, Arabic Language International Council?, Academy of the Arabic Language in Israel?, Իրաքի գիտությունների ակադեմիա, Թունիսի գիտությունների ակադեմիա և Jordan Academy of Arabic?
Լեզվակիրների թիվը294 միլիոն
ՅՈՒՆԵՍԿՕ-ի լեզվի կարգավիճականվտանգ[3]
ԴասակարգումԱֆրասիական լեզվաընտանիք
Գրերի համակարգԱրաբական գրեր
IETFar
ԳՕՍՏ 7.75–97ара 050
ISO 639-1ar
ISO 639-2ara
ISO 639-3ara
 Arabic language Վիքիպահեստում

Արաբերեն խոսում են շուրջ 300 միլիոն մարդ։ Բացի արաբական 22 երկրներից, արաբերենը պաշտոնական լեզու է նաև Իսրայելում, գործածվում է Իրանում, Թուրքիայում, Էրիթրեայում, Չադում, համարվում է ՄԱԿ-ի վեց պաշտոնական լեզուներից մեկը, Արաբական պետությունների լիգայի պաշտոնական լեզուն։

Լեզվակիրների թվով արաբերենը 4-րդն է աշխարհի լեզուների շարքում։

Պատմություն

խմբագրել

Արաբերեն բանավոր լեզուն հարյուրամյակների ընթացքում մշտապես ենթարկվել է փոփոխության, սակայն գրավոր լեզուն մնացել է նույնը։ Պատճառն այն է, որ արաբերենով է գրված սուրբ Ղուրանը, որի տեքստը փոփոխման ենթակա չէ։ Ուստի գրական արաբերենն այսօր արաբների մայրենի լեզուն չէ. յուրաքանչյուր երկիր ունի սեփական բարբառը։ Երբեմն մի քանի երկրների բարբառները միավորում են բարբառախմբերի մեջ։ Չնայած դրան՝ գրական արաբերենը, մասամբ փոփոխված բառապաշարով, օգտագործվում է գրականության և լրատվության ոլորտներում, բացի Թունիսից, Մարոկոյից ու որոշ չափով նաև Ալժիրից, որտեղ գրավոր խոսքում արաբերենի մրցակիցը ֆրանսերենն է։ Այլ երկրների գիտական ու տեխնիկական գրականության մեջ, որտեղ բացակայում է պահանջված բառապաշարը, հաճախ օգտագործվում է անգլերենը։

Հին արաբերենի շրջանը, պատմական առումով բավական անորոշ է։ Նրա սկիզբը համարվում է մ.թ.ա. II հազարամյակի կեսը, երբ սեմական լեզուներից առանձնանում է նախաարաբերենը։ Այս փուլն ավարտվում է 7-րդ դարը՝ արաբների կողմից իսլամի ընդունումը։ Շուրջ երկու հազար տարի տևած նախաիսլամական շրջանից մեզ են հասել էպիգրաֆիկ տեքստեր։ Վերջինների հնչույթային կազմը բաղաձայն հնչույթների քանակի և որակի առումով՝ ըստ վերջիններիս գրական արտահայտման, համապատասխանում է վաղ դասական շրջանի հնչույթային կազմին։

Առհասարակ սեմական հնչույթաբանական համակարգի և հատկապես արաբերենի հնչույթաբանական համակարգի համար ��նորոշ է նրա օրգանական կապը ձևաբանական կազմի հետ։ Արաբերենի հնչյունային կազմը պատմական ասպեկտով դիտարկելիս անհրաժեշտ է ընգծել մի քանի ընդհանուր առանձնահատկություններ. ա) գրական արաբերենի հնչույթային կազմը մեզ հայտնի ավելի քան 100-ամյա ժամանակահատվածի ընթացքում, այն ներկայանում է որպես կայուն, կոնսերվատիվ համակարգ՝ ի տարբերություն բարբառների հնչույթային համակարգի, որոնք իրենցից ներկայացնում են փոփոխվող և շարժական համակարգեր։ (գրականում đād, բարբառում՝ zā, đād չկա)։ բ) գրական արաբերենի համակարգի եզակիությունն է և համապատասխան համակարգի բազմազանությունը։ գ) այդ համակարգերի զարգացման տեմպերի անհավասարությունն է և տարբեր բարբառների խմբերում հնչյունային փոփոխությունների ուղղությունների արդյունքների տարբերացումը. դ) վաղ դասական արաբերենի հնչույթային կազմը կարող է վերականգնվել Սիբաուեյհիի «ալ-Քիթաբ» աշխատության մեջ հնչյունների արտաբերման տեղի և եղանակի մանրամասն նկարագրության հիման վրա։ Հնչյունների արտաբերական բնութագրերն այս գրքում հիմնականում չեն տարբերվում ժամանակակից գրական արաբերենի հնչույթների բնութագրերին։

Որոշ հնչյունային փոփոխություններն արաբերենում ընթացել են երկարատև ժամանակահատվածում և վերջնականապես ամրագրվել են դասական լեզվում, որպես նորմա, 9 դարի վերջում, 10 դարի սկզբում, բայց բարբառներում փոփոխությունները շարունակվել են։

Արաբերենի հնչույթային կազմի կայունությունը պայմանավորված է հիմնականում խոսքի վանկատման առանձնահատկությամբ՝ այն հանգամանքով, որ խոսքում հնչույթը մշտապես գտնվում է նախորդ հնչույթի և իր սեփական ձայնավորումների շրջապատում, ինչը բացառում է հնչույթների անմիջական հարադրումը և սահմանափակում հնարավոր հնչյունափոխությունները։

Արաբական լեզվաբանական ավանդույթ

խմբագրել

7-րդ դարում արաբների հաղթարշավը նպաստում էր նորաստեղծ պետության արագ ընդլայնմանը, և այս տարածքում բնակվող ամենատարբեր ծագում, հասարակարգ և զարգացման մակարդակ ունեցող ժողովուրդները ակտիվորեն մասնակցում են արաբալեզու մշակույթի առաջընթացին։ Նվաճված տարածքներում արաբական ազդեցության տարածման հետ կապված մեծանում է արաբերենի դերը, որպես նոր կրոնաքաղաքական և մշակութային ձևավորումների, գործընթացների կարևորագույն գործոն։ Գիտական տարբեր ճյուղերի՝ բնական և հումանիտար, հետ մեկտեղ իսլամի առաջին իսկ դարերից առանձնահատուկ տեղ է գրավում արաբերենի ուսումնասիրությունը։ Ըստ ավանդության, լեզվաբանական ուսումնասիրությունների հիմնադիրը Աբու ալ-Ասուադ ալ-Դուալին է՝ խալիֆ Ալիի ժամանակակիցը. նրան է խալիֆը հանձնարարում զբաղվել քերականական խնդիրներով՝ բացառելու համար գրական լեզվի աղավաղումները, հատկապես Ղուրանի ընթերցանության ժամանակ։ Աբու ալ-Ասուադ ալ-Դուալին անդրադարձել է հետևյալ խնդիրներին՝ խոսքիմասային բաժանմանը (անուն, բայ և մասնիկ), որոշ ուղղագրական խնդիրների (ձայնավոր հնչույթների նշագրումը), թեքման խնդիրների և այլն։ Հետագայում արաբերենի քերականական ուսումնասիրությամբ զբաղվում են նրա աշակերտները՝ Յահյա իբն Յաամարը և Անբասա իբն Մաադան ալ - Ֆիխրին, Աբու Ամր Իսա իբն Ումար աս-Սակաֆին, հայտնի գիտնական Խալիլ իբն Ահմադ Ալ-Ֆարահիդին, առաջին լիակատար քերականական երկի հեղինակ Սիբաուեյհին։ Փաստագրորեն վկայված արաբական լեզվաբանության պատմությունը ընդգրկում է մոտ 8 դար՝ 8-15-րդ դարերը՝ մինչև թուրքերի կողմից Կ.Պոլսի գրավումը։ Միջնադարյան արաբական լեզվաբանության զարգացումը կապվում է մի քանի դպրոցների ձևավորման հետ, որոնք մշակեցին արաբերենի ուսումնասիրության տարբեր սկզբունքներ։ Դրանցից են Բասրայի, Քուֆայի և Բաղդադի դպրոցները. ավելի ուշ՝ արաբերենի քերականության և բառապաշարի հարցերն ուսումնասիրվում են նաև Եգիպտոսում և Իսպանիայում։

Բասրան հիմնադրվել է իսլամի տարածման առաջին իսկ տարիներին (636 թ.). նրա դիրքը Պարսից ծոցի ափին նպաստեց արագ զարգացմանը թե՛ տնտեսական և թե՛ մշակութային առումով։ Բասրան դարձավ նաև լեզվաբանական ավանդույթի ձևավորման և զարգացման կենտրոններից մեկը։ Ավելի ուշ հիմք դրվեց արաբական լեզվաբանության մեկ այլ ուղղության Քուֆա քաղաքում (հիմնադրվել է 638 թ.)։ Քերականական այս երկու ուղղությունների՝ դպրոցների միջև տարաձայնությունները վերաբերում էին հիմնականում արաբերենի համակարգի նկարագրման և կանոնավորման հարցերին։ Բասրայի քերականական դպրոցը հաճախ անվանում են անալոգիական, իսկ Քուֆայինը՝ վերլուծական. առաջին դպրոցում խստորեն հետևում էին Ղուրանի և պոեզիայի դասական լեզվի նորմերին. շեղումը ընդունված նորմերից համարվում էր լեզվի աղավաղում, իսկ Քուֆայի դպրոցի ներկայացուցիչներն առավել մեղմ էին այս հարցում և հաճախ իրենց դրույթները հիմնավորում էին խոսակցական լեզվում գործող նորմերով։ Երկու ուղղությունների բանավեճային հարցերից էր բառակազմութան ելակետային միավորի ընտրության հարցը. բասրեցիներն որպես այդպիսին ընդունում էին մասդարը (գործողության անուն, որը զուրկ է ժամանակային սահմանափակումից). իսկ քուֆացիները՝ անցյալ (ներկա) ժամանակաձևի առաջին դեմքի բայաձևը (afεalu, faεaltu)։

762 թ. Բաղդադը հռչակվում է Աբբասյան խալի‎ֆայության մայրաքաղաք, և մշակութային կյանքն աստիճանաբար կենտրոնանում է այստեղ։ Քերականության բնագավառում բաղդադյան դպրոցը համարվում է էկլետիկ ուղղության սկզբնավորող։ Այս դպրոցի ներկայացուցիչները, բացի գիտական գործունեությունից, ծավալում էին լայն ուսուցողական գործունեություն, և նրանց երկերն աչքի են ընկնում հակիրճությամբ և համառոտ շարադրանքով։

Մեզ հասած առաջին քերականական երկը Սիբաուեյհիի (մահ.794 թ. Աբու Բիշր Ամր իբն Ուսման Կանբար ալ-Բասրի) «Ալ-Քիթաբ» («Գիրքը») աշխատությունն է՝ գրված մոտավորապես 769 թ.։ Այս գրքում հեղինակը մանրակրկիտ կերպով անդրադառնում է արաբերենի քերականության բոլոր հարցերին՝ շարահյուսության, ձևաբանության, բառակազմության և հնչյունաբանության։ Գնահատելով հեղինակի կատարած մեծ աշխատանքը՝ պետք է նշել, որ նա օգտվել է նախորդ հեղինակների քերականական դրույթներից՝ ի մի բերելով դրանք մեկ երկում. այս փաստը ևս մեկ անգամ հավաստում է այն, որ արաբական լեզվաբանական գիտությունն անցել է նյութի կուտակման և համակարգման (կանոնակարգման), հիմնական տեսական կանխադրույթների մշակման բարդ և երկար ընթացք։ Արաբական լեզվաբանական ավանդույթի ուսումնասիրության կարևոր խնդիրներից է այլ լեզվաբանական ավանդույթների հետ փոխհարաբերության հարցը։

Այս կամ այն լեզվաբանական ուսմունքների հնարավոր ազդեցությունը պայմանավորված է արաբների նրանց առնչվող Արևմուտքի և Արևելքի տարբեր ժողովուրդների հետ պատմամշակութային փոխհարաբերություններով։ Արաբներն իրենց ազդեցությունը տարածեցին Ասիայի, Ա‎ֆրիկայի, Եվրոպայի բարձր մշակույթ ունեցող ժողովուրդների վրա, որոնք քաջ ծանոթ էին ինչպես հելլենական, այնպես էլ հնդկական գիտական մտքին։ Սրանով է պայմանավորված այն հանգամանքը, որ արաբական լեզվաբանական համակարգը նշված ժողովուրդների գիտելիքների յուրացման արդյունք է. դրանով է բացատրվում արաբական լեզվաբանական ուսմունքի գրեթե կատարյալ և մեթոդաբանական առումով անթերի լինելը։ Մյուս կողմից, սակայն, արաբական լեզվաբանական համակարգը լավագույնս համապատասխանում է արաբերենի կառուցվածքին։

Ստեղծելով քերականական ամփոփ համակարգ, մշակելով լեզվաբանական տեսական հարցեր՝ արաբներն իրենց ներդրումն են ունեցել ընդհանուր լեզվաբանական գիտության զարգացման գործում։

Արաբական լեզվաբանական ուսմունքի սկզբնավորումը և հետագա զարգացումը կարևոր նշանակությւոն ունի ոչ միայն արաբերենի ուսումնասիրության, նրա պատմական զարգացման ընթացքի ճիշտ պատկերացման համար, այլև այն նշանավորում է լեզվի ուսումնասիրության, լեզվի համակարգի կառուցման ‎բոլորովին նոր առանձնահատուկ մեթոդի առաջացում, որն արդեն իսկ միջնադարում լայն տարածում և կիրառություն է գտնում նույնիսկ ծագումնաբանորեն և տիպաբանորեն տարբեր լեզուների, (ինչպես օրինակ թյուրքական, իրանական լեզուների) քերականական ուսմունքներում։ Արաբական լեզվաբանական ավանդույթն առանձնանում է գիտական յուրահատուկ տերմինաբանությամբ և լեզվական նյութի համակարգման նոր սկզբունքներով։ Այն իր ազդեցությունն է ունեցել եվրոպական արաբագիտության զարգացման գործում։ 19-20-րդ դդ. եվպոպացի գիտնականների կողմից ստեղծված արաբերենի քերականական երկերից շատերն իրենց շարադրանքով, նյութի համակարգմամբ հետևում են միջնադարյան քերականական ավանդույթին։ Ավելին, որոշ տեսական դրույթներ ձեռք են բերում ընդհանուր լեզվաբանական նշանակություն, ինչպես օրինակ արմատի, թեքման հասկացությունը կարևոր նշանակություն են ունեցել պատմահամեմատական լեզվաբանության սկզբունքների մշակման համար։

Միջնադարում Արաբական Արևելքի երկրներում դասական գրական արաբերենի էմպիրիկ (գործնական) ուսումնասիրության հիման վրա ձևավորվեց արաբական լեզվաբանության կարևոր ճյուղերից մեկը՝ արաբական քերականական ուսմունքը։ Արաբական լեզվաբանական ավանդույթի ձևավորմանը (այսուհետ՝ ԱԼԱ) նպաստել են և իրենց ներդրումն են ունեցել տարբեր ազգությունների ներկայացուցիչներ։ Ձևավորվելով դասական արաբերենի փորձնական ուսումնասիրության շրջանակներում՝ ԱԼԱ–ն բնորոշվում է գործառական ուղղվածությամբ։ Արաբական ցեղերի միավորման ընթացքում լեզվի սոցիալական գործառության անհրաժեշտություն է առաջանում, որի նորմերի հաստատման խնդիրները հետագայում պայմանավորվում են Արաբական խալիֆայության հասարակական կյանքում նրա գործառությամբ, երբ Ղուրանի լեզվի ուսումնասիրությունը և նրա մաքրության պահպանումը ձեռք են բերում հատուկ նշանակություն։

Արաբական լեզվաբանության ավանդական տեսությունը մշակվում և զարգանում է Բասրայի, Քուֆայի, Բաղդադի, Անդալուսյան և եգիպտա-սիրիական դպրոցներում։

VII դարում արաբերենի որոշ քերականական երևույթների նկարագրությամբ զբաղվում է բասրեցի Աբու–լ Ասուադ ադ–Դուալին, որին վերագրվում է ձայնավոր հնչույթների համար գրանշանների ներածումը։ Այս ժամանակաշրջանին է վերաբերում նաև Նասր իբն Ասիմի և Յահյա իբն Յաամարի գիտական գործունեությունը, որոնք ստեղծեցին տարբերիչ նշանների համակարգը՝ գրությամբ նմանվող հարֆերը միմյանցից տարբերելու համար։

VIII դարի առաջին կեսին բասրեցի բանասերներ Իբն Աբի Իսհակ ալ–Հադրամին, Իսա իբն Ումար աս–Սակաֆին և Աբու Ամր ալ–Ալան մշակում են դասական արաբերենի նորմերի վերլուծական նկարագրման տեսական հիմքերը. VIII դարի երկրորդ կեսը բնորոշվում է արաբական լեզվաբանական տեսության՝ որպես ինքնուրույն գիտակարգի ձևավորմամբ։ Արաբական ավանդական լեզվաբանության հիմնախնդիրների ձևակերպման և մեթոդաբանության հստակեցման գործում մեծ դեր խաղաց բասրեցի ալ–Խալիլ իբն Ահմադը՝ արուդի (տաղաչափության մասին ուսմունք) տեսության հիմնադիրը, որի շրջանակներում լուսաբանվում են ոչ միայն բուն բանաստեղծական լեզվի վանկաչափական (տաղաչափական) երևույթները, արաբական բառի ռիթմային և ձևաբանական կազմությանը վերաբերող փաստեր, որտեղ վերլուծության նվազագույն միավոր է հարֆը՝ բաղկացած բաղաձայն հնչույթից և նրա ձայնավորման տեսակից։ Ալ–Խալիլի գրչին է պատկանում «Քիթաբու լ–εայն» (εայնի գիրք), որում բառերը դասավորված են ըստ նրանցում արմատական հարֆերի արտաբերական բնութագրերի, այն է՝ կոկորդային, լեզվային, ատամնային և շրթնային։ Հնչյունների նման դասակարգումը հիմք է տալիս ենթադրելու հնդկական լեզվաբանական ավանդույթի ազդեցության մասին։ Ալ–Խալիլը առանձնացնում է հնչույթաբանական երևույթների վերլուծության և նկարագրման 3 ասպեկտ՝ ելքային բնութագրեր, դիրքային իրացումներ (տարբերակներ) և հնչյունների փոփոխություններ, որոնք տեղի են ունենում քերականական կառույցների կազմավորման ժամանակ։ Նա կատարելագործել է ձայնավորումների նշագրման համակարգը՝ ներածելով այսպես կոչված ձայնանշանները, որոնք մինչ օրս էլ կիրառվում են Ղուրանի, բանաստեղծական և ուսումնական տեքստերի գրառման ժամանակ։

Լեզվաբանական մյուս՝ Քուֆայի դպրոցի հիմնադիրն է համարվում Աբու Ջաֆար Մուհամմադ առ–Ռուասին, որն, ըստ արաբ բանասերների և մատենագետների, ստեղծել է առաջին քերականական երկը։ Նրան է վերագրվում նաև «Հոգնակի և եզակի թվի մասին» գիրքը։

VIII դարի երկրորդ կեսի բասրեցի գիտնական Սիբաուեհիի «Ալ–Քիթաբ» աշխատությունը մեզ հասած առաջին քերականական երկն է, ուր տրվում է լեզվի նորմերի համակարգված շարադրանք և ըստ նրանում առկա բազմաթիվ մեջբերումների, արտացոլում է նախորդ մերունդների բանասերների հետազոտական աշխատանքների կոնցեպցիան և արդյունքները՝ առաջին հերթին, ալ–Խալիլ իբն Ահմադի։ ԱԼԱ–ում ուրվագծվում են լեզվի քերականական վերլուծության հիմնական ասպեկտները՝ ան–նահու (անվանական և բայական բառափոխության ուսմունք), աս–սարֆ (բառակազմության և քերականական կառույցների ձևավորման ժամանակ տեղի ունեցող հնչյունական փոփոխությունների մասին ուսմունք) և մախարիջ ալ–հուրուֆ (հնչույթների արտաբերման և դիրքային փոփոխությունների մասին ուսմունք)։ Բառակազմական պրոցեսների վերլուծության և նկարագրման ժամանակ լայնորեն կիրառվում է արուդի տեսության մեջ մշակված բառակազմական կաղապարման մեթոդը, այստեղից էլ բառակազմական կացապարների համակարգը ժամանակակից արաբերենում։ Բառակազմական երևույթները քննվում են ինչպես ձևի, այնպես էլ նշանակության տեսանկյունից, սկզբնական բառաձևերի սահմանումը ուղեկցվում է նրանց լեզվական (գործառական) նշանակության վերհանմամբ։

VIII դարավերջի բանասերներից է ալ–Քիսային, որը զգալիորեն որոշակիացրեց քուֆիական դպրոցի հետազոտական սկզբունքները։ Նրա երկերից մեզ է հասել «Հասարակ ժողովրդի խոսվածքում քերականական սխալների մասին» աշխատությոնը, որում կարևորագույն բարբառագիտական տեղեկություններ են պարունակվում։

VIII–IX դդ. բասրեցի բանասերներ ել–Ախշաֆ ալ–Ասուաթը, Աբու Ուսման ալ–Մազինին, ալ–Մուբարրադը, քուֆացի բանասերներ Աբու Զաքարիա Յահյա իբն Զաիդ ալ–Ֆարրան, Իբն աս–Սիքքիտը, աս–Սաալաբը և մյուսները զբաղվում էին Սիբաուեյհիի «Ալ-Քիթաբ»-ի մեկնաբանությամբ։ Ձևավորվում է արաբական բարբառագիտությունը. մասնավորապես՝ Աբու Ուբայդայի «Հնացած բառապաշարի դասակարգումը», բարբառային բառապաշարի բառարաններ և այլն։ Աշխուժորեն քննարկվում են քերականությանն առնչվող խնդիրներ։ Դրա մասին է վկայում մասնավորապես՝ Քուֆայի և Բասրայի դպրոցների միջև ծագած վեճը, որը արտացոլվել է բաղդադցի բանասեր Իբն ալ–Անբարիի «Բասրեցիների և քուֆացիների միջև ծագած տարաձայնությունների անկողմնակալ լուսաբանումը» երկում նա առանձնացնում է 121 վիճահարույց հարց։ Լեզվի վերլուծության տեսական սկզբունքներն ընդհանուր էին։ Տարբերակվում էին թեքվող և չթեքվող ձևեր, որ համապատասխանաբար նկարագրվում էին ալ-բինա’ (հիմքափոխություն) և ալ-իεրաբ (բառափոխություն)։ Փոփոխվող բառերը ենթարկվում են ձևային և գործառական վերլուծության, որի ընթացքում ի հայտ են գալիս բառաձևերի գործառությունը պայմանավորող գործոններ։ Լեզվական ձևերի չափակարգությունը (չափորոշությունը) և նրանց օգտագործումը որոշվում է աս-սամաε (السماع) և ալ-կիյաս (القياس) գործոններով։ Այս երկու դպրոցների միջև տարաձայնությունները հիմնականում կապված էին ասոցիատիվ մեթոդի կիրառման հետ։

X դարի սկզբին արդեն վերջնականապես հաստատվում են քերականական վերլուծության հասկացական ապարատը և տերմինաբանությունը, համակարգվում են քերականական տեսության հիմնական դրույթները։

X- դարի առաջին կեսին Բաղդադի դպրոցում ձևավորվում է ԱԼԱ–ի երրորդ ուղղությունը, հանձին Իբն Ջիննիի, որն իր «Արաբերենի առանձնահատկությունները» երկում քերականական խնդրիների հետ մեկտեղ լուսաբանում է բառագիտական հարցեր՝ բառի և նրա նշանակության կապի, բառի բառակազմական կառուցվածքի, բառի և նրա իմաստի հետ կապված։ Իբն Ջիննին փորձնականորեն որոշել է, թե քանակապես որքան են իրացվում արաբերենի բառապաշարում հարֆի տեսականորեն հնարավոր միացությունները։ Լեզվաբանական բազմաբնույթ հարցեր են արծարծված Իբն Ֆարիսի «Բառային կանոնների մասին», Բառապաշարի համառոտ ակնարկ» երկերում, այդ թվում բառապաշարի դասակարգումն ըստ օգտագործման, վաղնջական (բնիկ, անդրենածին) և փոխառյալ բառերը, բառի ուղիղ և փոխաբերական իմաստները, հոմանիշությունը, համանունությունը։

XI դարում առանձնանում են արտահայտիչ խոսքի նորմերը ուսումնասիրող գիտակարգեր։ Առանձնացվում են խոսքագոյացման ընթացքի երկու հայեցակետ՝ լեզվական արտահայտությունների ճշգրտություն (الفصاحة) և խոսքային կազմավորումների կատարելության հասնելու կարողություն (البلاغة)։ Առաջինն ուսումնասիրվում է քերականության և բառապաշարի մասին գիտությունների շրջանակում, երկրորդը՝ իմաստի (علم المعاني), փոխաբերության (علم البيان), ճարտասանության (علم البديع) մասին գիտությունների շրջանակում։

XI-XIII դարերում շարունակվում է աշխատանքը քերականության և բառապաշարի նկարագրման կատարելագործման ուղղությամբ։ Ազ-Զամախշարիի «Ալ-Մուֆասսալ» աշխատության մեջ մանրամասնորեն շարադրվում է արաբերենի քերականությունը, Մաուհիբ ալ-Ջավալիկիի «Օտար բառերի բացատրումը» երկում բերվում են արաբերենի փոխառությունները և այլն։

Այս ժամանակ իր գործունեությունն է ծավալում նաև անդալուսյան դպրոցը, որի ակնառու ներկայացուցիչներից են Մուհամմադ իբն Մալիքը իր «Հազարամատյան» (الفية) քերականական երկով, և Իբն Սիդան, որը կազմել է «Ալ-Մուխասսաս» թեմատիկ բառարանը, որի նախաբանում նա մանրամասնորեն լուսաբանում է բառապաշարային և իմաստաբանական խնդիրներ։

Մոնղոլների կողմից Բաղդադի գրավումից և Իսպանիայում արաբների ազդեցության թուլացումից հետո արաբական գիտության կենտրոնը տեղափոխվում է Եգիպտոս և Սիրիա։ Կարևոր լեզվաբանական աշխատանքներ են ստեղծում բանասերներ Իբն Յաεիշը (XIII դ.), Իբն ալ-Հաջիբը (XIII դ.), XIV դարում՝ Իբն Հիշամը և Իբն Ակիլը, XV դարում Աս-Սույուտին։ Արաբական լեզվաբանական ավանդույթի ներկայացուցիչները Եգիպտոսում և Սիրիայում հիմնականում զբաղվում են ավելի վաղ շրջանի լեզվաբանական աշխատությունների մեկնաբանությամբ։

Արաբական լեզվաբանական ավանդույթը ավարտուն ուսմունք է, որի ձևավորման և հետագա զարգացման վրա մեծ է հունական և հնդկական ավանդույթների ազդեցությունը։ Այն իր հերթին ազդեցություն է թողել միջնադարյան թուրքագետ, բառարանագիր Մահմուդ Կաշգարիի գիտական գործունեության վրա։ Այս լեզվաբանական ավանդույթի մեթոդները՝ բառի կազմության տաղաչափական մոդելավորումը, նրա բառային նշանակության վերլուծությունը, ձևի և բովանդակության տարբերակումը, արտահայտման և իրադրական համատեքստի փոխկապակցվածությունը, նախադասության վերլուծությունը նրա ձևային և ակտուալ անդամատման միավորմամբ համարվում են այն կարևոր գիտական գաղափարները, որոնցով արաբական լեզվաբանական ավանդույթն իր ուրույն տեղն է գրավել լեզվաբանական ուսմունքների պատմության մեջ։

Բարբառներ

խմբագրել

Արաբերենի դեռ նախագրային շրջանում, երբ չէր ձևավորվել միասնական հաղորդակցության լեզու, և նույնիսկ հետագայում՝ միասնական գրական լեզվի տարածման ընթացքում, նրա հետ միաժամանակ ձևավորվում և զարգանում էին արաբական տարածքային բարբառները։ Այդ իսկ պատճառով արաբերենի պատմության ուսումնասիրությունն ընդգրկում է երկու ասպեկտ՝ գրական արաբերենի ուսումնասիրություն և արաբերենի բարբառների ուսումնասիրություն։ Ինչպես գրական արաբերենի, այնպես էլ նրա բարբառների զարգացումը, նրանցում տեղի ունեցող փոփոխությունները արդյունք են արտալեզվական և լեզվի ներքին զարգացման օրինաչափությունների. բարբառների դեպքում թերևս ավելի զգալի է հատկապես արտալեզվական գործոնների դերը։ Տարածման հսկայական արեալ ունեցող արաբական բարբառները, այնուամենայնիվ, միավորվում են մի շարք խմբերում։ Ընդհանուր առմամբ, բարբառները գրական լեզվից տարբերվում են բառափոխական համակարգի բացակայությամբ, վերլուծական կառուցվածքի որոշ գծերով, որոշ քերականական կարգերի աստիճանական դուրս մղմամբ։ Արաբական տարածքային բարբառների բաժանումը, որպես կանոն համընկնում է պետական սահմանների հետ. առանձնացվում են, օրինակ, եգիպտական բարբառը, իրաքյան կամ սիրիական բարբառները և այլն։ Ըստ հնչյունաբանական և ձևաբանական առանձնահատկությունների արաբերենի բոլոր բարբառները միավորվում են երկու խմբերում արևելյան (Մաշրիկի) և արևմտյան (Մաղրիբի)։ Արևելյան խմբի մեջ մտնում են սաուդյան (կենտրոնարաբական), նրանից առանձնացած բահրեյնյան, քուվեյթյան, կատարյան բարբառները, ՄԱԷ–ի բարբառները, եմենյան, օմանյան, իրաքյան, սիրիական, լիբանանյան, հորդանանյան, պաղեստինյան, եգիպտական և սուդանյան։

Արևմտյան խումբն ներառում է Մաղրիբի բարբառները՝ լիբիական, ալժիրյան, Մարոկկոյի, թունիսյան և մավրիտանյան (հասսանիյա)։ Վերջիններիս բավականին սերտ է իտալականացված մալթիական լեզուն, որը գրվում է լատինական գրաֆիկայով։ Այս խմբին են պատկանում նաև երկու մեռած բարբառներ՝ անդալուսյան և սիցիլիական։ Մաղրիբյան բարբառներն առանձնանում են հետևյալ հատկանիշներով՝ ձայնավորների հաճախակի ռեդուկցիան բառում, mudariε բայաձևում առաջին դեմք եզակի թվում harf mudaraεa–ն /n/ է։ Բացի տարածքային բարբառներից, գրական լեզվից զգալիորեն տարբերվում են քաղաքային, գյուղական և բեդվինական խոսվածքները։ Տարածքային բարբառները մշակվել են արաբերենի /գրավոր և բանավոր/ և հարևան երկրների լեզուների փոխազդեցության և փոխներգործության պայմաններում։ Դրա արդյունքում, եգիպտական բարբառի վրա նկատելի է ղպտիերենի, թուրքերենի և անգլերենի, իրաքյանի վրա՝ արամեերենի և ֆրանսերենի, սուդանյանի վրա՝ նուբիերենի, զինջերենի, անգլերենի ազդեցությունը, մաղրիբյան բարբառների վրա է՝ բերբերերենի, թուրքերենի և ֆրանսերենի։

Պատմական զարգացման ընթացքում, հատկապես՝ XX դարասկզբին նկատելի են գրական արաբերենի և բարբառների մերձեցման, փոխներգործության միտումներ, և այս գործընթացների արդյունքում XX դարի երկրորդ կեսին ձևավորվում են տարածքային առօրեա–խոսակցական լեզուները (կոյնե)։ Դրան զգալիորեն նպաստում են կինոն, թատրոնը, ռադիոն, հեռուստատեսությունը, մամուլը, գեղարվեստական գրականությունը։ Արաբական աշխարհի լեզվական իրադրությանն առավել բնորոշ է յուրահատուկ երկլեզվությունը, որը դրսևորվում է արաբերենի երկու ձևերի՝ ընդհանուր գրական արաբերենի և տարածքային խոսակցական լեզուների համագոյակցության, գործառա–ոճական սահմանազատման և փոխլրացման մեջ։ Արդի գրական արաբերենը գերազանցապես կիրառվում է գրական խոսքում, գեղարվեստական գրականության և մամուլի բոլոր ժանրերում, կինոյում, թատրոնում, գիտական հրատարակություններում։ Մինչդեռ գրական լեզվի իրացման բանավոր ձևը սահմանափակվում է գիտական ելույթներով, դասախոսություններով, ռադիո և հեռուստատեսության տարբեր հաղորդումներով։ Չնայած գրական լեզվի առօրյա կյանք ներթափանցման միտումներին, արաբները կենցաղում այն գրեթե չեն գործածում։ Յուրաքանչյուր արաբական երկրում խոսակցական արաբերենը բնակչության շփման հիմնական միջոցն է առօրյա կյանքում և, որպես վերբարբառային կազմավորում, նրանում առանձնանում են մի քանի մակարդակներ՝ քաղաքային, համաժողովրդական, ռեգիոնալ և այլն։ Արաբական երկրներում լեզվական քաղաքականությունն ուղղորդված է հասարակական կյանքի, մշակույթի ոլորտներում գրական արաբերենի լիարժեք գործառության համար նպաստավոր պայմանների զարգացմանը։ Արաբական որոշ երկրներում բացի արաբերենից պետական լեզվի կարգավիճակ ունեն այլ լեզուներ, ինչպես, օրինակ, քրդերենը՝ Իրաքում, ֆրանսերենը՝ Մավրիտանիայում։

Այբուբեն և գիր

խմբագրել

Լեզվաբանության հիմնական խնդիրներ

խմբագրել

Արաբական լեզվաբանական համակարգը բաղկացած է երկու հիմնական բաժիններից՝

  1. Ընդհանուր տեսական խնդիրներ – լեզվի ծագման խնդիրը, լեզվի գործառույթները, նշանակողի (означающее) – նշանակվողի (означаемое) հարաբերությունը, գրական լեզվի և բարբառների փոխազդեցությունը, այլ լեզուներից փոխառությունները։
  2. Արաբերենի կառուցվածքի մասնավոր հարցեր՝ շարահյուսություն, ձևաբանություն, բառակազմություն, իմաստաբանություն, հնչյունաբանություն, բառագիտություն և այլն։

Լեզվի ծագման խնդիրը արաբական լեզվաբանության և մուսուլմանական աստվածաբանության կարևոր հարցերից է, որ բուռն քննարկումների առարկա էր հատկապես 9-11-րդ դդ. և մեկնաբանվում էր երկու ուղղությամբ՝ լեզուն ունի աստվածային ծագում և այն հասարակական համաձայնության, պայմանավորվածության արդյունք է։ Առաջին մոտեցման կողմնակիցները հետևյալ կերպ էին ձևակերպում իրենց դրույթները՝ արաբերենը ստեղծված է Ալլահի կողմից.նա է սովորեցրել Ադամին լեզվի հարստությունը։ Արաբերենը աստվածային հայտնության արդյունք է. այն միանգամից չի ստեղծվել, այլ աստիճանաբար հաղորդվել է ընտրյալ մարդկանց՝ Ադամին, ապա մյուս մարգարեներին, իսկ Մուհամմադին՝ լեզվի ողջ հարստությունը։ Մյուս ուղղությունը մերժում է լեզվի աստվածային ծագումը՝ համարելով այն մարդկային ստեղծագործություն, մարդկանց միջև պայմանավորվածության արդյունք, ընդ որում գիտնականների մի մասը գտնում է, որ այն որոշ իմաստունների համաձայնությամբ է ստեղծվել։ Վերջին դրույթը հատկապես վկայում է հունական‎ փիլիսոփաների նման տեսության ազդեցության մասին, որով լեզվի ստեղծումը վերագրվում էր «աստվածային մարդկանց» և փիլիսոփաներին։

Արաբ գիտնականներն առանձնացնում էին լեզվի երկու գործառույթ՝ հաղորդակցական և արտահայտչական (էքսպրեսիվ)։ Նշանակողի և նշանակվողի (այն է՝ բառի և առարկայի) հարաբերության հետ կապված առանձնացվում է երկու ուղղություն՝ առաջին, բառի և առարկայի միջև գոյություն ունի բնական կապ, բառի հնչյունական կազմը բխում է առարկայի բնույթից և երկրորդ, (արաբ լեզվաբանների մեծ մասը այս կարծիքին էր) նշանակողի և նշանակվողի միջև ընդամենը պատահական կապ գոյություն ունի։ Արաբական լեզվաբանական ավանդույթում դիտարկվում է նաև բառերի և նշանակությունների քանակական հարաբերակցության խնդիրը։ Ըստ արաբ գիտնականների, իմաստների՝ նշանակությունների թիվը գերազանցում է բառերի քանակին, քանի որ իմաստները (ma’ani) անսահմանափակ են, իսկ բառերը՝ սահմանափակ, քանի որ կազմված են սահմանափակ թվով հնչյուններից, այդ պատճառով էլ մեկ բառը կարող է արտահայտել մի քանի նշանակություններ։

Գրական լեզվի և բարբառների փոխհարաբերությունները արաբական լեզվաբանական ավանդույթի կարևորագույն խնդիրներից մեկն է։ Բասրայի քերականներն աշխատում էին գրական լեզուն զերծ պահել բարբառային թափանցումներից, աղավաղումներից, Քու‎‎ֆայի քերականներն այս հարցում պակաս հետևողական էին։ Արաբ գիտնականները ճշտորեն գնահատում էին բարբառագիտական փաստերը. Իբն Ջիննին (10-րդ դ.) նշում է, որ բարբառներում կա ձևերի օգտագործման և արտասանության որոշակի ավանդույթ, և դա չի նշանակում, որ այդ ձևերը սխալ են, այլ ընդհակառակը, դրանք ձևավորվել են յուրաքանչյուր բարբառի կաղապարի (մոդելի) համաձայն։ Արաբ լեզվաբանների երկերում պարունակվում են մեծաքանակ բարբառային տվյալներ, որոնք արժեքավոր նյութ են արաբերենի պատմական բարբառագիտության խնդիրների ուսումնասիրության համար։

Արաբական լեզվաբանությունը նոր ժամանակներում և արդի փուլում

խմբագրել

Եվրոպա

խմբագրել

Արաբական քերականական գիտության զարգացումը և մեզ հասած բազմաբնույթ աշխատանքները վաղուց են գրավել եվրոպացի լեզվաբանների ուշադրությունը։ Արդեն 16–18–րդ դդ. հրատարակվում են առաջին քերականական երկերը՝ հաճախ լատիներեն թարգմանություններով։ 19–րդ դարում արաբական քերականական երկերի հրատարակումը շարունակվում են. դրանցից մի քանիսը ուղեկցվում են մեկնաբանություններով (Սիլվեստեր դը Սասի՝ Իբն Մալիքի «Alfiyya» տրակտատի մեկնաբանությունը), իսկ որոշները՝ եվրոպական լեզուներ թարգմանությամբ։ Հրատարակվում է նաև առաջին քերականական երկը՝ Սիբաուեյհիի «Գիրքը». առաջին հրատարակությունը՝ Գ.Դերենբուրգի խմբագրությամբ լույս է տեսնում Փարիզում 1881-1889 թթ.։ Ավելի ուշ այն լուս է տեսնում Եգիպտոսում Աս–Սիրաֆիի և Աշ–Շանտամարիի մեկնաբանություններով։ Այս ընթացքում հրատարակվում են նաև Իբն Քութայբայի, Իբն Ջիննիի, Ազ–Զամախշարիի, Իբն ալ–Հաջիբի և այլոց երկերը։ Եվրոպական արաբագիտությունն իր սկզբնավորման և հետագա զարգացման ընթացքում բնորոշվում է ուսումնասիրության խնդիրների լայն շրջանակով, առանձնահատուկ մեթոդաբանությամբ, ինչպես ընդհանուր լեզվաբանական տեսության, այնպես էլ արաբական միջնադարյան քերականական ավանդույթի տեսական դրույթների կիրառմամբ։ Եվրոպական արաբագիտության որպես ինքնուրույն գիտաճյուղի ձևավորման սկզբնակետ կարելի է համարել 16–րդ դարը, երբ հրատարակվում են առաջին քերականական ուսումնական ձեռնարկները, ինչպես օրինակ, Պեդրո դը Ալկալի /1505 թ./ արաբերենի քերականությունը, Գվիլելմ Պոստելուսի /1538 թ./ արաբերենի ուսումնական ձեռնարկը։ 17-18-րդ դդ. Տ.Էրպենիուսի, Ի. Լուդոլֆի և հալանդական դպրոցի մյուս ներկայացուցիչների աշխատությունները արաբերենի քերականական և բառապաշարային հետագա ուսումնասիրությունների հիմքերը դրեցին։ Դրանցում նկատելի է արաբական լեզվաբանական ավանդույթի ազդեցությունը, վերջինիս առանձին տեսական դրույթներ թափանցում են եվրոպական լեզվագիտություն, փոխառվում, ինչպես օրինակ, բառի ձևաբանական ուսումնասիրության հետ կապված այնպիսի հասկացություններ, ինչպիսիք են արմատի, ներքին թեքման մասին հիմնադրույթները։ Եթե իր սկզբնավորման շրջանում եվրոպական արաբագիտությունն առանձնանում էր առավել մեծ ինքնուրույնությամբ, ընդհանուր լեզվաբանության մեթոդների կիրառմամբ, ապա, պետք է նշել, որ 19-րդ դարից սկսած, նկատելի է արաբական քերականական ավանդույթի ազդեցությունը, որն առկա է ինչպես հենց ավանդույթի տեսական հարցերին նվիրված երկերում, այնպես էլ քերականական ուսումնական ձեռնարկներում։ ԱԼԱ–ին նվիրված ուսումնասիրությունները ունեին ինչպես նկարագրական, այնպես էլ պատմական զարգացման ընթացքի վերհանմման բնույթ։ Նման առաջին աշխատություններից է Վիլյամ Ռայթի /William Wright/ “The grammar of Arabic language”–ը՝ տպագրված 1859 թ., որում հեղինակը անդրադառնում է ձևաբանական և շարահյուսական խնդիրներին՝ օգտագործելով քերականական ավանդույթում ամրագրված տեսական դրույթները՝ փորձելով մեկնաբանել դրանք ժամանակակից լեզվաբանության տերմինաբանությամբ։ Ավելի ուշ գրված երկերում ևս նկատելի է ավանդույթի ազդեցությունը՝ որոշ հավելումներով և տարբեր շեշտադրումներով, ինչպես օրինակ, Ռեկկենդրոֆը /Reckendrof, 1921 թ./ տալիս է լծորդված կառույցների մանրամասն նկարագրությունը՝ հիմնվելով անվանական տարբեր կատեգորիաների վրա։ Մեկ այլ արաբագետ Ֆիշերը /Fisher/ հիմնվելով Կ.Բրոկելմանի /Karl Brockelmann/ համանման ուսումնասիրությունների վրա մեկնաբանում է kāna–ի համապատասխան անվանաձևերը որպես hal։ 20–րդ դարում արդեն եվրոպական արաբագետները առավել մեծ հետաքրքրություն ցուցաբերեցին ԱԼԱ–ի տեսական դրույթների վրա՝ հատկապես տերմինաբանական խնդիրների հարցում։ Օրինակ Վայսի /Weiss/ աշխատությունը նվիրված էր ԱԼԱ–ում harf տերմինի նշանակություններին կամ Պրոտորիուսի /Praetorius 1909 թ./ εamal–ի բովանդակությունը կառավարման երևույթի տեսանկյունից բացատրելու փորձը։ Նշանակալի աշխատություններից են Շադի /Shaade 1911 թ./՝ Սիբաուեյհիի հնչյունաբանական դրույթների մեկնաբանմանը նվիրված ուսումնասիրույթունը /Sibaweihi’s Laudebre 1911/, Գոթհոլդ Վեյլի /Gotthaold Weil./ երկը՝ գրված 1915 թ., որում նա անդրադառնում է Բասրայի և Քուֆայի քերականական դպրոցների հիմնական դրույթների ներկայացմանը, 1961 թ. գրված Անտոն Շոլի /Anton Sholl/ “The Arabic language as reflected in its grammatical tradition” (Die arabische Sprache im Spiegel nationalen Grammatik”) վերաբերում է ԱԼԱ–ի վրա հունական քերականական դպրոցների, մասնավորապես ալեքսանդրյան դպրոցի ազդեցությանը. հաշվի առնելով տեսական ընդհանրացումներում որոշակի ինքնատիպությունն ու ինքնուրույնությունը՝ երբեմն առաջ է քաշվում արաբական լեզվաբանական ավանդույթի միանգամայն ինքնքուրույն զարգացման հնարավորությունը։ Արաբական միջնադարյան լեզվաբանական ավանդույթի ուոմնասիրության համար մեծապես կարևորվում է մեզ հասած քերականական երկերի թարգմանությունների դերը, որոնք սովորաբար ուղեկցվում են համապատասխան մեկնաբանություններով։ Գերմանիայում Վերներ Դիեմը /Werner Diem, 1970 թ./ գրում է մի աշխատություն անվան կատեգորիայի մասին՝ ներկայացնելով Սիբաուեյհիի «Ալ–Քիթաբ»–ում շարադրված դրույթները, Ֆրանսիայում Մուհամմադ Բելգեջը /Mohammed Belguedj, 1973 թ./՝ շարահյուսության արաբական տեսակետների մասին, իսկ Արիե Լեվինը/ Aryeh Levin 1979 թ./ հրատարակում է Սիբաուեյհիի երկի մասին ժողովածուի առաջին հոդվածը, որին հետևում են նաև Ռամզի Բաալբաքիի/ Ramzi Baalbaki 1979 թ. /Սիբաուեյհիին նվիրված մենագրությունը, իսկ Մայքլ Քարտերը /Michael Carter 1972 թ.,1973 թ./ Անգլիայում լույս է ընծայում մի հոդվածաշար՝ Սիբաուեյհիի երկի վերաբերյալ, Վերստեգը /Kees Versteegh, 1977 թ./՝ իր մենագրությունում անդրադառնում է ԱԼԱ–ի ձևավորման վրա հունական ազդեցությանը։ Ընդհանրապես վերոհիշյալ աշխատությունը կարելի՝ է ներկայացնել որպես եվրոպական և ավելի լայն առումով արաբագիտական ձեռքբերումների ի մի բերման մի փորձ։ Եվրոպական արաբագետները, մեծապես կարևորելով ԱԼԱ–ի դերը ոչ միայն բուն լեզվաբանական գիտության հետագա զարգացման գործում, արձանագրում են նրա՝ գիտական այլ բնագավառների վրա/ բժշկագիտություն, իրավագիտություն/ հատկապես հասկացական և տերմինաբանական ապարատի վրա ազդեցության մասին։

Արաբական երկրներ

խմբագրել

Արաբական երկրներում գրական արաբերենի ուսումնասիրությունը գերազանցապես հիմնված է արաբական լեզվաբանական ավանդույթի սկզբունքների վրա։ 16-18–րդ դդ. ստեղծվում են քերականության և ոճաբանության ուսումնական ձեռնարկներ (հաճախ հին տրակտատների հիման վրա), կատարվում են բառարանագրական որոշ աշխատանքներ։ 18–րդ դարի սկզբին Գ. Ֆարհաթը որոշակի փոփոխությունների է ենթարկում Ֆիրուզաբադիի «قاموس» երկը (14-15-րդ դդ.), իսկ Մուհամմադ ազ–Զաբիդին (18–րդ դ.) կազմում է 10 հատորանոց «تاج العروس» ստուգաբանական բառարանը, որը դարձավ արաբական բառարանագրության հիմնական աղբյուրներից մեկը։ 19-րդ դարում արաբական մշակույթի վերելքը, արաբերենի ներգրավումը գիտական, գրական, հասարակական և գործնական ոլորտներում պայմանավորում են արաբական երկրներում արաբագիտության զարգացումը, հատկապես դասավանդման խնդիրների հետ կապված։ Լույս են տեսնում Նասիֆ Ալ–Յազիջիի և Ահմադ Ֆարիս աշ–Շիդյակի քերականական ձեռնարկները, մի քանի անգամ վերահրատարակվում է Ֆարհաթի «Քերականությունը», հրատարակվում և մեկնաբանվում են միջնադարյան քերականական աշխատությունները։ 19–րդ դարի երկրորդ կեսին զարգանում է նոր արաբական բառարանագրությունը. Բուտրուս ալ–Բուստանիի «محيط المحيط» բառարանն (1867-1870) առաջին անգամ ներառում է նաև հետդասական բառապաշարը, ինչպես նաև լիբանանյան բարբառի որոշ տարրեր։ Ակտիվ բառարանագրական աշխատանք է տարվում նաև 20-րդ դարում. ըստ արմատական հիմքի դասավորված բառարանների կողքին լույս են տեսնում նաև բառարաններ՝ կազմված ըստ այբբենական սկզբունքի։ 20-րդ դարի երկրորդ կեսին զգալիորեն ընդլայնվում է արաբական լեզվաբաության ուսումնասիրության խնդիրների շրջանակը, ներմուծվում են վերլուծության նոր մեթոդներ, ձևավորվում է լեզվի ուսումնասիրության պատմական մոտեցումը, գիտական հետազոտության առարկա են դառնում նաև արաբական բարբառները։ Մի շարք աշխատանքներում արաբերենի ուսումնասիրությունը կատարվում է ընդհանուր լեզվաբանության տեսական դրույթների հիման վրա (Իբրահիմ Անիս, Մուհամմադ ալ– Մուբարաք, Սուբհի աս–Սալիհ, Իբրահիմ աս–Սամարրաի, Մուրադ Քամիլ, Մահդի ալ–Մահզումի և այլն), հրատարակվում են Իբրահիմ աս–Սամարրաիի, Աբդ առ–Ռահման Այուբիի, Ահմադ Մուխտար Օմարի, Քամիլ Մուհամմադ Բիշրի, Հասան Զազայի պատմահամեմատական ուսումնասիրությունները։ Առանձնահատուկ հրատապություն են ձեռք բերում գրական լեզվի և բարբառների հարաբերակցության, ընդհանուր տերմինաբանության մշակման, լեզվական փոխառությունների, դասավանդման լեզվաբանական հիմունքների խնդիրները։ Այս հարցերի պարզբանման ընթացքում ձևավորվում է արաբական լեզվաբանական ավանդույթի նկատմամաբ քննադատական վերաբերմունքը, որն արտահայտված է հատկապես Յուսուֆ աս–Սաուդի «Արաբերենի նոր քերականական կանոնները» գրքում։ Սակայն որոշ լեզվաբաններ շարունակում են հետևել լեզվաբանական ավանդույթի սկզբունքներին՝ զարգացնելով դրանք, ինչպես, օրինակ, Աբբաս Հասանը իր «Լիակատար քերականություն» երկով. արաբ լեզվաբաններից շատերը քննադատաբար են մոտենում եվրոպական արաբագիտության կողմից ընդունված որոշ դրույթների, մասնավորապես ձևաբանությանը վերաբերող։ Արաբագիտության հրատապ հարցերի մշակման և ուսումնասիրության գործում մեծապես կարևորվում է Եգիպտոսի, Սիրիայի, Իրաքի, Լիբանանի, Հորդանանի, Քուվեյթի, Թունիսի, Մարոկկոյի, Ալժիրի գիտական հաստատությունների դերը։

20–րդ դարի երկրորդ կեսը բնորոշվում է արաբական լեզվաբանական գիտության մեջ նոր ուղղությունների և մեթոդների առաջացմամբ. լույս են տեսնում բազմաթիվ լեզվաբանական երկեր, ամսագրեր, պարբերականներ, որոնք իրենց բովանդակությամբ կարելի է բնութագրել որպես արաբերենի վերլուծություն՝ ընդհանուր լեզվաբանության տեսական դրույթների հիման վրա։ Կարելի է առանձնացնել այս շրջանի գիտական երկերի ուսումնասիրության երեք հիմնական սկզբունքային խնդիրներ՝ գրական արաբերենի և բարբառների հարաբերակցությունը, որը արաբական միասնության ընդհանուր խնդրի կողմերից մեկն է, արաբերենի և նրանով խոսողների կապը. որքանով է արաբերենը արտացոլում ազգային հոգեբանությունը, աշխարհայացքը և կենսակերպը և որ գործոններն են որոշում արաբերենի գործառական կողմը։ Բացի վերը նշված հարցերից կարևորվում էին արաբերենի և արաբական հասարակության պատմության, արաբերենի զարգացման ուսումնասիրությունները։

Գրական արաբերենի և բարբառների հիմնական տարբերությունները վերաբերում են հնչյունաբանությանը և բառապաշարին, հետևաբար լեզվի միասնականացման խնդիրն առաջին հ��րթին նշանակում է արտասանության և բառապաշարի միասնականացում, որ արտահայտվում է ընդհանուր տերմինաբանության մշակմամբ։ Վերջին հարցի հետ է կապված արաբերենի դասավանդման մեթոդների մշակումը, նորացումը։ Արաբ լեզվաբաններից շատերը (Իբրահիմ Անիս, Մուրադ Քամիլ, Աբդ ալ–Քերիմ Ջերմանուս, Մուհամմադ Ռիդդա աշ–Շաբիբի, Մուհամմադ ալ–Մուբարրաք) արաբերենի միասնականության խնդիրը կապում են արտաքին՝ արտալեզվական պայմաններով, հատկապես պատմատնտեսական և մշակութային գործոններով։ Ըստ նրանց, լեզուն հասարակական երևույթ է և դրանով կարելի է պատկերացում կազմել տվյալ լեզվով խոսող ժողովրդի ինքնագիտակցության, մշակույթի, պատմության զարգացման ընթացքի և միտումների մասին։ Դա առավել հստակորեն արտահայտվում է բառակազմության ոլորտում, որին իր երկում մանրամասնորեն անդրադարձել է Մուհամմադ ալ–Մուբարրաքը։ Մեկ այլ լեզվաբան Աշ–Շայբին իր «Լեզվում և շարահյուսության մեջ հոգեբանական և հասարակական հիմքերը» հոդվածում նույնպես փորձ է անում արաբերենի յուրահատուկ կառուցվածքը կապել այդ լեզվով խոսողների հոգեբանական և հասարակական կյանքի առանձնահատկությունների հետ։

Արդի արաբական լեզվաբանության կարևոր խնդիրներից է բառակազմական համակարգի ուսումնասիրությունը, որի միջոցով էլ տեղի է ունենում լեզվի բառապաշարային ընդլայնումը, հարստացումը նոր տերմիններով։ Իբրահիմ Անիսը իր լեզվաբանական աշխատություններում և հոդվածներում դիտարկում է բառի իմասները, դրանց զարգացումը, հնչման և նշանակության կապը, բառակազմության միջոցները և հնարավորությունները, նախադասության ձևի և կառուցվածքի հարաբերությունը, թարգմանության հետ կապված որոշ հարցեր։ Լեզվաբան Անիս ալ–Մուկադասսին անդրադարձել է արաբերենից անգլերենի և հակառակը փոխառություններին՝ նշելով դրանց հիմնական պատճառները։ Այլ լեզուներից արաբերենի փոխառություններին է նվիրված Ռաֆաիլ Նահլի «غرائب اللغة العربية» գիրքը, որում հեղինակը, ներկայացնելով տարբեր լեզուներից փոխառությունները, հաշվում է 2515 բառ, այսինքն արաբերենի ողջ բառապաշարի 1/30 մասը. նա կարծում է, որ չպետք է խուսափել փոխառություններից, քանի որ դա լեզուների փոխազդեցության միանգամայն բնական և օբյեկտիվ գործընթաց է։ Գիտության լեզուն կայանում է ոչ միայն փոխառությունների, այլև նոր արաբական տերմինաբանության ստեղծման միջոցով։ Գիտական տերմինաբաության անբավարար մշակվածությունը, ըստ Մուրադ Քամիլի («دلالة الفاظ العربية وتطّورها») արաբերենի բառապաշարի ոչ բավարար ուսումնասիրության արդյունք է։ Այս գրքում նա անդրադառնում է նաև լեզվի իմաստաբանությանը, դրա փոփոխությանը և պատճառներին։ Տարբերակվում են բառի ինքնուրույն, անկախ և կոնտեքստուալ կամ իրադրական նշանակությունները։ Մուհամմադ ալ–Մուբարրաքի «فقه اللغة» աշխատանքը նվիրված է հիմնականում արաբերենում բառի խնդրին. որպես հիմք ընդունվում են ինչպես արաբական լեզվաբանական ավանդույթի արժեքավոր դրույթները, այնպես էլ ժամանակակից լեզվաբանության ձեռքբերումները։

Ռուսաստան և նախկին ԽՍՀՄ

խմբագրել

Ռուսաստանում արաբագիտության սկզբնավորումը վերաբերում է 19-րդ դարի առաջին կեսին. առաջին քերականական երկը Ա.Վ.Բոլդիրևի «Краткая арабская грамматика в таблицах» աշխատանքն է, իսկ Մ.Տ.Նավրոցկու «Опыт грамматики арабского языка» գիրքը գրական արաբերենի համակարգված նկարագրության առաջին փորձն է։ Նկատելի է արաբական լեզվաբանական ավանդույթի ազդեցությունը, որը մանրամասն վերլուծության է ենթարկվում Վ.Ֆ.Գիրգասի «Очерк грамматической системы арабов» (1873) աշխատությունում, որտեղ փորձ է արվում բացահայտել արաբական լեզվագիտության սկզբունքների էությունը, գրանց տեսական և մեթոդաբանական հիմքերը։ Եթե սկզբնական շրջանում ուսումնասիրության առարկա էր միայն գրական արաբերենը, ապա աստիճանաբար հետազոտական և ուսուցողական պրոցեսների մեջ ընդգրկվում են նաև բարբառային նյութերը, ինչպես օրինակ, Մ.Ա.Տանտավիի «Трактат об арабском разговорном языке» աշխատությունը, Գ.Ա.Վալլինի «О звуках арабского языка» մենագրությունը։ Արաբական բարբառներով զբաղվել են նաև Ա.Ե.Կրիմսկին և Ի.Յու.Կրաչկովսկին, վերջինս առաջին անգամ համալսարանական դասընթացում մտցրեց արաբական բարբառագիտություն աառարկան։

Գրական արաբերենի և բարբառների ուսումնասիրությունը նախկին ԽՍՀՄ–ի երկրներում բնորոշվում է լեզվաբանական վերլուծության նոր մեթոդների կիրառմամբ, տեսական ընդհանրացումներով, դասավանդման նոր մեթոդների մշակմամբ։ Հատկապես կարևորվում են բառի ձևաբանական կառուցվածքի խնդիրները. փորձ է արվում նկարագրել բառակազմական երևույթները ածանցման միջոցով (Վ.Պ.Ստարինին), ի հակադրություն դրան, առաջ է քաշվում արաբական բառի «վանկահնչույթային» բաժանման սկզբունքը, ըստ որի բաղաձայն հնչույթի սերտ համադրումը նրան հաջորդող ձայնավորի հետ դիտվում է որպես սեմական լեզուների վանկահնչույթի մոդել (Բ.Մ.Գրանդե)։ Առաջարկվում է նաև ներքին թեքման բացատրությունը՝ հիմնված արաբական լեզվաբանական ավանդույթի վրա, որտեղ բառակազմական և վանկաչափական նվազագույն միավոր է համարվում հարֆը, որն ունի ամանակային բնույթ և բաղկացած է բաղաձայն և ձայնավոր հնչույթներից (Հ.Մ.Գաբուչյան)։ Վերլուծության ելակետային միավոր է համարվում արմատական հիմքը, հիմնավորվում է արմատական հիմքի միաձևույթային կազմի մասին դրույթը։ Քերականական կարգերի նկարագրությունը տրվում է նրանց շարահյուսական գործառության ներկայացմամբ։ Ժամանակակից արաբագիտության առավել հրատապ խնդիրներից են արաբական բառի ուսումնասիրությունը՝ լեզվի համաժամանակյա և տարաժամանակյա ուսումնասիրության կտրվածքով, նախադասության սահմանային նշանների որոշումը, բառակազմական և բառափոխական պրոցեսների հարաբերությունը, արաբական լեզվաբանական ավանդույթի՝ որպես լեզվաբանության պատմության ինքնուրույն ուղղության ուսումնասիրությունը։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Archaeology and Language: The Puzzle of Indo-European OriginsPimlico, 1998. — ISBN 0-7126-6612-5
  2. Crystal D. The Cambridge Encyclopedia of LanguageCambridge University Press, 1987. — P. 316. — ISBN 978-0-521-42443-1
  3. Անհետացման եզրին գտնվող աշխարհի լեզուների ատլաս

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արաբերեն» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 675