Առնա
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Առնա (այլ կիրառումներ)
Առնա, գավառ Մեծ Հայքի Պարսկահայք նահանգի կազմում՝ ըստ Աշխարհացույցի[1]։ Վարչական կենտրոնը եղել է համանուն գյուղը, որը համապատասխանում է ներկայիս Սալմասի շրջանի Դերիկ (պարս.՝ دريك) բնակավայրին։ Եղել է տարածքով ամենափոքր գավառը Պարսկահայքում (250 կմ 2)[2], ինչպես նաև ամենափոքրերից մեկը ամբողջ Մեծ Հայքում։
Երկիր | Մեծ Հայք |
---|---|
Կարգավիճակ | գավառ |
Մտնում է | Պարսկահայք |
Վարչկենտրոն | Առնա |
Հիմնական լեզու | հայերեն |
Ազգային կազմ | հայեր |
Կրոնական կազմ | զրադաշտականություն, հայ առաքելական եկեղեցի |
Անվանում
խմբագրելԱռնա անվան ստուգաբանությունը հայտնի չէ․ այդ անունն է կրում նաև գյուղը, որը հանդիսանում էր գավառի կենտրոնը, ինչպես նաև Առնավանքը կամ սուրբ Աստվածածինը։ Գավառը հայտնի է եղել նաև որպես «Ըռնա»։
Աշխարհագրություն
խմբագրելԱռնան եղել է Պարսկահայքի ինը գավառներից մեկը[3]։ Հյուսիս-արևելքում, արևելքում և հարավա-արևելքում սահմանակցել է Զարեհավան գավառին, իսկ հյուսիս-արևմուտքում, արևմուտքում և հարավ-արևմուտքում ընդհանուր սահման ուներ Վասպուրական նահանգի Տայգրյան և Վարաժնունիք գավառների հետ։
Ունի լեռնային ռելիեֆ, նպաստավոր երկրագործության և այգեգործության համար։
Գավառի տարածքը համապատասխանում է ներկայիս Իրանի Արևմտյան Ադրբեջան նահանգի Սալմասի շրջանի (պարս.՝ شهرستان سلماس) մի մասին։
Պատմություն
խմբագրելԳավառը Պարսկահայք նահանգի կազմում եղել է Մեծ Հայքի թագավորության մեջ՝ Արտաշես Ա Բարեպաշտի (մ․թ․ա․ 189 - մ․թ․ա․ 160)՝ հայկական հողերի միավորման արդյունքում, մինչև Հայաստանի առաջին բաժանումը (387)՝ ավելի քան կես հազարամյակ։ Ավատատիրության հաստատման շրջանում՝ 4-րդ դարի ընթացքում, երբ Մեծ Հայքում ձևավորվում էին բդեշխություններ, Պարսկահայքի կենտրոնական և հարավային գավառները, այդ թվում Տամբերը, ինչպես նաև Հյուսիսային Միջագետքի երեք գավառներ (Նիխորական, Դասն և Մահկերտ տուն), կարճ ժամանակով անցել են Արշակունիների հպատակության Նոր Շիրականի բդեշխության կազմ[4]։ Վերջինս կորցրել է Պարսկահայքի Զարեհավան, Տամբեր և Առնա գավառները, որոնք միացել են Արծրունիների տիրույթներին, և մյուս գավառների և ամբողջ Փայտակարանի հետ միասին, հաշվի առնելով այդ գավառներում հայ բնակչության սակավությունը կամ բացակայությունը, անցել է Ատրպատականին (Սասանյան Պարսկաստան)։
Ինչպես գավառը, այնպես էլ Պարսկահայք նահանգի որոշ կենտրոնական և հյուսիսային բոլոր այլ գավառները, շարունակել են մնալ Արծրունիների կալվածքներում՝ Հայկական մարզպանության, ապա նաև՝ Արմինիա կուսակալության ժամանակաշրջանում։ 9-րդ դարի սկզբին կարճ ժամանակով անցնում է Վասպուրականի թագավորությանը, ապա՝ վերջինիս ենթակայության Հերի ամիրայությանը։
17-րդ դարի սկզբին, կապված Սեֆյան շահ Աբբասի 1603-1604 թվականների բռնագաղթի հետ, գավառում հայտնվում են հայեր, որոնք հիմնում են մի քանի գյուղեր, այդտեղ բնակվում մինչև հայոց ցեղասպանությունը։ Տեղի հայերը խոսել են Ուրմիայի բարբառով։ Դրան զուգահեռ, տեղի է ունեցել քրդերի ներհոսք։ Հայերի արտագաղթն Ուրմիայից տեղի է ունեցել երեք փուլով՝ 1826-1828 թվականների ռուս-պարսկական պատերազմի արդյունքում պարսկահայերի ներգաղթով, 1946-1948 թվականների հայրենադարձությամբ և 1979 թվականի իսլամական հեղափոխությունից որոշ ժամանակ անց։ Ներկայումս ամբողջ Ատրպատականում բնակվում է շուրջ 2000 հայ[5]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «Մեծ Հայքի վարչական բաժանումը». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 27-ին. Վերցված է 2011 թ․ նոյեմբերի 2-ին.
- ↑ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսություն, Ատրպատական, Հասկ, պաշտոնական ամսագիր, հ. 5 (Անթիլիասի կաթողիկոսարան), Անթիլիաս, Լիբանան, 1969, էջ 184-192 — 208 էջ։
- ↑ Բաբկեն Հարությունյան Մեծ Հայքի Պարսկահայք աշխարհն ըստ «Աշխարհացոյց»-ի (հայերեն) // Պատմա-բանասիրական հանդես. — № 2. — Էջ 26-39. — ISSN 0135-0536.
- ↑ Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 2 [Դ-Կ] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի Համալսարանի Հրատարակչություն», 1986, էջ 37 — 992 էջ։
- ↑ Ալիք, Հայերը տնտեսական խնդիրների պատճառով լքում են Իրանը. «Ալիք» օրաթերթի խմբագիր Արխիվացված 2019-05-29 Wayback Machine
Գրականություն
խմբագրել- Розалия Габриелян Армения и Атропатена / М.Э. Авакян. — Ереван: Издательство Российской-Армянского (Славянского) университета, 2002. — С. 318. — ISBN 99930-928-3-6
- Ինճիճյան Ղ., Ստորագրութիւն հին Հայաստանեայց, Վնտ., 1822
- Հարությունյան Բ., Մեծ Հայքի վարչա-քաղաքական բաժանման համակարգն ըստ “Աշխարհացոյց”-ի
- Երեմյան Ս., Հայաստանը ըստ “Աշխարհացոյց”-ի, Երևան, 1963
- Арутюнян, Б. Система политико-административного деления Великой Армении = Մեծ Հայքի վարչա-քաղաքական բաժանման համակարգն ըստ Աշխարհացույցի. — Ереван, 1998.
Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ |