Ալիքների անդրադարձում և բեկում
Ալիքների անդրադարձում և բեկում , տարբեր հատկություններ ունեցող միջավայրերի սահմանում տեղի ունեցող երևույթ, երբ այդ սահմանային մակերևույթից ալիքները լրիվ կամ մասնակիորեն ետ են դառնում (անդրադառնում) դեպի այն միջավայրը, որտեղից ընկել են, իսկ բեկման ժամանակ թափանցում են երկրորդ միջավայրը՝ շեղվելով (բեկվելով) տարածման սկզբնական ուղղությունից։
Ալիքներն անդրադառնում և բեկվում են, եթե միջավայրերը բաժանող մակերևույթի վրա ալիքները բնութագրող մեծությունները բավարարում են որոշակի սահմանային պայմանների։ Օրինակ, էլեկտրամագնիսական ալիքների համար՝ եթե անընդհատ են ալիքի էլեկտրական և մագնիսական վեկտորների տանգենցիալ բաղադրիչները, իսկ ձայնային ալիքների համար՝ եթե անընդհատ են ճնշումը և միջավայրի մասնիկների շարժման արագության այն բաղադրիչը, որն ուղղահայաց է բաժանող մակերևույթին։
Ընդհանուր դեպքում այս պայմանները կարող են բավարարվել այն ժամանակ, երբ միջավայրերից մեկում գոյություն ունեն ընկնող և անդրադարձող ալիքներ, իսկ մյուսում՝ բեկված ալիք։ CC' հարթությունը A և B համասեռ միջավայրերը բաժանող հարթությունն է։ α, γ և β համապատասխանաբար անկման, բեկման և անդրադարձման անկյուններն են։
Ալիքների տարածման փուլային արագությունները A և B միջավայրերում նշանակենք VA և VB։ Ընդունենք, որ VB<VA։ Հիշելով, որ I և II ալիքները տարածվում են նույն միջավայրում, և օգտագործելով Հյուգենս-Ֆրենելի սկզբունքը, կստանանք՝ և , որտեղ nBA–ն կոչվում է B միջավայրի բեկման ցուցիչ A-ի նկատմամբ։ Եթե sinγ>1/nBA, ապա բեկում չկա։ Այս երևույթը կոչվում է լրիվ ներքին անդրադարձում։ Բեկում տեղի չի ունենում նաև այն ժամանակ, երբ B միջավայրը անթափանց է ընկնող ալիքների համար։ Օրինակ՝ երբ լուսային ալիքներն ընկնում են մետաղի մակերևույթի վրա։
Էլեկտրամագնիսական ալիքների (մասնավորապես՝ լույսի) անդրադարձման ժամանակ ալիքի բևեռացման հարթությունը կարող է փոփոխվել, կամ չբևեռացված ալիքը անդրադառնալիս կարող է բևեռանալ։
Նկարագրված երևույթները տեղի են ունենում այև դեպքում, երբ մակերևույթի անհարթությունների չափերը փոքր են ալիքի երկարությունից։ Եթե այս պայմանը չի բավարարվում, ապա կարող են տեղի ունենալ հնարավոր 2 դեպք. անհարթաթյունների պատահական դասավորության ժամանակ՝ ալիքների դիֆուզված անդրադարձում կամ ցրում, անհարթությունների պարբերական դասավորության ժամանակ՝ անդրադարձած ալիքների դիֆրակցիա։
Տես նաև
խմբագրելՎիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալիքների անդրադարձում և բեկում» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 391)։ |