Ալեն Մարգարյան
Ալեն Լևոնի Մարգարյան (փետրվարի 11, 1999, Երևան, Հայաստան - սեպտեմբերի 30, 2020, Մատաղիս, Մարտակերտի շրջան, Արցախ), ՀՀ ԶՈՒ ծառայող, 44-օրյա պատերազմի մասնակից։
Ալեն Լևոնի Մարգարյան | |
---|---|
Ծնվել է | փետրվարի 11, 1999 |
Ծննդավայր | Երևան, Հայաստան |
Մահացել է | սեպտեմբերի 30, 2020 (21 տարեկան) |
Մահվան վայր | Մատաղիս, Մարտակերտի շրջան, Արցախ |
Քաղաքացիություն | Հայաստան |
Ազգություն | հայ |
Աշխատավայր | Թումո |
Ծնողներ | Նազելի Տերտերյան |
Կյանքը
խմբագրելԾնվել է 1999 թվականին Երևանում։ 2005-2013 թվականներին սովորել է Դերենիկ Դեմիրճյանի անվան թիվ 27 հիմնական դպրոցում։ Դպրոցին զուգահեռ մասնակցել է արտադասարանական մի շարք խմբակների՝ պարի, թատերական, լողի։
Ալենը մասնակցել է միջազգային մրցույթների պարի ասպարեզում։
Գրել է մանկական պատմվածքներ, հեքիաթներ, որոնք ներկայացված են բեմադրման Հովհաննես Թումանյանի անվան Տիկնիկային թատրոնում։
2013 թվականին, գերազանց ավարտելով հիմնական դպրոցը, ընդունվել է Անդրանիկ Մարգարյանի անվան թիվ 29 ավագ դպրոց ու այն ևս ավարտել կարմիր վկայականով։
Tumo News (Teen) ստարտափի համահիմնադիրներից մեկն է։
16 տարեկանից ընդգրկվել էր «Ռոլան» մանկապատանեկան ֆիլմերի միջազգային փառատոնի ժյուրիի կազմում։ Տարբեր աշխատարանների ընթացքում ստանձնել է չորս փաստագրական ֆիլմի ռեժիսորի դեր։ Դրանցից երկուսը՝ «Greens» և «Taraz» ֆիլմերը, նկարահանվել են Սմիթսոնյան ինստիտուտի համար՝ հայկական մշակույթն աշխարհին ներկայացնելու նպատակով։
Ընտրելով կինոարվեստի ակադեմիական ուղին՝ 2016 թվականին ընդունվել է Խաչատուր Աբովյանի անվան Հայկական պետական մանկավարժական համալսարանի կուլտուրայի ֆակուլտետի ռեժիսուրա բաժին։
Գիտական և մշակութային փոխանակման ծրագրի շրջանակում շատ քիչ ուսանողների թվում մեկնել է Լիտվայի կրթական գիտությունների համալսարան։ Երևանի Թումոյում «Ֆիլմերի ստեղծման» դասընթացավար է աշխատել և երկու տարվա ընթացքում դասընթաց վարել նաև Գյումրիի և Դիլիջանի Թումո կենտրոններում։
Մասնակցել է նաև գիտաժողովների և ունի տպագրված հոդված Հյուսիսային համալսարանի «Ուսանողության գիտահետազոտական ներուժի բացահայտումը՝ որակյալ կրթության և լավագույն փորձի համադրմամբ» ժողովածուում հետևյալ թեմայով՝ «Գյուստավ Դորեի փորագրանկարները՝ նվիրված Դանթե Ալիգերիի «Աստվածային կատակերգության» «Դժոխքի» հատվածին»։
2020 թվականին՝ բակալավրիատը կարմիր դիպլոմով ավարտելուց հետո, ընդունվեց Բոստոնի համալսարան՝ սոցիալական աշխատանք և կրթության կառավարում կրկնակի մագիստրոսական ծրագրով։ Ընդունվել է և անտեսելով տարկետման հնարավորությունը՝ որոշել է զորակոչվել բանակ 2020 թվականի ամռան զորակոչով[1]։
44-օրյա պատերազմ
խմբագրելԱլեն Մարգարյանն ընդամենը մեկուկես ամսվա ծառայող էր, երբ սկսվեց պատերազմը։ Ալենը կապի վաշտի ծառայող էր և պարտականությունների բերումով պարտավոր էր գտնվել թաքստոցում, սակայն պատերազմի առաջին իսկ օրվանից Թալիշի և Մատաղիսի առաջնագծում էր։ Երբ հրամանատարական կազմը հրահանգել է զենք-զինամթերք, սնունդ հասցնել առաջնագիծ, Ալենը ստանձնել է այդ աշխատանքը։ Մարտական առաջադրանքը կատարելիս Ալեն Մարգարյանը զոհվել է 2020 թվականի սեպտեմբերի 30-ին Մատաղիսում[2]։
Պարգևներ և մրցանակներ
խմբագրել2021 թվականի հունիսի 29-ին Արցախի նախագահի հրամանագրով Ալեն Մարգարյանն հետմահու արժանացել է «Արցախի հերոս» բարձրագույն կոչումը և պարգևատրվել է «Ոսկե արծիվ» շքանշանով[3][4]։
Հիշատակ
խմբագրելԻ պատիվ Արցախի հերոս Ալեն Մարգարյանի՝ Հայկական պետական մանկավարժական համալսարանում անվանակոչել է լսարան[5]։
Ընտանիքի և ընկերների նախաձեռնությամբ տպագրվել է «Բոլորիս Ալենը» գիրքը[6][7], որտեղ հավաքված են նրա ընկերների, մտերիմների, ուսանողների և դասախոսների հուշերը։ Գրքի շնորհանդեսը տեղի է ունեցել 2021 թվականի մայիսի 8-ին Կոմիտասի թանգարան-ինտիտուտում[8], ինչպես նաև ամիսներ անց՝ Գյումրու «Հոկտեմբեր» կինոթատրոնում[9]։
Ոգեշնչված Ալենի կերպարով՝ երիտասարդ գրող Արման Վարդանյանը, գեղարվեստական գիրք է գրել՝ վերնագրելով այն «Ալեն Մոլորակը մեր մոլորակում»։
«Արամ Խաչատրյան» համերգասրահում սեպտեմբերի 30-ին՝ մահվան տարելիցի օրը, տեղի է ունեցել «Բոլորիս Ալենը» խորագրով հուշ-երեկո՝ նվիրված 44-օրյա պատերազմում զոհված ժամկետային զինծառայող Ալեն Մարգարյանի հիշատակին[10]։
Հուղարկավորվել է Եռաբլուր զինվորական պանթեոնում։
2022 թվականի հոկտեմբերի 1-ին Հովհաննես Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնում տեղի է ունեցել «Դետեկտիվ Ալեն» ինտերակտիվ տիկնիկային ներկայացման պրեմիերան Ալեն Մարգարյանի հեքիաթների հիման վրա[11]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Հպարտացեք մեզնով, ինչ կարողանում ենք, անում ենք. զոհված հերոս Ալեն Մարգարյանի վերջին խոսքերը մորը, Վերցված է 2022 թ․ հունվարի 24-ին
- ↑ «Աշխարհը գրավելու ծրագիրդ ո՞րն է». նորակոչիկ Ալեն Մարգարյանը զոհվեց առաջնագծի թիկունքն ուժեղացնելիս, Վերցված է 2022 թ․ հունվարի 24-ին
- ↑ «Նախագահ Արմեն Սարգսյանը հյուրընկալել է արցախյան վերջին պատերազմում հերոսաբար զոհված զինծառայող, «Արցախի հերոս» Ալեն Մարգարյանի մորը - Մամուլի հաղորդագրություններ - Լրատվություն - Հայաստանի Հանրապետության Նախագահ». president.am. Վերցված է 2022 թ․ հունվարի 24-ին.
- ↑ «Ալեն Մարգարյանը հետմահու արժանացել է «Արցախի հերոս»-ի բարձրագույն կոչման». Hetq.am. Վերցված է 2022 թ․ հունվարի 24-ին.
- ↑ Կուլտուրայի ֆակուլտետում բացվեց Արցախյան 44-օրյա պատերազմի հերոս Ալեն Մարգարյանի անվան արվեստանոցը։, Վերցված է 2022 թ․ հունվարի 24-ին
- ↑ «Բոլորիս Ալենը». Զանգակ.
- ↑ «Ալենն իր կյանքում միշտ էր պատերազմում ու պայքարում, բայց՝ գրքով ու գրչով. պայքարող Ալենի մասին գիրք է հրատարակվել». Armtimes.com. Վերցված է 2022 թ․ հունվարի 24-ին.
- ↑ «Բարի լույս» ծրագրի հյուրն է Ալեն Մարգարյանի մայրը՝ Նազելի Տերտերյանը։, Վերցված է 2022 թ․ հունվարի 24-ին
- ↑ Shant Gyumri - Գյումրիում տեղի է ունեցել արցախյան 44 օրյա..., Վերցված է 2022 թ․ հունվարի 24-ին
- ↑ ԿԳՄՍՆ, ՀՀ. «Հուշ-երեկո՝ նվիրված Ալեն Մարգարյանի հիշատակին». ՀՀ ԿԳՄՍՆ. Վերցված է 2022 թ․ հունվարի 24-ին.
- ↑ «Դետեկտիվ Ալենը». Ներկայացում՝ նվիրված 44-օրյա պատերազմում անմահացած Ալեն Մարգարյանին և գրված նրա հեքիաթների հիման վրա