Ազիզ Թամոյան
Ազիզ Թամոյան (Ազիզե Ամար, եզդիերեն՝ Ә'зизe Ә'мәр/E'zîze E'mer, հուլիսի 1, 1933, Զովունի, Հայաստան - հունվարի 2, 2021), եզդիների աստվածաբանության և պատմության դոկտոր, պրոֆեսոր, Աշխարհի ժողովուրդների հոգևոր միասնության միջազգային ակադեմիայի ակադեմիկոս, Եզդիների ազգային միության նախագահ։
Ազիզ Ամարի Թամոյան Ә'зизe Ә'мәр | |
---|---|
Ծնվել է | հուլիսի 1, 1933 |
Ծննդավայր | Զովունի, Հայաստան |
Մահացել է | հունվարի 2, 2021 (87 տարեկան) |
Ազգություն | Եզդի |
Կրոն | Եզդիականություն |
Կրթություն | Երևանի անասնաբուծական-անասնաբուժական ինստիտուտ (1988) |
Աշխատավայր | Եզդիների ազգային միության նախագահ |
Aziz Tamoyan Վիքիպահեստում |
Կենսագրություն
խմբագրելԱզիզ Ամարի Թամոյանը ծնվել է 1933 թվականի հուլիսի 1-ին, Շահումյանի շրջանի Ամո գյուղում (այժմ ՀՀ Կոտայքի մարզի Զովունի գյուղ)։ Ավարտել է Երևանի թիվ 93 միջնակարգ դպրոցը։ 1958-1965 թվականներին աշխատել է Ամո գյուղում, որպես դասվար, իսկ 1965-1983 թվականներին՝ Զովունի գյուղի միջնակարգ դպրոցում, որպես փոխտնօրեն՝ դաստիարակության գծով։
1960-1972 թվականներին աշխատել է որպես Ամո գյուղի գյուղապետ։ 1963-1990 թվականներին եղել է ԽՄԿԿ անդամ։ Աշխատանքին զուգահեռ 1965 թվականին ընդունվել է Հոկտեմբերյանի գյուղատնտեսական տեխնիկումի դաշտավարական բաժինը, որն ավարտել է 1971 թվականին։ 1972 թվականին ընդունվել է Երևանի մարքսիզմ-լենինիզմի համալսարան և այն ավարտել 1974 թվականին։ 1983-1986 թվականներին աշխատել է Զովունի գյուղի խորհտնտեսությունում, որպես փոխտնօրեն՝ օժանդակ տնտեսությունների գծով։ 1986-1992 թվականներին Նաիրիի շրջանի անասնամթերումների գրասենյակի տնօրեն։ 1988 թվականին ավարտել է Երևանի անասնաբուծական-անասնաբուժական ինստիտուտը։
Գործունեություն
խմբագրել1989 թվականի սեպտեմբերի 30-ին ընտրվել է ՀՀ Եզդիների ազգային միության նախագահ, իսկ 1997 թվականին՝ «Աշխարհի Եզդիների ազգային միություն» կազմակերպության նախագահ։
1988-1994 թվականներին մասնակցել է Արցախյան շարժմանը, ղեկավարելով եզդիական կամավորական ջոկատը, որը կոչել եզդիների ազգային հերոս՝ Ջհանգիր աղայի անունով, եղել է ջոկատի կազմակերպիչն ու մարտական գործողությունների շտաբի պետը, հրամանատարը[փա՞ստ]։
Միաժամանակ մասնակցել է երկրաշարժի փրկարարական աշխատանքներին, եզդիական ջոկատով փրկել են տասնյակ մարդկանց և երկրաշարժի գոտուն ցուցաբերել նյութական օգնություն։ 1991 թվականից մինչև մահ «Եզդիների ձայն» և «Էզդիխանա» թերթերի տնօրենն է եղել։
Մասնակցել է եզդիերեն դասագրքերի ստեղծմանը, ղեկավարել դրանց աշխատանքը, ընդ որում, 1-2-րդ և 4-10-րդ դասարանների դպրոցական դասագրքերի համահեղինակն է ու 3-րդ դասարանի դպրոցական դասագրքի հեղինակը։ Միաժամանակ «Եզդի ժողովրդի սխրանքը Ղարաբաղյան պատերազմում», «Մենք Եզդի ենք», «Մի գերդաստանի պատմություն», «Եզդի ժողովրդի մասնակցությունը Ղարաբաղյան պատերազմում» գրքերի հեղինակն է։
2007 թվականի դեկտեմբերի 15-ին իրանագիտության Կովկասյան Կենտրոնի գիտական խորհրդի որոշմամբ եզդիական կրոնի և եզդի ժողովրդի պատմության բնագավառում ունեցած ակնառու վաստակի համար իրեն շնորհվել է Եզդիների ազգային պատմության և աստվածաբանության դոկտոր պրոֆեսորի կոչում, ինչպես նաև 2012 թվականի դեկտեմբերի 21-ին ընտրվել է Աշխարհի ժողովուրդների հոգևոր միասնության միջազգային ակադեմիայի ակադեմիկոս։
Պարգևներ
խմբագրել- Եզդի ժողովրդի ազգային հերոս և ոսկե մեդալ - Ղարաբաղյան պատերազմում և հայոց պետականության վերականգնման գործընթացում մատուցած ծառայությունների համար, եզդի ժողովրդի համար մատուցած ծառայությունների համար «ՀՀ Եզդիների ազգային միության» նախագահության 1992 թվականի նոյեմբերի 27-ի որոշմամբ։
- «Եզդի ժողովրդի ազգային հերոսի» կրկնակի կոչում - 2005 թվականի ապրիլի 13-ին, «ՀՀ եզդիների ազգային միության» որոշմամբ։ Արժանացել է այն մեծ ծառայությունների համար, կազմակերպել և ղեկավարել եզդի ժողովրդի պայքարը պետականորեն եզդի ժողովրդի անվան վերականգնման համար։
- «Մարշալ Հ. Ք. Բաղրամյանի անվան» մեդալ - 2007 թվականի հունվարի 23-ին ՀՀ պաշտպանության նախարար Ս. Սարգսյանի թիվ 78 հրամանով։
- «Անդրանիկ Օզանյան» մեդալ,
- «ՀՀ Բանակի 20 ամյակի» մեդալ։
- ՀՀ կրթության և գիտության նախարարության բարձրագույն պարգև` «Ոսկե հուշամեդալ» - 2016 թվականի հոկտեմբերի 19-ին, «Եզդիերեն» և «Եզդի գրականության» զարգացման գործում ունեցած մեծ ավանդի համար։
Գրականություն
խմբագրել- «Եզդիների մասնակցությունը Ղարաբաղյան պատերազմում» գիրք
- http://www.slideshare.net/khdrhajoyan/1174-21267875
Վիքիդարան նախագծում կարող եք գտնել այս հեղինակի ստեղծագործություններ։ |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Ազիզ Թամոյան կատեգորիայում։ |