Ազգային ուխտ (Թուրքիա)
Ազգային ուխտ (օսմ.՝ ميثاق ملى, թուրք.՝ Millî Yemin կամ Ulusal Ant), 6 կետից բաղկացած փաստաթուղթ, որը հանդիսանում է քեմալական շարժման (Անկախության պատերազմ) քաղաքական մանիֆեստը։ Փաստաթուղթն ընդունվել է 1920 թվականի հունվարի 28-ին Ստամբուլում հավաքված խորհրդարանի (Meclis-i Mebûsan) կողմից և հանրությանն է ներկայացվել փետրվարի 17-ին։ Փաստաթղթում ներառված են այն նվազագույն պայմանները, որոնց Թուրքիան համաձայնվել է Առաջին համաշխարհային պատերազմի ավարտին կնքված հաշտության պայմանագրով։ Թուրքիայի Հանրապետության սահմանները հիմնականում ձևավորվել են Ազգային ուխտի սկզբունքների համաձայն։ Ազգային ուխտը աչքի է ընկնում իր ազգայնամոլական բնույթով և համապատասխանում է քեմալական շարժման գաղափարական և քաղաքական հիմնադրույթներին[1]։
Բանակցություններ շրջաբերականի շուրջ
խմբագրելԱզգային ուխտը ուրվագծվել է Էրզրումի (հուլիսի 22 - օգոստոսի 7 1919) և Սվասի (Սեբաստիա) (սեպտեմբերի 4-11 1919) կոնգրեսներում։
Սվասի կոնգրեսի պահանջների համաձայն օսմանյան կառավարությունը որոշում է կայացրել 1919 թվականի սեպտեմբերի 11-ին անցկացնել ընդհանուր ընտրություններ։ Նոյեմբեր ամսին տեղի ունեցած ընտրություններում Անատոլիայի գրեթե բոլոր նահանգներում ընտրվել են Իրավունքների պաշտպանության ընկերության (Müdâfaa-i Hukuk Cemiyeti) թեկնածուները։ Ընտրված թեկնածուները դեկտեմբերին և 1920 թվականի հունվարի առաջին կեսին երկուական-երեքական հոգուց կազմված խմբերով գնացել են Անկարա և հանդիպել Մուսթաֆա Քեմալ փաշայի և Ներկայացուցչական հանձնաժողովի (Heyet-i Temsiliye) անդամների հետ։ Ազգային ուխտի տեքստը այս հանդիպումների ընթացքում ավարտին է հասցվել։ Ներկայացուցչական հանձնաժողովի անդամների կողմից ստորագրված փաստաթուղթը Տրապիզոնի պատգամավոր Հյուսրև Սամի բեյի միջոցով ուղարկվել է Ստամբուլ[2]։
1920 թվականի հունվարի 12-ին Ստամբուլում իր աշխատանքները սկսած խորհրդարանը կառավարման մարմինների ընտրությունից անմիջապես հետո անդրադարձել է փաստաթղթին։ Հունվարի 28-ին տեղի ունեցած փակ նստաշրջանում Ազգային ուխտը ընդունվել է։ Փետրվարի 12-ին Էդիրնեի պատգամավոր Շերեֆ բեյի առաջարկով որոշվել է փաստաթուղթը ուղարկել աշխարհի բոլոր պետությունների խորհրդարաններին և մամուլին։
Հռչակագրի ընդունման և հրապարակման հետ կապված որոշ կետեր կան, որոնք դեռևս հստակեցված չեն։ Առաջին հերթին հռչակագրի քննարկումները և բնագիր տեքստը խորհրդարանի արձանագրություններում չկան։ Ուստի տեսակետ կա, որ հռչակագիրը ընդունվել է ոչ թե պաշտոնական նստաշրջանի քննարկումների արդյունքում, այլ Հայրենիքի փրկության (Felah-ı Vatan) խմբի կողմից։ Մեծ Բրիտանիայի դեսպան սըր Հորաս Ռումբոլդը պնդել է, որ «ստորագրությունների որևէ ցուցակ չի հրապարակվել», ուստի հաջորդող գործընթացը «կասկածի տակ է դնում է հռչակագրի վավերությունը»[3]։
Բացի այդ, Անկարայում պատրաստված տեքստը բաղկացած է եղել 8 կետից, իսկ Ստամբուլում ընդունված տեքստը՝ 6 կետից, ընդ որում դրանց միջև բավականին շատ տարբերություններ են եղել։ Անկարայի տեքստում դրույթ է եղել ռազմական հանցագործներին պատժելու վերաբերյալ, մինչդեռ այն բացակայել է վերջնական տարբերակում։ Անկարայի տեքստի երկու առանձին «զինադադարի սահման» և «մուսուլման ժողովրդի անքակտելիություն» կետերը Ստամբուլի տեքստում միաձուլվել են։ Վերջին կետում Ազգերի լիգային աջակցող արտահայտությունը Ստամբուլի տարբերակում հանվել է։
Ամենամեծ տարակուսանքն առաջացնում է առաջին հոդվածը։ Անկարայում պատրաստված տեքստում շեշտվում է, որ Մուդրոսի զինադադարով որոշված սահմանների «ներ��ում» բնակվող օսմանցի-մուսուլման մեծամասնությունը «անբաժանելի ամբողջություն» է, մինչդեռ որոշ աղբյուրների համաձայն, Ստամբուլում ընդունված հռչակագրում այդ արտահայտությունը փոխարինվել է «զինադադարով որոշված սահմանների ներսում և դրսում» ապրող օսմանցի-մուսուլմանների մեծամասնություն արտահայտությամբ։ Հրատարակված Ազգային ուխտի տեքստերի մի մասում «և դրսում» արտահայտությունը կա, իսկ որոշներում այն բացակայում է[4]։
Ազգային ուխտի 6 հոդվածներ
խմբագրել- Արաբ մեծամասնությամբ բնակեցված տարածքների ապագան Մուդրոսի զինադադարի ստորագրման պահին որոշվելու է հանրաքվեի միջոցով։ Մյուս կողմից այն տարածքները, որոնք այդ պահին գրավված չեն եղել կամ էլ բնակեցված են եղել թուրք մեծամասնությամբ, համարվում են թուրք ժողովրդի հայրենիքը։
- Կարսի, Արդահանի և Բաթումի կարգավիճակը որոշվելու է հանրաքվեով։
- Արևմտյան Թրակիայի կարգավիճակը որոշվելու է այնտեղի բնակիչների քվեարկությամբ։
- Կոստանդնուպոլսի և Մարմարայի անվտանգությունը պետք է ապահովվի։ Բոսֆորի և Դարդանելի նեղուցներով եր��ևեկությունը և ազատ առևտուրը որոշվելու է Թուրքիայի և այլ շահագրգիռ պետությունների կողմից։
- Փոքրամասնությունների իրավունքները կպաշտպանվեն միայն այն պայմանով, եթե հարևան երկրներում պաշտպանվեն մուսուլման փոքրամասնությունների իրավունքները։
- Բոլոր ոլորտներում զարգանալու համար երկիրը պետք է լինի ազատ և անկախ. քաղաքական, դատական և ֆինանսական զարգացմանը խոչընդոտող բոլոր սահմանափակումները վերացվելու են։
Սահմաններ
խմբագրելԳոյություն ունեն տարբեր քարտեզներ, որոնք ցույց են տալիս Ազգային ուխտի սահմանները։ Դրանցից երկուսը ստորև՝
Տես նաև
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրելԱրտաքին հղումներ
խմբագրել- Misak-ı Millî'ye Göre Lozan Արխիվացված 2016-10-19 Wayback Machine, Fırat Üniversitesi