Աղբյուր Սերոբ
Աղբյուր Սերոբ (իսկական անունը՝ Սերոբ Վարդանյան), Հայոց հինավուրց Տարոնո աշխարհի Ախլաթ (Խլաթ) գավառի Սողորդ գյուղի համբավավոր, հարուստ Խչեի տոհմից էր Սերոբը (Սերոբ Վարդանյան), ծնված 1864 թ.։ Սերոբը Վարդանյանների գերդաստանի չորս որդիներից կրտսերն էր։ Մանուկ հասակից սիրում էր շրջել հայրենի Նեմրութի լանջերին, ապրել սարերի ու լեռների շնորհած ազատությամբ։ Բնատուր որսորդ էր. 18 տարեկանում ավագ եղբայրը՝ գյուղի ռես Մխեն Սերոբին նվիրում է հրացան և դաշույն, և նա ամբողջությամբ նվիրվում է որսորդության, ամեն օր սարերից վերադառնում հարուստ որսով:Նա բարձրահասակ էր, բնականից օժտված ֆիզիկական հրաշալի տվյալներով, իսկ լեռներում անցկացրած ազատ կյանքը, որսորդությունն ու ձիավարժությունը մեծապես նպաստեցին ձևավորելու ապագա մեծ ռազմիկին բնորոշ ֆիզիկական հզոր կոփվածք:Երբ բոլորում է Սերոբի 21 տարին, Պոլսից գյուղ է վերադառնում ազգային կյանքով տարված, ուսյալ հորեղբայրը՝ Առաքելը։ Հորեղբայրը հայրենասիրական գաղափարներ ու պայքարի ոգի է սերմանում նրա հոգում։ Եվ մի օր էլ, երբ Սերոբը վերադառնում էր սարերից՝ որսի հերթական զոհը շալակին, հորեղբայրը դիմում է նրան. «Սերոբ, իրաւ դան լաւ, կտրիչ որսորդ ես, նշան բռնած տեղը կը գամես, բայց բաւական չէ վայրի գազաններ որսալ, ատիկա հեշտ է, երբեմն մարդ գազաններ ալ որսալու է»։Հետագայում արդեն ֆիդայապետ Սերոբը բազմիցս խոստովանել է, որ «իր յեղափոխական մտքերու մեծագույն մասը պարտական է մեռած հորեղբորը՝ Առաքելին»։Հաշվի առնելով նրա անսանձ, ըմբոստ խառնվածքը՝ որոշում են ամուսնացնել։ Սակայն ամուսնությունը երբեք չի խոչընդոտում Սերոբին՝ ժամանակի զգալի մասն անցկացրեց Նեմրութի լանջերին, մանավանդ որ կինը՝ Սոսեն, նույնպես ըմբոստ բնավորությամբ հրաշալիորեն ներդաշնակում էր ամուսնուն։Մի օր, երբ սովորույթին համաձայն լեռներում զբաղվում էր որսորդությամբ, երկու քրդեր նկատելով նրան, տուրք տալով հային թալանելու հարազատ ավանդույթին՝ փորձում են խլել Սերոբի ձին, հագուստներն ու զենքերը։ Սերոբը համարձակորեն կռվի է բռնվում և հրացանի առաջին իսկ հարվածով տապալում է մեկին, իսկ մյուսին հաջողվում է փախչել։ Այդ ժամանակներում հայի կողմից քուրդ սպանելը անօրինակ երևույթ էր։ Թուրքական իշխանությունների դատաստանից խուսափելու համար 1891թ. Սերոբին գաղտնի ուղարկում են Պոլիս։ Մի քանի ամիս Պոլսում անցկացնելուց հետո Սերոբը տեղափոխվում է Ռումինիայի Սուլինա քաղաք, ուր բնակություն էին հաստատել Հայաստանի տարբեր շրջաններից տարագրված պանդուխտ հայեր։ Հայրենակից ների օգնությամբ Սուլինայում բացում է մի փոքրիկ սրճարան, որը դառնում է պանդխտության գիրկն ընկած տեղի հայության մշտական հավաքատեղի։ Սերոբի ապագա գործունեության վրա մեծ ազդեցություն է գործում Հրայր Դժոխքը, որն այդ օրերին գտնվում էր Սուլինա քաղաքում։Հրայրի կոչը նոր ուժով է բորբոքում դեռ պատանեկան տարիներին ազատագրական պայքարի գաղափարներին հաղորդակից Սերոբին։ 1893 թ. վերջին հայրենիք մեկնելու հաստատ վճռականությամբ Սերոբը թողնում է Սուլինան և մեկնում Բաթում, ապա՝ Թիֆլիս։ Թիֆլիսում ծանոթանում է Քրիստափորի և Ռոստոմի հետ, որոնց խորհրդով և օգնությամբ 1894 թ. սկզբներին երեք ընկերներով վերադառնում է հայրենի Ախլաթ։ Ախլաթի շրջանում ժողովրդին կոչելով ինքնապաշտպանության՝ Սերոբն ասում էր. «… տղաք, առանց հացի մնացէք, առանց զէնքի մի մնաք»։1895թ. դաժան օրերին, երբ ողջ հայության գլխին ծառացել էր համիդյան ջարդարար սուրը, Սերոբը մարտական խմբով հասնում է Ախլաթ և անմիջապես հայտնվում մարտերի հնոցում։Թշնամին ուշադրությունն առավելապես կենտրոնացրել էր Սողորդ գյուղի վրա, որը շնորհիվ աշխարհագրական ամուր դիրքի, քաջակորով զավակների և հատկապես Խչեենց անվանի գերդաստանի՝ Ախլաթի ինքնապաշտպանության ոգին էր։Սերոբը հայրենի շրջանը կոտորածից փրկելու, ժողովրդին ոգեկոչելու, մարտական ինքնապաշտպանական խմբեր ստեղծելու նպատակով զինակիցներին ուղարկում է թշնամու կողմից սպասվող հարձակման առավել վտանգավոր ուղղությունները, իսկ ինքը 10 ֆիդայիներով մնում է Սողորդում։ «Բոլոր գիւղերում, Սերոբի հայդուկների շուրջը համախմբուեցան տեղական, երիտասարդութիւնը, իսկ ինքը Սերոբը մի քանի ընկերներու հետ շրջում էր գիւղից գիւղ՝ հսկելու ապահովութեան վրայ»։ Սերոբի զինվորները, քաջածանոթ լինելով գավառին, կարողացան կարճ ժամանակամիջոցում գյուղերում կազմակերպել մարտունակ ինքնապաշտպանական խմբեր։ Բաղեշի կոտորածից մի քանի օր անց թուրք զինվորների աջակցությամբ հասնանցի քրդերն ու Դիարբեքիրի չերքեզները հարձակվում են Սողորդի վրա։Գյուղացիների կազմած մարտական խումբը դիրքեր է գրավում գերեզմանոցի մոտակայքում, իսկ ինքը ֆիդայիներով դարանակալվում է գյուղից գետով բաժանվող ձորերում, որպեսզի վճռական պահին թիկունքից հարվածի թշնամուն։ Քրդերը հայերի նախապատրաստությունից անտեղյակ, համարձակորեն անցնելով ձորն ու գերեզմանոցը՝ մոտենում են սողորդցիների դիրքերին։ Սկսվում է մարտը, 600 զինված քրդերի ու չերքեզներ գերակշռությունն ակնհայտ էր: Գյուղացիների մարտական խումբը մի փոքր դիմադրելուց հետո սկսում է նահանջել, և այդ վճռական պահին թշնամու թիկունքից հարվածում է Սերոբի խումբը։ «Ու Սերոբ կընտրէ վճռական անձնազոհաթիւնը: Իր հետ եղող տասը մարտիկներով կատաղի յարձակումը կը գործէ թշնամիին վրայ, դիակներ կիյնան և խուճապ կառաջանայ»:Ոգևորված ֆիդայիների հուժկու գրոհից՝ գյուղացիները համարձակորեն նետվում են թշնամու վրա։ Անակնկալի եկած քրդերը՝ մարտադաշտում թողնելով սպանվածներին և 40 գերի, խուճապահար փախչում են։ Հետաքրքիր է, երբ գավառապետի միջնորդությամբ գերվածները ազատ են արձակվում, նրանք չհավատալով, որ հայերը ընդունակ են նման հանդգնության, գավառապետին ասում են. «Էֆենտիմ, այս կեավարները չէին որ մէզի յաղթեցին, այլ Մոսկովին կեավուրները բռնեցին մեր ետևէն և երկնքէն կրակ կը թափէին մեզ վրայ, մեր գնդակները անոնց չէին հասներ, իսկ անոնցները մեզմէն մարդ չը թողացին վար գլորեցին»։Թուրքերը ի դեմս ֆիդայիների սկսում են կասկածել, որ գործ ունեն առավել կատարելագործված զենքերով զինված մարտական հատուկ խմբերի հետ։ Ախլաթի ինքնապաշտպանական կռիվները Սերոբի ֆիդայական կյանքում առաջին մարտական գործողություններն էին։ 1895 թ. Սերոբի խմբի առաջնորդությամբ Ախլաթի հայության մղած պայքարը մեկ անգամ ևս հավաստեց, որ ջարդերի արհավիրքները կարելի է կանխել միմիայն ընդհանուր ինքնապաշտպանության կազմակերպմամբ։ Համիդյան արյունոտ տարիներին, երբ թուրքական ջարդարարների վայրագություններին զոհ գնացին 300.000 հայեր, Տարոնը Արևմտահայաստանի այն եզակի շրջանն էր, որը զերծ մնաց կոտորածներից Աղբյուր Սերոբի շնորհիվ:Թուրքական իշխանություններին հաջողվում է տեղեկանալ նահանգում հայերի կողմից իրականացվող աշխատանքներին։ Հեղափոխական շարժումները բացահայտելու և այն ոչնչացնելու նպատակով, թուրքական կառավարությունը ստեղծում է լրտեսների ու մատնիչների լայն ցանց, որի հաղորդած գաղտնի տեղեկություններից Բաղեշի թուրքական ոստիկանությունը քաջատեղյակ էր, որ Ախլաթում գործող մարտական կազմակերպությունների գլխավոր դեմքը Սերոբն է։Թուրք իշխանությունները Սերոբին վերացնելու համար կենտրոնացնելով զինվորական ու ոստիկանական մեծաքանակ ուժեր, քրդական զինված խմբեր և քաջ գիտենալով նրա տեղը՝ այնուամենայնիվ չհամարձակվեցին առճակատ փորձ անել նրան գերեվարելու, նրան վերացնելու համար դիմեցին թունավորելու զազրելի միջոցին։ Սերոբին թունավորելու հայրենադավ գործը հանձն Է աոնում Խալիլի ոսկիների փայլից շլացած Գեղաշենցի Ավեն։ Հայդուկների վստահությունը շահելու դիտավորությամբ նա մի քանի անգամ գալիս Է Գելիեգուզան և հանդիպում գյուղի քահանա Տեր Քաջի տանը ապաստանած Սերոբին։ Շողոքորթությունն ու ֆիդայիներին բազմիցս բերած ուտելիքը կատարում են իրենց սև գործը։ Սերոբը չկասկածելով Ավեին՝ բարեկամաբար ընդունում Է դավաճանի թունավորած ծխախոտը։ Իսկ մինչ այդ հայերի ուշադրությունը շեղելու նպատակով թուրքերը լուր��ր են տարածում, թե Թահսի փաշայի զորագունդը պատրաստվում Է արշավել Խութ–Բռնաշեն` տեղի քրդական ցեղերի ապստամբությունը ճնշելու։ Բայց իրականում թուրքական զորախումբը Խալիլի հրոսակախմբին միացած արշավում Է Գելիեգուզան, ուր ապաստանել Էր Սերոբն իր 12 ֆիդայիներով ու ընտանիքով: Գեղաշենցի Ավեն արդեն հասցրել Էր կատարել իր սև գործը և անհապաղ տեղեկացնել Բշարե Խալխին։ 2000 թուրք զինվորներ ու քրդեր պաշարում են գյուղը։ Նկատելով թշնամու բազմությանը: Այդ օրհասական պահին մրրիկի արագությամբ հայտնվում են Սերոբի չորս զինվորները և վերցնելով կիսամեռ հայդուկապետին՝ գյուղից դուրս են տանում։ «Սերոբը կարծես յոգնած խնդրեց իր հաւատարիմ հայդուկներէն. «Դրէք ինձ այս քարին առջև՝ իմ վերջին օրն է, և ջանացեք գէթ ձեր կեանքն ազատել, մնաք բարեաւ»։ Տեսնելով Սերոբի անկարող վիճակը՝ թշնամին համարձակորեն նետվում է գրոհի։ Մի բուռ քաջեր հայդուկապետին փրկելու վճռականությամբ դիմադրում են թշնամու մեծաթիվ ուժերին։ Անհավասար կռվում զոհվում են Սերոբը, որդին՝ Հակոբը, եղբայրները՝ Մխեն և Զաքարը։ Քաջարի ֆիդայուհի Սոսեն, վերցնելով ամուսնու հրացանը, շարունակում է քաջաբար մարտնչել։Թշնամու գնդակներից վիրավորված՝ Սոսեն այլևս անկարող է լինում շարունակել մարտը, իսկ թշնամին արդեն հասել էր։ Բշարե Խալիլը կտրում է հերոսի գլուխը և գերեվարում ուժակորույս Սոսեին։ Թուրքերը հայերին ահաբեկելու նպատակով Սերոբի գլուխը ձողին Սասունի լեռներից հասցնում են մինչև Բաղեշ։
Սերոբին են ձոնված «Գլուխդ՝ Բաղեշ, մարմինդ՝ Մուշ» և աշուղ Ֆահրատի «Ով որ քաջ է» երգերը։