Պղնձե հրեշտակ
«Պղնձե հրեշտակ» (ռուս.՝ «Медный ангел»), 1984 թվականի խորհրդային արկածային գեղարվեստական ֆիլմ, որը նկարահանել է ռեժիսոր Վենիամին Դորման Մ․ Գորկու անվան կինոստուդիայում։
Պղնձե հրեշտակ ռուս.՝ Медный ангел | |
---|---|
Երկիր | ԽՍՀՄ |
Ժանր | քրեական ֆիլմ և արկածային ֆիլմ |
Թվական | 1984 |
Լեզու | ռուսերեն |
Ռեժիսոր | Վենիամին Դորման |
Սցենարի հեղինակ | Isay Kuznetsov? |
Դերակատարներ | Անատոլի Բորիսովիչ Կուզնեցով, Ալեքսանդր Ֆիլիպենկո, Լեոնիդ Կուրավլյով, Լեոնիդ Յարմոլնիկ և Alim Kouliev? |
Երաժշտություն | Միքայել Թարիվերդիև |
Կինոընկերություն | Մաքսիմ Գորկու անվան կինոստուդիա |
Տևողություն | 89 րոպե |
1984 թվականին ֆիլմը կինովարձույթում գտնվել է 14-րդ տեղում, այն դիտել է 22 միլիոն հանդիսատես[1]։
Սյուժե
ՄԱԿ-ի հովանու ներքո գործող միջազգային երկրաբանական արշավախումբը, որը ղեկավարում է սովետական ինժեներ Անտոն Պետրովիչ Կուրմաևը, Արգենտինայում հետազոտություններ է իրականացնում դժվարամատչելի լեռնային շրջանում հիդրոէլեկտրակայան կառուցելու համար և թիրախ է դառնում «Աջ դաշինք» ռեակցիոն կազմակերպության համար, որը ձգտում է ձախ կառավարության տապալմանը: «Պղնձե հրեշտակ» հյուրանոցը, որտեղ տեղակայված է արշավախումբը, նաև ապաստան է ծառայում Վալդես եղբայրների հանցախմբի համար, որը զբաղվում է թմրանյութերի մաքսանենգությամբ:
Երկրաբանները պատանդ են դառնում թմրավաճառների ավազակախմբում՝ գանգստեր Սեբաստիան Վալդեսի գլխավորությամբ, որը ցանկանում է արշավախմբի անդամներին փոխանակել իր ավագ եղբոր՝ Անտոնիոյի հետ, որն ընկել է արգենտինական ոստիկանության ձեռքը, միաժամանակ վերադարձնել իշխանությունների կողմից առգրավված հերոինի արժեքը: Երկրաբաններին հաջողվում է գերությունից փախչել իրենց ընկերների՝ հյուրանոցի տիրուհի Ռոսիտա Միկիի եղբորորդու և դանիացի պրոֆեսոր Լարսենի շնորհիվ, որոնք, սպառնալով ինքնաձիգով, ստիպում են հարբեցող գանգստեր Մաքսին ազատ արձակել պատանդներին: Գիտնականների խումբը թաքնվում է մանկական առողջարանում, բայց ավազակները, Ռոսիտայից իմանալով արշավախմբի գտնվելու վայրը, կրկին բռնում են երկրաբաններին։ Փոխանակման ժամանակ Ռոսիտան կարաբինով սպանում է ոստիկանության դավաճան կոմիսար Սանտիլյանին, որը գաղտնի համագործակցում էր ռեակցիոնների հետ։
Ֆիլմի վերջում ազատագրված երկրաբանները նոր լույս տեսած թերթում հոդված են կարդում հանցագործներին բռնելու մասին։
Դերերում
- Անատոլի Կուզնեցով - Անտոն Պետրովիչ Կուրմաև, խորհրդային ինժեներ
- Իրինա Շևչուկ - Մարինա Գրոմովա, երկրաբան
- Վալենտին Սմիրնիտսկի - Լադիսլավ Իլեկ, չեխ մասնագետ
- Լեոնիդ Յարմոլնիկ - Մորիս Բարրո, ֆրանսիացի մասնագետ
- Լեոնիդ Կուրավլյով - Լարսեն, դանիացի պրոֆեսոր
- Լիա Ախեջակովա - սինյորա Ռոսիտա, որը ղեկավարում է հյուրանոցը
- Նիկոլայ Երյոմենկո - կրտսեր - Սեբաստիան Վալդես, թմրավաճառների խմբավորման պարագլուխ
- Ալեքսանդր Յակովլև - Վակերոս, Անտոնիո Վալդեսի օգնականը
- Արչիլ Գոմիաշվիլի - Անտոնիո Վալդես, թմրավաճառների խմբավորման պարագլուխ
- Վադիմ Զախարչենկո - Մաքս, հարբեցող գանգստեր
- Ալիմ Կուլիև - Ժոզեֆ Կոդերո, տեղացի երկրաբան (հնչյունավորել է Վադիմ Անդրեևը)
- Օլեգ Խաբալով - Կազարես, դատախազ (հնչյունավորել է Սերգեյ Մալիշևսկին)
- Ռոստիսլավ Յանկովսկի - Լևոն, քաղաքական գործիչ
- Վիկտոր Նեզնանով - Կուրտ, գանգստեր
- Գենադի Չետվիկով - Ռոն, գանգստեր
- Սերգեյ Լեֆերենկո - Միկի, Ռոսիտայի եղբորորդին
- Օլեգ Դորման - Էռնեստո, գանգստեր
- Նարտայ Բեգալին - Ֆրեդի, գանգստեր
- Էրմենգելդ Կոնովալով - Միհան, գանգստեր
- Աբեսալոմ Լորիա - հյուրանոցի աշխատակից
Նկարահանող խումբ
- Սցենարի հեղինակ՝ Իսայ Կուզնեցով
- Ռեժիսոր՝ Վենիամին Դորման
- Օպերատոր՝ Վադիմ Կորնիլև
- Նկարիչ՝ Մարկ Գորելիկ
- Կոմպոզիտոր՝ Միքայել Թարիվերդիև
Ֆիլմի ստեղծում
Վենիամին Դորմանը, իր իսկ խոսքով, նկարահանել է արկածային ֆիլմ, սակայն շեշտը չի դրել հնարքների վրա, այլ փորձել է ցույց տալ էքստրեմալ պայմաններում հայտնված և իրենց արժանապատվությունը պաշտպանող մարդկանց[2]։ Նկարահանումները տեղի են ունեցել Նալչիկի, Տերսկոլի, Յալթայի մոտակայքում, Գորկու անվան կինոստուդիայի տաղավարներում[3]: Ֆիլմի ստեղծմանը մասնակցել են օպերատոր Վադիմ Կորնիլևը, կոմպոզիտոր Միքայել Թարիվերդիևը, նկարիչ Մարկ Գորելիկը, որոնց հետ Դորմանը մինչ այդ աշխատել է երկար տարիներ[4]։
Քննադատություն
Վլադիմիր Վիշնյակովը «Սովետսկի էկրան» ամսագրում ընդգծել է ինչպես Դորմանի և Կուզնեցովի հմտությունը արկածային սյուժե կառուցելու գործում, այնպես էլ բարդ կերպարներ ստեղծելու փորձը՝ հատկապես նշելով Անատոլի Կուզնեցովի, Իրինա Շևչուկի, Արչիլ Գոմիաշվիլիի, Նիկոլայ Երյոմենկո կրտսերի խաղը[5]։
Ծանոթագրություններ
- ↑ Фёдор Раззаков. Гибель советского кино. Тайна закулисной войны. 1973—1991
- ↑ Хорт, 1984, էջ 12—13
- ↑ Хорт, 1984, էջ 12
- ↑ Хорт, 1984, էջ 13
- ↑ Вишняков, 1984, էջ 9
Գրականություն
- Вишняков В. Похищенная экспедиция // Советский экран. — 1984. — № 8. — С. 8—9.
- Медный ангел // Домашняя синематека: отечественное кино 1918—1996 / Сергей Землянухин, Мирослава Сегида. — «Дубль-Д», 1996—520 с. — стр. 423
- Хорт А. Медный ангел // Советский экран. — 1984. — № 8. — С. 12—13.