Տողրոլ աշտարակ
Տողրոլ աշտարակ (պարս.՝ برج طغرل, հայտնի է նաև Տողրուլ, Տուղրոլ կամ Տուղրուլ անվանումներով), 12-րդ դարի կառույց, որը գտնվում է Իրանի Թեհրանի նահանգի Ռեյ քաղաքում։ Տողրոլ աշտարակը Ռաշկան ամրոցի մոտակայքում է։ Համարվում է սելջուկյան ժամանակաշրջանի հուշարձան։ Որոշ աղբյուրներ այս վայրը անվանում են Խալիֆ Յազիդի աշտարակ։ Աշտարակի բարձրությունը մոտ 20 մետր է (չհաշված կոնաձև գմբեթը, որից ոչինչ չի պահպանվել)։ Ըստ որոշ մասնագետների՝ այս աշտարակը նման էր ժամացույցի սլաքների, և նրա վրա արևի ճառագայթների շարժով կարելի էր որոշել ժամանակը[2][3][4]։
Տեսակ | դամբարան, աշտարակ և մշակութային արժեք |
---|---|
Երկիր | Իրան[1] |
Տեղագրություն | Ray County? |
Վայր | Ռեյ |
Ճարտարապետական ոճ | Մեծ Սելջուկյան ճարտարապետություն |
Շինանյութ | աղյուս և շինարարական շաղախ |
Բացված | 1140 |
Ժառանգության կարգավիճակ | Իրանի ազգային ժառանգություն[1] |
Վեճեր աշտարակում մարդ թաղելու շուրջ
խմբագրելՄասնագետներն ու պատմաբանները միակարծիք չեն այս աշտարակում մարդ հուղարկավորելու հարցի շուրջ։ Ոմանք այն համարում են Տողրուլ Բեկի դամբարանը, իսկ «Մաջալ-աթ-թավարիհ»-ի 465-րդ էջում ասվում է, որ «քաղաքի տիրակալ Ռեյ Տողրուլ Բեկը մահացավ և այստեղ (այսինքն՝ աշտարակում) գտավ իր հավիտենական հանգրվանը»[5]։ Թուրք հայտնի պատմաբան Ֆարուք Սումերը նույնպես վստահ է, որ այստեղ է Տողրուլ Բեկի թաղման վայրը։
«Ալ-Նաղզ» գիրքը, որը գրել է Աբդուլ Ջալիլ Ռազին 6-րդ դարում, ըստ լուսնային օրացույցի, վկայում է մի վեհաշուք շինության գոյության մասին՝ որպես Տողրուլի գերեզման։ Հեղինակը, ի պատասխան սուննիի հարցին, ով իր գրքում ծաղրում էր գերեզմանաշինության շիա ավանդույթը, նշելով նմանությունը Մեքքայում և Մեդինայում սուննի խալիֆի գործողությունների հետ, գրում է. «Եվ չնայած այս գրողը չի հասել Քաաբա ու Մեդինա, ափսոս, որ հարյուր տարի հետո չտեսավ մեծն Սուլթան Տողրուլի շքեղ զարդարված գերեզմանը»։ Եվ հաշվի առնելով, որ Ռեյ քաղաքը Աբդուլ Ջալիլի ծննդավայրն է, ապա, աղբյուրներում նա հիշատակել է հենց այս քաղաքը։
Այլ հեղինակներ այս տեղն համարում են Լենկթեմուրի հետնորդ Խալիլ-Սուլթանի և նրա կնոջ՝ Շադ-Մուլկի թաղման վայրը 15-րդ դարում։ Հին Ռեյի ընդհանուր գրքում, որը գրել է Հասան Քարիմանը, ասվում է, որ այս շենքի խումբը վերագրվում է Ֆահր ալ-Դաուլ Դեյլամիին:
Մոհամմադ Մոհիթ-Թաբաթաբաին կարծում էր, որ այս շենքը կապված է Իբրահիմ մարգարեի հետ, որը մահացել է 1371 թվականին և թաղվել այս աշտարակի կողքին իր իսկ խնդրանքով։
Աշտարակի շահագործում
խմբագրելՊասկալ Կոստայի գրքում (հրատարակվել է Մուհամմադ Շահ Քաջարի օրոք) կա այս աշտարակի երկու գծանկար և մեկ ամբողջական նախագիծ՝ գմբեթով, այս աշտարակը մակագրվել է որպես «Խալիֆ Յազիդի խարխուլ աշտարակ»։
Ըստ որոշ մասնագետների, այս աշտարակը գիշերը օգտագործվում էր Խորասանից Ռեյ գնացող Մետաքսի ճանապարհի վաճառականների ուղին լուսավորելու համար, և ժամանակն իմանալու մարդկանց ամենօրյա կարիքը ատիճանաբար վերացել է։ Ըստ Մանուչեհր Արիանի՝ «Այլ հայացք աշտարակներին» հոդվածում «աշտարակ» եզրը վերաբերում է այս հուշարձանին և նմանատիպ շինություններին, քանի որ աշտարակը վերաբերում է այն վայրերին, որտեղ արևն անցնում է խավարածրի երկայնքով։ Այս կարծիքը հիմնված է այն փաստի վրա, որ աշտարակի հատուկ բացվածքներով անցնող արեգակի ճառագայթների ուղղությամբ և շենքի մակերեսի ստվերներով կարելի է որոշել տարվա ամիսն ու ժամանակը։
Տողրուլ աշտարակը ծառայում է նաև որպես արեգակնային ժամացույց։ Այս աշտարակի շրջանակն ունի շուրջ 24 ատամ, դրանք բաց երախով առյուծ են հիշեցնում։ Այս ատամները դասավորված են հատուկ կարգով, այնպես որ, եթե արևը ծագի, ապա աշտարակի արևելքում գտնվող մի ատամը աստիճանաբար կսկսի լուսավորվել, իսկ երբ արևածագից կես ժամ անցնի, ատամի կեսը կլուսավորվի, մեկ ժամից՝ ամբողջ ատամը, և այդպես շարունակ, մինչև արևը հասնի այս «ժամացույցի» միջօրեականին: Երբ արևը գտնվում է հորիզոնից իր առավելագույն բարձրության վրա՝ անմիջապես աշտարակի հարավային մասում, ճակատի ստվերն ընկնում է անմիջապես մուտքի կամարի վրա և ցույց է տալիս կեսօրի սկիզբը՝ ազանի ժամանակը։ Իսկ ձմռանը, երբ արևն ավելի ցածր է, դարպասի միջով լուսավորում է ուղիղ աշտարակի սիրտը: Կեսօրից հետո արեւմտյան կողմի ճակատները սկսում են լուսավորվել։ Այսպիսով, կարելի է որոշել, թե քանի ժամ է անցել լուսաբացից և կեսօրից:
Վերանորոգում և վերականգնում
խմբագրելՏողրոլ աշտարակի առաջին վերականգնումը կազմակերպվել է 1884 թվականին և ավարտվել Նասր ալ-Դին շահի գահակալության 35-րդ տարում։ Վերականգնումն իրականացվել է շահի, առաջին նախարար Ամին ալ-Սուլթանի և Աբուլ Հոսեյն Խան Մեամարբաշիի հրամանով, շենքի կամարներին մարմարե սալիկներ են տեղադրվել։ Աշտարակի վերականգնումը կանխել է նրա լիակատար ոչնչացումը, սակայն դա չէր կարող փրկել հին ոճի նրբագեղությունը և մնացած քուֆայական (արաբ․՝ الخط الكوفي) արձանագրությունները։
1979 թվականի հեղափոխությունից հետո շենքն անտեսվել է, 1990-ական թվականների սկզբին նորից սկսել են վերականգնել, իսկ 1998 թվականիի կեսերին վերականգնումն ավելի լուրջ թափ է ստացել և ավարտվել 2000 թվականի ձմռանը։
Ներկայումս աշտարակի վերականգնման հարցն անցել է Թեհրանի քսաներորդ քաղաքապետարանին, որն ընդլայնում է այս մշակութային կենտրոնը 2 հեկտար տարածքի վրա՝ կառուցելով նաև գրադարան, թանգարան և ռեստորան։
Պատկերասրահ
խմբագրել-
Վերին հատվածների աղյուսապատման մանրամասները: Ակներև է Սելջուկյան ոճը
-
Աշտարակի տեսքը ներսից
-
Շենքի մուտքը՝ պատմական արձանագրությամբ
-
Տեսարան դեպի երկինք շենքի ներսից
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 Wiki Loves Monuments monuments database — 2017.
- ↑ Наследие Тегерана Արխիվացված 2008-12-30 Wayback Machine(պարս.)
- ↑ Тегеран. Книга первая Արխիվացված 2012-01-13 Wayback Machine(պարս.)
- ↑ Новости об Иранском наследии Արխիվացված 2008-05-04 Wayback Machine(պարս.)
- ↑ روش تاریخنگاری در مجمل التواریخ والقصص Արխիվացված 2015-10-27 Wayback Machine(պարս.)
Արտաքին հղումներ
խմբագրելՎիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տողրոլ աշտարակ» հոդվածին։ |