Մելիք Մելիքյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Մելիքյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Մելիք Գալուստի Մելիքյան («Դեդուշկա»),(հոկտեմբերի 10 (22), 1868[1], Բանանց, Դաշկեսանի շրջան, Ադրբեջանական ԽՍՀ[1] - սեպտեմբերի 18, 1918[1], Բաքու, Ադրբեջանի Ժողովրդավարական Հանրապետություն[1]), հայ բոլշևիկ հեղափոխական, հրապարակախոս, ԽՄԿԿ անդամ (1898)։
Մելիք Մելիքյան | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 10 (22), 1868[1] |
Ծննդավայր | Բանանց, Դաշկեսանի շրջան, Ադրբեջանական ԽՍՀ[1] |
Մահացել է | սեպտեմբերի 18, 1918[1] (49 տարեկան) |
Մահվան վայր | Բաքու, Ադրբեջանի Ժողովրդավարական Հանրապետություն[1] |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն |
Մասնագիտություն | պրոֆեսիոնալ հեղափոխական |
Կուսակցություն | Ռուսաստանի սոցիալ-դեմոկրատական բանվորական կուսակցություն[1] |
Գործունեություն
խմբագրել1886 թվականից որպես բանվոր աշխատել է նախ Բաքվում, ապա Թիֆլիսում և վաղ հասակից ներգրավվել հեղափոխական շարժման մեջ։ 1898 թվականին մի քանի համակիր հեղափոխականների հետ, Թիֆլիսում ստեղծել է հայ բանվորների առաջին մարքսիստական խումբը։ Եղել է ՌՍԴԲԿ Թիֆլիսի կազմակերպության ղեկավար աշխատողներից, ակտիվ մասնակցություն է ունեցել տեղի բանվորական գործադուլներին, 1901 թվականի մայիսմեկյան ցույցին, հանդես է եկել որպես լենինյան «Իսկրա»-ի գործակալ։ 1901 թվականին Լ. Կրասինի, Բոգդան Կնունյանցի, Նիկոլայ Կեցխովելու հետ միասին եղել է ՌՍԴԲԿ Բաքվի կոմիտեի հիմնադիր անդամներից, 1902 թվականին՝ Ստեփան Շահումյանի, Բոգդան Կնունյանցի, Արշակ Զուրաբյանի և ուրիշների հետ Թիֆլիսում «Հայ սոցիալ-դեմոկրատների միության» կազմակերպիչներից։ Ակտիվ մասնակցություն է ունեցել Բաքվի ընդհատակյա «Նինա» տպարանի ստեղծմանն ու 1903 թվականի համընդհանուր գործադուլի կազմակերպմանը։
ՌՍԴԲԿ II համագումարից հետո, անվերապահորեն ձևավորելով բոլշևկյան կողմորոշվածություն, ծավալել է հեղափոխական գործունեություն։ ՌՍԴԲԿ Կովկասյան միութենական կոմիտեի հանձնարարությամբ ղեկավար մասնակցություն է ունեցել բոլշևիկյան կազմավորումների հիմնմանը Գանձակում, Հաղպատում, Ալավերդիում և այլուր։ Լայնամասշտաբ գործունեություն է ծավալել ռուսական առաջին հեղափոխության տարիներին, եղել Ալավերդու բանվորների 1905 թվականի նոյեմբերյան և 1906 թվականի օգոստոսյան գործադուլների կազմակերպիչներից։ Ակտիվորեն մասնակցել է հայալեզու բոլշևիկյան պրոպագանդիստական մամուլի ստեղծմանը, թղթակցել «Կայծ», «Նոր խոսք», «Օրեր» և այլ թերթերի։ Հեղափոխության հետագա շրջափուլերում կազմակերպական ու պրոպագանդիստական գործունեություն է ծավալել Բաքվում, Թիֆլիսում, Ղափանում և Լոռիում, իսկ Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ՝ լենինի անունից կատարել է ագիտացիոն աշխատանքներ՝ բնակչության շրջանում մարքսիզմ-լենինիզմ քարոզելով։
Հեղափոխական գործունեության համար բազմիցս բանտարկվել է ցարական իշխանությունների կողմից։ Հոկտեմբերյան հեղափոխության ժամանակաշրջանում եղել է Բաքվի բոլշևիկյան կազմակերպության ակտիվ աշխատողներից։ Հանդես է եկել Բաքվի կոմունայի ստեղծման օգտին, ընտրվել Բաքվի խորհրդի պատգամավոր և Բալախանիի կուսշրջկոմի անդամ, կազմակերպել է բանվորական մարտական դրուժինաներ, հանդես եկել զեկուցումներով, հանդես եկել այլ կուսակցությունների դեմ։ Սպանվել է թուրք-մուսավաթական խմբավորումների ձեռքով։
Հանդես է եկել նաև որպես բանվոր-գրող, արձակագիր և հրապարակել բազմաթիվ հոդվածներ ու պատմվածքներ, որոնց գլխավոր հերոսը բանվորն է։
Ծանոթագրություններ
խմբագրելՎիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մելիք Մելիքյան» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 7, էջ 389)։ |