Լեյթոնի տուն-թանգարան
Լեյթոնի տուն-թանգարան (անգլ.՝ Leighton House Museum), թանգարան Լոնդոնի Կենսինգտոն և Չելսի շրջանների Հոլանդ զբոսայգում։ Թանգարանը նախկինում եղել է նկարիչ Ֆրեդերիկ լորդ Լեյթոնի տունը։ Հանրության համար բացվել է 1929 թվականից։
Լեյթոնի տուն-թանգարան | |
---|---|
Տեսակ | պատկերասրահ և պատմական շենք-թանգարան |
Երկիր | Միացյալ Թագավորություն |
Տեղագրություն | Կենսինգտոն և Չելսի |
Վայր | Holland Park? |
Հասցե | 12 Holland Park Road, London W14 8LZ[1]W14 8LZHolland Park Road? (12) |
Հիմնադրվել է | 1929 |
Կայք | rbkc.gov.uk/museums/leighton-house(անգլ.) |
Տուն
խմբագրելՃարտարապետ, դիզայներ Ջորջ Էյչիսոնը տունը կառուցել է Լեյթոնի համար։ Շենքն ընդգրկված է ճարտարապետական և պատմական հետաքրքրություն ներկայացնող շենքերի ցանկում[2] և աչքի է ընկնում արևելյան և գեղագիտական ներքին հարդարանքներով[2]։ Թանգարանը բաց է ամեն օր, բացի երեքշաբթի օրերից։ Այն համարվում է Կենսինգտոնում գտնվող մեկ այլ վիկտորիական նկարչի` Լինլի Սամբորնի Սթաֆորդ Տերաս 18 հասցեում գտնվող թանգարանի ընկեր-թանգարան։
Տան առաջին հատվածը (Հոլանդ Փարկ Ռոուդ 2, ավելի ուշ վերահամարակալված 12) 1864 թվականին նախագծել է ճարտարապետ Ջորջ Էյչիսոնը, չնայած հողը Լեյթոնին վարձակալությամբ տրամադրվել է 1866 թվականի ապրիլից հետո[3], որին անմիջապես հաջորդել են շինարարական աշխատանքները, և 4500 ֆունտ ստերլինգ արժողությամբ տունը պատրաստ էր տարեվերջին[4]։ Շենքը կառուցվել է Սուֆոլկի կարմիր աղյուսից և դասական ոճով երեսապատվել է Կաեն (Caen) քարով։
Կառույցի գլխավոր սենյակը դեպի հյուսիս նայող առաջին հարկի աշխատաս��նյակն էր, որն ուներ կենտրոնական մեծ պատուհան լույսի համար։ Արևելյան հատվածում պատկերասրահն էր և առանձին սանդուղք մոդելների համար[4]։ 1869–1870 թվականներին տունն ընդարձակվեց դեպի արևելք։ Հաջորդ խոշոր ընդլայնումը տեղի ունեցավ 1877–1879 թվականներին, երբ կառուցվեց երկհարկանի «Արաբական սրահը», որտեղ տեղավորվեց Լեյթոնի Միջին Արևելք կատարած այցի ժամանակ ձեռք բերված հախճասալիկների հավաքածուն[4]։
1889 թվականին կառույցին ավելացվեց լրացուցիչ ձմեռային աշխատասենյակ։ Էյչիսոնի կատարած վերջին համալրումը 1895 թվականին կառուցած պատկերասրահ էր։ 1896 թվականին Լեյթոնի մահից հետո տան պարագաները վաճառվեցին, այդ թվում Լեյթոնի շուրջ հազար կտավ, որոնք լրացուցիչ պատկերասրահի անհրաժեշտություն էին առաջացնում։ Կտավների գրեթե մեծ մասը գնեց Գեղարվեստի ընկերությունը։ 1927 թվականին տիկին Հենրի Պերին առաջարկեց վճարել լրացուցիչ պատկերասրահի համար։ Շենքն ընդլայնվեց Հոլսի Ռիկարդոյի նախագծով, և Պերին պատկերասրահը բացեց 1929 թվականին[4]։ Ընդլայնումը կատարվեց ի հիշատակ տիկին Պերինի դստեր` նկարիչ, քանդակագործ Մորիել Իդա Պերինի[5][6]։
1958 թվականին Լոնդոնի քաղաքային խորհուրդը ի հիշատակ Լեյթոնի տան պատին փակցրեց կապույտ հուշատախտակ[7]։
2012 թվականին թանգարանն արժանացել է Մշակութային ժառանգության համար տրվող Եվրոպական Միության մրցանակին[8][9]։
Հավաքածու
խմբագրելՀավաքածուում Լեյթոնի առավել հայտնի կտավներից են`
- Բրունելեսկու մահը, 1852 թ.
- Չարլզ Էդվարդ Պերուինի, 1855 թ.
- Վենետիկի ազնվազարմ տիկինը, 1865 թ.
- Հերկուլեսը մարտնչում է մահվան դեմ Ալկեստիդայի մարմնի համար, 1869–1871 թթ.
- Պրոֆեսոր Ջովաննի Կոստա, 1878 թ.
- Բրաունլոուի կոմսուհի, 1878–1879 թթ.
- Վեստալ, 1882-1883 թթ.
- Ալեքսանդր Սուֆերլենդ Օր, (ծնվել է Լեյթոն) 1890 թ.
- Ծովը հետ է վերադարձնում մեռածներին, 1891–1892 թթ.
Հավաքածուում ներառված են Լեյթոնի այլ ստեղծագործություններ`
- 5 ալբոմ գծանկարների և ջրաներկերի ալբոմներ
- 27 ջրաներկ աշխատանքներ
- 54 Լեյթոնի ստեղծագործությունների տպագրություն
- 14 անձնական իրեր, այդ թվում` փաստաթղթեր, անձնական հուշանվերներ, նկարազարդումներ, ծաղրանկարներ
- փոքրածավալ քանդակներ` «Ատլետը կռվում է պիթոնի դեմ» (1874 թ.) և «Անտեղի տագնապ» (1887 թ.)
Հավաքածուում ներկայացված են նաև այլ հեղինակների ստեղծագործություններ`
- Անտոնիո Ռոսելինոյի փորագրած գունավոր քանդակը` «Madonna of the Candleabra», որը եղել է Լեյթոնի հավաքածուում, նրա մահից հետո վաճառվել է, թանգարանը կրկին գործը գնել է 2006 թվականին
- Գ. Ֆ. Ուաթի վրձնած Ֆրեդերիկ Լեյթոնի դիմանկարը
- Լյուկ Ֆիլդսի նատյուրմորտ և «Այրին» կտավի աշխատանքները
- Սըր Ալֆրեդ Գիլբերտի ստեղծած Էրոսի բնօրինակ էսքիզը
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Mapping Museums — 2016.
- ↑ 2,0 2,1 «Leighton House». English Heritage list. English Heritage. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ ապրիլի 23-ին. Վերցված է 2013 թ․ փետրվարի 14-ին.
- ↑ Dakers, 1999, էջ 60
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 Sheppard, 1973, էջ 126–150
- ↑ «The Church of St. Peter». Church of St.Peter, Bushey Heath, Hertfordshire. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հունիսի 7-ին. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 25-ին.
- ↑ Bryon Parkin, The Arts and Crafts of Bushey Heath (Bushey Museum Trust, 2003), p. 12
- ↑ «Leighton, Frederick, Lord Leighton (1830–1896)». English Heritage. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 13-ին.
- ↑ «EU Prize For Cultural Heritage / Europa Nostra Awards 2012». Europa Nostra. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 25-ին.
- ↑ «Winners of 2012 EU Prize for Cultural Heritage / Europa Nostra Awards announced». European Commission. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 25-ին.
Արտաքին հղումներ
խմբագրել- Leighton House Museum at the Royal Borough of Kensington and Chelsea website
- Information Արխիվացված 2017-05-27 Wayback Machine from the 24 Hour Museum
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լեյթոնի տուն-թանգարան» հոդվածին։ |